Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

« 7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից եւ մարվում են:»:

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «համապետական եւ տվյալ տարածքի տարածքային» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որեւէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր  խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, եւ քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը:

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, որի օգտին է քվեաթերթիկը: Այն ցուցադրվում է այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, եւ առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները եւ անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:

Քվեաթերթիկներն ըստ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկների տեսակավորելուց եւ հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում եւ գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները տեսակավորելուց հետո ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են միասին:»:

Հոդված 5. Օրենսգրքի 71-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 11-րդ կետից հանել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.» նախադասությունը:

2) 8-րդ մասի 2-րդ պարբերություններից հանել «(առանց տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալների)» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. « Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները պաշտոնապես հրապարակվում են հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Նախնական արդյունքներն ուղիղ եթերով հրապարակելիս ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ ըստ ընտրական տարածքների կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը չեն հրապարակվում:»:

2) 4-րդ մասի  հանել 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել «ըստ ընտրական տարածքների ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` Ազգային ժողովի ընտրությունների դեպքում.»:

Հոդված 7. Օրենսգրքի   77-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:»:

Հոդված 8. Օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 83.Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակը

1.Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից:

2. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից:

3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի  ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)  ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, եւ ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

4.  Ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում, սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան, կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաեւ ընտրական ցուցակի առաջին մասում:

5. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)  ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչեւ 4 ներկայացուցիչ: Որեւէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 2-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 3-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 4-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները:

6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)  ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը):

7. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով):  Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում եւ ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը:

8. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի  ընտրական ցուցակներից  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ընտրական ցուցակով ներկայացրած պատգամավորի թեկնածուները:»:

Հոդված 9. Օրենսգրքի 84-րդ հոդվածի՝

1)   2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)? ընտրական ցուցակը հաստատելու եւ առաջադրելու վերաբերյալ.»:

2)  2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «3) ընտրական ցուցակը.»:

3) 2-րդ մասի 4-րդ կետում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

4)  2-րդ մասի 5 -րդ կետում « համապետական» բառը փոխարինել «ընտրական» բառով:

5) 2-րդ մասի 7-րդ կետում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

6)  2-րդ մասի 9-րդ կետում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

7)  6-րդ մասում «ցուցակները» բառը փոխարինել  «ցուցակը»  բառով:

8) 7-րդ մասում «ցուցակները» բառը փոխարինել  «ցուցակը»  բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 85-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել    «Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու դեպքում գրանցված են համարվում նաեւ տարածքային ընտրական ցուցակները:» նախադասությունը:

2)   3-րդ մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

3)  3-րդ մասում «ցուցակների» բառը փոխարինել  «ցուցակի»  բառով:

Հոդված 11. Օրենսգրքի 86-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Կուսակցության (կուսակցության դաշինքների)ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը»:

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ «1.Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)  ընտրական  ցուցակի գրանցումը մերժելու հիմքերի առկայության դեպքում մերժվում է տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը:»:

3)  2-րդ  մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել «2) սահմանված կարգով չեն ներկայացվել տարածքային ընտրական ցուցակներ բոլոր ընտրական տարածքների համար.»

4)    2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր  խմբագրությամբ. «3)   ընտրական ցուցակը  չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո:»:

5)  4-րդ մասի  2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.  «Թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրական ցուցակից:»
6) 5-րդ մասում   «ցուցակներում»  բառը փոխարինել «ցուցակում» բառով:

Հոդված 12. Oրենսգրքի 87-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2.Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետեւանքով կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր չի ճանաչվում, եթե անգամ խախտվում են սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ  մասերով սահմանված պահանջները:»:

2) 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է  ընտրական ցուցակից:»:

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի)  ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:»:

Հոդված 13. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

1)վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.«Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը»:

2)  1-ին մասի  5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել «5) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած առնվազն 5 տարածքային ընտրական ցուցակներից յուրաքանչյուրում թեկնածուների թիվը նվազում է 2-ից:»:

3)  3-րդ  մասում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

4)  4-րդ մասում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

5)  4-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրական ցուցակից:»:

Հոդված 14. Օրենսգրքի 89-րդ հոդվածի`

1) վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

Հոդված 15. Օրենսգրքի 90-րդ հոդվածի`

1)  3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից:»:

2)  3-րդ մասի 3-րդ պարբերություն շարադրել նոր խմբագրությամբ.

«Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անունը, ազգանունն ընտրական ցուցակից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում «ցուցակներում» բառերը փոխարինել «ցուցակում» բառով:

Հոդված 17. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միեւնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ  ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:»:

Հոդված 18.Օրենսգրքի 95-րդ հոդվածը` շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու եւ ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված որոշումները կենտրոնական հանձնաժողովն ընդունում է 101-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված որոշումներից որեւէ մեկը, ապա`

1) Ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրության արդյունքում ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը սույն հոդվածի 4-7-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է սույն հոդվածի 4-7-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) ոչ մեկը սույն հոդվածի 4-7-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում չի ստացել սույն հոդվածի 4-7-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը: Սույն օրենսգրքի 96-98-րդ հոդվածներին համապատասխան` որոշ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) լրացուցիչ մանդատներ բաշխելու դեպքում մյուս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պահպանում են նախնական բաշխման արդյունքում իրենց հասանելիք մանդատները:

4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:

5. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

6. Մինչեւ 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

7. Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջեւ` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: Այդ նպատակով մանդատները բաշխվում են արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ` ըստ յուրաքանչյուր մանդատի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.


Գկ = 

Ամ____
Մփ + 1

որտեղ`

Գկ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցն է,

Ամ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքին) ցուցակի առաջին մասից հասած մանդատների թիվն է,

Մփ -ն հերթական մանդատի համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցը հաշվելիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների չորս մանդատներից կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) արդեն բաժին հասած ընդհանուր թիվն է:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության: Հավասար գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) մանդատը տրամադրում է իր ցուցակի դեռեւս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա բաշխման հերթը փոխանցվում է մեծությամբ հաջորդ գործակից ունեցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե նման գործընթացում այլեւս հնարավոր չէ բաշխել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատ, ապա համապատասխան մանդատը մնում է թափուր:»:

Հոդված 19. Օրենսգրքի 96-րդ հոդվածի`

1) 1-ին եւ 2-րդ մասերում  «4-9-րդ» թվերը փոխարինել «4-7-րդ» թվերով:

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել «3.Սույն հոդվածով սահմանված լրացուցիչ մանդատների բաշխումը հանրապետական եւ տարածքային ընտրական ցուցակների, ինչպես նաեւ ընտրական տարածքների միջեւ կատարվում է այնպես, որ կուսակցության հասանելիք մանդատների բաշխման համար պահպանվեն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները:»:

Հոդված 20. Օրենսգրքի 97-րդ հոդվածի`

1)  1-ին եւ 3-րդ մասերում  «4-9-րդ» թվերը փոխարինել «4-7-րդ» թվերով:

2) 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.  «Լրացուցիչ մանդատները բաշխվում են կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, արդյունքը բաժանվում է կոալիցիայի անդամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են: Մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Սույն մասով նախատեսված դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաեւ որոշում է կայացնում լրացուցիչ մանդատներ հատկացնելու մասի:»:

Հոդված 21.  Օրենսգրքի 98-րդ հոդվածի`

1) 4-րդ, 5-րդ, եւ 6-րդ մասերում «4-9-րդ» թվերը փոխարինել «4-7-րդ» թվերով:

2)  6-րդ մասում «եւ 3-րդ մասերով» բառերը եւ թիվը փոխարինել «մասով» բառով:

Հոդված 22. Օրենսգրքի 100-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին

1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով ընտրական ցուցակից  ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

2. Առաջին հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Երկրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության  ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է  ընտրական ցուցակի առաջին մասի` չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության  ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

Ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որեւէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է եւ արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության  ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

Եթե  ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության  ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

3. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
 
Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են  ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 22. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի հերթական   կամ  արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից:

Հոդված 23. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հերթական   կամ  արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Գործող  ընտրական օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն` 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով ու 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համամասնական ցուցակը եւ տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնածուները պետք է լինեն նաեւ համամասնական ցուցակում, իսկ ընտրողը կարող է որեւէ կուսակցության ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին, ուստի նման համամասնական ընտրական համակարգը  էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից եւ հիմքում իրականում  ընկած է թաքնված  մեծամասնական ընտրակարգը: 2017 թվականի  Ազգային ժողովի  ընտրությունները ցույց  տվեցին, որ նման ընտրական համակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրությունները ուղղակի ապաքաղաքականացվեցին: Ընտրական պայաքարը ընթացավ  ընտրություններին մասնակցող, նույն  կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարական եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան: Արդյունքում` ընտրական համակարգը ամբողջությամբ  ընտրողի  համար դարձավ   անհասկանալի  եւ   բարդ: Ուստի`   նման ընտրական համակարգով  ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդավարական  իշխանություն  ձեւավորելու  սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթել են տարածքային այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քաղաքական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է, որպես ռեսուրսների պայքար:

Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծով ներկայացված ընտրական օրենսգրքում փոփոխությունները միտված են  Ազգային  ժողովի հաջորդ  գումարման  ընտրությունները անցկացնել պարզ  100% համամասնական ընտրակարգի միջոցով` կուսակցության, կամ դաշինքի  մեկ ընդհանուր ցուցակով:

Ակնկալվող արդյունքները

Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունների արդյունքում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական  ընտրակարգի  միջոցով, որը կբխի  ՀՀ սահմանադրությունից, պետության  եւ   քաղաքացու  շահերից,  ինչպես նաեւ կբարձրացնի կուսակցությունների դերը եւ կնպաստի իրական բազմակուսակցականության կայացմանը: Ազգային ժողովի ընտրություները  չեն անձնավորվի եւ դրա հետեւանքով  ընտրողին հնարավորություն կտրվի  անկաշկանդ  եւ   հասկանալի  ընտրություն կատարել  իր  նախընտրած  կուսակցությունների  կամ կուսակցությունների դաշինքների միջեւ: Արդյունքում` կբարձրանա ընտրությունների քաղաքական նշանակությունը: 100%-անոց համամասնական ընտրակարգի անցումը էապես կբարձրացնի ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը, ինչը ԵԱՀԿ  ԺՀՄԻԳԻ կողմից ի թիվս այլ մտահոգությունների արձանագրված լրջագույն խնդիրներից մեկն էր:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան.

Համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»   օրենքի նախագիծը:
 
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Նաիրա Զոհրաբյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենսգրքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք`
 

Ազգային ժողովի պատգամավորներ`  Նաիրա   Զոհրաբյան
Միքայել  Մելքումյան
Վահե Էնֆիաջյան