Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) բոլոր «Հիմնադրամ» բառերը իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ֆոնդ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Սույն օրենքը կարգավորում է ակտիվների արժեթղթավորման գործընթացի եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման, շրջանառության եւ մարման հետ կապված հարաբերությունները:»:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում.
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ակտիվների արժեթղթավորման հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արժեթղթավորման ֆոնդերի իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության կարգավորման, արժեթղթավորման ֆոնդերի գործունեության դադարեցման, սնանկության, լուծարման, արժեթղթավորման ֆոնդերի կառավարիչների գործունեության, ինչպես նաեւ արժեթղթավորման գործընթացի նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`.
1) հանել «պարտապան», «թողարկող», «մնացորդային արժեք», «պահառու», «արժեթղթավորման հիմնադրամ» եւ «արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչ» պարբերությունները:
2) «ակտիվներով ապահովված արժեթղթեր» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ արժեթղթավորման ֆոնդի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնք ապահովված են ակտիվների համախմբով եւ որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից:»:
3) «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)» պարբերությունից հանել «մեկ» բառը,
4) «արժեթղթավորում» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«արժեթղթավորում՝ գործարք կամ գործընթաց, որով արժեթղթավորման ֆոնդը ձեռք է բերում ակտիվ, պարտատոմս կամ այլ դեբիտորական պարտքեր, ակտիվների համախումբ կամ ստանձնում դրա (դրանց) հետ կապված ռիսկեր, եւ թողարկում արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռքբերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից:»,
5) «արժեթղթավորում» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«ռիսկի ստանձնում՝ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի ստանձնումը՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով կամ օրենքով թույլատրելի այլ միջոցներով.»,
6) «սպասարկող» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«արժեթղթավորման ֆոնդ` «Ներդումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արժեթղթավորման ֆոնդը :
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքով» բառից հետո լրացնել «, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-6-րդ, 8-15-րդ հոդվածները, 18-19-րդ հոդվածները, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ, 29-րդ եւ 30-րդ հոդվածները, 6-8-րդ գլուխները:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարիչը» բառից հետո լրացնել «, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների, ունի նաեւ հետեւյալ իրավասությունները» բառերը:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 17. Արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջներ
1.Երրորդ անձինք, բացառությամբ ներդրողների եւ արժեթղթավորման ֆոնդի հետ սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերի կողմերի, չեն կարող արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջներ ներկայացնել մինչեւ ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, եթե`
1). ակտիվների վաճառքն արժեթղթավորման ֆոնդին կատարվել է շուկայական գնով.
2). արժեթղթավորման ֆոնդին սույն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը.
3) նախաձեռնողը կամ վաճառողն իրավասու չեն փոխանցելու, գրավադրելու, փոխարինելու, հետ ստանալու, հետ գնելու կամ այլ կերպ օգտագործելու ակտիվները կամ դրանցից ստացվող միջոցները` առանց ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:»:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Դեբիտորական պարտքերի պահուստավորման պարտականությունը կրում է արժեթղթավորման գործընթացի այն մասնակիցը, որը կողմերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն կրում է ակտիվի գծով վճարների չստացման ռիսկը: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ կարող են սահմանվել պահուստավորման առանձնահատուկ պայմաններ՝ հաշվի առնելով կողմերի միջեւ կնքված պայմանագրի պայմանները:»:
Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:»,
2) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու եւ շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել այլ անձի:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1 հոդվածով.
«Հոդված 27.1. Ռիսկի ստանձնում
1. Ներդրողների շահերի պաշտպանության կամ ֆինանսական կայունության կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից ելնելով Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է՝
1) ակտիվի հետ կապված ստանձնման ենթակա ռիսկի տեսակները.
2) չափանիշներ, որոնց բավարարող ռիսկերը կարող են ստանձնվել.
3) ստանձնվող ռիսկի հիման վրա թողարկվող արժեթղթերի նկատմամբ պահանջներ.
4) ակտիվի հետ կապված ռիսկի փոխանցման պայմանագրի պարտադիր պայմաններ:»:
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Ակտիվներով ապահովված արժեթղթերը
1. Արժեթղթավորման ֆոնդը կարող է թողարկել ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ մասնակցության վկայագրերի, պարտատոմսերի, այլ պարտքային արժեթղթերի եւ(կամ) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թողարկված փայերի (բաժնետոմսերի) տեսքով:
2. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գրանցումը, թողարկումը եւ տեղաբաշխումը, ինչպես նաեւ ռեեստրի վարումն ու պահառությունն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 4-րդ կետից հանել «մնացորդային արժեքի հիման վրա» բառերը,
2) 5-րդ կետում «մնացորդային արժեքում» բառերը փոխարինել «փայում կամ մասնակցության վկայագրում» բառերով:
Հոդված 14. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ:
3.
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի փաթեթն ուղղված է արժեթղթավորման գործընթացները կարգավորող ՀՀ օրենսդրության բարեփոխմանը՝ նպատակ ունենալով
- Վերացնել արժեթղթավորման գործընթացներում մինչ այժմ ի հայտ եկած խոչընդոտները
- Գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա զարգացումներին
- Ներդրումների համար ապահովել առավել հստակ եւ գործուն իրավական լուծումներ:
Արժեթղթավորումը՝ որպես կապիտալի ներգրավման կարեւորագույն միջոց, հնարավորություն է ընձեռում ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպություններին դառնալ կապիտալի շուկաների ուղղակի մասնակից: Արժեթղթավորումը համարվում է ֆինանսական շուկայի զարգացման կարեւորագույն գործիքներից մեկը, քանի որ այն կազմակերպություններին հնարավորություն է տալիս լրացուցիչ դրամական միջոցներ ներգրավել, որոշ իրավիճակներում ֆինանսական ընկերություններին օգնում է պահպանել տնտեսական նորմատիվների պահանջները:
«Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2008 թվականին: Օրենքի գործողության 9 տարվա ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի են ունեցել էական զարգացումներ, ձեւավորվել ու էական զարգացում է ունեցել արժեթղթերի առաջնային եւ երկրորդային շուկան: Աճել է նաեւ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ:
Այսպես՝ 2015 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել վարկային պորտֆելով ապահովված արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում, որն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Ֆինանսավորում՝ հանուն տնտեսական զարգացման» (FED) ծրագրի աջակցությամբ:
Իրականացված արժեթղթավորման գործընթացը ի հայտ բերեց գործող օրենսդրությամբ առկա խնդիրները, որոնց օրենսդրական լուծումները կնպաստեն հետագա արժեթղթավորումների առավել դյուրին եւ արդյունավետ իրականացմանը:
Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն արժեթղթավորման զարգացմանը՝ ստեղծելով ինովացիոն ներդրումային գործիքներ եւ բարձրացնելով ներդրումների ու գործընթացների գրավչությունը:
Մասնավորապես՝ կապիտալի շուկաների զարգացումը կհանգեցնի նաեւ փոքր ներդրողների առավել ներգրավվածությանը, բանկերին հնարավորություն կտա նոր գործիքների կիրառման շնորհիվ ավելացնել վարկավորման ծավալները:
Իրականացվող օրենսդրական փոփոխություններով նաեւ ապահովվում է Օրենքի, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի եւ ոլորտը կարգավորող այլ օրենքների համապատասխանությունը:
Ներկա իրավիճակը եւ խնդիրները
Արժեթղթավորման գործընթացներում ի հայտ են եկել հետեւյալ խնդիրները.
1. Գործող օրենսդրությամբ արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունները ստեղծվում են որպես հիմնադրամ: Մինչդեռ 2010 թվականին ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը որպես ֆոնդերի տեսակ նախատեսում է արժեթղթավորման ֆոնդերը: Արժեթղթավորում իրականացնող հատուկ կազմակերպություններին ֆոնդերի կարգավիճակ տալը համապատասխանում է դրանց՝ որպես ֆինանսական շուկայի մասնակիցների էությանը: Արժեթղթավորման ֆոնդերի հանդեպ հիմնականում կիրառելի են մասնագիտացված ֆոնդերի վերաբերյալ առկա մանրամասն կարգավորումները, ինչն ապահովում է ֆինանսական շուկայում արժեթղթավորման ֆոնդերի կայուն եւ թափանցիկ գործունեությունը:
2. Գործող Օրենքը հնարավորություն է տալիս իրականացնել ակտիվի արժեթղթավորում, մինչդեռ կապիտալի շուկայի զարգացումները, այդ թվում միջազգային, պահանջում են եւ կիրառում են նաեւ արժեթղթավորման այլ տարբերակներ, ինչպիսին է ռիսկի արժեթղթավորումը:
3. Արժեթղթավորման գործընթացը արդյունավետ իրականացնելու տեսանկյունից անհրաժեշտ է վերանայել արժեթղթերի թողարկման հետ կապված այլ իրավական ակտերի կարգավորումները:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Ա. Արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունների հիմնադրամ կարգավիճակի փոփոխում ֆոնդի
Օրենքն ընդունելու ժամանակ ՀՀ արժեթղթերի շուկան դեռեւս բավարար զարգացած չէին, ընդունված չէին կամ չէին գործում ոլորտը կարգավորող այլ օրենքներ: Այդ իսկ պատճառով տվյալ պահին որպես առավել ընդունելի լուծում արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններին տրվել է հիմնադրամի կարգավիճակ:
Հետագայում ինչպես արժեթղթերի շուկան ինքնին, այնպես էլ օրենսդրական դաշտը ապրել է որոշակի զարգացումներ: Մասնավորապես՝ ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորել է ֆոնդերի գործունեությունը, ինչպես նաեւ նախատեսել է արժեթղթավորման ֆոնդը՝ որպես ֆոնդի առանձին տեսակ:
Առաջարկվող փոփոխություններով արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններն այսուհետ կստեղծվեն բացառապես ֆոնդի կարգավիճակով: Այդ կարգավորման շնորհիվ Օրենքից կբացառվեն հիմնադրամների կարգավիճակից բխող կարգավորումները, իսկ արժեթղթավորման ֆոնդերը կգործեն «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ներքո այնքանով, որքանով դա չի հակասի իրենց առանձնահատկություններին: Առանձնահատկությունների առումով օրենքներում սահմանվում են համապատասխան դրույթներ:
Բ. Արժեթղթավորման բնագավառում նոր գործիքների կիրառում
Հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն ակտիվի արժեթղթավորում, այլեւ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի արժեթղթավորում՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով: Սա կընդլայնի արժեթղթավորման ոլորտներն ու կնպաստի արժեթղթերի շուկայի մասնակիցների համար արժեթղթերի շուկայի նոր որակյալ գործիքների ստեղծմանը:
Գ. Ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի համապատասխանության ապահովում
Ելնելով արժեթղթավորման ֆոնդերի նոր կարգավիճակից՝ որոշ փոփոխությունների պետք է ենթարկվեն նաեւ արժեթղթերի թողարկման գործընթացը կարգավորող գործող այլ իրավական ակտերը: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում կատարվել են որոշ խմբագրական փոփոխությունների՝ միմյանց միջեւ հակասությունները բացառելու նպատակով:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող դրական արդյունքները
Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նվազագույնի կհասցվեն արժեթղթավորման գործընթացների խոչընդոտները, ինչը կնպաստի՝
Տեղեկանք
Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
Եզրակացություն
Օրենքների նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
Օրենքների նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1575-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
2017 թ. դեկտեմբերի 20 Երեւան |