Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ գլխում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.1-ին հոդվածով.
«Հոդված 64.1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը
1. Սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
2. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
3. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով:
4. էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացվելուց հետո:»:
Հոդված 2. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համապատասխան փոփոխություն կատարելով դատարանների գործավարության կանոններում: