Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-255-06.02.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 64-րդ հոդվածի.

1) 3-րդ մասի «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին» բառերով.

2) 4-րդ մասից հանել «բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։ Այդ գործով կայացված 10.11.2017թ. N ՍԴՈ-1384 որոշման մեջ Սահմանադրական Դատարանը մատնանշեց իշխանության կոլեգիալության եւ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորելու անհրաժեշտության մասին: Սահմանադրական դատարանի գնահատմամբ, դա ենթադրում է կոլեգիալ մարմնի նիստերին տվյալ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին, կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը։ Այսինքն՝ կոլեգիալ մարմնի նիստի իրավազորության առումով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը։

Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական Դատարանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչեց ՀՀ Սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ եւ 179-րդ հոդվածների պահանջներին հակասող։ Նույն որոշմամբ այդ իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց 2018 թվականի մարտի 31-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու վերոնշյալ որոշման պահանջներին։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ Սահմանադրական Դատարանի 10.11.2017թ. N ՍԴՈ-1384 որոշման կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նույն փաթեթում տեղ է գտել նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրական Դատարանի վերոնշյալ որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող իրավանորմը առկա է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրական Դատարանի 10.11.2017թ. N ՍԴՈ-1384 որոշման կիրարկումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ