30 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթյան ողբերգությունը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ հետեւողական իրականացվող քաղաքականության դրսեւորումներից մեկն էր, որը միտված է տարածաշրջանում հայության հայրենազրկմանն ու ոչնչացմանը։
Սումգայիթյան ջարդերին նախորդել եւ հաջորդել են մի շարք այլ ոճրագործություններ.
- Արեւելյան Անդրկովկասում 1918թ.-ին ստեղծված Ադրբեջանը իրականացրել է հայատյացության քաղաքականություն։ Դրա ակնառու դրսեւորումներից էին Բաքվում (1918թ.)` 30.000 եւ Շուշիում (1920թ.)` 20.000 հայերի կյանք խլած կոտորածները:
- Հակահայկական քաղաքականությունը շարունակվել է նաեւ ԽՍՀՄ տարիներին, ինչի հետեւանքով ամբողջովին հայաթափվեց Նախիջեւանը, մի շարք այլ հայաշատ տարածքներ:
- Հայաթափման եւ ֆիզկական ոչնչացման սպառնալիքի ներքո 1988թ. փետրվարին արցախահայությունը, միջազգային իրավունքի նորմերին եւ գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, հանդես եկավ ինքնորոշման իրավունքի կիրառման պահանջով։ Ի պատախան խաղաղ ցույցերին, Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին ծրագրված ու համակարգված հակահայկական բռնություններ։ Բազմաթիվ հայեր սպանվեցին Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում եւ հարյուրավոր հայաբնակ քաղաքներում եւ գյուղերում։ Ադրբեջանի տարածքում շուրջ 400 հազար հայեր ենթարկվեցին զանգվածային բռնությունների. տեղահանվեցին, վտարվեցին, կողոպտվեցին եւ զրկվեցին ունեցվածքից։ Սպանվեցին, անհայտ կորան հազարավոր խաղաղ բնակիչներ։
- 1991թ. ապրիլից օգոստոս իրականացված «Օղակ» տխրահռչակ գործողության հետեւանքով 22 հայկական գյուղեր ենթարկվեցին էթնիկ զտման ու բռնագաղթի:
- Խորհրդային ղեկավարության կողմից հայերի դեմ ուղղված հանցագործությունների համարժեք դատապարտման բացակայությունը, դրանց անպատժելիությունը, հանգեցրին բռնության հետագա ուժգնացմանը նաեւ այլ ազգային եւ կրոնական խմբերի դեմ։ Ադրբեջանի հայահալած քաղաքականությունը դատապարտվեց միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական խորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի եւ Խորհրդային առաջադեմ գործիչների կողմից:
- 1991թ. սեպտեմբերից ԽՍՀՄ-ից անկախություն հռչակած Ադրբեջանը անցավ Արցախի դեմ լայնածավալ պատերազմական գործողությունների, այդ թվում միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակների օգտագործմամբ, ներգրավելով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ առնչություն ունեցող հազարավոր վարձականների, ավերելով ու ոչնչացնելով խաղաղ բնակչության տներն ու գույքը, ենթակառուցվածքները։
1992 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի հայկական Մարաղա գյուղում տեղի ունեցավ ամենախոշոր ողբերգություններից մեկը, որին զոհ գնացին բազմաթիվ անօգնական ծերեր, երեխաներ, կանայք։ Ողջ մնացածները պատանդ վերցվեցին, ենթարկվեցին դաժան խոշտանգումների։
Հունիս-հուլիս ամիսներին ադրբեջանական բանակը զավթեց եւ հայաթափեց Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մի մասը: Ցայսօր Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական գյուղերը կամ վերաբնակեցված են ադրբեջանցիներով կամ գտնվում են ավերված վիճակում:
- 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի դասընթացներին մասնակցող հայազգի սպա Գ. Մարգարյանը քնած ժամանակ մահացու կացնահարվեց։ Ադրբեջանական բանակի սպա ոճրագործը դատապարտվեց ցմահ ազատազրկան, բայց 2014թ.՝ հունգարացի պաշտոնյաների հետ ապօրինի պայմանավորվածության հետեւանքով, տեղափոխվեց Բաքու, ժամանելուն պես Ադրբեջանի նախագահի հրամանագրով անմիջապես ազատ արձակվեց, հերոսացվեց եւ որպես օրինակ հռչվեց Ադրբեջանի երիտասարդության համար։ Ադրբեջանի այս արարքը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից:
- 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ուղեկցվեց ադրբեջանական բանակի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. քաղաքացիական հաստատությունների դեմ թիրախավորված ռմբակոծման եւ հարձակումների հետեւանքով սպանվեցին եւ վիրավորվեցին դպրոցականներ, կանայք ու տարեցներ, խոշտանգվեցին զոհված զինծառայողների մարմինները, գերության մեջ հայտնված հայ զինվորները՝ «Դաեշ»-ի ահաբեկիչների ոճով գլխատվեցին տեսախցիկների առաջ, եւ այդ տեսանկարահանումները տարածվեցին սոցիալական ցանցերում։
- Կրակակետերի տեղակայումը անմիջապես բնակավայրերում եւ խաղաղ բնակչության կյանքը միտումնավոր վտանգի ենթարկելը Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդին պատանդ պահելու եւս մեկ ցայտուն դրսեւորում է։ Ադրբեջանի բնակչությունը կանոնավոր բանակի ու զինված խմբավորումների կողմից հաճախ օգտագործվել է որպես կենդանի վահան կամ, ինչպես 1992թ. փետրվարին, Ադրբեջանի կողմից Խոջալու ավանի մի խումբ բնակիչների սպանության դեպքում, զոհաբերվել հանուն իշխանության զավթման։ Նման իրավիճակների կրկնությունը շարունակվում է մինչ օրս։
- Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվում է Արցախի, եւ Թուրքիայի հետ միասին, նաեւ Հայաստանի շրջափակումը։
Հաշվի առնելով, որ՝
- խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների անպատժելիությամբ ոգեւորված Ադրբեջանը, մնաց հավատարիմ Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման ու բնաջնջման քաղաքականությանը, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքն ու ստանձնած միջազգային պարտավորությունները,
- այլատյացության, ագրեսիվ ռասիզմի, հայերի նկատմամբ ատելության սերմանումը, խաղաղության ջատագովների հետապնդումն ու վտարումը եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների այլ ճչացող փաստերն Ադրբեջանում ընդունել են պետական պաշտոնական քաղաքականության բնույթ,
- հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից լարվածության աճը, 1994-1995 թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերով ամրագրված հրադադարի ռեժիմի խախտումները, 2016թ.-ի ապրիլյան ագրեսիան, դիվերսիոն ներթափանցման փորձերը, խաղաղ բնակիչների սպանությունները, ավելի քան 20 տարի Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի հանցավոր նպատակները մնացել են անփոփոխ՝ ոչնչացնել եւ վտարել հայերին իր բնօրրանից,
- Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացումը, կամ սեփականացումը, աշխարհագրական անունների փոփոխումը, կամքին հակառակ Ադրբեջանի կազմում հայտնված բնիկ ժողովուրդների ասիմիլյացիան եւ նրանց նկատմամբ իրականցվող խտրականության դրսեւորումները, ինչպես նաեւ սեփական ժողովրդի դեմ հանցագործությունները՝ շարունակում, բայց չեն եզրափակում Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների ցանկը։
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը`
«ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անկախ այն հանգամանքից ցեղասպանությունը կատարվել է խաղաղ, թե պատերազմական իրավիճակում՝ այն հանցագործություն է, որովհետեւ համաձայն «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի ենթարկելու մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի, «ցեղասպանությունը, անկախ նրանից, իրականացվել է խաղաղ, թե պատերազմական ժամանակ, հանցագործություն է»։
ԽՍՀՄ-ը միացած էր տարբեր ոլորտների բազմաթիվ միջազգային պայմանագրերի, այդ թվում եւ մարդու իրավունքների մասով, ինչից բխում էր, որ բոլոր հանրապետությունների իշխանությունները պարտավոր էին հետեւել այդ միջազգային պարտավորություններին։ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները պասխանատվություն էին կրում բազմաթիվ նորմերի կոպիտ խախտուների համար, իսկ ժամակակից Ադրբեջանի իշխանությունները պասխանատվություն են կրում 1992թ.-ից սկսած միջազգային պայմանագրերով ստանձած պարտավորությունների համար։
Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը մի շարք որոշումներով արդեն իսկ դատապարտել է այդ բռնությունները, մասնավորապես.
ա) Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի՝ «Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կատարված ոճրագործությունները դատապարտելու մասին» որոշումը,
բ) Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի՝ ««Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրադրությունը նորմալացնելու միջոցառումների մասին» ԽՍՀՄ Գերագուն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի որոշման մասին» որոշումը,
գ) Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի՝ «Ադրբեջանական ԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում, Հայկական ԽՍՀ սահմանային շրջաններում հայ ազգաբնակչության եւ խորհրդային բանակում հայազգի զինծառայողների անվտանգության ապահովման խնդիրների մասին» որոշումը։
Վերոնշյալ որոշման մեջ արդեն իսկ օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը. «Ադրբեջանական ԽՍՀ կառավարությունը հրաժարվում է Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության ակտի, Շուշիում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանական ԽՍՀ մյուս քաղաքներում ու շրջաններում ջարդերի եւ սպանությունների քաղաքական ու իրավական որակավորումից»։
Սույն հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ այսպիսի եղեռնագործությունների կանխման հրամայականից, որոնք իրենց դրսեւորումն են ստանում նույնիսկ ներկայումս. Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման, ցանկացած վայրում հայի սպանությունը կամ վայրագությունը հերոսացնելու տեսքով, այլատյացության ու պատերազմի քարոզչությամբ։
1988թ. փետրվարի 22-ին մի քանի հազար ադրբեջանցիներ Ադրբեջանական իշխանությունների համաձայնությամբ, կարգ հաստատելու պատրվակով ներխուժում են Ասկերան քաղաք եւ փորձում հաշվերհարդար տեսնել հայ բնակչության նկատմամբ։ Արդյունքում մի քանի տասնյակ հայեր մարմնական ծանր վնասվածքներ են ստանում։
1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան աննախադեպ դաժանության բռնություններ հայ բնակչության նկատմամբ, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր. նրանք անարգվել, ծեծի ու բռնությունների են ենթարկվել, դարձել են հաշմանդամ, խոշտանգվել ու ողջակիզվել են, ավելի քան 18 հազար մարդ բռնի վտարվել է տնից՝ զրկվելով ոչ միայն ամբողջ գույքից, այլեւ վերադառնալու իրավունքից։
Այդ պահից ի վեր Ադրբեջանի ամբողջ տարածքում, որտեղ բնակվում էր թեկուզ մեկ հայ շարունակվեց բռնությունների եւ տեղահանությունների ալիքը, որի արդյունքում զոհվեցին տասնյակ հարյուրավոր հայեր, իսկ մոտ կես միլիոնը բռնի տեղահանվեց՝ կրելով ֆիզիկական, նյութական ու բարոյական վնաս։
Հայաթափվեցին Լենքարան, Մինգեչավուր, Օրդուբադ, Շամախի, Դաշքեսան քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր ու ավաններ, որտեղ հայերը որպես բնիկ ժողովուրդ ապրում էին անհիշելի ժամանակներից։ Հայաթափվեց նաեւ հինավուրց հայկական քաղաք Գանձակը, որտեղ 1988թ. դրությամբ ապրում էր 45 հազար հայ։
1988թ. հոկտեմբեր-նոյեմբերին, 1989թ. ամռան-աշնան ամիսներին եւ վերջապես 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում առանձնահատուկ դաժանությամբ սպանվեցին հարյուրավոր հայեր եւ ավելի քան 240 հազարանոց հայությանը վտարեցին քաղաքից։ 1990թ. Բաքվի ողբերգական դեպքերի ժամանակ փողոցներում, աշխատավայրերում, տներում, հասարակական տրանսպորտում դաժանաբար ծեծվել են բազմաթիվ հայեր։ Կիրառվել են հոգեբանական ահաբեկչական գործողություններ։
1989-1991թթ. անընդմեջ ռմբակոծման են ենթարկվել Հայաստանի սահմանամերձ եւ Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ 1991թ. ապրիլի 29-ից մինչեւ օգոստոսի կեսերը ադրբեջանական ՕՄՕՆ-ը՝ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը, իրականացրեց «Օղակ» գործողությունը, որի արդյունքում բռնագաղթի ենթարկվեց Խանլարի, Շահումյանի, Հադրութի, Շամխորի, Ղազախի, Գետաբեկի շրջանների հայ բնակչությունը, ապօրինի ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ։
Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով օպերացիայի մի քանի ամիսների ընթացքում ադրբեջանական ՕՄՕՆ-ը խուզարկություններ է իրականացրել, բռնություններ գործադրել, թալանել ու ծեծել է խաղաղ հայ բնակչությանը, ոչնչացրել նրանց ունեցվածքը, ինչպես նաեւ սպանել բազմաթիվ քաղաքացիների։ Հայաթափմանը անմիջապես հետեւում էր զանգվածային թալանն ու այդ բնակավայրերի վերաբնակեցումը տեղի ադրբեջանցիներով։ Այդ տարիներին Ստեփանակերտի եւ ԼՂԻՄ հայկական բնակավայրերի դեմ օգտագործել են զանգվածային ոչնչացման զենքեր՝ հրթիռային կայանքներ, օդային ռմբակոծիչներ եւ այլն։
1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացումը, որտեղ զոհվածների թիվը հասնում էր 57-ի՝ գերակշիռ մասը կանայք, երեխաներ, ծերեր, որոնց ծեծել, անարգել, բռնաբարել, անդամահատել, այրել են, ինչպես կենդանության օրոք, այնպես էլ ետմահու։
1992թ. մայիսի 8-26-ը ադրբեջանական ուղղաթիռները գնդակոծում էին հայկական գյուղերը՝ Մարաղա, Շոշ, Էրքեջ, Մանաշիդ, Վերիշեն, Դահրավ եւ այլն, ինչի արդյունքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին եւ վիրավորվեցին, իսկ շատերն էլ արտագաղթեցին։
Ադրբեջանի խորհրդային ժամանակահատվածում ցեղասպանական գործողությունների արդյունքում անմեղ զոհերի վիճակագրության ոչ ամբողջական պատկերը հետեւյալն է. Մարտակերտի շրջան՝ 417, Մարտունու շրջան՝ 239, Հադրութի շրջան՝ 167, Ասկերանի շրջան՝ 149, Շահումյանի շրջան՝ 84, Շուշիի շրջան՝ 37։ Այս զոհերի մեջ կային բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր։ Այս գործողություններն ուղեկցվել են կենսապահովման օբյեկտների ոչնչացմամբ ու շրջափակմամբ։
1992-1994թթ. Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սանձարձած ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 6.5 հազար մարդ, 20 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածով՝ Ձեզ ենք ներկայացնում «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 70-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝
1) Հայտարարության նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արմեն Աշոտյան)
2) Հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ: