Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-235-26.12.2017-ՊԻՄԻ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2017Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

- Ղեկավարվելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ եւ 107-րդ հոդվածներով, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով,

- Հիմք ընդունելով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

- Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)՝ պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար։

- Հանձնաժողովն իրավասու է քննել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

- Հանձնաժողովն ունի 11 անդամ, որոնցից վեցին նշանակում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, երեքին՝ «Ծառուկյան» խմբակցությունը եւ մեկական՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Ելք» խմբակցությունները:

- Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման եւ Հանձնաժողովի կազմն Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվելու օրը:

- Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին: Հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի ընտրության վերաբերյալ Հանձնաժողովի որոշումները 24 ժամվա ընթացքում ներկայացվում են Ազգային ժողովի նախագահին:

- Հանձնաժողովը գործում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված կարգով:

- Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ: Հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը):

- Հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ 2017 թվականի ապրիլի 1-ն է:

- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2017թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԺ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Սույն նախագծի ընդունման նպատակն է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ քննության առնելու ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարել է, թե նույն օրը ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա:

Օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ Արտաշես Գեղամյանի կողմից նման վարգաքագծի դրսեւորումը անհամատեղելի է բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի նորմերի հետ, քանի որ Ազգային ժողովի պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի հանրության նկատմամբ, պարկեշտ եւ օրինակելի լինի՝ ոչ միայն պատգամավորական լիազորությունները իրականացնելիս, այլ նաեւ ամենօրյա կյանքում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը կարգավորում է պատգամավորի էթիկայի կանոնները:

Այսպես վկայակոչված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի էթիակայի կանոններն են՝ 1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, 2) հարգել հանրության բարոյական նորմերը, 3) պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը, 4) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, 5) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, 6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, 7) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, 8) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Վերը նշվածից հետեւում է, որ պատգամավորները պարտավոր են հետեւել օրենքով սահմանված էթիկայի նորմերին եւ պահպանել դրանք, սակայն սույն դեպքում Արտաշես Գեղամյանի կողմից չեն պահպանվել այդ նորմերը, վերջինիս պահվածքն իր մեջ պարունակում է բռնություն, որը իր հերթին չի նպաստում Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին եւ խախտում է օրենքով սահմանված կանոնները:

N/ Ե-061
«22» դեկտեմբերի, 2017թ.

ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ եւ 107-րդ հոդվածները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 99-րդ հոդվածը՝ ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Աժ որոշման նախագիծ:

Հիմնական զեկուցողն է Արտակ Զեյնալյանը։

Կից ներկայացնում եմ՝

1.«Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ.հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Աժ որոշման նախագիծը։

2. Նախագծի ընդունման հիմնավորումները։

3. Նախագիծը ներկայացնելու մասին ԵԼՔ խմբակցության որոշումը։

Նիկոլ Փաշինյան
խմբակցության ղեկավար

N/ ԵՈ-017
«22» դեկտեմբերի, 2017թ.

ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության

ՈՐՈՇՈՒՄԸ

«Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Աժ որոշման նախագիծ ներկայացնելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցությունը.

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ.հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Աժ որոշման նախագիծ (կցվում է):

2. Հիմնական զեկուցող նշանակել ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին։

Նիկոլ Փաշինյան
խմբակցության ղեկավար