Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«հրագործական նյութ (արտադրանք)՝ ինքնաշխատ օգտագործման՝ հրագործական բաղադրիչների այրման եւ (կամ) պայթյունի միջոցով անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված հրագործական միացությունների (խառնուրդների), տարրերի, սարքավորումների ու սարքերի ամբողջություն.
հրագործական բաղադրիչ՝ որոշակի քիմիական նյութերի եւ միացությունների խտացված խառնուրդ, որն այրման եւ (կամ) պայթյունի արդյունքում գազային, ջերմային, մեխանիկական էներգիայի արտազատման միջոցով ստեղծում է օպտիկական, լուսային, ձայնային, էլեկտրական կամ ճնշումային տարբեր ազդեցություններ.
հրավառություն՝ հրագործական նյութի (արտադրանքի) եւ հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառում, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը եւ վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին.
բնակչությանը ազատ վաճառվող հրավառություններ՝ կենցաղային նշանակության հրավառություններ, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն, եւ ճշտությամբ կատարելով դրանց փաթեթվածքների վրայի օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց եւ շրջակա միջավայրի անվտանգությունը.
տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություններ՝ հրավառություններ, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ եւ հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում եւ (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:
Տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հրագործական արտադրատեսակների արտադրություններ եւ պահման համար պահեստներ, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքներ (սարքավորումներ, հրասանդներ):»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է՝
ա) դրա ապամոնտաժման հետեւանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն.
բ) փորձագետի (փորձագետների խմբի) տված փորձագիտական եզրակացության հիման վրա, որում նշված են արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործելու համար ոչ պիտանի լինելու, ծառայության ժամկետի սպառման, պաշարի սպառման հանգամանքները, կամ օբյեկտի նկատմամբ կիրառելի են ապամոնտաժվելու փաստը արձանագրելու համար հիմք համարվող այլ հանգամանքներ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: