ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 1. Անվտանգության խորհրդի կարգավիճակը
1. Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:
Հոդված 2. Անվտանգության խորհրդի գործառույթը եւ լիազորությունները
1. Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
2. Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
3. Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:
ԳԼՈՒԽ 2.ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Հոդված 3. Անվտանգության խորհրդի անդամները
1. Անվտանգության խորհրդի անդամներն են`
վարչապետը.
առաջին փոխվարչապետը.
փոխվարչապետները.
Անվտանգության խորհրդի քարտուղարը.
պաշտպանության նախարարը.
արտաքին գործերի նախարարը.
ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
ոստիկանության պետը.
զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
ԳԼՈՒԽ 3.ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպումը եւ անցկացումը
1. Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով` նիստերի միջոցով:
2. Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին եւ քվեարկել կողմ կամ դեմ քննարկվող հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշման:
3. Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
4. Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից` ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
5. Անվտանգության խորհրդի նիստերը վարում է վարչապետը:
6. Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 6 անդամ:
7. Անվտանգության խորհրդի` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 7 անդամ:
8. Անվտանգության խորհուրդը լսում եւ ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:
9. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը:
10. Անվտանգության խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնել Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ:
11. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը եւ քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի անդամներին տրամադրվում են, որպես կանոն, նիստից առնվազն 5 օր առաջ:
12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրվել վարչապետի հանձնարարությամբ:
13. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը սահմանում է վարչապետը:
14. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը:
15. Անվտանգության խորհրդում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների մասին վարչապետի հանձնարարությամբ կարող է տարածվել պաշտոնական հաղորդագրություն:
16. Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրվում են Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից:
ԳԼՈՒԽ 4.ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները, ընդունման կարգը
1. Անվտանգության խորհրդի` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները` Անվտանգության խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Անվտանգության խորհրդի որոշումները ստորագրում է վարչապետը:
3. Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում եւ դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:
ԳԼՈՒԽ 5.ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 6. Անվտանգության խորհրդի աշխատակարգը
1. Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը կարգավորվում են վարչապետի կողմից հաստատված Անվտանգության խորհրդի աշխատակարգով:
Հոդված 7. Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ գրասենյակը
1. Վարչապետը նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին:
2. Անվտանգության խորհուրդն ունի գրասենյակ, որի կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:
3. Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի հանրային ծառայողներին:
4. Անվտանգության խորհրդի քարտուղարը`
1) կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.
2) մշակում եւ վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.
3) նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից պահանջել փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ հրատապ դեպքերում` հնարավոր սեղմ ժամկետում.
4) անմիջականորեն ղեկավարում եւ վերահսկում է Անվտանգության խորհրդի գրասենյակի, ինչպես նաեւ հանրային ծառայող չհանդիսացող` խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի` վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.
6) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում եւ ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ Անվտանգության խորհրդին եւ վարչապետին ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաեւ առաջարկություններ` ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.
7) իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում եւ դրանց կատարման վերաբերյալ վարչապետի կողմից սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհրդին եւ վարչապետին.
8) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում եւ կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.
9) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:
5. Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական եւ տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:
ԳԼՈՒԽ 6.ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ԳԼՈՒԽ 7.ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատելու, Անվտանգության խորհրդի գրասենյակ ստեղծելու եւ գրասենյակում նշանակումներ կատարելու ժամկետները
1. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարը նշանակվում է վարչապետի` Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան նշանակվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:
2. Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակը ստեղծվում եւ գրասենյակի հանրային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
Տեղեկանք
Ամփոփաթերթ