Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 1-ին մասում «բանավոր» բառից հետո լրացնել «, եթե գործի քննության այլ կարգ նախատեսված չէ սույն օրենսգրքով» նախադասությունը։
Հոդված 2 . Օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասում «կայացվում է» բառերից հետո լրացնել «պատճառաբանված» բառը:
Հոդված 3. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191 -րդ գլուխ.
«Գ Լ ՈՒ Խ 191
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ
Հոդված 1291 . Պարզեցված վարույթի իրականացման կարգը
1. Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
1292 . Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը
1. Դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
2. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաեւ այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջեւ կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, եւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որեւէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
3. Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) առկա է ոչ պատշաճ կողմի փոխարինման կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
4) անհրաժեշտ է որոշել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:
4. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է ընդհանուր հայցային վարույթի կարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով միացված պահանջներն առանձնացնում է առանձին վարույթներում:
1293 . Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը
1. Դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում է վճռի հրապարակման վայրի եւ ժամանակի մասին։
2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետի ավարտից հետո դատարանը կարող է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնել, եթե սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համաձայնության մասին դատարանն իրազեկվել է սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետը լրանալուց հետո։
3. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
1294 . Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը եւ դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաեւ միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը եւ ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:
1295 . Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու կարգը եւ ժամկետները
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում գործով դատական ակտը կայացնում եւ հրապարակում է սույն օրենսգրքի 1294-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել վճռի հրապարակման վայրը եւ ժամանակը։
1296 . Պարզեցված վարույթը դադարեցնելը
1. Եթե սույն օրենսգրքի 1292-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան գործով դատական ակտը հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին եւ սույն օրենսգրքի 222-րդ գլխով սահմանված կարգով գործը նախապատրաստում է դատաքննության։
1297 . Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով դատական ակտը
1. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի պատճառաբանական մասում նշվում են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետեւությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաեւ այն օրենքները եւ այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
2. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:»։
Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Գործերի քննության պարզեցված վարույթն իրականացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1. Դատարանների գործունեության վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների միջեւ ստեղծվել են ծանրաբեռնվածության էական տարբերություններ: Մասնավորապես, օրինակ, 2015 թվականի ընթացքում Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4633 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 5772 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6074 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 4597 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 3893 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 5507 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6150 քաղաքացիական գործ:
Բացի այդ, Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ գործերի բաշխման էական անհամաչափություն է առկա նաեւ առանձին դատավորների ծանրաբեռնվածության միջեւ: Մասնավորապես, օրինակ, 2016 թվականի ընթացքում Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 1074 գործ, մինչդեռ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր` 371 գործ, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 670 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 4 դատավորի առակայության պարագայում, այն դեպքում, երբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 355 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 8 դատավորի առակայության պարագայում:
Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականին ստացել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող 3924 միջնորդություններ, իսկ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նույն ժամանակահատվածում ստացել է 556 միջնորդություն:
Միեւնույն ժամանակ, Դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25-Լ որոշմամբ սահմանված կոնկրետ տոկոսաչափերն առանց հիմնավորման անհավասարաչափ են բաշխված, ինչի արդյունքում մեկ դատարանի նախագահն օգտվում է 95 տոկոս արտոնությունից, այսինքն` նրան մակագրվում է գործերի ընդամենը 5 տոկոսը, իսկ այլ նախագահ` 25 տոկոսից, կամ, առհասարակ, որեւիցե արտոնություն չունի, ինչը եւս հանգեցնում է դատարանների եւ առանձին դատավորների միջեւ ծանրաբեռնվածության անհամաչափ բաշխման:
2. Ընդհանուր իրավասության դատարանների կողմից գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013 թվականին գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի 48 տոկոսը կազմել են 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը կազմել են արդեն գումարի բռնագանձման վերաբերյալ բոլոր գործերի 82 տոկոսը: Ընդ որում, որ նշված գործերի մեծ մասը հիմնվում եմ գրավոր գործարքի (վարկային եւ այլ պայմանագրեր) վրա:
Այս առումով ուշադրության է արժանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.02.1984 թվականի թիվ R/84/5 հանձնարարականը, որով սահմանվել է պարտատիրոջ իրավունքների առավել արդյունավետ, ճկուն եւ արագ պաշտպանության կագուցակարգեր ներդնելու պահանջ: Փաստաթղթին կից սկզբունքներով նախատեսվում է, որ քաղաքացիական դատավարությունում անհրաժեշտ է նախատեսել վեճի լուծումն արագացնող կոնկրետ կանոններ, որոնք թույլ կտան անհետաձգելի կամ անվիճելի դեպքերում թեթեւացնել դատական ընթացակարգը, ապահովել խախտված կամ խախտման վտանգի տակ գտնվող իրավունքների առավել արագ պաշտպանությունը՝ ապահովելով այդ կատեգորիաների գործերով արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը:
Վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող լուծումները
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր)`
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նախագծերի մշակմանն օժանդակել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձեւավորված փորձագիտական խումբը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը չգերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում` առանց անհարկի ձգձգումների, ապահովող գործիքակազմ:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ