Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «եւ այն կատարման ներկայացնելու ժամկետը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 23. Կատարողական թերթ տալը եւ կատարման ներկայացնելը.
1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում կատարողական թերթ տալուց հետո` դատարանը, անհապաղ, կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում է հարկադիր կատարման ծառայություն:
3. Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը:
4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է անժամկետ, ժամկետային կամ ցմահ կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել ակտով հաստատված պարտավորությունները խախտված լինելու մասին իմանալու պահից 1 տարվա ընթացքում:
5. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետեւանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչեւ դրանց կատարումը:
7. Սույն օրենքի 41 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
8. Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարող է կրկին կատարման ներկայացվել պահանջատիրոջ՝ դատարան ներկայացված դիմումի հիման վրա:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 5. 31-րդ հոդվածի
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. Կատարողական թերթը վերադարձնելը »
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է կատարողական թերթ տված դատարանին:»
3) 3-րդ մասում «պահանջատիրոջը» բառը փոխարինել «կատարողական թերթ տված դատարանին»:
4) Լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«4. Կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով վարույթը ավարտելուց հետո կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան»:
5) Լրացնել 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«1. Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով»:
2) 3-րդ մասում «որոշում» բառից հետո լրացնել «եւ այն էլեկտրոնային եղանակով ուղարկում հարկադիր կատարման ծառայություն»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը տրված կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել` մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
3. Մինչեւ սույն օրենքի ընդունումը տրված կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ: Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչեւ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը եւ պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: