Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 167-րդ հոդվածի`
1) վերնագրում «Ծնողներից» բառից հետո լրացնել «կամ այն անձանցից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունը» բառերը.
2) 1-ին մասում «առանց ծնողների» բառերից հետո լրացնել «կամ երեխայի դաստիարակությունը եւ խնամքն իրականացնող այլ անձանց» բառերը:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 167.1-րդ հոդվածով`
«Հոդված 167.1. Ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելը
Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 170-րդ հոդվածի`
1) վերնագրում «չկատարելը» բառից հետո լրացնել «կամ ոչ պատշաճ կատարելը» բառերը.
2) 1-ին մասում «դաստիարակության» բառից հետո լրացնել «եւ խնամքի» բառերը, իսկ «կատարելը» բառից հետո լրացնել «, որն առաջացրել է երեխայի իրավունքների եւ օրինական շահերի էական խախտում» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 172-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 172. Խնամատար ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը
Խնամատարությունը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական կամ այլ անձնական դրդումներով օգտագործելը կամ հոգեզավակին (խնամարկյալին) առանց հսկողության կամ անհրաժեշտ աջակցության կամ օգնության թողնելը, որն առաջացրել է հոգեզավակի (խնամարկյալի) իրավունքների եւ օրինական շահերի էական խախտում՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: