Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-250-31.01.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը կամ բարելավմանը կամ հիվանդությունների կանխարգելմանը կամ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպմանը կամ դեղորայքային ապահովմանը կամ հիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովմանը կամ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը կամ վերը թվարկված ծրագրերից որեւէ մեկի օժանդակմանը: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերը պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը եւ զարգացումը, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան:

2) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով`

«3.1. Անվճար հիմնական բժշկական ծառայություն` սույն օրենքով սահմանված անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկին համապատասխան անձին անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մատուցում` Հայաստանի Հանրապետության տարածքում»:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում` բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում անձին տրամադրված բժշկական օգնության եւ սպասարկման, դեղերի եւ (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցմամբ անձին տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:?:

Հոդված 2. Օրենքը 2.1-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.2-րդ հոդվածով`

«Հոդված 2.2. Լաբորատոր գործունեություն

1. Հիվանդությունների ախտորոշման եւ դրանց առաջացման պատճառների բացահայտնման նպատակով իրականացվում է լաբորատոր գործունեություն:

2. Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 4. Առողջության պահպանման իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք օրենքին համապատասխան ունի առողջության պահպանման իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք` սույն օրենքով եւ այլ օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան իրավունք ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով` բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում:

4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

5. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:»:

Հոդված 4. Օրենքը 4-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ հոդվածով`

«Հոդված 4.1. Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը եւ մատուցման կարգը

«1. Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայություններն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների բռնկումների (համաճարակ) ժամանակ բժշկական օգնությունն ու սպասարկումը,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իր պաշտոնական պարտականությունների կատարման ընթացում ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

3) Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իր պաշտոնական պարտականությունների կատարման ընթացում ճառագայթային զանգվածային ախտահարումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

4) Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իր պաշտոնական պարտականությունների կատարման ընթացում արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

5) Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իր պաշտոնական պարտականությունների կատարման ընթացում քիմիական զանգվածային թունավորումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

6) իմունիզացիայի ազգային օրացույցի շրջանակներում իրականացվող իմունային կանխարգելումը:

2. Անվճար հիմնական բժշկական ծառայությունների մատուցումն իրականացվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից` անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից եւ սեփականության ձեւից, պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Անվճար հիմնական բժշկական ծառայությունների մատուցման ընթացակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում, 10-րդ հոդվածում, 19.4-րդ հոդվածի 8-րդ մասում, 25-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» բառերը իրենց հոլովաձեւերով փոխարինել «բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրեր» բառերով` իրենց համապատասխան հոլովաձեւերով, իսկ 18-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետում «առողջապահական պետական նպատակային» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման եւ բարելավման» բառերով:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 11-րդ եւ 14-րդ հոդվածները:

Հոդված 7. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10.1-րդ հոդվածով`

«Հոդված 10.1. Մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու անձի իրավունքը

Մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում յուրաքանչյուր անձ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը.

Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջների եւ դրանից բխող՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման 22-րդ կետով նախատեսված միջոցառման կատարմամբ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի թիվ 33 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Լաբորատոր համակարգի 2017-2019 թվականների զարգացման ծրագրին», որի 1-ին կետով սահմանվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին? ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ միջոցառում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առողջապահության ոլորտի՝ պետության կողմից իրականացվող առողջապահական ծրագրերը սահմանված են որպես առողջապահական պետական նպատակային ծրագրեր, մինչդեռ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն (86-րդ հոդվածի 7-րդ կետ), տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացումը: Այսինքն, ներկայում ՀՀ Սահմանադրության եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում միեւնույն հասկացության վերաբերյալ կիրառվող տերմինների մեջ առկա է անհամապատասխանություն: Բացի այդ, թե' Սահմանադրության, թե' գործող օրենսդրության մեջ սպառիչ տրված չէ բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերի իրավական բովանդակությունը:

Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, սակայն որեւէ օրենքով ՀՀ կառավարությանը նման լիազորություն վերապահված չէ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրեր» բառերով, սահմանելով նաեւ այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: Ընդ որում, առաջարկվող նախագծում տարբերակվում են «բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրեր», որոնք իրականացվում են պետական բյուջեի հաշվին եւ ծրագրեր, որոնք իրականացվում են այլ միջոցների՝ համայնքային բյուջեների, դրամաշնորհների եւ այլն, ինչը պայմանավորված է այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի հետ կապված միասնական իրավական սահմանումներ եւ կարգավորումներ տալու անհրաժեշտությամբ:

Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը եւ մատուցման կարգը:

Ըստ այդմ, անվճար հիմնական բժշկական ծառայությունների թվին են դասվում.

1) վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների բռնկումների (համաճարակ) ժամանակ բժշկական օգնությունն ու սպասարկումը,

2) ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

3) ճառագայթային զանգվածային ախտահարումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

4) արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

5) քիմիական զանգվածային թունավորումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

6) իմունիզացիայի ազգային օրացույցի շրջանակներում իրականացվող իմունային կանխարգելումը

Անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկի սահմանման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ եւ 14-րդ հոդվածները:

Բացի վերը նշվածից, սույն օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, ինչպես նաեւ անվճար հիմնական բժշկական ծառայությունների մատուցման ընթացակարգերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի եւ ՀՀ Սահմանադրության դրույթների միջեւ առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը եւ մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբարատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

18 հունվարի 2018 թվականի N 18 - Ա

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2018 թ. հունվարի 30
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 37-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Oրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 18-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:


Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ