Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-247-30.01.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող    տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկություն:

Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում:

Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ կառավարության կողմից  2018 թվականի ապրիլի 1-ից  արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը եւ հաշվառումը:

Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված  նախագծով առաջարկվում է ժամանակավոր` 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչեւ Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի  «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»  թիվ 877   որոշման մեջ  լրացում կատարելու եւ  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ օրենքի նախագծի ընդունման  կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

Եզրակացություն

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ oրենքի  նախագծի  ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներում էական նվազեցում կամ ծախսերում ավելացում, ինչպես նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի  N - Ա որոշամբ անհետաձգելի համարված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը  ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի  նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի  18-ի  N  - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի  եւ  տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Հարգանքով`          ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ