Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1013-13.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք » ՀՀ օրենքի (այսուհետ օրենք) Հոդված 35-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրելու կարգը

1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից` այն հաշվով որ, քաղաքական  իշխանությունն ու  ընդդիմությունը հանձնաժողովներում ներկայացված լինեն հավասար թվով անդամներով:

2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաղկացած է  12 անդամից, որոնցից 6-ին նշանակում  են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող այն կուսակցությունները /դաշինքները/, որոնք ընդգրկված են կառավարության կազմում, 6-ին Ազգային ժողովում խմբակցություն ունեցող այն կուսակցությունները /դաշինքները/ որոնք ընդգրկված չեն կառավարության կազմում:

3. Եթե կառավարության կազմում ընդգրկված  կուսակցությունների թիվը  6-ից ավել է, ապա հանձնաժողովի անդամ նշանակում են  այդ կուսակցություններից ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ ստացած առաջին  6 կուսակցությունները,  եթե այդ կուսակցությունների թիվը 6 է ապա   յուրաքանչյուր կուսակցություն նշանակում է մեկական անդամ,   եթե 6-ից փոքր է, ապա  լրացուցիչ տեղերը  լրացվում են   համապատասխան թվով առավելագույն ձայներ ստացած  կուսակցությունների կողմից:

Սույն կարգը տարածվում  է  նաեւ կառավարության կազմում չընդգրկված  կուսակցությունների վրա:

4.Ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող    կուսակցությունները   ընտրական հանձնաժողովի անդամին   նշանակում են իրենց մշտական գործող բարձրագույն մարմնի  որոշմամբ:

5.Ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող  դաշինքները  ընտրական հանձնաժողովի անդամին   նշանակում են Ազգային ժողովում  ձեւավորված խմբակցության  որոշմամբ:

6. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կաըմավորվում եւ իր լիազորությունները րը ստանձնում է Ազգային ժողովի  ընտրություններից հետո, ոչ  շուտ, քան 100 եւ ոչ ուշ, քան 110 օրվա ընթացքում: Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչեւ նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման վերջին օրը, սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչեւ սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը:

7.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր ձեւավորվելուց հետո 5 օրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված վերջին օրը՝ ժամը 12.00-ին: Առաջին նիստում հանձնաժողովի նախագահ, տեղակալ, քարտուղար չընտրելու դեպքում  հաջորդ օրերին, նույն ժամին հրավիրվում են հանձնաժողովի նիստեր, մինչեւ հանձնաժողովի նախագահ ընտրվելը:   Նիստը հրավիրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրում: Առաջին նիստը վարում է  հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:

9.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը  եւ տեղակալն ու քարտուղարը չեն կարող լինել միայն կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների նշանակած անդամների թվից կամ միայն կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների նշանակած անդամների թվից: Հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի ընտրություններից առաջ վիճակահանությամբ որոշվում է, թե որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից պետք է ընտրվի հանձնաժողովի նախագահը, եւ որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից` տեղակալն ու  քարտուղարը:

11.Հանձնաժողովի նախագահ, տեղակալ, քարտուղար կարող են  ընտրվել միայն վիճակահանության համաձայն որոշված  խմբերի ներկայացուցիչները:

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

12.Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Եթե  թեկնածուները ստացել են հավասար թվով ձայներ, ապա անց է կացվում նոր  քվեարկություն՝ թեկնածուների նոր առաջադրմամբ:

13.Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջեւ անցկացվում է  քվեարկության երկրորդ փուլ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:  Ձայների հավասարության դեպքում անց է կացվում նոր ընտրություն՝ թեկնածուների նոր  առաջադրմամբ :

14.  Սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում եռօրյա ժամկետում, նախագահին նշանակում է կառավարությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճակահանությամբ որոշված համապատասխան խումբ  անդամներից:

15.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրությունը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց (նշանակվելուց) հետո՝ 5 օրյա ժամկետում` պայմանով, որ եթե հանձնաժողովի նախագահը ընտրվել է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ քարտուղարն ընտրվում են կառավարության կազմում չընդգրկված  կուսակցությունների կողմից նշանակված անդամների  թվից եւ հակառակը: Սույն կանոնը տարածվում է  նաեւ կառավարության կողմից  սույն հոդվածում նախատեսված դեպքերում հանձնաժողովի նախագահ, տեղակալ, քարտուղար նշանակելու վրա:»

Հոդված 2.   Օրենքի Հոդված 36-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով  կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրելու կարգը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված կարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  սահմանած օրը:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները  համարակալվում են եւ բաժանվում, ըստ կենտ եւ զույգ  թվերի:  Կենտ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում  հանձնաժողովի նախագահը ընտրվում է  կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից  նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ  քարտուղարն ու տեղակալը  կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից:

Զույգ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում  հանձնաժողովի նախագահը ընտրվում է  կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից  նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամներից:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին,  նախագահի տեղակալին եւ քարտուղարին ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ հանձնաժողովի անդամների կազմից, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը սկսվում է տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը՝ ժամը 12.00-ին եւ կարող է ընթանալ մինչեւ 2 օր: Նիստը հրավիրվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վարչական շենքում,  այն վարում է հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  նախագահի տեղակալը եւ քարտուղարն ընտրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց (նշանակվելուց) հետո՝ 2 օրյա ժամկետում:

6. Սահմանված կարգով եւ ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար նշանակում է կառավարությունը՝ տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից` եռօրյա ժամկետում, պահպանելով սույն հոդվածի 2-րդ կետի պահանջը:»

Հոդված 3. Օրենքի Հոդված 37-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրելու կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

2.Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար հայտերը տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին  են ներկայացվում յուրաքանչյուր ընտրությունից   առաջ   ոչ    շուտ,   քան 55 եւ  ոչ   ուշ,  քան  50 oր  առաջ:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալերում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կաըմը համալրվում է այն հաշվով, որ հանձնաժողովների անդամների թիվը պակաս չլինի 9-ից:

Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային հանձնաժողովների անդամների թիվը երկու երրորդից պակաս լինելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայագիր ունեցող անձանց թվից նշանակում է տեղամասային հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները  համարակալվում եւ բաժանվում են, ըստ կենտ եւ զույգ  թվերի:  Կենտ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում  հանձնաժողովի նախագահը ընտրվում է  կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից  նշանակված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ  քարտուղարն ու տեղակալը  կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների  կողմից նշանակված անդամների թվից:

Զույգ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում  հանձնաժողովի նախագահը ընտրվում է  կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից  նշանակված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ  քարտուղարն ու տեղակալը  կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների  կողմից նշանակված անդամների թվից:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը՝ ժամը 12.00-ին  եւ վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով՝ երկօրյա ժամկետում:

8. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց ոչ ուշ, քան 5 օր հետո՝ համապատասխան հանձնաժողովի կազմից` պահպանելով սույն հոդվածի 4-րդ կետի պահանջը:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 7 օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա:  Դատական վեճի առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորություններնը դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի 08.10.06թ. որոշման սահմանադրությանը հակասող եւ անվավեր են ճանաչվել գործող ընտրական օրենսգրքի այն դրույթները, որոնք նախատեսում էին դատավորների ընդգրկումը ընտրական հանձնաժողովների կազմում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնելու ընտրական օրենսգրքում առաջացած բացը:

Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է լրացնել այդ օրենսդրական բացը, միաժամանակ ապահովելով իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հավասար ընդգրկումը բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների կազմում, ինչպես նաեւ հանձնաժողովների ղեկավար կազմի քաղաքական հավասարակշռության ապահովումը:

Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն հանձնաժողովների ներսում փոխադարձ վերահսկողության արդյունավետությանը եւ դրանով իսկ կնվազեցնեն ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքների ծավալը: