1) 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) 8-րդ կետում «ինչպես նաեւ խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը» բառերը հանել.
3) 9-րդ կետում «համաձայնություն» բառից առաջ լրացնել «հրաժարում կամ գրավոր» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 173.3 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
Հոդված 1733 . Դիմումի քննությունը
1. Որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝
1) որդեգրել ցանկացող անձի, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ տասնչորս տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաների որդեգրու դեպքում
2) որդեգրել ցանկացող անձի, «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմնի եւ տասնչորս տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում։
2. Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում՝ որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ հասունության մակարդակը։
3. Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին եւ այլ շահագրգիռ անձանց:
4. Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, ինչ մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս:
5. Որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց ամուսնանալու ազատությանը, երեխաների իրավունքներին, ծնողների իրավունքներին եւ պարտականություններին: Արդյունքում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որոշ դրույթների Սահմանադրության նոր կարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել:
Նախագիծը մշակվել է ի կատարում Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ կետերի եւ 2012թ.-ի դեկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1745-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1694-Ն որոշման:
Հարկ է նշել է, որ որդեգրման իրավական եւ գործնական գործընթացներում լուրջ կանոնակարգման կարիք է առաջացել: Դրա մասին են վկայում նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունները, մասնավորապես. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), «Սեյվ դը Չիլդրեն» եւ այլ կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի զեկույցները եւ հաշվետվությունները: Նախագծում ամրագրված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար ուղղակիորեն մատնանշված առաջարկությունները, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կոնվենցիաների դրույթները: Դրանցից են՝ «Երեխայի իրավունքների մասին» եւ «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիաները եւ դրանց ուղեցույցները: Մասնավորապես` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը ստանձնել է հետեւյալ պարտականությունները, որոնց իրականացման վերաբերյալ դեռ առկա են բացեր՝
- երեխայի շահերով առաջնորդվելը ցանկացած դեպքում,
- սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը,
- երեխային ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձեւերից կամ չարաշահումից պաշտպանված լինելու երեխայի իրավունքը,
- որդեգրումից առաջ խնամակալության, խնամատարության հանձնելու հնարավորությունը,
«Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի 4, 15 եւ 23-րդ հոդվածներով նախատեսված նորմերն ազգային օրենսդրությամբ հստակեցման կարիք ունեն: Առաջարկվող լրացումներն ու փոփոխություններն ամրագրված են նաեւ «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի ուղեցույցում:
«Երեխայի շահ» եզրույթի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ է տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար եւ յուրաքանչյուր պետություն այն սահմանելիս հաշվի է առնում տարբեր հանգամանքներ: Առաջարկվող սահմանումը բխում է Կանադայի, ԱՄՆ տարբեր նահանգների օրենսդրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում ամրագրված դրույթների համակցությունից:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` որդեգրման համակարգն ընդունող եւ/կամ թույլատրող մասնակից պետություններն ապահովում են, որ երեխայի շահերը հաշվի առնվեն առաջնահերթ կերպով, եւ նրանք ապահովում են, որ երեխայի որդեգրումը թույլատրվի միայն իրավասու մարմինների կողմից, որոնք կիրառվող օրենքի եւ ընթացակարգի համաձայն եւ գործին առնչվող ողջ հավաստի տեղեկատվության հիման վրա որոշում են որդեգրման թույլատրելիությունը: Այս դրույթից ակնհայտ է, որ որդեգրումն իրականացվում է որդեգրող ծնողների եւ երեխայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ստանալու եւ որդեգրողի եւ որդեգրվողի համադրելիության գնահատման հիման վրա:
Համադրելիության գնահաման անհրաժեշտության մասին է վկայում եվրոպական տարբեր երկրների (Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն) փորձը:
Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրման օրենսդրության ուսումնասիրության ու վերանայման անհրաժեշտությունը մատնանշվել է ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետների կողմից իրականացված օրենսդրության վերլուծության հիման վրա ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել սույն նախագիծը կազմելու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2017թ.-ին որդեգրել ցանկացող անձանց թիվը 250 էր, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիների թիվը 170 է, որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների թիվը 80 է, որդեգրման ենթակա երեխաների թիվը շուրջ 200, բայց որդեգրվել է 44 երեխա, որոնցից 20-ը՝ ՀՀ քաղաքացիների կողմից, 24-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից:
Ելնելով հետազոտություններից եւ ուսումնասիրություններից առաջնահերթ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ ընտանեկան օրենսգիրքը եւ կանոնակարգել որդեգրման ընթացակարգերը:
2008թ. հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց խնամատար ընտանիքի մոդելը ներդնելու մասին: Խնամատար ընտանիքն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դաստիարակության համար տեղավորման ձեւերից մեկն է, որն իրականացվում է պայմանագրի հիման վրա: Այն առանց ծնողական խնամքի մնացած երեխային տալիս է ընտանեկան միջավայրում մեծանալու իրական հնարավորություն՝ այդտեղից բխող բոլոր դրական հետեւանքներով:
Խնամատար ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործընթացում առկա են հրատապ լուծում պահանջող հետեւյալ խնդիրները՝
ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ գլուխը նախատեսում է ընտանիքի եւ երեխայի շահերի քրեաիրավական պաշտպանությանն ուղղված 12 հոդվածներ (ՀՀ քրեական օրենսգրքի 165-174-րդ հոդվածներ), որոնցում ամրագրված են այս ոլորտի հիմնական հանցագործությունները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում, մասնավորապես`
1. համապատասխանեցնել Սահմանադրության կարգավորումներին,
2. համապատասխանեցնել օրենսդրությունը միջազգային չափանիշներին՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,
3. փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը,
4. լրացում է նախատեսվել գտնված (ընկեցիկ) երեխաների հայտնաբերման դեպքերի համար, որի արդյունքում երեխային հայտնաբերելուց հետո 3 ամիս շարունակ ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին եւ վերջիններիս չհայտնաբերման պարագայում միայն թույլատրում տվյալ երեխայի որդեգրումը,
5. սահամանվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա երեխա որդեգրելու համար,
6. երեխայի շահը պահպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն,
7. ամրագրել երեխայի շահի առաջնայնությունը երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելիս,
8. «երեխային տեղավորելու» եզրույթը փոխարինվել է «երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելու» եզրույթով,
9. Նախագծով ընդլայնվել է սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը՝ հնարավորություն է տրվել նաեւ 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնել, ըստ վերջինիս տարիքի եւ հասունության մակարդակի,
10. նախագծով հստակեցվում է ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը, մասնավորապես՝ սահմանվում են ժամկետներ, որոնց լրանալուց հետո իրավասու անձիք կարող են դիմել անձին ծնողական իրավունքներից զրկելու համար,
11. նախագծով փոփոխություն է կրել նաեւ «որդեգրում» հասկացությունը,
12. սահմանվել է որդեգրել ցանկացող անձանց տարիքային վերին շեմ, հաշվի առնելով բացառիկ դեպքերը:
13. օրենսգրքի 123-րդ հոդվածով հստակեցվել է երեխայի որդեգրման պետական գրանցման գործընթացում առկա խնդիրները՝ երեխայի ազգանվան գրառման հետ կապված,
14. նախատեսվել են խնամատար ընտանիքի տեսակները եւ երեխային հանձնելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները, խնամատարության տեւողությունը,
15. խնամատարությունը նախատեսվել է ոչ միայն ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում, այլ նաեւ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես՝ հաշվի առնելով դեպքի հրատապությունն ու այլ առանձնահատկություններ,
16. ամրագրվել է երեխայի ծնողների իրավունքները՝ տեսակցելու, դատական կարգով խնամատարությունը բողոքարկելու եւ երեխային վերաբերող այլ հարցերի լուծման դեպքում,
17. հստակեցվել են խնամատար ընտանիքներին ներկայացվող պահանջները եւ դրանց ընտրությունը,
18. ընդլայնվել են դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու
մասին պայմանագրում նախատեսվող պայմաններն ու հանգամանքները՝ կնքելով այն եռակողմ՝ ծնողի (խնամակալության դեպքում՝ խնամակալի), խնամատար ընտանիքի եւ խնամակալության ու հոգաբարձության մարմնի միջեւ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը զրկվել է ծնողական իրավունքից, մահացել է, ծանր հիվանդության, կալանավորման կամ այլ պատճառով հնարավորություն չունի մասնակցելու պայմանագրի կնքմանը,
19. խնամատար ընտանիքի նկատմամբ վերահսկողություն նախատեսելու հիմնական սկզբունքների եւ ուղղություններն են ամրագրվել,
20. որդեգրումը իրականացվելու է միայն համապատասխան մասնագետների կողմից երեխաի եւ ապագա ծնողների համադրելիության գնահատման հիման վրա:
Փոփոխություններ են նախատեսվել քաղաքացիական դատավարության օրենսգրքերում`
- քանի որ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 120-րդ հոդվածի այն դրույթը, որով սահմանվում է խնամատար ընտանիքի համաձայնությունը՝ երեխային որդեգրելիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնամատարության ինստիտուտը իր բովանդակությամբ հանդիսանում է ծառայություն մատուցող եւ չի կարող առարկել երեխայի որդեգրումը այլ անձանց կողմից,
Փոփոխություններ են նախատեսվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝
- Քանի որ սահմանվում են նոր պարտականություններ՝ կապված որդեգրող անձանց, խնամակալների հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտում ծագող հարաբերությունների հետ, անհրաժեշտություն է առաջացել նաեւ նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրություն մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների գլխում երեխաների իրավունքներին վերաբերյալ նոր կարգավորումներով:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները՝
1. Ամրագրել պատասխանատվություն երեխային ոչ միայն ծնողներից, այլ նաեւ երեխայի դաստիարակություն եւ խնամք իրականացնող այլ անձանցից բաժանելու, ինչպես նաեւ խնամատար ծնողի իրավունքները չարաշահելու համար,
2. Նախատեսել պատասխանատվություն ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու համար՝ համապատասխան դատական ակտի առկայության դեպքում,
3. Ծնողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում որպես քրեական պատասխանատվության հիմք նախատեսել հետեւանքը, այն է՝ երեխայի իրավունքների եւ օրինական շահերի էական խախտումը,
4. Իրավական որոշակիություն մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում եւ արդյունավետորեն պաշտպանել երեխայի շահերը եւ երեխայի խնամքի ու դաստարակության ընթացքում առաջացող հարցերը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Սեյվ դը Չիլդրեն» ՀԿ փորձագետների մասնակցությամբ:
2015 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով նախագիծը լրամշակվել է Հայաստանի Հանրապետության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները, կհսատակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող եւ դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները եւ դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի եւ խնամատար ընտանիքի ընտրության եւ խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձեւակերպումները:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ