Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-249-31.01.2018,07.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 1. Անվտանգության խորհրդի կարգավիճակը

1. Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:

Հոդված 2. Անվտանգության խորհրդի գործառույթը եւ լիազորությունները

1. Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:

2. Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

3. Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

ԳԼՈՒԽ 2.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Հոդված 3. Անվտանգության խորհրդի անդամները

1. Անվտանգության խորհրդի անդամներն են`

վարչապետը.

առաջին փոխվարչապետը.

փոխվարչապետները.

Անվտանգության խորհրդի քարտուղարը.

պաշտպանության նախարարը.

արտաքին գործերի նախարարը.

ազգային անվտանգության ծառայության տնօրենը.

ոստիկանության պետը.

զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

ԳԼՈՒԽ 3.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 4. Անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպումը եւ անցկացումը

1. Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով:

2. Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին եւ քվեարկել կողմ կամ դեմ քննարկվող հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշման:

3. Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

4. Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

5. Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 6 անդամ:

6. Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 7 անդամ:

7. Անվտանգության խորհուրդը լսում եւ ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:

8. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը:

9. Անվտանգության խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնել Անվտանգության խորհրդի օրակարգի վերաբերյալ:

10. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը եւ քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի անդամներին տրամադրվում են, որպես կանոն, նիստից առնվազն 5 օր առաջ:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված փաստաթղթերն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրվել վարչապետի հանձնարարությամբ:

12. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը սահմանում է վարչապետը:

13. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը:

14. Անվտանգության խորհրդում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների մասին վարչապետի հանձնարարությամբ կարող է տարածվել պաշտոնական հաղորդագրություն:

15. Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրվում են Անվտանգության խորհրդի քարտուղարության կողմից:

ԳԼՈՒԽ 4.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Հոդված 5. Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները, ընդունման կարգը

1. Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ Անվտանգության խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

2. Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ստորագրում են վարչապետը եւ պաշտպանության նախարարը, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ վարչապետը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

3. Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում եւ դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:

ԳԼՈՒԽ 5.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 6. Անվտանգության խորհրդի աշխատակարգը

1. Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը կարգավորվում են վարչապետի կողմից հաստատված Անվտանգության խորհրդի աշխատակարգով:

Հոդված 7. Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ քարտուղարությունը

1. Վարչապետը նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին:

2. Անվտանգության խորհուրդն ունի քարտուղարություն, որի կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:

3. Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության հանրային ծառայողներին:

4. Անվտանգության խորհրդի քարտուղարը՝

1) կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.

2) մշակում եւ վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.

3) նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է պետական կառավարման համակարգի մարմիններից պահանջել փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ հրատապ դեպքերում՝ հնարավոր սեղմ ժամկետում.

4) անմիջականորեն ղեկավարում եւ վերահսկում է Անվտանգության խորհրդի քարտուղարության, ինչպես նաեւ հանրային ծառայող չհանդիսացող՝ խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության՝ վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.

6) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում եւ ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ Անվտանգության խորհրդին եւ վարչապետին ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաեւ առաջարկություններ՝ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.

7) իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում եւ դրանց կատարման վերաբերյալ վարչապետի կողմից սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհրդին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

8) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում եւ կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.

9) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:

5. Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական եւ տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ԳԼՈՒԽ 7.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակարգը հաստատելու, այն ստեղծելու եւ քարտուղարությունում նշանակումներ կատարելու ժամկետները

1. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարը նշանակվում է վարչապետի՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան նշանակվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:

2. Անվանգության խորհրդի աշխատակարգը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:

3. Անվտանգության խորհրդի քարտուղարությունը ստեղծվում եւ քարտուղարության հանրային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սահմանված կարգով՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաեւ Հանրապետության Նախագահի ինստիտուտը: Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր գործառույթներն այլեւս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Միաժամանակ, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի եւ ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Վերոհիշյալը վկայում է «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)`

1. ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը եւ լիազորությունները.

2. սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը.

3. կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները.

4. նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները եւ դրանց ընդունման կարգը.

5. կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի կողմից:

Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ:

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի «Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-128-Ն հրամանագիրը:

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ