Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ներման, ներման խնդրագրերի ներկայացման եւ քննարկման, ինչպես նաեւ ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Ներման մասին օրենսդրությունը
1. Ներման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով եւ սույն օրենքով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ներման շնորհում՝ խրախուսական գործընթաց, որի միջոցով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով.
2) ներման խնդրագիր՝ գրավոր դիմում, որը հանցագործության համար դատապարտված անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ներում շնորհելու նպատակով:
ԳԼՈՒԽ 2.
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Ներման խնդրագրերի ներկայացման կարգը
1. Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
2. Այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ: Ներման միջնորդություններ ներկայացնելու դեպքում դրանք կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի կողմից ներկայացված ներման խնդրագրին: Ներման միջնորդությունները չեն քննարկվում, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներման խնդրագիրը:
3. Ներման խնդրագիրը պետք է պարունակի՝
1) այն ներկայացնող անձի անունը, ազգանունը.
2) ծանուցման վայրի մասին նշում.
3) գործի հակիրճ նկարագրությունը.
4) հայցվող ներման խնդրանքի էությունը.
5) դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքի նկատմամբ.
6) ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները.
7) ներման խնդրագիրը ներկայացնող անձի կարծիքով ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ներման խնդրագրին ներկայացվող պահանջները չպահպանելն արգելք չէ ներման խնդրագրի քննարկման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ներման խնդրագրով հնարավոր չէ նույնականացնել այն ներկայացնող անձին:
5. Ներման խնդրագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում կամ պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարդատության նախարարություն (այսուհետ՝ Արդարադատության նախարարություն):
6. Ներման խնդրագրերը պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվելու դեպքում պատիժը կատարող մարմնի վարչակազմը ներման խնդրագրերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Արդարադատության նախարարություն:
7. Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում են Արդարադատության նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ՝ Վարչապետ): Ներման միջորդությունները Վարչապետին ներկայացնելու դեպքում Վարչապետը ներման միջնորդություններն ստանալուց պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Արդարադատության նախարարություն:
Հոդված 5. Ներման խնդրագրերի քննարկման կարգը
1. Ներման խնդրագրի քննարկման նպատակով Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ եւ ներկայացնում Վարչապետին:
2. Ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործը (այսուհետ՝ Անձնական գործ) կազմվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, պրոբացիայի պետական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Պաշտպանության նախարարություն) ներկայացրած տվյալների հիման վրա: Սույն մասով նախատեսված մարմինները պարտավոր են Արդարադատության նախարարության հարցման ստացման օրվանից հնգօրյա ժամկետում պահանջվող տեղեկատվությունը ներկայացնել Արդարադատության նախարարություն:
3. Անձնական գործը պետք է պարունակի հանցագործության համար դատապարտված անձի ներկայացրած ներման խնդրագիրը, ներման միջնորդությունները (առկայության դեպքում), նրա վերաբերյալ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսեւորած վարքագծի բնութագիրը, սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքների մասին ամփոփ տեղեկանքը:
4. Անձնական գործն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
5. Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը եւ կարեւորությունը՝ բացառիկ դեպքերում Վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ) կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:
6. Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում Վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:
7. Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ անձնական գործն ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, Անձնական գործը եւ Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):
8. Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում, ինչպես նաեւ Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։
9. Հանձնաժողովը ստեղծվում եւ Հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է Վարչապետի որոշմամբ:
Հոդված 6. Ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքները
1. Ներման խնդրագրերը քննարկելիս ուսումնասիրվում են հետեւյալ հանգամանքները՝
1) հայցվող ներման խնդրանքի էությունը.
2) կատարված հանցագործության բնույթը եւ հանրության համար վտանգավորության աստիճանը.
3) դատապարտյալի անձը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5) իր վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
6) պատիժը կրելու ընթացքում դրսեւորած վարքագիծը.
7) ռեցիդիվի առկայությունը.
8) մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին եւ ծրագրերին.
9) առողջական վիճակը.
10) սոցիալական դրությունը.
11) ընտանեկան դրությունը եւ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
12) նախկինում ներում շնորհված լինելու կամ համաներում կիրառվելու, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվելու հանգամանքը.
13) ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Հոդված 7. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը (սույն հոդվածում այսուհետ՝ հրամանագրի նախագիծ) կամ իր առարկություններով այն վերադարձնում Վարչապետին:
2. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, եւ Վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը եւ հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:
3. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, եւ Վարչապետն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Վարչապետը Հանրապետության նախագահի առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում առարկությանը համապատասխան խմբագրում է հրամանագրի նախագիծը եւ այն ներկայացնում Հանրապետության նախագահին:
4. Եթե Հանրապետության նախագահը սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու դեպքում չի դիմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, ապա Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վարչապետը կազմում է Հանրապետության նախագահի հրամանագրի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցում եւ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում ներման խնդրագիր ներկայացրած անձին, Արդարադատության նախարարություն, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաեւ Պաշտպանության նախարարություն:
6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ներման խնդրագիրը ներկայացրած անձին, Արդարադատության նախարարություն, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաեւ Պաշտպանության նախարարություն:
7. Ներման շնորհումը անձին չի ազատում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցելու պարտականությունից:
Հոդված 8. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելը
1. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից 1 տարի հետո։
2. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը կցվում են ներման խնդրագիրը ներկայացրած անձի վերաբերյալ առկա նյութերին եւ ենթակա չեն քննարկման։
ԳԼՈՒԽ 3.
ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 9. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի եւ ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումների (այսուհետ՝ ծանուցումներ) կատարումը
1. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը եւ ծանուցումները կատարման նպատակով սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով ուղարկվում են՝
1) տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
2) զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
2. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը եւ ծանուցումներն ի կատար են ածվում անհապաղ՝ հրամանագրերի քաղվածքները կամ ծանուցումներն ստանալուն պես։ Սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմինները հրամանագրերի կամ ծանուցումների կատարման մասին հաղորդագրություններն անհապաղ ուղարկում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
3. Ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայվելու դեպքում դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմին:
4. Դատապարտյալի նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու դեպքում ներման խնդրագրի քննարկումը կասեցվում է մինչեւ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Հոդված 10. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի եւ ծանուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը
1. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի եւ ծանուցումների կատարումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վերահսկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
ԳԼՈՒԽ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հոդված 12. Օրենքի գործողությունը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված ներման խնդրագրերի եւ այն խնդրագրերի վրա, որոնք Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն դեռեւս չեն քննարկվել:
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելաց-ման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1687-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելաց-ման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1687-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |