Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-212-13.12.2017,01.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 6-րդ մասում`

1) «դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ» բառերը փոխարինել «նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս, ապա  նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այս դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, ընդունման անհրաժեշտությունը

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի  6-րդ մասը սահմանում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանուն կարգավորումը (114-րդ հոդվածի 3-րդ մասը) սահմանում է, որ դատական նիստի կինո եւ լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նման կարգավորումը, որը կանոնակարգում է մասնավոր հարաբերությունները, արդարացված է, քանի որ յուրաքանչյուր դեպքում, անհրաժեշտ է, որ կողմերը հայտնեն իրենց համաձայնությունը: Ինչ վերաբերում է վարչական դատավարությանը, որը կանոնակարգում է քաղաքացի-պետություն հարաբերությունները եւ ունի հանրային բնույթ, նման մոտեցումը արդարացված չէ, քանի որ վարչական մարմինները գործում են հրապարակայնության սկզբունքի հիման վրա, իսկ այս պարագայում խաթարվում է հրապարակայնության սկզբունքը, քանի որ դատավարության լուսաբանումը թույլատրվում է միայն դատավարության մասնակցի միջնորդությամբ` դատարանի թույլտվությամբ:

Մինչդեռ, հաշվի առնելով, վարչական գործերի հանրային բնույթը, այն պետք է լուսաբանվի բոլոր դեպքերում, երբ կողմերը համաձայն են, իսկ եթե վարչական մարմինն է առարկում, ապա վերջինս պետք է հիմնավորի, թե ինչու դատական նիստը չի կարող լուսաբանվել: Այս դեպքում միայն դատարանը կարող է գնահատել հիմնավորումը եւ որոշել` թույլատրել, թե ոչ:

Առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենքսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, եթե առկա է դատավարության մասնակիցների համաձայնությունը, իսկ այն դեպքում, երբ առարկում է դատավարության մասնակից վարչական մարմինը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը, որի պարագայում արդեն դատարանը կորոշի թույլատրել նիստի լուսաբանումը, թե ոչ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով հնարավոր կլինի իրականացնել դատավարության մասնակիցների համաձայնության առկայության դեպքում եւ ոչ թե միջնորդություն ներկայացնելու միջոցով:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ