Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 29 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանրային Հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային Հեռուստառադիոընկերության Խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ ) , որի անդամներին նշանակում են այն կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները,որոնց ընտրական ցուցակները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն հինգ տոկոսը /այսուհետ՝ Խորհրդի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցություն եւ դաշինք/»։
Եթե Խորհրդի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունների եւ /կամ/ դաշինքների թիվը 5 եւ ավելին է, ապա յուրաքանչյուր կուսակցություն եւ /կամ/ դաշինք նշանակում է Խորհրդի մեկական անդամ:
Եթե Խորհրդի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունների եւ /կամ/ դաշինքների թիվը 5 ից պակաս է, ապա յուրաքանչյուր կուսակցություն եւ /կամ/ դաշինք նշանակում է Խորհրդի երկուական անդամ:
Խորհրդի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունները Խորհրդի անդամին նշանակում են իրենց մշտապես գործող բարձրագույն մարմնի որոշմամբ։
Խորհրդի անդամ նշանակելու իրավունք ունեցող դաշինքները Խորհրդի անդամին նշանակում են դաշինքի Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցության որոշմամբ։
Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով։
Խորհրդի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունների եւ /կամ/ դաշինքները Խորհրդի լիազորությունների ավարտից ոչ շուտ,քան 35 եւ ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում Խորհրդին են ներկայացնում Խորհրդի անդամ /անդամներ/ նշանակելու մասին իրենց որոշումը։
Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել Խորհրդի անդամ։
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 31 հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Խորհրդում թափուր տեղերի առկայության դեպքում Խորհրդի նախագահը անհապաղ տեղեկացնում է համապատասխան անդամին նշանակած կուսակցությանը եւ /կամ/ դաշինքին։Թափուր տեղը 15-օրյա ժամկետում լրացվում է այն կարգով,որով կատարվել է նշանակումը։
Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված Խորհրդի անդամի լիազորությունները ավարտվում են հանձնաժողովի մյուս անդամների լիազորությունների ավարտի հետ միաժամանակ»։
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 39 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39 . Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը
Ազգային հանձնաժողովը ձեւավորվում է այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների կողմից նշանակված անդամներից,որոնց ընտրական ցուցակները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն հինգ տոկոսը /այսուհետ՝ Ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցության եւ դաշինք/։
Եթե Ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունների եւ /կամ/ դաշինքների թիվը 5 եւ ավելին է, ապա յուրաքանչյուր եւ /կամ/ դաշինք նշանակում է Ազգային հանձնաժողովի մեկական անդամ:
Եթե Ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունների եւ /կամ/ դաշինքների թիվը 5 ից պակաս է, ապա յուրաքանչյուր կուսակցություն եւ /կամ/ դաշինք նշանակում է Ազգային հանձնաժողովի երկուական անդամ:
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունները Ազգային հանձնաժողովի անդամին նշանակում են իրենց մշտապես գործող բարձրագույն մարմնի որոշմամբ։
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող դաշինքները Ազգային հանձնաժողովի անդամին նշանակում են դաշինքի Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցության որոշմամբ։
Ազգային հանձնաժողովի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով։
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունների եւ /կամ/ դաշինքները Ազգային հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 35 եւ ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում Ազգային հանձնաժողովի են ներկայացնում Ազգային հանձնաժողովի անդամ /անդամներ/ նշանակելու մասին իրենց որոշումը։
Ազգային հանձնաժողովի կազմը հրապարակում է գործող Ազգային հանձնաժողովի նախագահը։
Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ»։
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 40 հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետում «մեծամասնությամբ» բառից հետո ավելացնել « , բացառությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի»։
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 45 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի թափուր տեղի առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է համապատասխան անդամին նշանակած կուսակցությանը եւ /կամ/ դաշինքին։ Ազգային հանձնաժողովի թափուր տեղը 15 օրյա ժամկետում լրացվում է այն կարգով, որով կատարվում է նշանակումը։
Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները ավարտվում են հանձնաժողովի մյուս անդամների լիազորությունների ավարտի հետ միաժամանակ»։
Հոդված 6. Ուժը կորցրած համարել Հայստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 59 հոդված 12 րդ եւ 13-րդ մասերը։
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ մտցնելուց հետո ոչ ուշ,քան 15 օրվա ընթացքում Խորհրդի եւ Ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունները եւ դաշինքները Խորհրդին եւ Ազգային հանձնաժողովին են ներկայացնում Խորհրդի եւ Ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին սույն օրենքով սահմանված կարգով ընդունված որոշումները։
Գործող խորհուրդը եւ Ազգային հանձնաժողովը լուծարվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 16-րդ օրը։
Հոդված 8 . Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: