Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակները  
  
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության եւ հետազոտական բնագավառների իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարաբերությունները:

2. Սույն  օրենքի նպատակներն են`

1) ստեղծել բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման եւ կատարելագործման արդյունավետ իրավական հենք,

2) խթանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի մրցունակությունը, միջազգայնացումը եւ նորարարությունների շարունակական ներդրումը միջազգային (այդ թվում՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի) զարգացման միտումներին համահունչ,

3) խթանել համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ եւ բարձրացնել դրանց հանրային պատասխանատվությունը,

4) կարգավորել պետության դերը Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության շարունակական զարգացման գործում:

Հոդված 2. Բարձրագույն  կրթության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վրա` անկախ դրանց կազմակերպաիրավական եւ սեփականության ձեւերից:

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ռազմական, ոստիկանական, աստվածաբանական, միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ պետության մասնակցությամբ ստեղծված ուսումնական հաստատությունների գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով, եթե այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) բարձրագույն կրթություն՝ առնվազն միջնակարգ կրթության հենքի վրա ակադեմիական եւ (կամ) հետազոտական կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում իրականացվող ուսուցման եւ ուսումնառության գործընթաց,

2) բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որն ունի պետության կողմից սահմանված կարգով բարձրագույն կրթական (ըստ անհրաժեշտության՝ նաեւ կրթության այլ մակարդակներում) եւ (կամ) հետազոտական ծրագրեր իրականացնելու իրավասություն,

3) ուսանող (ռազմական կրթության՝ կուրսանտ, ունկնդիր)՝ սահմանված կարգով բուհ ընդունված եւ բարձրագույն կրթության առաջին, երկրորդ կամ երրորդ աստիճանում ուսումնառող անձ,

4) ասպիրանտ՝ բարձրագույն կրթության երրորդ աստիճանում սովորող ուսանող,

5) բարձրագույն կրթության որակավորում (այսուհետ՝ որակավորում)՝ սահմանված  կարգով անձին շնորհված բարձրագույն կրթության որեւէ աստիճան, որը հաստատվում է համապատասխան ավարտական փաստաթղթով (դիպլոմ) եւ հավաստում տվյալ մակարդակի կրթական ծրագրի ավարտը,

6) նախաբակալավրի որակավորում (associate degree)՝ ուսուցման կարճ շրջափուլի արդյունքում շնորհվող որակավորում, որի ուսումնառության ավարտը հավաստվում է համապատասխան ավարտական փաստաթղթով,

7) բակալավրի որակավորում՝ բարձրագույն կրթության առաջին աստիճանում շնորհվող որակավորում, որի ուսումնառության ավարտը հավաստվում է համապատասխան ավարտական փաստաթղթով,

8) մագիստրոսի որակավորում՝ բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում շնորհվող որակավորում, որի ուսումնառության ավարտը հավաստվում է համապատասխան ավարտական փաստաթղթով,

9) մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու, PhD)՝ բարձրագույն կրթության երրորդ աստիճանում շնորհվող որակավորում եւ գիտական աստիճան, որը շնորհվում է բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ուսումնառության ծրագիրն ավարտելու եւ ատենախոսությունը պաշտպանելու արդյունքում եւ հավաստվում է համապատասխան փաստաթղթով,

10)  ռեզիդենտ (կլինիկական օրդինատոր)` բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի հենքի վրա բժշկության ոլորտում ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունք ունեցող բժշկի հսկողությամբ ոչ ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնող եւ ուսումնառող անձ, որի ուսումնառության ավարտը հավաստվում է համապատասխան ավարտական փաստաթղթով,

11)  ակադեմիական կրեդիտ` չափման պայմանական միավոր, որը հիմնված է դասընթացի եւ կրթական ծրագրի համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների եւ ուսանողի՝ ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության վրա,

12) կրեդիտային համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ակադեմիական կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման եւ կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգ,

13) կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգ (ԿԿՓԵՀ)` եվրոպական կրեդիտային համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համադրելիությունը եւ փոխանցելիությունը ու դյուրացնում է ուսանողների շարժունությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում,

14) մասնագիտություն՝ ուսումնառության որոշակի առարկայական ուղղություն՝ համապատասխան որակավորման շնորհմամբ,

15) մասնագիտության ոլորտ՝ կրթության եւ գիտության բնագավառ, որը ներառում է հարակից մասնագիտություններ կամ մասնագիտությունների խմբեր, որոնցով իրականացվում է բարձրագույն կրթություն,

16) մասնագիտության կրթական ծրագիր՝ ուսումնական բաղադրիչների ամբողջություն, որը սահմանում է բարձրագույն կրթության համապատասխան աստիճանի բովանդակությունը եւ մասնագիտական ուղղվածությունը՝ ներառելով ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, տեղեկություններ ուսուցման, դասավանդման եւ գնահատման մեթոդների, ուսումնառության նվազագույն տեւողության եւ ծավալի, կրեդիտների, ընդունելության եւ ավարտական պահանջների, առարկայական ցանկի ու ծավալի, առարկաների նկարագրերի մասին,

17) մասնագիտության կրթական ծրագրի չափորոշիչ` փաստաթուղթ, որը սահմանում է բարձրագույն կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ձեւավորման ձեւաչափը, որի համաձայն բուհը մշակում է մասնագիտության կրթական ծրագիրը,

18) ուսումնական մոդուլ՝ մասնագիտության կրթական ծրագրի բաղադրիչ հանդիսացող դասընթացի (դասընթացների խմբի) ինքնուրույն բաղկացուցիչ մաս, որի համար տրվում է կրեդիտ,

19) ուսումնառության վերջնարդյունքներ՝ ուսումնառության արդյունքում ուսանողի ձեռք բերված գիտելիքը, հմտությունները եւ կարողունակությունը նկարագրող նվազագույն պահանջներ,

20) ամփոփիչ ատեստավորում՝ բուհի բարձրագույն կրթության համապատասխան աստիճանի որեւէ կրթական ծրագրի շրջանավարտի գիտելիքի, հմտությունների եւ կարողունակության ստուգման գործընթաց,

21) որակի ապահովում՝ ներքին եւ արտաքին գնահատման սահմանված չափանիշներին եւ չափորոշիչներին համապատասխան բուհի եւ դրա կրթական ծրագրերի որակի բարելավման ու արդյունավետության բարձրացման շարունակական գործընթաց,

22) ինքնավերլուծություն՝ բուհի կողմից իր գործունեության, զարգացման եւ կրթական ծրագրերի, անձնակազմի եւ կառուցվածքի, ծառայությունների մատուցման որակի ու արդյունավետության ուսումնասիրության եւ վերլուծության գործընթաց,

23) հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման պաշտոնական գործընթաց, որի արդյունքում հավաստվում է բուհի եւ (կամ) դրա կրթական ծրագրերի համապատասխանությունը սահմանված նվազագույն չափորոշիչներին եւ չափանիշներին,

24) ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ բուհի գործընթացների արտաքին գնահատում, որի արդյունքում հավաստվում է բուհի դասավանդման, ուսումնառության, հետազոտության, որակի ապահովման եւ այլ գործընթացների  համապատասխանությունը հաստատության առաքելությանը, նպատակներին ու զարգացման ծրագրին՝ հավատարմագրման չափանիշներին համապատասխան,

25) ծրագրային հավատարմագրում՝ բուհի, ըստ կրթական աստիճանների, մասնագիտության կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) արտաքին գնահատում, որի արդյունքում հավաստվում է կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) բովանդակության եւ շրջանավարտների պատրաստման որակի համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչի եւ հավատարմագրման չափանիշների պահանջներին,

26) հավատարմագրման պետական գրանցամատյան՝ պետության կողմից ճանաչված, հավատարմագրում իրականացնող կառույցների, հավատարմագրված բուհերի եւ մասնագիտությունների կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության շտեմարան,

27) հաշվետվողականություն՝ հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքներին համապատասխան, սահմանված կարգով բուհի կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակում, որոնք արտացոլում են հաստատության հանրային (կամ սոցիալական) պատասխանատվությունը եւ կատարողականությունը հասարակության ու պետության առջեւ,

28) ուսանողական կրթաթոշակ՝ ուսանողի ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կամ ուսանողի ֆինանսական աջակցություն՝ պետական բյուջեի, բուհի, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հատկացումներից,

29) հեռավար ուսուցում՝ համակարգված ուսուցման ձեւ, երբ ուսումնառության գործընթացը իրականացվում է հիմնականում առցանց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով,

30) ինտեգրված ծրագրով ուսուցում՝ բարձրագույն կրթության իրար հաջորդող երկու կրթական աստիճաններին (բակալավրի եւ մագիստրոսի, մագիստրոսի եւ ասպիրանտի) համարժեք ուսուցում  մեկ ծրագրով, որի ավարտին անձին շնորհվում է ներառված աստիճաններից ավելի բարձր կրթական աստիճանին համապատասխան որակավորում,

31) դիպլոմ (ավարտական փաստաթուղթ)՝ անձին որակավորում եւ աստիճան շնորհելու փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ,

32) դիպլոմի հավելված՝ դիպլոմին կից տրվող սահմանված ձեւաչափի փաստաթուղթ, որը նկարագրում է դիպլոմում նշված անձի ուսումնառության բնույթը, մակարդակը, բովանդակությունը եւ կրթական ծրագրի կարգավիճակը,

33) համատեղ կրթական ծրագիր՝ երկու կամ ավելի բուհերի կողմից համատեղ մշակված եւ (կամ) իրականացվող կրթական ծրագիր,

34) համատեղ կամ կրկնակի որակավորում՝ երկու կամ ավելի բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրի իրականացման արդյունքում շնորհված բարձրագույն կրթության որակավորում եւ միասնական ավարտական փաստաթուղթ կամ առանձին ավարտական փաստաթղթեր,

35) ճանաչում՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրյա որակավորման համադրելիության պաշտոնական ճանաչում (հավաստում)` որակավորումը կրողի մուտքը բարձրագույն կրթության հաջորդ աստիճան եւ (կամ) աշխատանքային գործունեություն արտոնելու համար,

36) հանրային  (պետական) բուհ՝ պետության կողմից կամ պետության մասնակցությամբ հիմնադրված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բուհ, որի ֆինանսական միջոցները գոյանում են ինչպես պետական ֆինանսավորումից, այնպես էլ՝ վճարովի կրթական եւ հետազոտական ծառայություններից, ինչպես նաեւ սույն օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից,

37) մասնավոր բուհ՝ որեւէ անձի, անձանց խմբի կամ կազմակերպության կողմից հիմնադրված, շահույթ հետապնդող կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բուհ, որի ֆինանսական միջոցները գոյանում են մասնավոր ներդրումներից, ինչպես նաեւ վճարովի կրթական եւ հետազոտական ծառայություններից, ինչպես նաեւ սույն օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից,

38) բուհական ինստիտուտ՝ բուհի կառուցվածքային միավոր, որն իրականացնում է բարձրագույն կրթություն եւ հետազոտություն որոշակի մասնագիտության ոլորտում,

39) ֆակուլտետ՝ բուհի գիտակրթական գործունեություն իրականացնող հիմնական ստորաբաժանում, որն իրականացնում է բարձրագույն կրթություն եւ հետազոտություն մեկ կամ մի քանի մասնագիտություններով,

40) ամբիոն՝ բուհի ստորաբաժանում, որն ապահովում է որոշակի կրթական ծրագրերով դասընթացների եւ գիտահետազոտական գործունեության իրականացումը,

41) բուհական ինքնավարություն՝ բուհի կողմից որոշումների կայացման ինքնուրույնություն, անկախություն եւ պատասխանատվություն, որոնք ուղղված են ակադեմիական ազատությանը, ուսումնական եւ հետազոտական գործունեության կազմակերպմանը, ներքին կառավարմանը, տնտեսական եւ այլ գործունեությանը՝ սույն օրենքին եւ բուհի կանոնադրությանը համապատասխան,

42) ակադեմիական ազատություն՝ բուհի ակադեմիական անձնակազմի եւ ուսանողների հետազոտություն անելու, ուսուցանելու եւ ուսանելու անկախության իրավունք,

43) ռեկտորների խորհուրդ՝ բուհերի կողմից հիմնադրված մարմին(ներ), որոնք ներկայացնում են բուհերի շահերը եւ պաշտպանում դրանք, ինչպես նաեւ խորհրդատվական կարգով մասնակցում են բարձրագույն կրթության քաղաքականության ձեւավորմանը,

44) որակավորումների պետական գրանցամատյան (էլեկտրոնային ռեգիստր)` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բուհերում եւ դրանց մասնաճյուղերում ուսանողների եւ ռեզիդենտների ակադեմիական առաջխաղացման, շնորհված որակավորման եւ նրան տրված ավարտական փաստաթղթի տեղեկատվության գրանցման միասնական շտեմարան,

45) բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքագրման, վերլուծման եւ տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ բուհերի կառավարման, տնտեսական, ուսումնական եւ հետազոտական գործընթացների, այդ թվում՝ ուսանողների, ռեզիդենտների ու աշխատողների մասին, որը նպատակաուղղված է բարձրագույն կրթության ոլորտում քաղաքականության մշակմանը, պլանավորմանը, մշտադիտարկմանը, գնահատմանը եւ բարելավմանը:

Հոդված 4. Բարձրագույն  կրթության  բնագավառում պետական քաղաքականության  սկզբունքները, նպատակները եւ խնդիրները

1. Բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն   են՝

1) մարդու` բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը, խտրականության բացառումը,

2) բարձրագույն կրթության մատչելիությունը, մրցակցայնությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ հրապարակայնությունը,

3) կրթական գործընթացի կայունության եւ շարունակականության հնարավորության ապահովումը,

4) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալու պայմանների հավասարությունը:

2. Բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներն են՝

1)  բարձրագույն կրթության համակարգի զարգացումը,

2) բուհերի ինքնավարության, ակադեմիական եւ հետազոտությունների իրականացման ազատության խթանումն ու զարգացումը, օրենքի առջեւ բոլոր ինքնավար բուհերի հավասարության ապահովումը,

3) բարձրագույն կրթության որակի ապահովումը՝ բարձրագույն կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման եւ հավատարմագրման միջազգային, այդ թվում՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի չափանիշների ներդրմամբ,

4) բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների եւ բուհերի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստելը:

3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`

1) գիտամանկավարժական եւ գիտահետազոտական աշխատանքների միջոցով նոր գիտելիքի ստեղծումը, զարգացումը, պահպանումը, տարածումը եւ փոխանցումը,

2) գիտելիքի, հմտությունների եւ կարողունակության ձեռքբերման ու զարգացման միջոցով ուսանողների պատրաստումը հետագա ուսումնառության, մասնագիտական աշխատանքի եւ հարատեւ ուսումնառության նպատակով,

3) պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող բնագավառների, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի համար համապատասխան որակավորմամբ մասնագետների պատրաստմանն աջակցումը,

4) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը եւ դրա ինտեգրմանը նպաստումը,

5) բուհերի ուսանողների եւ գիտամանկավարժական կազմի ակադեմիական շարժունության խթանումը, ավարտական փաստաթղթերի եւ որակավորումների համադրելիության ապահովումը,

6) միջազգային ասպարեզում ՀՀ բարձրագույն կրթության գրավչության եւ մրցունակության բարձրացման նպաստումը,

7) հետազոտական, տեխնոլոգիական եւ նորարարական գործունեություն իրականացնող բուհերին պետական ??աջակցության ցուցաբերումը (հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների տրամադրմամբ եւ այլ ձեւերով), այդ թվում՝ ուսման վարձի եւ կրթաթոշակների մասով,

8) տնտեսության կայուն զարգացման, ինչպես նաեւ հիմնարար ու կիրառական հետազոտությունների իրականացման համար մասնագետների պատրաստումը եւ որակավորման բարձրացումը,

9) սփյուռքի համար հայագիտության եւ հայապահպանության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը եւ նրանց որակավորման բարձրացումը:

Հոդված 5. Բուհի խնդիրները

1. Բուհի խնդիրներն են՝

1) անձի կողմից իր ընտրած մասնագիտությամբ որակյալ բարձրագույն կրթության ապահովումը,

2) գիտահետազոտական եւ նորարարական գործունեության իրականացումը գիտամանկավարժական կազմի եւ ուսանողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ինչպես նաեւ ստացված արդյունքների առեւտրայնացումը կամ օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական եւ կրթական գործընթացներում,

3) բարձրագույն կրթության եւ հետազոտությունների համար տրամադրվող պետական միջոցների արդյունավետ օգտագործումը,

4) գիտամանկավարժական կազմի պատրաստումը,

5) բարձրագույն կրթության որակի ներքին ապահովման համակարգի շարունակական բարելավումը, ժամանակակից ուսուցման մեթոդների ներդրումը եւ դրանց բազմազանության ապահովումը,

6) միջազգայնացման եւ մրցունակության ապահովումը, ինչպես նաեւ նորարարությունների շարունակական ներդրումը,

7) կրթական գործընթացի անընդհատության, մրցակցայնության, թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը,

8) անձի մտավոր, հոգեւոր եւ բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն կրթություն ստանալու միջոցով,

9) ուսանողի` ազգային, հոգեւոր եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը,

10) ուսանողների շրջանում քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների եւ աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը,

11) պետության տնտեսական եւ հասարակական գործընթացներին մասնակցությունը,

12) հասարակության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը,

13) կառավարման գործունեության արդյունավետության ցուցանիշների համակարգի ներդրումը:

Հոդված 6. Բուհի ինքնավարությունը, իրավասությունը, ակադեմիական ազատությունները եւ հաշվետվողականությունը

1. Բուհն իրականացնում է իր ինքնավարությունը ինքնակառավարման, ակադեմիական ազատությունների եւ կոլեգիալության սկզբունքներով՝ հաշվետվողականության պահանջների պահպանմամբ:

2. Բուհը սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ունի՝

1) ակադեմիական ինքնավարություն՝ իր ուսումնական եւ հետազոտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու եւ կառավարելու իրավասություն,

2) կադրային ինքնավարություն՝ իր գիտամանկավարժական, վարչական եւ ուսումնաօժանդակ կազմի ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու եւ կառավարելու իրավասություն,

3) կազմակերպչական ինքնավարություն՝ իր կառուցվածքը, ստորաբաժանումները, առանձնացված միավորները, ակադեմիական եւ գիտական կառույցներն ինքնուրույն սահմանելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաեւ՝ իր ներքին կառավարչական կարգերը եւ ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն,

4) ֆինանսական ինքնավարություն՝ իր տարեկան բյուջեն ինքնուրույն ձեւավորելու, ֆինանսական միջոցները կառավարելու, եկամուտները ձեւավորելու եւ ծախսեր կատարելու իրավասություն:

3. Բուհի իրավասությունն է՝

1) համապատասխան ոլորտի գործատուների ներգրավածության ապահովմամբ բարձրագույն կրթության կրթական ծրագրերի, ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի (նկարագրերի) մշակումն, դրանց  հաստատումը, ուսումնական գրականության եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը,

2) ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսանողների ուսուցման մեթոդների եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ընթացիկ գնահատման, ատեստավորման ձեւերի ու պարբերականության ընտրությունը,

3) ըստ կրթական աստիճանների՝ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպումը,

4) հետազոտական աշխատանքների կատարումը, տեղական եւ միջազգային գիտակրթական եւ հետազոտական ծրագրերին մասնակցությունը եւ իրականացումը,

5) հետազոտական աշխատանքներում ուսանողների մասնակցության ապահովումը,

6) սովորողների ու ռեզիդենտների ընդունումը եւ ուսումնառության ընդհատումը՝ սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով,

7) աշխատակազմի հաստիքացուցակի կազմումը եւ հաստատումը, աշխատողների նշանակումը, առաջխաղացումը եւ ազատումը,

8) կառուցվածքային ստորաբաժանումների եւ այլ միավորների ստեղծումն ու դրանց կառուցվածքի ձեւավորումը, ինչպես նաեւ աշխատողների իրավունքների եւ պարտականությունների սահմանումը՝ սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան,

9) գիտամանկավարժական եւ վարչական կազմի որակավորման բարձրացման ու վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,

10) ուսումնական, գիտահետազոտական գործընթացների կազմակերպման եւ աշխատակազմի ընտրության, պաշտոնի զբաղեցման ու առաջխաղացման, ինպես նաեւ աշխատողների վարձատրության եւ նյութական խրախուսման, կարգերի (ընթացակարգերի) մշակումը եւ հաստատումը,

11) բարձրագույն կրթության առաջին եւ երկրորդ աստիճաններում որակավորումների, ինչպես նաեւ նախաբակալավրի որակավորման, շնորհումը,

12) կոչումների շնորհումը՝ սույն օրենքի եւ իր կանոնադրությամբ սահմանված դրույթներին համապատասխան,

13) ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունների որոշումը, տարեկան բյուջեի ձեւավորումը եւ հաստատումը, ուսանողական կրթաթոշակների սահմանումը,

14) ֆինանսական միջոցների կառավարումը, ներառյալ աշխատողների վարձատրությունը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը, բուհի պահպանմանը եւ զարգացմանը, հետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը,

15) վճարովի կրթական եւ հետազոտական ծառայությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված եւ իր անմիջական գործունեության հետ առնչվող տնտեսական եւ առեւտրային գործունեության իրականացումը,

16) բարձրագույն կրթության համապատասխան աստիճաններով ըստ մասնագիտությունների ուսման վարձի չափերի հաստատումը՝ սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան,

17) Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության իրականացումը:

4?Երեւանի պետական համալսարանը կրթական, գիտահետազոտական եւ մշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5? Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով եւ ուսումնական հաստատությունների կանոնադրությամբ։

6. Բուհը կարող է ստեղծել հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, որոնք անմիջականորեն հաշվետու են բուհի կառավարման խորհրդին (հոգաբարձուների խորհրդին) եւ դրանց ընդհանուր կառավարումն իրականացվում է կառավարման խորհրդի կողմից՝ օրենքով եւ բուհի կանոնադրությամբ նախատեսված իրավասությունների շրջանակներում:

7. Բուհն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում կարող է իրականացնել մասնագետների պատրաստում, վերապատրաստում եւ որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձեւերով, մասնագետների փոխանակում, համատեղ գիտական աշխատանքներ, ծրագրեր, ինչպես նաեւ այդ երկրների օրենսդրությանը համապատասխան օտարերկրյա պետություններում ստեղծել մասնաճյուղեր, ստորաբաժանումներ եւ այլն:

8. Բուհն իր գործունեության համար հաշվետու է հասարակության եւ պետության առջեւ ու պետք է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը, իր պաշտոնական կայքում հրապարակի բուհի ռազմավարական ծրագրի գործողությունների իրականացման արդյունքների, բյուջեի եւ կառուցվածքի  վերաբերյալ տեղեկատվություն:

9. Բուհը պարտավոր է ընդունել եւ հրապարակել էթիկայի ու շահերի բախման կանոնակարգեր, ինչպես նաեւ դրանցից բխող համապատասխան ընթացակարգեր, կանոններ ու մշակել եւ իրականացնել համապատասխան քաղաքականություն:

10.  Բուհը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմիններին տրամադրել անհրաժեշտ պաշտոնական տեղեկատվություն (վիճակագրություն, հաշվետվություն, այդ թվում՝ գործունեության արդյունքային ցուցանիշների, եւ այլն), որը պետք է բարձրագույն կրթության եւ հետազոտությունների համակարգի կառավարման ու մշտադիտարկման համար:

11. Բուհը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը, իր պաշտոնական կայքում որակական եւ քանակական տեղեկատվություն ներկայացնել կրթական ծրագրերի, շնորհվող որակավորումների, հետազոտական գործունեության, գնահատման արդյունքների, ուսանողների, շրջանավարտների կարծիքների ուսումնասիրությունների վերաբերյալ:

12. Բուհը պարտավոր է իր տարեկան հաշվետվության մեջ ներառել նաեւ բուհում էթիկայի կանոնակարգի կիրառման արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է արտացոլի բուհի կողմից էթիկայի կանոնակարգի իրականացման եւ այդ գործընթացի նկատմամբ մշտադիտարկման մասին անհրաժեշտ տվյալներ:

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 7. Բարձրագույն  կրթության համակարգը եւ բուհերի տեսակները

1.Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգը ներառում է՝

1) բարձրագույն կրթության կառավարման մարմինները եւ կազմակերպությունները, որոնք բարձրագույն կրթության բնագավառում իրականացնում են համապատասխան գործառույթներ,

2) բարձրագույն կրթական գործընթացում ներգրավված մասնակիցներին,

3) բարձրագույն կրթության աստիճանները եւ որակավորումները,

4) լիցենզավորված բուհերը,

5) Որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ-ը), մասնագիտությունների ոլորտային (ենթաոլորտային) որակավորումների շրջանակը, մասնագիտության կրթական ծրագրի չափորոշիչը, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման չափորոշիչները եւ չափանիշները,

6) որակավորումների պետական գրանցամատյանը:

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում գործող կազմակերպությունների  ըստ տեսակների եւ անվանումների դասակարգման չափանիշները եւ պահանջները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ հիմք ընդունելով կազմակերպության գործունեության ուղղվածությունը, բարձրագույն կրթության տարբեր աստիճաններով եւ մասնագիտության ոլորտներով ուսումնառության կազմակերպումը, գիտական հետազոտությունների իրականացման մակարդակը եւ այլն:

Հոդված 8. Մասնագիտության կրթական ծրագրի չափորոշիչը

1. Մասնագիտության կրթական ծրագրի չափորոշիչը սահմանում  է՝

1) ծրագրի նպատակը եւ խնդիրները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները,

2) ծրագրի մուտքի ընդհանուր պահանջները, ուսուցման, գնահատման եւ ամփոփիչ ատեստավորման պահանջները, ուսուցման լեզուն,

3) ուսանողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ուսուցման տեւողությունը եւ անհրաժեշտ ակադեմիական կրեդիտների քանակը,

4) ծրագրի բովանդակությունը՝ ուսումնառության սահմանված վերջնարդյունքներով պայմանավորված օրինակելի առարկայացանկը,

5) դասախոսական կազմին ներկայացվող որակավորման ու փորձի պահանջները,

6) շնորհվող որակավորումը եւ հետագա մասնագիտական գործունեության ոլորտ(ներ)ը:

2. Անկախ բուհի կազմակերպաիրավական եւ սեփականության ձեւերից ու մասնագիտություններից (կրթական ծրագրերից)՝ բարձրագույն կրթության բակալավրի կրթական աստիճանում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասընթացների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ:

3. Մասնագիտության կրթական ծրագրերը հաստատում է բուհի գիտական խորհուրդը` ՈԱՇ-ի եւ մասնագիտության կրթական ծրագրի օրինակելի ձեւաչափի հիման վրա:

4. Բուհի` ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերն երաշխավորում են տարբեր կրթական աստիճաններում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով ԿԿՓԵՀ-ի կիրարկումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:

Այն բուհերը, որոնք ուսումնական գործընթացը կազմակերպում են այլ կրեդիտային համակարգով, պետք է ապահովեն նաեւ վերջինիս համադրելիությունը ԿԿՓԵՀ-ին:

Հոդված 9. Բարձրագույն  կրթության ընդհանուր պահանջները, որակավորման աստիճանները, ուսուցման ձեւերը եւ ժամկետները

1. Բարձրագույն կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը՝ ըստ կրթական աստիճանների, կարող են իրականացվել ամբողջական բեռնվածության եւ (կամ) մասնակի բեռնվածության, ինչպես նաեւ հեռավար (դիստանցիոն) ձեւերով: Տարբեր ձեւերով իրականացվող ուսումնառության արդյունքները պետք է լինեն համարժեք:

2. Թույլատրվում է բարձրագույն կրթություն ստանալու տարբեր ձեւերի զուգակցումը:

3. Հայաստանի Հանրապետության բուհերի ռեկտորների խորհրդի առաջարկությամբ եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, ինչպես նաեւ լիազորված մարմնի առաջարկությամբ՝ հեռավար ձեւով բարձրագույն կրթություն ստանալ չթույլատրվող մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Բուհերում դասավանդման լեզուն գրական հայերենն է: Առանձին մասնագիտական դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով:

5. Օտար լեզուներով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաեւ,

1) եթե կրթական  ծրագրի բովանդակությունը կապված է օտար լեզվի հետ,

2) եթե ուսումնական պարապմունքներն իրականացվում են օտարերկրացի դասախոսների կողմից,

3) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով,

4) եթե ուսումնառությունն իրականացվում է համատեղ կրթական ծրագրերի շրջանակներում, որոնց մի մասն իրականացվում է մեկ այլ բուհում եւ դրանց ավարտին շնորհվում է համատեղ որակավորման աստիճան,

5) մագիստրատուրայում՝ կրթական ծրագրի առնվազն 30 տոկոս, եւ ասպիրանտուրայում՝ առնվազն 50 տոկոս:

6. Ակադեմիական տարին բաղկացած է 2 հիմնական ուսումնական կիսամյակից (աշնանային եւ գարնանային): Բուհի կողմից կարող է սահմանվել նաեւ ուսումնառության լրացուցիչ ամառային փուլ: Ակադեմիական տարվա կիսամյակների սկիզբը եւ ավարտը, ուսանողի արձակուրդի տեւողությունները սահմանվում են մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչով:

7. Բարձրագույն կրթությունը իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական աստիճաններում՝ հիմնական աստիճաններով աստիճանաշնորհող եւ աստիճան չշնորհող լրացուցիչ կրթական ծրագրերով՝

1) կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի աստիճանով ուսուցում, որի արդունքում ուսանողը ձեռք է բերում մասնագիտական եւ գործնական գիտելիքներ, հմտություններ եւ կարողունակություն՝ աշխատելու եւ (կամ) բակալավրի կրթական աստիճանում ուսումը շարունակելու համար:

Նախաբակալավրի ուսուցման համար նախապայման է առնվազն միջնակարգ կրթությունը կամ դրան համապատասխան որակավորումը կամ միջնակարգ կրթությանը համարժեք օտարերկրյա որակավորումը:

Կարճ շրջափուլով ուսուցումն ավարտած անձին շնորհվում է նախաբակալավրի որակավորման աստիճան:

2) առաջին՝ բակալավրի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում տվյալ բնագավառի համակողմանի եւ համակարգված գիտելիք, հմտություններ եւ կարողունակություն՝ աշխատելու եւ (կամ) մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար:

Բակալավրի ուսուցման համար նախապայման է առնվազն միջնակարգ կրթությունը կամ դրան համապատասխան որակավորումը կամ միջնակարգ  կրթությանը համարժեք օտարերկրյա որակավորումը, ինչպես նաեւ նախաբակալավրի որակավորումը:

Բակալավրի ուսուցումն ամփոփվում է  բակալավրի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ եւ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորման աստիճան:

3) երկրորդ՝ մագիստրոսի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը  ձեռք է բերում  տվյալ բնագավառի խոր մասնագիտական  գիտելիք, հմտություններ եւ կարողունակություն՝ աշխատելու եւ (կամ) ասպիրանտուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաեւ հետազոտական գործունեություն իրականացնելու, համար:

Մագիստրոսի ուսուցման համար նախապայման է բակալավրի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը:

Մագիստրոսի ուսուցումն ամփոփվում է մագիստրոսի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ եւ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորման աստիճան:

4) երրորդ՝ ասպիրանտական ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում խոր եւ համալիր գիտելիք, հմտություններ եւ կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական եւ մասնագիտական գործունեություն իրականացնելու եւ նոր գիտելիք ձեռք բերելու համար:

Ասպիրանտի ուսուցման համար նախապայման է մագիստրոսի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը, այդ թվում՝ բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում ընդգրկված դիպլոմավորված մասնագետի որակավորումը, իսկ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժշկի, իսկ կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ մասնագետի:

Ասպիրանտի ուսուցումն ամփոփվում է ատենախոսության պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած եւ ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան:

5) աստիճանաշնորհող կրթական ծրագրերը կարող են լինել նաեւ ինտեգրված ծրագրով ուսուցմամբ` ընդգրկելով ուսումնառության առաջին եւ երկրորդ կամ երկրորդ եւ երրորդ աստիճանները:

Առաջին եւ երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցման համար նախապայման է առնվազն միջնակարգ  կրթությունը կամ դրան համարժեք համապատասխան որակավորումը կամ միջնակարգ  կրթությանը համարժեք օտարերկրյա որակավորումը:

Երկրորդ եւ երրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցման համար նախապայման է բակալավրի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը:

Առաջին եւ երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսումնառած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորմանը համարժեք որակավորման աստիճան, իսկ ինտեգրված բժշկական ծրագրով ուսումնառած անձին՝ «բժիշկ» կամ «բժիշկ-ստոմատոլոգ» որակավորման աստիճան:

 Երկրորդ եւ երրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցումն ավարտած եւ ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան:

6) Ուսումնառությունը չավարտած անձին տրվում է ակադեմիական տեղեկանք կուտակած կրեդիտների վերաբերյալ:

8. Ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրա) ինտեգրված կամ դրան համարժեք բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա բժշկական բարձրագույն կրթության ծրագրային փուլ է, որի արդյունքում ուսումնառողը ձեռք է բերում տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ խոր եւ համալիր մասնագիտական գիտելիքներ, գործնական հմտություններ՝ տվյալ մասնագիտությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար:

Ռեզիդենտուրայում ռեզիդենտի ուսուցումն իրականացվում է բժշկական կամ ստոմատոլոգիական մասնագիտության ծրագրով:

Ռեզիդենտուրայի ուսուցման ծրագրերի տեւողությունը մեկից մինչեւ չորս տարի է:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ռազմաբժշկական բուհերում կամ ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի պատվերով բարձրագույն բժշկական կրթության ինտեգրված կամ համարժեք ծրագրով ուսուցումն անցած շրջանավարտների համար սահմանվում է ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրայի պարտադիր կրթական ծրագիր՝ մեկ տարի տեւողությամբ, որի ավարտական քննությունը հանձնելուց հետո անձին շնորհվում է «բժիշկ-մասնագետ» որակավորում՝ «ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում-ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ:

Ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա ավարտած զինծառայողը հետագայում այլ մասնագիտության կրթական ծրագրով ռեզիդենտուրա (կլինիկական օրդինատուրա) կարող է անցնել պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

9. Ռեզիդենտուրայի կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ցանկը, դրանց ներկայացվող պահանջները, այդ կազմակերպություններում կրթության կազմակերպման առանձնահատկությունները եւ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության եւ առողջապահության պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացմամբ:

10. Բժշկական բարձրագույն կրթության ռեզիդենտուրայի ծրագիրն ավարտվում է ավարտական քննությամբ, որը հանձնելուց հետո անձին շնորհվում է տվյալ մասնագիտության գծով «բժիշկ-մասնագետ» որակավորում:

11. Ռեզիդենտուրայի կրթական ծրագրերի եւ դրանց տեւողությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ կրթության եւ առողջապահության պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացմամբ:

12. Բակալավրի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 180 եւ ոչ ավելին, քան 240 կրեդիտը: Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տեւողությունը պետք է կազմի առնվազն 3 տարի:

Նախաբակալավրի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 120 եւ ոչ ավելին, քան 150 կրեդիտը: Նախաբակալավրի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տեւողությունը պետք է կազմի առնվազն 2 տարի, բայց ոչ ավելին, քան 2,5 տարին:

13. Մագիստրոսի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 60 եւ ոչ ավելին, քան 120 կրեդիտը: Մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տեւողությունը պետք է կազմի առնվազն 1 տարի:

14. Ասպիրանտի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի 180 կրեդիտ: Մասնագիտության դոկտորի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տեւողությունը պետք է կազմի առնվազն 3 տարի:

15. Առաջին եւ երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 300 եւ ոչ ավելին, քան 360 կրեդիտը: Ինտեգրված ծրագրի առաջին մասը (համարժեք բակալավրին) պարտադիր պետք է լինի առաջին շրջափուլի կրթական ծրագրին, իսկ մնացած մասը՝ երկրորդ շրջափուլի կրթական ծրագրին համարժեք: Ինտեգրված ծրագրով որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տեւողությունը պետք է կազմի առնվազն 5 տարի, բայց ոչ ավելին, քան 6 տարին:

Երկրորդ եւ երրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս քան 240 եւ ոչ ավելին, քան 300 կրեդիտ: Ինտեգրված ծրագրի առաջին մասը (համարժեք մագիստրոսին) պարտադիր պետք է լինի առաջին շրջափուլի կրթական ծրագրին, իսկ մնացած մասը (համարժեք ասպիրանտին)՝ երկրորդ շրջափուլի կրթական ծրագրին համարժեք: Ինտեգրված ծրագրով որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տեւողությունը պետք է կազմի առնվազն 4 տարի:

16. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում բոլոր կրթական աստիճաններում ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածությունը կազմում է առավելագույնը 60 կրեդիտ:

17. Ամբողջական բեռնվածությամբ ուսումնառության դեպքում ուսանողը պարտավոր է բուհի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան լրիվ ուսումնական բեռնվածության առնվազն 75 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ:

18. Կրթական ծրագրով նախատեսված ամբողջական պահանջները կատարելու համար ուսանողի ուսումնառության ընդհանուր տեւողությունը կարող է երկարացվել մինչեւ 2 ուսումնական տարի:

Մասնակի բեռնվածությամբ ուսումնառության դեպքում ուսանողը պարտավոր է բուհի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան լրիվ ուսումնական բեռնվածության 50-ից մինչեւ 75 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ: Կրթական ծրագրով նախատեսված ամբողջական պահանջները կատարելու համար՝ ծրագրի ավարտման տարում ուսումնական բեռնվածության առնվազն 50 տոկոս լրացրած եւ համապատասխան գումարային կրեդիտներ կուտակած, ուսանողի ուսումնառության ընդհանուր տեւողությունը կարող է երկարացվել ոչ ավելի, քան 4 ուսումնական տարի:

Մասնակի բեռնվածությամբ ուսումնառության դեպքում կրթական ծրագրի ավարտման համար ուսուցման ընդհանուր ժամանակահատվածում սահմանված կրեդիտներն ուսանողի կողմից չկուտակելու պարագայում՝ հետագայում ուսանողի ուսումնառության շարունակման դեպքում, տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքների լրակազմի փոփոխության պարագայում, բուհի կողմից սահմանված կարգով քննարկվում է կուտակած կրեդիտների պահպանման հնարավորությունը:

Ամբողջական բեռնվածությամբ ուսումնառության դեպքում յուրաքանչյուր կիսամյակի ավարտին` կրթական ծրագրի պահանջներին համաձայն, ավարտման ենթակա ուսումնական բեռնվածության առնվազն 75 տոկոս համապատասխան գումարային կրեդիտներ չկուտակած ուսանողին բուհը կարող է առաջարկել ուսումնառությունը շարունակել մասնակի բեռնվածությամբ:

19. Համատեղ որակավորում շնորհող կրթական ծրագրերի ծավալը (տեւողությունը) սահմանվում է բուհերի գիտական խորհուրդների կողմից՝ սույն օրենքի դրույթներին համաձայն:

Հոդված 10. Բարձրագույն  կրթության համատեղ կրթական ծրագրերի պահանջները եւ համատեղ կրթական ծրագրի իրականացման համագործակցության պայմանագիրը

1. Բարձրագույն կրթության համատեղ կրթական ծրագիրը պետք է բավարարի հետեւյալ պահանջներին.

1) համատեղ կրթական ծրագիր կարող է իրականացվել բարձրագույն կրթության նույն աստիճանում Հայաստանի Հանրապետության բուհերի կամ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա ուսումնական հաստատության համագործակցության դեպքում` համագործակցության պայմանագրի հիման վրա,

2) համատեղ կրթական ծրագրի մասնակից առնվազն մեկ բուհ պետք է ունենա համապատասխան աստիճանում նույն կրթական ծրագրով կրթություն իրականացնելու եւ համապատասխան որակավորում շնորհելու իրավունք,

3) եթե համատեղ կրթական ծրագրի մի մասն իրականացվում է օտարերկրյա պետության որեւէ ուսումնական հաստատությունում, ապա այդ ուսումնական հաստատության կողմից շնորհված ավարտական փաստաթուղթը պետք է ճանաչվի այդ պետության կողմից,

4) համատեղ կրթական ծրագրի համագործակցության պայմանագրով իրականացվող կրթական ծրագրի վերջնարդյունքները պետք է լինեն իրագործելի, հավաստված որակի ապահովման կառուցակարգերով եւ ճանաչվեն ծրագրի մասնակից բոլոր ուսումնական հաստատությունների կողմից,

5) համատեղ կրթական ծրագիրը պետք է մշակվի եւ հաստատվի ծրագրի մասնակից բոլոր ուսումնական հաստատությունների կողմից:

2.  Համատեղ կրթական ծրագրով բարձրագույն կրթության կազմակերպումը իրականացվում է համատեղ կրթական ծրագրի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը պետք է պարտադիր ներառի՝

1) համատեղ կրթական ծրագրում մասնակից ուսումնական հաստատությունների միջեւ պարտավորությունների բաշխումը,

2) համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հիմքերը, այդ թվում՝ մասնակից ուսումնական հաստատություններում ուսանողների ընդունելության, ուսուցման, գնահատման, հեռացման,  ամփոփիչ ատեստավորման, որակավորման շնորհման եւ ավարտական փաստաթղթի տրամադրման պայմանները, իսկ տարբերության դեպքում՝ համադրելիության պայմանները,

3) դասավանդման (ուսուցման) լեզուն (լեզուները),

4) որակի ապահովման համատեղ հիմքերը,

5) մասնակից ուսումնական հաստատությունների ուսանողների եւ դասախոսական կազմի իրավունքներն ու պարտականությունները եւ վեճերի լուծման կարգը,

6) համատեղ կրթական ծրագրի ֆինանսավորման պայմանները, այդ թվում՝ վարձավճարների չափը, վճարման պայմանները, արտոնությունների եւ ուսանողական կրթաթոշակների տրամադրումը,

7) համատեղ կրթական ծրագրի փոփոխման, դադարեցման եւ հետագա շարունակման պայմանները:

Հոդված 11. Բարձրագույն  կրթության ավարտական փաստաթուղթը եւ դրա հավելվածը, փաստաթղթերի գնահատումը եւ ճանաչումը

1. Բարձրագույն կրթության ավարտական փաստաթուղթը եւ դրա հավելվածը՝

1) բարձրագույն կրթության առաջին, երկրորդ աստիճանների եւ ինտեգրված ծրագրերով ուսումնառության ավարտին եւ ամփոփիչ ատեստավորման դրական արդյունքի հիման վրա, ինչպես նաեւ նախաբակալավրի ուսուցման ավարտին, անձին տրվում է շնորհված որակավորումը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) եւ համապատասխան  հավելված:  Ասպիրանտական կրթական ծրագրի յուրացման եւ պաշտպանած ատենախոսության արդյունքում անձին շնորհվում է գիտական աստիճանը հավաստող դիպլոմ,

2) ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհի դեպքում, ծրագրային հավատարմագրում չունեցող մասնագիտության կրթական ծրագրի, ինչպես նաեւ աստիճան չշնորհող կրթական ծրագրի (այդ թվում՝ լրացուցիչ կրթության) ավարտին անձին տրվում է բուհի կողմից սահմանված ձեւանմուշով ուսումնառությունը հավաստող վկայական կամ հավաստագիր,

3) դիպլոմի եւ դիպլոմի հավելվածի ձեւանմուշները, դրանց պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման եւ պահպանման կարգը սահմանվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից,

4) համատեղ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է կամ համատեղ դիպլոմ կամ համատեղ կրթական ծրագրի մասնակից յուրաքանչյուր բուհի դիպլոմ՝ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու պայմանագրում սահմանված պայմանների համաձայն:

2. Բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմները եւ դրանց հավելվածները, ինչպես նաեւ վկայականները, բուհերի կողմից տրամադրվում են անվճար:

3. Բուհերի կողմից տրվող կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթերը (դիպլոմները), այդ թվում՝ համատեղ կրթական ծրագրի արդյունքում, պետք է գրանցվեն  Հայաստանի Հանրապետության որակավորումների պետական գրանցամատյանում:

4. Տվյալ կամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած այլ բուհում բարձրագույն կրթության հաջորդ կրթական աստիճանում սահմանված կարգով ուսումնառությունը շարունակելու իրավունք ունեն միայն այն անձինք, ովքեր ստացել են ինստիտուցիոնալ  հավատարմագրված բուհի բարձրագույն կրթության համապատասխան աստիճանի դիպլոմ:

5. Բուհերի ավարտական փաստաթղթերի  պետական ճանաչումը.

1) օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից շնորհված բարձրագույն կրթության որակավորումները գնահատվում եւ ճանաչվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի, այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագրերի համաձայն,

2) փախստականների, տեղահանված անձանց եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց  որակավորումները ճանաչվում են սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, իսկ այն դեպքերում, երբ անձի ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Հոդված 12. Բուհի լիցենզավորումը

1. Բուհի կրթական գործունեության լիցենզավորումը՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում՝ անկախ գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպաիրավական ու սեփականության ձեւերից, բարձրագույն կրթական ծրագրեր (ըստ կրթական աստիճանների եւ ուսուցման ձեւերի) իրականացնող իրավաբանական անձինք ենթակա են լիցենզավորման,

2) ինտեգրված ծրագրով ուսուցում իրականացնող իրավաբանական անձինք պետք է լիցենզավորված լինեն նրանց կողմից իրականացվող կրթական ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար,

3) հանրային եւ մասնավոր բուհերի լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով եւ սույն օրենքի դրույթների համաձայն լիցենզիայի ժամկետը ենթակա է երկարաձգման եւս 7 տարի ժամկետով, եթե սույն օրենքի պահանջներին համապատասխան ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:

2. Բուհի լիցենզիայի տրամադրման համար հիմք են՝

1) կրթական գործունեության իրականացնելու համար անհրաժեշտ ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ բուհն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան իրավունքները,

2) ուսումնաարտադրական պրակտիկայի եւ լաբորատոր բազայի, անհրաժեշտ գույքի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը,

3) համապատասխան կրթական մակարդակներով միաժամանակ ուսուցում ապահովելու համար մանկավարժական եւ դասախոսական կազմի, գիտահետազոտական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի ապահովումը,

4) անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը, իսկ լիցենզիայի երկարաձգման դեպքում՝ ֆինանսական միջոցների կայունությունը,

5) առնվազն հինգ տարվա ռազմավարական ծրագրի առկայությունը,

6) որակի ապահովման ներքին համակարգի առկայությունը:

3. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների, ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծված բուհերը,  ինչպես նաեւ օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեություն իրականացնելու նպատակով ենթակա են լիցենզավորման Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Լիցենզավորված բուհը պարտավոր է դիմել լիցենզավորման նոր գործընթացի՝ սույն օրենքով սահմանված լիցենզիայի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան  1 տարի առաջ:

6. Բուհը լիցենզիա ստանալուց հետո ցանկացած պահի, բայց ոչ ուշ, քան լիցենզիայի ժամկետի ավարտից 1 տարի առաջ, կարող է դիմել կրթության պետական կառավարման լիազորված մարմին՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու համար:

7. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցնելու եւ (կամ) դադարեցնելու, ինչպես նաեւ նոր լիցենզիա չտրամադրելու (մերժելու) կամ լիցենզիայից զրկելու դեպքերում բուհերի (դրանց մասնագիտությունների կրթական ծրագրերի) ուսանողները կարող են ուսումնառությունը շարունակել համապատասխան կամ հարակից մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող բուհերում, ինչպես նաեւ մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

8. Սույն օրենքի դրույթներին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացներին դիմելու համար բուհի մասնագիտությունների կրթական ծրագրերի լիցենզավորված լինելը պարտադիր պայման է:

Հոդված 13. Բարձրագույն  կրթության որակի ապահովումը եւ դրա նկատմամբ վերահսկողությունը

1. Բարձրագույն կրթության որակի ապահովման նպատակներն են`

1) բարձրագույն կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը` հաշվի առնելով ՀՀ-ում գործող բուհերի բազմազանությունը,

2) շրջանավարտների պատրաստման որակի բարձրացումը՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների եւ հանրության կարիքներն ու ակնկալիքները,

3) բարձրագույն կրթության համակարգին հատկացված  ֆինանսական եւ այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

2. Բարձրագույն կրթության որակի ապահովման սկզբունքներն են՝ թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հրապարակայնությունը, պարբերականությունը, օբյեկտիվությունը:

3. Բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը ներառում է՝

1)  բուհերի որակի ներքին ապահովման համակարգը,

2)  բուհերի որակի արտաքին ապահովման համակարգը,

3)  որակի արտաքին գնահատման եւ (կամ) հավաստման կառույցները:

4. Բուհերի որակի ներքին ապահովման համակարգը արդյունավետորեն խթանում է.

1) որակի ապահովման քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը` շահակիցների հետ համաձայնեցված,

2) նպատակներին համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերի մշակմանը, հաստատմանը եւ իրագործմանը,

3) ուսանողակենտրոն ուսումնառությանը, ուսուցմանը եւ գնահատմանը,

4) ուսանողների ընդունելության, առաջխաղացման, որակավորումների շնորհման եւ ճանաչման կանոնակարգմանը,

5) բարձր որակավորմամբ դասախոսական կազմով ապահովմանը,

6) ուսումնառության եւ ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական եւ այլ անհրաժեշտ ռեսուրսներով ապահովմանը,

7) կրթական ծրագրերի եւ այլ գործընթացների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվութան հավաքագրման եւ վերլուծմանը,

8) կրթական ծրագրերի եւ այլ գործունեության վերաբերյալ հանրությանը օբյեկտիվ, հստակ, հավաստի եւ հասանելի տեղեկատվության տրամադրմանը,

9) կրթական ծրագրերի մշտադիտարկմանը, պարբերական գնահատմանը եւ բարելավմանը՝ հանրության եւ ուսանողների կարիքներին համապատասխան,

10) գրագողության դեմ պայքարի քաղաքականության իրականացմանը,

11) որակի ապահովման արտաքին գնահատում անցնելը,

12)  որակն ապահովող անհրաժեշտ այլ գործառույթների իրականացումը:

5. Բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովման համակարգը`

1) խթանում է բուհերի որակի ներքին ապահովման համակարգի արդյունավետությունը,

2) գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում՝ հաշվի առնելով շահակիցների կարիքները,

3) իրականացնում է հուսալի, թափանցիկ եւ հրապարակված գործընթացներ,

4) կայացնում եւ հրապարակում է միջազգային նորմերին համապատասխան, պետության կողմից սահմանված որակի ապահովման հրապարակված չափանիշներին համապատասխան որոշումներ եւ զեկույցներ,

5) ապահովում է բուհերի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորությունը,

6) իրականացում է որակի արտաքին ապահովման անհրաժեշտ այլ գործառույթներ:

6. Բարձրագույն կրթության որակի արտաքին գնահատման եւ(կամ) հավաստման կառույցներին ներկայացվող պահանջներն են՝

1) իրենց գործունեության հստակ իրականացումն ապահովող հրապարակված քաղաքականության եւ ընթացակարգերի առկայությունը,

2) անկախ եւ ինքնավար գործելու երաշխիքները,

3) կրթական համակարգի զարգացումների մասին թեմատիկ վերլուծությունների իրականացումը,

4) իրենց գործունեության պարբերական արտաքին գնահատում անցնելը,

5) բուհերի եւ դրանց մասնագիտությունների կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման ու հավաստման իրականացումը:

7. Բարձրագույն կրթության որակի ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` որակի  արտաքին ապահովման կառույցների միջոցով:

8. Որակի արտաքին ապահովման կառույցները պետության կողմից ստեղծված եւ (կամ) ճանաչված անկախ մարմիններ են, որոնց հիմնական նպատակներից է բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովման գործընթացների իրականացումը:

Հոդված 14. Բուհի եւ մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրումը

1. Բուհի եւ մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրումը՝

1) անկախ բուհի գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպաիրավական ու սեփականության ձեւերից` ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումն իրականացվում է որակի գնահատման եւ(կամ) հավաստման կառույցների կողմից` սույն օրենքի դրույթների համաձայն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով,

2) ծրագրային հավատարմագրման համար կարող է դիմել միայն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը,

3) ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ըստ բուհերի եւ դրանց մասնագիտությունների կրթական ծրագրերի խմբերի կամ կրթական ծրագրերի,

4) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում հավատարմագրման ենթակա են բարձրագույն կրթության 1-3 (այդ թվում` ինտեգրված ծրագրերով ուսուցման) կրթական աստիճաններով ուսուցման մասնագիտությունների կրթական ծրագրերը,

5) բուհի նոր բացված մասնագիտության կրթական ծրագիրն ենթակա է նախնական ծրագրային հավատարմագրման,

6) բուհի մասնաճյուղը ինստիտուցիոնալ հավատարմագրվում է ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող բուհի հայտի հիման վրա՝ մայր բուհի կազմում, եւ տրվում է մեկ միասնական հավատարմագիր մայր բուհին,

7) բուհի կողմից տրամադրված ավարտական փաստաթղթում (դիպլոմում), ինչպես նաեւ՝ դիպլոմի հավելվածում, պարտադիր նշվում է բուհի, դրա առանձին մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրված լինելու (առկայության դեպքում) փաստը:

2. Ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհի շրջանավարտն իրավունք ունի իր ուսումնառությունը շարունակել հաջորդ կրթական աստիճանում՝ ծրագրային հավատարմագրում ունեցող մասնագիտության կրթական ծրագրով:

3. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա բուհերը կամ օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա այլ պետությունների, ինչպես նաեւ՝ բուհերի կամ կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծված բուհերը, Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հավատարմագրման սույն օրենքով եւ ՀՀ կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Հավատարմագրման կարգը, չափանիշները եւ հավատարմագրի գործողության ժամկետը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ինստիտուցիոնալ հավատարմագրված բուհերը եւ դրանց ծրագրային հավատարմագրում ունեցող մասնագիտությունների կրթական ծրագրերը գրանցվում են hավատարմագրման պետական գրանցամատյանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 15. Ընդունելությունը բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում

1. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպաիրավական ու սեփականության ձեւերից՝ ըստ հիմնական կրթական աստիճանների, ինչպես նաեւ նախաբակալավրի, ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ կրթական աստիճանում կրթություն ստացած եւ ավարտական փաստաթուղթ ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ազատ են բուհի, ուսուցման ձեւերի, բարձրագույն կրթության աստիճանների եւ կրթական ծրագրերի ընտրության մեջ:

Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում բարձրագույն կրթության հիմնական կրթական աստիճաններում մրցութային հիմունքներով պետության կողմից ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ կրթություն կարող են ստանալ միայն միջազգային կամ միջբուհական պայմանագրերով նախատեսված կրթաթոշակային տեղերի շրջանակներում:

2. Բուհն   ըստ կրթական աստիճանի իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն համապատասխան լիցենզիայի (լիցենզիաների) առկայության դեպքում: Բուհը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային եւ ներքին կանոնակարգերին, ինչպես նաեւ` ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում) եւ հրապարակել այդ տեղեկությունները:

3. Այն անձինք, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կամ դրան համարժեք կրթությունը հավաստող համապատասխան ավարտական փաստաթուղթ եւ բավարարում են բուհի կողմից սահմանված ընդունելության մուտքային պահանջները, իրավունք ունեն մրցութային հիմունքներով շարունակելու իրենց ուսումը բուհի բակալավրի կրթական աստիճանում (ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցմամբ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Բակալավրի կրթական աստիճանով (ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցմամբ) կրթություն իրականացնող բուհերի տվյալ տարվա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) եւ ընդունելության քննությունների ցանկը բուհերի ներկայացմամբ՝ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է:

5. Բուհերի տվյալ տարվա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) եւ ընդունելության քննությունների ցանկը ներառում է`

1) կրթության ձեւը,

2) մասնագիտություններն (կրթական ծրագրերը) ըստ բուհերի,

3) յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննությունների առարկաների անվանումը,

4) քննության տեսակը,

5) քննության ձեւը։

6? Պետության լիազորած համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպած քննությունները հանձնած եւ դրական միավորներ ստացած անձինք ստանում են վկայագրեր, որի ձեւը եւ գործողության ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների, բուհերի կամ կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծված (այդ թվում՝ օտարերկրյա բուհերում կամ օտարերկրյա բուհերի մասնաճյուղերում), բակալավրի կրթական աստիճանի (ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցմամբ) ցանկացած մասնագիտության գծով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության վկայագիրը պարտադիր է:

8.  Այն անձինք, ովքեր ընդունելության համար ներկայացվող ավարտական փաստաթղթում չունեն ավարտական գնահատական «Հայոց լեզու» առարկայից, կարող են դրա փոխարեն քննություն հանձնել այլ առարկայից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Քննությունների առաջադրանքները սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված հանրակրթական առարկայական ծրագրերին համապատասխան:

10. Վկայագիր ունեցող եւ բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող անձինք կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճանով (ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցմամբ) բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին:

Մրցույթի անցկացման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ չափորոշիչների հիման վրա բուհը հաստատում է մրցույթի կարգը:

11. Այն անձինք, ովքեր ունեն համապատասխան մասնագիտության բակալավրի աստիճանի կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն մրցութային հիմունքներով` նախորդ ուսումնառության միջին որակական գնահատականների հաշվառմամբ եւ բուհի կողմից սահմանված ընդունելության մուտքային պահանջները բավարարելու դեպքում, շարունակելու իրենց ուսումը տվյալ կամ մեկ այլ բուհի նույն մասնագիտության մագիստրոսի կրթական աստիճանով:

12. Բարձրագույն կրթության եռաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) համար ընդունելության կարգը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

13. Այն անձինք, ովքեր ունեն համապատասխան մասնագիտության բակալավրի աստիճանի կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն մրցութային հիմունքներով շարունակելու ուսումը տվյալ կամ մեկ այլ բուհի մագիստրոսի կրթական աստիճանի՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ՝ ընդունելության լրացուցիչ մասնագիտական քննությունների հանձմամբ եւ ըստ անհրաժեշտության` նախորդ ուսումնառության միջին որակական գնահատականների հաշվառմամբ:

14. Այն անձինք, ովքեր ունեն համապատասխան մասնագիտության մագիստրոսի աստիճանի, իսկ բժշկական մասնագիտություններով` բժշկի, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում` բժիշկ-մասնագետի, ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն մրցութային հիմունքներով` նախորդ ուսումնառության միջին որակական գնահատականների հաշվառմամբ եւ ընդունելության լրացուցիչ պայմաններին բավարարելու դեպքում, շարունակելու իրենց ուսումը բարձրագույն կրթության երրորդ աստիճանում (ասպիրանտուրայում):

15. Բարձրագույն կրթության եռաստիճան համակարգում երրորդ աստիճանի (ասպիրանտուրայի) համար ընդունելության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

16. Այն դիմորդները, ովքեր ընդունելության մրցույթի արդյունքներով սահմանված կարգին համապատասխան իրավունք են ստացել սովորելու պետական ??բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի մասնագիտությունների կամ տարբեր բուհերի միեւնույն մասնագիտության գծով, մինչեւ համապատասխան կրթական աստիճանի ընդունելության վերջնաժամկետը պետք է ընտրեն մեկ բուհ (մասնագիտություն, կրթական ծրագիր), որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:

17.  Բուհն ուսանողի, ռեզիդենտի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը նախօրոք հրապարակվում է բուհի ընդունելության հայտարարության հետ.

1)   Բուհի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ բուհում բարձրագույն կրթության տվյալ աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը եւ կրեդիտների քանակը` բաշխված ըստ ուսումնական տարիների,

2)   ուսանողի հետ կնքված պայմանագիրը, ինչպես նաեւ այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր եւ դրա` ըստ տարիների բաշխված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն: Վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, բացառությամբ վարձավճարի նվազման դեպքի, եւ նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:

18. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով, ինչպես նաեւ՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի նպատակով ձեւակերպված արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս պահպանվում է բուհ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձավճարի չափը, որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, բացառությամբ վարձավճարի նվազման դեպքի, եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է ուսումնառության ընդհատման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

19. Նպատակային ուսուցմամբ ուսումնառող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է բուհերում մրցութային կարգով պետության կողմից ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:

20. Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի կամ ռեզիդենտի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը կամ ռեզիդենտը ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված ուսանողական կրթաթոշակի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բուհը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը ըստ կրթական աստիճանների հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

22. Մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը՝ ըստ բարձրագույն կրթության աստիճանների, մասնագիտությունների (կրթական ծրագրերի) եւ ուսուցման ձեւերի բուհի ունեցած լիցենզիայի տեղերի սահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետության կողմից ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերի թիվը, ինչպես նաեւ ռեզիդենտուրայի կրթական ծրագրերի, իսկ վճարովի ուսուցման տեղերի թիվը՝ բուհը, եւ մինչեւ տվյալ տարվա ապրիլի 10-ը ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմնին:

Հոդված 16. Կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն կրթության համակարգում

1. Քաղաքական, կուսակցական, հասարակական, կրոնական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական, ուսանողական եւ շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

Գ Լ ՈՒ Խ  3

ԲՈՒՀԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 17. Բուհի հիմնադրումը (ստեղծումը),  վերակազմակերպումը եւ լուծարումը

1. Բուհը ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բուհը ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:

3. Բուհը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:

Հոդված 18. Բուհի կառավարումը

1. Բուհի կառավարումն իրականացվում է սույն օրենքով եւ հաստատության կանոնադրությամբ:

2. Հանրային բուհի կառավարման մարմիններն են`

1) կոլեգիալ կառավարման մարմիններ` կառավարման խորհուրդը (հոգաբարձուների խորհուրդ) եւ գիտական խորհուրդը (ակադեմիական խորհուրդ),

2) կառավարման գործադիր մարմին` ռեկտորը (պետ):

3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը, որի կազմը կրթության պետական կառավարման լիազորված  մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, ստեղծվում է 5 տարի ժամկետով՝  սույն օրենքին եւ հաստատության կանոնադրությանը համապատասխան։

Կառավարման խորհրդի ձեւավորման կարգը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Կառավարման խորհուրդը բաղկացած է առնվազն 10 անդամից եւ չի կարող գերազանցել 20-ը: Խորհրդի անդամների թիվը սահմանվում է հաստատության կանոնադրությամբ:

5. Կառավարման խորհուրդը ձեւավորվում է   բուհի դասախոսական կազմից՝ 30 տոկոս, ուսանողության ներկայացուցիչներից՝ 10 տոկոս, բուհի հետ համագործակցող գործատուներից՝ 30 տոկոս, ինչպես նաեւ՝ հիմնադրից եւ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առաջադրված անձանցից՝ 30 տոկոս, համամասնությամբ: Բուհի արհեստակցական կազմակերպության նախագահն ի պաշտոնե կառավարման խորհրդի անդամ է:

6. Ուսանողների եւ ռեզիդենտների ներկայացուցիչներին առաջադրում է ուսանողական խորհուրդը (խորհրդարանը), դասախոսական հիմնական կազմից ներկայացուցիչներին՝ բուհի գիտական խորհուրդը, իսկ գործատուների ներկայացուցիչներին՝ բուհի գիտական խորհուրդը, ելնելով բուհի առանձնահատկություններից:

7. Կառավարման խորհրդի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք եւ մարզպետները:

8. Կառավարման խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Կառավարման խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Կառավարման խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե բուհի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

9. Կառավարման խորհրդի նախագահի, ռեկտորի ընտրության եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ բուհի կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե բուհի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

10. Կառավարման խորհրդի նախագահ չի կարող ընտրվել ուսանողության եւ դասախոսական կազմից առաջադրված խորհրդի անդամը:

11. Բուհի ռեկտորը կառավարման խորհրդի նիստներին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

12. Կառավարման խորհրդի իրավասությունն է՝

1) իր աշխատակարգի եւ կառավարման խորհրդի նախագահի ընտրության կարգի հաստատումը,

2) բուհի գործունեության՝ ռեկտորի կողմից ներկայացված տարեկան եւ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հաստատումը,

3) ռեկտորի ներկայացմամբ՝ բուհի բյուջեի եւ դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների եւ բուհի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,

4) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաեւ առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշում ընդունելը,

5) օրենքով սահմանված կարգով բուհի գործունեության (այդ թվում՝ ֆինանսատնտեսական) վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը,

6) բուհի կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը, բացառությամբ, եթե կանոնադրության փոփոխությունները վերաբերվում են կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ շահառուներին, որոնց փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է հիմնադիրը,

7) կառավարման խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,

8) կառավարման խորհրդի նախագահի, ռեկտորի եւ սույն օրենքով ու բուհի կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության, ձեւավորման ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,

9) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների եւ ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչելը,

10) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,

11) բուհի կառուցվածքի հաստատումը,

12) բուհի հաստիքացուցակի հաստատումը,

13)բուհի ռազմավարական ծրագրերի իրականացման արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը հիմնադրին եւ հանրությանը,

14) օրենքով, բուհի կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաեւ՝ բուհի այլ մարմիններին օրենսդրությամբ չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

13. Կառավարման խորհրդի անդամները իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:

14. Կառավարման խորհրդի նախագահի եւ անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ:

15. Կառավարման խորհուրդը կարող է ունենալ ոլորտային հանձնաժողովներ, որի ստեղծման եւ գործունեության կարգը սահմանում է կառավարման խորհուրդը:

 Հոդված 19. Բուհի գիտական խորհուրդը

1. Գիտական խորհուրդը բուհի ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական գործունեության կառավարման մարմինն է:

2. Գիտական խորհուրդը ձեւավորվում եւ գործում է 5 տարի ժամկետով, սույն օրենքին եւ բուհի կանոնադրությանը համապատասխան:

3. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը,  պրոռեկտորները եւ  բուհի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաեւ գիտամանկավարժական կազմի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներ եւ ընտրովի այլ  անդամներ` բուհի կանոնադրությանը համապատասխան:

4. Գիտական խորհրդի անդամների թիվը սահմանվում է բուհի  կանոնադրությամբ:

5. Բուհի գիտական խորհուրդը՝

1) հաստատում է իր կանոնակարգը,

2) քննարկում է բուհի ուսումնական, գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի ու ծրագրերի, գիտական կադրերի պատրաստման, միջազգային կրթական, գիտական համագործակցության հարցերի եւ ծրագրերի վերաբերյալ,

3) քննարկում եւ առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին նոր ստորաբաժանումներ ստեղծելու մասին, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը,

4) քննարկում է կրթության եւ գիտության զարգացման հիմնահարցերը, լսում գիտական հաղորդումներ եւ ընդունում համապատասխան որոշումներ,

5) հաստատում է կրթական ծրագրերը` ըստ մասնագիտությունների,

6) քննարկում է ուսումնական եւ գիտական գործունեության գլխավոր եւ հեռանկարային ուղղությունները, լսում է հաշվետվություններ եւ հաղորդումներ կատարվող կարեւորագույն գիտահետազոտական եւ գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,

7) ընդունում է որոշում նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու մասին եւ ներկայացնում այն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը,

8) ընդունում է կոչումներ (ներառյալ՝ պատվավոր) շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հուշամեդալով պարգեւատրելու մասին որոշումներ,

9) քննարկում եւ հաստատում է բուհի գիտական խորհրդի նախագահի, բուհական ինստիտուտների տնօրենների, դեկանների (դեպարտամենտների պետերի), ամբիոնների վարիչների ու գիտամանկավարժական կազմի ընտրության կանոնակարգերը,

10) իրականացնում է բուհական ինստիտուտների տնօրենների, դեկանների (դեպարտամենտների պետերի), ամբիոնների վարիչների, պրոֆեսորների եւ դոցենտների ընտրության հաստատումը,

11) սահմանված կարգով շնորհում է պրոֆեսորի եւ դոցենտի կոչումներ,

12) բուհի աշխատողների ընտրման եւ գնահատման սահմանված սկզբունքների հիման վրա հաստատում է դասախոսական եւ գիտահետազոտական անձնակազմի անդամների որակավորման պահանջները, սահմանում է գիտամանկավարժական կազմի կատարողականի գնահատման եւ թափուր հաստիքների մրցույթի կազմակերպման ընթացակարգը,

13) քննարկում եւ հաստատում է ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ուսման վարձերի չափը,

14) քննարկում եւ հաստատում է բուհի կանոնադրությամբ նախատեսված ու բուհի կրթագիտական գործունեությունը կանոնակարգող ներքին կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ եւ այլն,

15) իրականացնում է բուհի կանոնադրությունից բխող ուսումնական, մեթոդական եւ հետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

6. Գիտական խորհուրդը կարող է ունենալ ոլորտային հանձնաժողովներ, որի ստեղծման եւ գործունեության կարգը սահմանում է գիտական խորհուրդը։

Հոդված 20. Բուհի ռեկտորը

1. Բուհի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ ռեկտորը:

 2. Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում գիտամանկավարժական գործունեության փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

3. Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է սույն օրենքով եւ բուհի կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ բուհի կառավարման  խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ նույն բուհում ընտրվել ռեկտորի պաշտոնում:

4. Կառավարման գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր կառավարման մարմնի պաշտոնում նշանակված անձի, այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի, լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 70 տարին:

5. Բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ բուհի կանոնադրությամբ:

6. Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ: Ժամկետները  եւ հայտարարության ձեւը սահմանում է բուհի կառավարման խորհուրդը:

7. Ռեկտորի իրավունքներն են՝

 1) տնօրինում է բուհի գույքը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները) եւ կնքում գործարքներ բուհի անունից,

2) ներկայացնում է բուհը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում,

3) բուհի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի եւ տալիս լիազորագրեր,

4) հաստատում է բուհի ներքին կարգապահական կանոնները,

5) ձեւավորում է ռեկտորին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում դրանց կազմն ու լիազորությունները,

6) կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ բուհի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները,

 7) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում բուհի աշխատողներին,

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը,

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ,

10) կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի հաստիքացուցակը եւ կառուցվածքը,

11) գիտական խորհրդի  հաստատմանն է ներկայացնում ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ուսման վարձերի չափը,

12) իրականացնում է սույն օրենքով եւ բուհի կանոնադրությամբ վերապահված այլ գործառույթներ:

8. Ռեկտորի պարտականություններն են՝

1) պատշաճ եւ ժամանակին կատարել կառավարման խորհրդի եւ գիտական խորհրդի կողմից ընդունված որոշումները,

2) ապահովել բուհի բնականոն գործունեությունը,

3) ժամանակին կատարել լիազորված պետական մարմնի, հիմնադրի, կառավարման խորհրդի որոշումները,

4) գիտական խորհրդին ներկայացնել բուհի գործունեության մասին տարեկան զեկույց,

5) կառավարման խորհրդի հաստատմանը ներկայացնել բուհի գործունեության (ներառյալ՝ եկամուտների եւ ծախսերի) տարեկան հաշվետվությունը եւ ապահովել դրա հրապարակայնությունը,

6) կատարել սույն օրենքով, բուհի կանոնադրությամբ եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ:

9. Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը, ով՝

1) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար եւ նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ,

3) չի բավարարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

10. Բուհի գործունեության մասին ռեկտորի կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի կողմից չընդունվելու դեպքում խորհուրդը կարող է քննարկել ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծման հարցը:

11. Բուհի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձեւավորման կարգը եւ իրավասությունը սահմանվում են բուհի կանոնադրությամբ:

12. Բուհի պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով:

13. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բուհում մինչեւ խորհրդի ձեւավորումը բուհի հիմնադիրը նշանակում է ռեկտորի պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը

1. Բուհի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման լիազորված մարմինը եւ օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:

2. Բարձրագույն  կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝

1) հանրային  բուհերի ստեղծումը, վերակազմակերպումը եւ լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) միջազգային դասակարգմանը համապատասխան մասնագիտությունների եւ դրանց դասիչների ու համապատասխան աստիճանների որակավորումների, ինչպես նաեւ նախաբակալավրի, ցանկի հաստատումը՝ ըստ բարձրագույն կրթության մասնագիտությունների ոլորտների եւ ենթաոլորտների,

3) բուհերի եւ դրանց մասնագիտությունների ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի, ինչպես նաեւ հավատարմագրման չափանիշների հաստատումը,

4) իրականացվող կրթական ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի լիցենզավորման կարգերի հաստատումը,

5) Հայաստանի Հանրապետության հանրային եւ մասնավոր բուհեր ընդունելության (բակալավրի եւ առաջին ու երկրորդ աստիճաններն ընդգրկող ինտեգրված ծրագրով ուսուցման) կարգի հաստատումը,

 6)  որակավորումների ազգային շրջանակի եւ դրա մակարդակների (աստիճանների)  ընդհանրական բնութագրիչների հաստատումը,

7) պետական ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ այդ միջոցներից կրթաթոշակ տրամադրելու, կրթաթոշակ սահմանելու՝ տարբերակված ըստ կրթական աստիճանների եւ մասնագիտությունների, ուսանողական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը,

8) ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը` ըստ բուհերի սեփականության ձեւի, կրթական աստիճանների եւ հավատարմագրման արդյունքների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ըստ կրթական աստիճանների, ինչպես նաեւ այն չափանիշների սահմանումը, որոնց դեպքում բուհը կարող է սահմանել ուսման վարձի առավելագույն չափը գերազանցող ուսման վարձի չափ,

9) հեռավար ձեւով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկերի հաստատումը,

10) ինտեգրված ծրագրով ուսուցմամբ կարգի եւ մասնագիտությունների ցանկի հաստատումը,

11) Հայաստանի Հանրապետության հանրային եւ մասնավոր բուհեր նախաբակալավրի ուսուցմամբ ընդունելության եւ ուսումնառության կարգի հաստատումը:

Բարձրագույն  կրթության եւ հետազոտական բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցանկը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում բարձրագույն կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա:

Հայտերը ներկայացնելու եւ դրանք քննարկելու կարգը հաստատում է բարձրագույն կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Բարձրագույն կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունն է՝

1) ըստ մասնագիտությունների ուղղությունների ոլորտային (ենթաոլորտային) որակավորումների շրջանակի հաստատումը,

2) մասնագիտության կրթական ծրագրի ձեւավորման չափորոշիչների սահմանման սկզբունքները,

3) բարձրագույն  կրթության որակի վերահսկողության իրականացումը,

4) ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտուրայում ուսուցման ձեւակերպման կարգի հաստատումը,

5)  բուհերում ուսանողների ակադեմիական շարժունության եւ տեղափոխության կարգի հաստատումը,

6) բարձրագույն կրթության երրորդ աստիճանում որակավորման շնորհման եւ ավարտական փաստաթղթի տրամադրման կարգի հաստատումը,

7) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը,

8) ուսուցման գործընթացի կազմակերպման ապահովման նպատակով բուհերի համար ոչ պարտադիր մեթոդաբանությունների, ուղեցույցների, կարգերի, այդ թվում` էթիկայի կանոնակարգի, մշակումը եւ հաստատումը,

9) բուհի գործունեության կատարողական արդյունքային ցուցանիշների մշակումը եւ հաստատումը,

10) բուհի գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների մշակումը եւ հաստատումը,

11) բուհի հետ գործունեության կատարողական արդյունքային ցուցանիշների վրա հիմնված պայմանագրերի կնքումը,

12) բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման, գործարկման եւ վարման կարգի հաստատումը,

13) որակավորումների պետական գրանցամատյանի ստեղծման, գործարկման եւ գրանցամատյանի վարման կարգի հաստատումը,

14) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների եւ ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչումը, եթե բուհի կառավարման խորհուրդը չի տվել համապատասխան լուծում:

Բարձրագույն կրթության եւ հետազոտական բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Գ Լ ՈՒ Խ  4

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 22. Բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը

1. Բուհերի ֆինանսական գործունեությունն իրականացվում է հրապարակայնության, միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման սկզբունքներով:

2. Բուհի ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը,

2) վճարովի ուսուցման ծառայություններից (նման ծառայություն մատուցելու իրավունք ունենալու դեպքում), ինչպես նաեւ մատուցված այլ կրթական, տնտեսական կամ հետազոտական ծառայությունների կամ ապրանքների իրացումից ստացված եկամուտները,

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

4) ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունները եւ նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները եւ նվիրաբերությունները,

5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կամ այլ աղբյուրներից ստացված դրամաշնորհները,

6) այլ պետությունների պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը,

7) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բուհերի ֆինանսավորման տեսակները

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բուհերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետեւյալ ձեւերով՝

1) բազային ֆինանսավորում, որը հատկացվում է   հանրային  բուհերին ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման, ընթացիկ ծախսերի կատարման նպատակով եւ կախված չէ բուհին հատկացվող պետական կրթաթոշակների թվից: Բազային ֆինանսավորման բաղկացուցիչ մաս է կազմում բուհերի գործունեության կատարողական արդյունքային ցուցանիշները,

2) ուսանողական կրթաթոշակի տրամադրում, որն պետական կրթաթոշակի ձեւով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման պահանջները եւ չափանիշները,

3) մրցակցային ֆինանսավորում, որը տրամադրվում է բուհի զարգացմանն ուղղված նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի եւ մասնագիտությունների, բաշխում է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պետական կրթաթոշակների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս:

3. Ուսման վարձի լրիվ փոխհատուցում պետական կրթաթոշակի ձեւով տրամադրվում է մրցութային կարգով բուհի առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճաններով, ինչպես նաեւ ռեզիդենտուրայի կրթական ծրագրերով, սահմանված կարգով առաջին կուրս ընդունվածներին՝ համաձայն տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղերի:

4. Ուսման վարձի լրիվ փոխհատուցում պետական կրթաթոշակի ձեւով տրամադրվում է նաեւ մրցութային կարգով բուհ ընդունված հետեւյալ խմբերին՝

1) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին եւ նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

2) 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց եւ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

3) զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

4) նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված ուսանողներին ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված պետական կրթաթոշակ տրամադրվում է տվյալ կրթական աստիճանում՝ առանց փոխատեղման սկզբունքի կիրառման:

6. Պետական կրթաթոշակ տրամադրվում է նաեւ որպես ֆինանսական աջակցություն՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

7. Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում պետական կրթաթոշակի ձեւով տրվում է նաեւ կարիքավոր ուսանողներին՝ սոցիալական անապահովության չափանիշների եւ առաջադիմության արդյունքների համակցմամբ ։

8. Պետության կողմից տրամադրվող պետական կրթաթոշակների կարող են հավակնել միայն ամբողջական բեռնվածությամբ սովորող ուսանողները: Ամբողջական բեռնվածության առնվազն 75 տոկոս համապատասխան գումարային կրեդիտներ չկուտակած ուսանողը՝ ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում, զրկվում է պետության կողմից պետական կրթաթոշակ ստանալու հնարավորությունից:

Պետական կրթաթոշակը տրամադրվում է ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածության 100 տոկոս գումարային կրեդիտներին համապատասխան, որն ուսանողը կարող է լրացնել նաեւ վեց ուսումնական տարում:

9. Ուսանողական կրթաթոշակների տրամադրման կարգը, պահանջները եւ չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 24. Բուհերի հաշվապահական եւ ֆինանսական հաշվառումը, հաշվետվողականությունը եւ աուդիտը

1. Հայաստանի Հանրապետության բուհերն իրենց հաշվապահական եւ ֆինանսական հաշվառումը, աուդիտն իրականացնում են համաձայն իրենց կազմակերպաիրավական կարգավիճակի համար սահմանված օրենսդրության:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բուհերը բարձրագույն կրթության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմին են ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին հաշվետվություն, որի կազմման եւ հանձնման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  կարող է հաջորդ ուսումնական տարվա համար, 4 ուսումնական տարի անընդմեջ, պետական կրթաթոշակ տրամադրել առնվազն 3 մասնագիտությունների կրթական ծրագրերով հավատարմագրում ունեցող մասնավոր բուհին՝ ելնելով պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների մասնագիտություններից եւ ծրագրերի որակից:

4. Մասնավոր բուհին պետական կրթաթոշակի տրամադրման դեպքում եւ բուհի վերջին 4 տարվա հաշվետվողականության արդյունքների հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է քննարկվել բուհին պետական կրթաթոշակի հետագա տրամադրման հնարավորությունը:

5. Պետական կրթաթոշակ ստացող բուհը պարտավոր է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին յուրաքանչյուր տարի ներկայացնել տեղեկատվություն՝ տրամադրված միջոցների ծախսման վերաբերյալ:

Հոդված 25. Բուհի նյութատնտեսական հիմքերը

1. Հայաստանի Հանրապետության հանրային բուհի հիմնադիրը (հիմնադիրները) կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով բուհին սեփականության կամ անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:

2.Տվյալ գույքը չի կարող լինել գրավի առարկա, ինչպես նաեւ չի կարող փոխանցվել կամ հանձնվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց որպես սեփականություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3. Բուհը սեփականության իրավունք ունի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուհին նվիրատվության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, բուհի գործունեության արդյունք համարվող մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները բուհերին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ եւ հողամասեր:

5. ՈՒսումնական նշանակության համար նախագծվող բուհերի շենքերը, շինությունները եւ այլ տարածքները պետք է նախագծվեն՝ հաշվի առնելով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց պահանջմունքները: Առկա շենքերը, շինությունները եւ այլ տարածքները  պետք է հարմարեցվեն վերոնշյալ անձանց համար:

6. Բուհը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ իր կանոնադրության համապատասխան, իրավունք ունի՝

1) տնօրինել սեփական կամ պետության կողմից ստացված միջոցների հաշվին իր կողմից ստեղծած մտավոր սեփականությունը,

2)  ստեղծել հատուկ նպատակային ֆոնդեր, որոնց կողմից ստեղծված եկամուտներն օգտագործել իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար,

3) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, որոնց տեսակները սահմանվում են բուհի կանոնադրությամբ,

4) ստեղծել սեփական բազա կամ պայմանագրային հիմունքներով օգտագործել նյութատեխնիկական բազաներ՝ կրթական, գիտական, նորարարական կամ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով,

5) ստեղծել եւ զարգացնել սեփական սոցիալ-տնտեսական, սպորտա-առողջարարական, մարզամշակութային, բուժկանխարգելիչ եւ մշակութային ենթակառուցվածքային միավորներ,

6) իրականացնել կապիտալ շինարարություն, հիմնական միջոցների ընթացիկ եւ կապիտալ վերանորոգումներ,

7) մասնակցել տարբեր մարմինների  հիմնադիր կապիտալի ձեւավորմանը՝ ոչ նյութական ակտիվներով ներդրումներ կատարելու միջոցով,

8) ստեղծել նորարարական գործունեություն իրականացնող ընկերություններ,

9) սահմանված կարգով կատարել արտարժույթով վճարումներ:

 7. Հանրային բուհերը հաշվետու տարվա գործունեության արդյունքներով շահույթ ձեւավորելու դեպքում զուտ շահույթի առնվազն 5 տոկոսի չափով ձեւավորում են պահուստային ֆոնդ  ապագա ռիսկերի եւ անորոշությունների` ներկա արժեքի եւ ապագայի դեպքերի, անբարենպաստ պայմանագրերի եւ այլ չկանխատեսված ֆորս-մաժորային իրավիճակների համար:

8.Կառավարման խորհրդի որոշմամբ պահուստային ֆոնդի գումարները կարող են ներդրվել ցածր ռիսկայնություն ունեցող ներդրումային ծրագրերում, որոնցից ստացված եկամուտը հաստատությունը կարող է օգտագործել իր ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացման համար:

9. Հանրային բուհերն իրավունք ունեն իրենց ամրացված տարածքները հանձնել վարձակալության մինչեւ 5 տարի ժամկետով: Ամրացված տարածքները վարձակալության հանձնելու արդյունքում ստացված վճարները բուհի սեփականությունն են եւ ուղղվում են պահուստային ֆոնդի համալրմանը:

Հոդված 26. Բուհի կողմից սահմանվող վճարները եւ ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վարձի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ուսանողները

1. Բուհերը կարող են սահմանել կրթական ծառայություններ մատուցելու համար ըստ մասնագիտությունների ուսման վարձի չափը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի պահանջների պահպանմամբ:

2. Բուհերը կարող են նաեւ սահմանված կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ, որոնց սահմանման անհրաժեշտությունը եւ չափը հաստատում է տվյալ բուհի կառավարման խորհուրդը` ռեկտորի ներկայացմամբ։

Արգելվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների մատչելիության ապահովման համար հավելյալ վճարների գանձումը։

3.Հայաստանի Հանրապետության բուհեր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի պահանջներին համապատասխան ընդունված օտարերկրացի ուսանողների, ռեզիդենտների համար բուհի կողմից կարող է սահմանվել ուսման վարձի առավելագույն չափից բարձր ուսման վարձի չափ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Արգելվում է բուհերի վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Արցախի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ բուհում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

5. Բուհը վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին, ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 5 տոկոսի չափով իրականացնում է ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

6.Պետության եւ բուհի կողմից տրվող ուսանողական կրթաթոշակներին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է լրիվ կամ մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

7.Վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողները, ռեզիդենտներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:

Բուհերն, ըստ անհրաժեշտության, կարող են սահմանել ուսման վարձի ըստ ամիսների վճարման մեխանիզմներ:

8. Բուհերը տվյալ տարվա ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման վերաբերյալ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում են հաշվետվություն կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

9. Բուհի կողմից ուսանողական կրթաթոշակի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Գ Լ ՈՒ Խ  5

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 27. Բուհի ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները եւ միավորումները

1. Բուհի ուսանողը բարձրագույն կրթության սուբյեկտ է, ով սահմանված կարգով ընդունվել (գրանցվել) է բուհ բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտական կրթությամբ կամ ինտեգրված ուսուցման ծրագրով, ինչպես նաեւ նախաբակալավրի ուսուցման ծրագրով, ուսումնառելու համար:

2. Բուհ ընդունված եւ ուսումնառող ուսանողները պայմանագրային իրավահարաբերությունների մեջ են մտնում տվյալ բուհի հետ: Ուսումնառության մասին պայմանագրով ամրագրվում են համապատասխան ուսուցման ձեւով եւ կրթական աստիճանով ուսանողի ուսումնառությունն իրականացնելու ակադեմիական եւ ֆինանսական կարգն ու պայմանները, բուհի եւ ուսանողի իրավունքներն ու պարտականությունները:

3. Ուսանողի կարգավիճակի հետագա փոփոխությունն ամրագրվում է ռեկտորի հրամանով, որի մասին պայմանագրում կատարվում է համապատասխան լրացում: Պայմանագրով չկարգավորված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Բուհի ուսանողները կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների եւ պահանջմունքների, ընտրել մասնագիտություն, բուհի տեսակը եւ ուսուցման ձեւը, զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն կրթությունը:

5. Բուհի ուսանողն իրավունք ունի՝

1) բուհի գիտական խորհրդի սահմանած կարգով ընտրելու տվյալ մասնագիտության կրթական ծրագրով ուսուցման համար տվյալ մասնագիտության կրթական ծրագրով ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում է համապատասխան ուսումնական ստորաբաժանումը (ֆակուլտետը, ամբիոնը),

2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձեւավորմանը՝ պահպանելով բարձրագույն կրթության մասնագիտության կրթական ծրագրի պահանջները,

3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բուհում՝ այդ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով,

4) համաձայն բուհում սահմանված ընթացակարգի՝ անվճար օգտվելու բուհի գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական եւ այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու հետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին եւ սիմպոզիումներին,

5) ազատ արտահայտելու իր մտքերը եւ կարծիքը բուհի համապատասխան կառավարման մարմիններում ու ուսանողության շահերը ներկայացնող այլ կառույցներում,

6) օգտվելու ուսանողական կրթաթոշակի տրամադրման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, ֆինանսական աջակցություն, ինչպես նաեւ ուսանողական վարկ,

8) ծանոթանալու բուհի կանոնադրությանը եւ նորմատիվ այլ փաստաթղթերի,

9) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ մինչեւ մեկ տարի ժամկետով,

10) ամբողջական բեռնվածությամբ սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում,

11) հանրակացարանի առկայության եւ բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բուհի սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ ուսումնառության համար նախատեսված ժամկետով,

12) փոխադրվելու մեկ այլ բուհ (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների),

13) ուսման բարձր առաջադիմության եւ հետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական եւ (կամ) նյութական խրախուսանք` բուհի սահմանած կարգով,

14) բուհի գիտական խորհրդի սահմանած կարգով անցնելու ուսումնական, մասնագիտական եւ հետազոտական պրակտիկա համապատասխան ուսումնական հաստատություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում,

15) սահմանված կարգով շարունակելու իր ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ բուհի կրթական ծրագրով, իր ուսումնառած կրթական ծրագրերից որեւէ մեկի փակման դեպքում,

16) լիիրավ մասնակցելու բուհի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` նախատեսված օրենքով եւ (կամ) բուհի կանոնադրությամբ,

17) մասնակցելու ուսանողների կողմից բուհի դասախոսական կազմի աշխատանքի որակի եւ առաջարկվող դասընթացների գնահատման հարցումներին՝ բուհի գիտական խորհրդի կողմից սահմանած կարգին համապատասխան,

18) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում:

6. Բուհի ուսանողը պարտավոր է՝

1) կատարել բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունները,

2) տիրապետել տվյալ մասնագիտության կրթական ծրագրով սահմանված գիտելիքին, հմտություններին եւ կարողունակությանը,

3) հաճախել ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներին եւ սահմանված ժամկետներում կատարել ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված գործառույթները,

4) ակադեմիական պարտքեր ունենալու դեպքում հանձնել դրանք բուհի կողմից սահմանված ժամկետներում եւ կարգով,

5) խնամքով եւ հոգատարությամբ վերաբերվել բուհի գույքին,

6) ուսումնառության պայմանագրով նախատեսված ժամկետներում եւ կարգով վճարել ուսման վարձը (սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում կարող է հեռացվել բուհից),

7) պահպանել բուհի կողմից սահմանված էթիկայի կանոնները եւ ակադեմիական բարեվարքության վարքականոնները:

7. Բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ ներքին ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով բուհից հեռացնելը:

8. Սովորողներին արգելվում է հեռացնել ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

9. Սովորողներն իրավունք ունեն բուհի կանոնադրությամբ եւ ներքին իրավական ակտերով սահմանված կարգով բողոքարկելու բուհի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնելու բուհի ուսուցման եւ ենթակառուցվածքների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ:

10. Բուհի իրավասու մարմինների (անձանց) եւ բուհում ձեւավորված վեճերի լուծման հանձնաժողովի կողմից ուսանողների բողոքին սահմանված կարգով ընթացք կամ լուծում չտալու դեպքում ուսանողներն իրավունք ունեն իրենց ուսանողական իրավունքների խախտման հետ կապված բուհի կայացրած որոշման կամ գործողության կամ անգործության առնչությամբ դիմել պետական կառավարման լիազորված մարմնին եւ (կամ) օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան: Պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ուսանողների դիմումները քննարկելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

11. Կրթության համապատասխան աստիճանի ամփոփիչ ատեստավորումները հանձնած եւ բուհի ներքին իրավական ակտերով ու ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած անձինք սահմանված կարգով ազատվում են բուհից եւ դադարում են ունենալ ուսանողի կարգավիճակ:

12. Կրթությունը ցանկացած ձեւով ընդհատած (ազատում, հեռացում, դադարեցում) նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու ուսանողի իր կարգավիճակը:

13. Բուհերում ուսանողական ինքնակառավարման մարմինները (ուսանողական խորհուրդներ, ուսանողական գիտական ընկերություններ) կազմում են տվյալ բուհի հանրային կառավարման անբաժանելի մասը եւ գործում են սույն օրենքի ու բուհի կանոնադրության, ինչպես նաեւ բուհի գիտական խորհրդի կողմից հաստատած ուսանողական խորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության օրինակելի կանոնադրությունների հիման վրա:

14. Բուհի ուսանողական խորհուրդը՝

1) բուհում եւ դրանց համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում գործում է որպես ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին, որը միավորում է բուհի ուսանողներին եւ իրականացնում նրանց ինքնակառավարման իրավունքը՝ ելնելով նրանց շահերից, կարիքներից, իրավունքներից եւ պարտականություններից,

2)  իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է հետեւյալ սկզբունքներով՝

կամավորության, կոլեգիալության եւ հրապարակայնության,

ուսանողական ինքնակառավարման մարմնի ընտրության եւ հաշվետվողականության,

ուսանողական մարմինների աշխատանքներում ուսանողների, ռեզիդենտների մասնակցության  հավասարության,

քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների (բացառությամբ հոգեւոր բուհերի) ազդեցությունից անկախության,

3) ապահովում է ուսանողական ինքնավարության եւ ուսանողական ինքնակառավարման գործընթացները բուհի ողջ ուսանողության շրջանում, արտահայտում եւ պաշտպանում է կրթություն ստացողների շահերը՝ նպաստելով նրանց հասարակական, մտավոր, մշակութային, բարոյական եւ հոգեւոր զարգացմանը,

4) մասնակցում է ուսումնակրթական գործընթացների եւ ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը,

5) կարող է դառնալ նաեւ համապատասխան միջազգային կազմակերպության անդամ կամ նմանատիպ կազմակերպությունների հետ զարգացնել համագործակցություն:

15. Բուհի ուսանողական գիտական ընկերությունը՝

1) բուհում եւ դրանց համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում գործում է որպես բուհի ուսանողներին միավորող ուսանողական մարմին, որի նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական եւ հոգեւոր զարգացմանը,

2) ուսանողական գիտական ընկերության խնդիրներն ու գործունեության հիմնական ուղղություններն են՝

գիտական եւ կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների սատարումը եւ իրականացումը,

ուսանողական գիտաժողովների, սեմինարների եւ այլ գիտակրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպումը,

գիտական խմբերում եւ գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկվածության ապահովումը,

ուսանողների գիտական աշխատանքների եւ այլ գիտակրթական նյութերի տպագրման աջակցումը,

3) մասնակցում է բուհի գիտակրթական գործընթացներին:

16. Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների ֆինանսավորման չափը սահմանում է բուհի կառավարման խորհուրդը, բայց ոչ պակաս, քան ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 0.2 տոկոսի չափով:

17. Բուհի ուսանողական մարմինները պարտավոր են առնվազն տարին մեկ անգամ բուհի համապատասխան կառավարման մարմիններում ներկայացնել օգտագործված միջոցների եւ ծախսերի նախահաշվի կատարման վերաբերյալ հրապարակային հաշվետվություն՝ այն տեղադրելով նաեւ բուհի եւ (կամ) իրենց պաշտոնական կայքում:

Հոդված 28. Բուհերի աշխատողները եւ նրանց իրավունքներն ու պարտականությունները, կոչումները եւ աստիճանները

1. Սույն հոդվածի ընդհանուր դրույթներին համաձայն՝ բուհերի (մասնաճյուղերի) աշխատակազմի (այդ թվում՝ գիտամանկավարժական կազմի) ընտրության, նշանակման եւ վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականությունները, կոչումները եւ աստիճանները ու դրանց առնչվող դրույթներն ամրագրվում են բուհի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով եւ համապատասխան ներքին այլ իրավական ակտերով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան:

2. Բուհում սահմանվում են՝ գիտամանկավարժական կազմ՝ դասախոսական (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս) կազմ եւ գիտական աշխատողներ, վարչական, ինժեներատեխնիկական, ուսումնաօժանդակ, արտադրական եւ այլ կազմի աշխատողներ:

3. Բուհն իր վարչական եւ կառավարման գործառույթները կատարելու, ինչպես նաեւ՝ ուսումնական, գիտահետազոտական եւ փորձագիտական զարգացումն ապահովելու, տնտեսական գործունեությունն իրականացնելու համար պետք է ունենա սեփական վարչական կազմ, որի աշխատողների քանակը բուհի գործառույթներից եւ կարիքներից ելնելով որոշում է բուհի կառավարման խորհուրդը:

4. Բուհի կանոնադրությամբ ամրագրվում են նաեւ առանցքային վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց՝ ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների), դեկանների, ամբիոնների վարիչների, ղեկավար վարչական աշխատակազմի եւ նմանատիպ այլ պաշտոնների, պարտականություններն ու իրավունքները:

5. Վարչական եւ կառավարման պարտականություններից զատ՝ աշխատակիցները կարող են իրականացնել նաեւ մանկավարժական, հետազոտական գործունեություն:

6. Նույն անձը չի կարող միաժամանակ զբաղեցնել երկու կամ ավելի վարչական եւ (կամ) կառավարման գործառույթներ իրականացնող պաշտոններ:

7. Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավար, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ) եւ դեկանի տեղակալի գործունեությունը համարվում է վարչական աշխատանք:

Ամբիոնի վարիչի (ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի) գործունեությունը համարվում է վարչական եւ  գիտամանկավարժական:

8. Ֆակուլտետի ղեկավարումն իրականացվում է դեկանի կողմից, ով պետք է ունենա ֆակուլտետի ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճան կամ կոչում, եւ իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու 5 տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:

Ամբիոնի ղեկավարումն իրականացվում է ամբիոնի վարիչի կողմից, ով իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու 5 տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։

9. Ֆակուլտետի դեկանի կողմից տրված կարգադրությունները կարող են չեղարկվել բուհի ղեկավարի կողմից, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ բուհի կանոնադրությանը:

10. Բուհի ընտրովի պաշտոններն են` ռեկտոր, ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման ղեկավար,  ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ), ամբիոնի վարիչ (ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ), պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ եւ դասախոս, որոնք զբաղեցվում են բուհի կանոնադրությամբ սահմանված մրցութային կարգով:

Բուհի մասնաճյուղի ղեկավարումն իրականացվում է մասնաճյուղի տնօրենի կողմից, ով իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու 5 տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:

11. Բուհում դասախոսական կազմի եւ գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բուհի կանոնադրությանը եւ կանոնակարգերին համապատասխան:

12. Բուհում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է բաց մրցութային կարգով՝ մինչեւ 5 տարի ժամկետով: Գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել մինչեւ 5 տարի ժամկետով՝ առանց մրցութային ընտրության:

Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձը հանրային բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ հանրային բուհի ռեկտորը կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր մինչեւ 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:

Հանրային բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական կամ գիտական ստորաբաժանման (ամբիոն) ղեկավարի պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

13. Բուհի դասախոսական եւ գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու եւ դրանք իրենց ընտրած մեթոդներով իրականացնելու:

14. Բուհի աշխատողն իրավունք ունի՝

1) բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու եւ ընտրվելու բուհի համապատասխան պաշտոններում եւ կառավարման համապատասխան մարմիններում,

2) մասնակցելու բուհի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը,

3) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական եւ գիտական ստորաբաժանումների, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային, բուժական եւ բուհի կամ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից՝ բուհի կանոնադրությանը եւ (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան,

4) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ,

5) բողոքարկելու բուհի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները եւ կարգադրությունները,

6) ունենալու անհրաժեշտ կազմակերպական եւ նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար,

7) միավորվելու արհեստակցական եւ մասնագիտական այլ կազմակերպություններում:

15. Բուհի աշխատողները պարտավոր են՝

1) ապահովել կրթական եւ գիտական գործընթացների արդյունավետությունը,

2) պահպանել բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները,

3) սովորողների մեջ ձեւավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն,

4) սովորողների շրջանում զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ ստեղծագործական ունակություններ,

5) բուհի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում անցնել մասնագիտական զարգացմանը եւ որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացներ,

6) պահպանել բուհի կողմից սահմանված էթիկայի կանոնները եւ ակադեմիական բարեվարքության վարքականոնները ։

16. Բուհի գիտամանկավարժական եւ վարչական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտը պետք է պարունակի նաեւ աշխատողի կատարողականի կանոնավոր գնահատման (ներառյալ գիտամանկավարժական կազմի ուղղակի դասալսումներ) եւ մասնագիտական զարգացմանը նպաստող դրույթներ:

17. Բուհն իր ունեցած եւ աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատակազմի աշխատանքի վարձատրության ձեւը եւ համակարգը, լրավճարների, հավելումների, պարգեւատրումների եւ նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաեւ բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը` առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափեր սահմանելու:

18.Բուհի աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով նախատեսված գործառական պարտականությունների եւ աշխատանքների կատարման համար:

19. Բուհի կրթական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին հանրային, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ ստեղծված բուհերն ինքնուրույն ձեւավորում են աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:

Գ Լ ՈՒ Խ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Եզրափակիչ դրույթներ

1 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի պահանջները բուհերի վրա տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաջորդ ուսումնական տարվանից սկսած:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով եւ 18-րդ մասով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել սույն օրենքի ընդունումից հետո երրորդ ուսումնական տարվանից սկսած:

Մինչեւ սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի  14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլիի  14-ի ՀՕ-297 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:

4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված բուհերի ընդունելության գործընթացի կազմակերպման պահանջը տարածվում է ներառյալ 2019/2020 ուստարվանից սկսած, իսկ նույն հոդվածի 10-րդ  մասով նախատեսված պահանջը՝ սույն օրենքի ընդունումից հետո երրորդ ուսումնական տարվանից սկսած:

6. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 8-րդ մասերի դրույթները բուհերում ներդնել սույն օրենքի ընդունումից հետո երրորդ ուսումնական տարվանից սկսած:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի  14-ի ՀՕ-62-Ն օրենքը, բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 4?1-4?3 մասերի, 14-րդ հոդվածի եւ 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչեւ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դրույթների ուժի մեջ մտնելը:

Հոդված 30. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բուհին տրված լիցենզիաները գործում են մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ եւ դրանց գործողությունը դադարում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից: Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին համապատասխան նոր լիցենզիաներ ստանալու կամ լիցենզիաները վերաձեւակերպելու համար բուհը պետք է դիմի մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը։

2. Մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, սակայն մասնագիտության կրթական ծրագրով ծրագրային հավատարմագրում չունեցող բուհերի կողմից տրամադրված դիպլոմները եւ շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից:

3. Մինչեւ  Հայաստանի Հանրապետության կառավարության 30.06.2011 թվականի N 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչեւ 2020 թվականի օգոստոսի 30-ը:

4. Մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը բուհը պետք է դիմի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար:

5. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 28-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ պարբերությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք ընտրվել (նշանակվել) են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Նրանք պաշտոնավարում են մինչեւ պայմանագրի ժամկետի լրանալը:

6. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում այն բուհերի վրա, որոնք հիմնադրվել են մինչեւ 1992թ. հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի եւ օտարերկրյա պետության լիազոր մարմնի կամ ուսումնական հաստատության միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա: Նշված բուհերի նկատմամբ կիրառվում են սույն մասով նշված պայմանագրերի նորմերը:

Նշված բուհերում օտար լեզուներով ուսուցման կազմակերպումը հնարավոր է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ։

7. Սույն օրենքի 18-րդ եւ 20-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում մասնավոր բուհերի վրա:

8. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ռազմաբժշկական բուհերում կամ ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի պատվերով բարձրագույն բժշկական կրթության ինտեգրված կամ համարժեք ծրագրով ուսուցում անցնող անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն հետուսումնական ինտերնատուրայի կրթական ծրագրով ուսումնառությունն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ենթակա է իրականացման սույն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով։

9. Սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային բուհերի կառավարման խորհուրդները ձեւավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում: Մինչ սույն օրենքով նախատեսված կարգով նոր կառավարման խորհուրդների ձեւավորումը, գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը:

10. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պաբերություններով նախատեսված կանոնները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ նշված կանոնները կիրառվում են այն անձանց նկատմամբ, ում 70 տարին լրացել է:

Տեղեկանք-հիմնավորում

«Բարձրագույն կրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում («Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին») լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ եւ միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաեւ՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ: Այն ներառում եւ պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման, իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցման, անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձեւից ու կարգավիճակից նրանց ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների եւ պահանջների հստակ սահմանման եւ ապահովման, ինչպես նաեւ՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես օրենսդրությամբ հստակեցնելու ու ամրագրելու անհրաժեշտություն ունեն բուհի առաքելությունից, խնդիրներից եւ գործառույթներից ու պետության կարիքներից բխող հիմնական պարտավորությունները (այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում իրականացվող ուսուցման շրջանակին, որակին եւ արդյունավետությանը վերաբերող պարտականություններ) ու դրանց ֆինանսավորման պայմանները, բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարության եւ հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության (նաեւ հնարավոր ֆինանսական պայմանագրի կնքմամբ) ապահովման համար, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով կարեւոր պայմաններից է: Նշենք նաեւ, որ 2014 թվականից Եվրոպական Միությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է հինգ հիմնական ուղղություններով, որոնցից մեկն էլ ուղղված էր Բոլոնիայի գործողություններին ու նախաձեռնություններին համապատասխան ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության վերանայմանը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Բոլոնիայի գործողություններին եւ նպատակներին համապատասխանելիությանն միտված բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ օրենսդրության վերանայման նպատակով նախեւառաջ առաջնահերթ է գործող օրենսդրության հնարավոր բացերի վերլուծությունը եւ խնդիրների վերհանումը: Մասնավորապես վերջինիս հետ կապված ուսումնասիրվել է մի շարք երկրների (Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Կոսովո եւ այլն) բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությունները, հիմնականում նկատի ունենալով բարձրագույն կրթության բնագավառում ակադեմիական, կառավարման, ուսանողների ընդունելության, ինչպես նաեւ՝ համեմատական կարգով հիշյալ երկրներում ֆինանսական հարաբերությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները եւ պայմանները: Իրականացվել է նաեւ համեմատություն Լիտվայի եւ Էստոնիայի բարձրագույն կրթության որակի ապահովման եւ որակավորումների շնորհման համակարգերի միջեւ: Ուսումնասիրվել են բուհերում սոցիալական տարբեր խմբերի ներգրավվածության բարձրացման նպատակով ԵՄ երկրներում վերջին տարիներին ներդրված մի շարք ճկուն մեխանիզմները (պետության կողմից տրամադրվող ուսանողական վարկեր, ուսման վարձավճարի վճարման հետաձգման):

Նշենք, որ գործող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» ՀՀ օրենքով, սահմանված համապատասխան դրույթները չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձեւից ու կարգավիճակից կախված բուհերի կառավարման եւ ինքնուրույնության հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ֆինանսավորման եւ հաշվետվողականության անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները: Բուհերի կառավարման մոդելի բարեփոխման մասով օրենսդրությամբ անհրաժեշտ ամրագրման եւ կարգավորման դրույթներից են մասնավորապես՝ բուհերի կազմակերպաիրավական ձեւերի (այդ թվում՝ ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման), կառավարություն-նախարարություն-բուհ իրավասության սահմանների, կառավարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը:

Մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման արդիականացումը կրթական բարեփոխումների կայացման կարեւոր նախապայմաններից մեկն է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներում ինստիտուտների ու համալսարանների իրավակազմակերպական հիմնական արդիական ձեւը հիմնադրամն է: Բուհի ինստիտուցիոնալ ինքնավարությունից բխում է ակադեմիական, կառավարման եւ ֆինանսատնտեսական գործունեության ազատականացում, որը որակյալ բարձրագույն կրթական միջավայր ապահովելու կարեւոր նախապայման է: Բուհին այսօր անհրաժեշտ է ակադեմիական ազատականացում իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար, իսկ բուհի այսօրվա կազմակերպաիրավական (որպես պետական ոչ առեւտրային կազմակերպությոն) կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ծավալել եւ ընդլայնել ձեռնարկատիրական առավել արդյունավետ մասշտաբներ: Ներկայիս դրությամբ ՀՀ բուհերում ուսանողների թվի նվազման պարագայում բուհի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի նախնական ներդրում պահանջող, ինչպես նաեւ՝ որոշակի սահմանված կարգով ազատ ընտրել շահառուների եւ գործընկերների շրջանակը: Նշված եւ այլ սահմանափակումները վերացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակների ընտրության հնարավորություն (մասնավորապես՝ նաեւ հիմնադրամի վերակազմավորման), նկատի ունենալով նաեւ հետեւյալ հանգամանքները՝ բուհին լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործելու իր գույքը, բուհի կողմից ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը, ինչպես նաեւ՝ հիմնադրամի կարգավիճակի ընտրությունը բուհերի համար ավելի շատ բարձր ինքնուրույնություն եւ ինքնակառավարում է ենթադրում, ինչը համահունչ է բուհերի ակադեմիական ինքնավարության միջազգային եւ ներպետական պահանջներին ու սկզբունքներին:

Ֆինլանդիայի օրինակով դիտարկվել է 2013 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այդ երկրում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման համակարգը՝ որպես հիմնական կատարողականի գործիքներ առանձնացնելով կրթության որակը, միջազգայնացումը եւ հետազոտական ուղղվածությունը:

Լիտվայի պարագայում բարձրագույն կրթական համակարգի ֆինանսավորման մոդելի առանձնահատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բուհական համակարգի ֆինանսավորման, ինչպես նաեւ ուսանողների աջակցման մեխանիզմների՝ այդ թվում նաեւ խորհրդատվական, գործում է պետության կողմից ստեղծված հիմնադրամ, որի գործունեությունը զգալի կերպով նպաստել է երկրում բուհերի ֆինանսավորման թափանցիկության, ինչպես նաեւ պետության կողմից ուսանողական նպաստների, ուսանողական վարկերի տրամադրմանը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանելու կամ դրանք լիովին վերանայելու կարիք ունեն մի շարք խնդիրներ, որոնք են՝

- բուհի առաքելությունից, խնդիրներից եւ գործառույթներից ու պետության կարիքներից բխող հիմնական պարտավորությունները (այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում իրականացվող ուսուցման շրջանակին, որակին եւ արդյունավետությանը վերաբերող պարտականություններ),

- բուհերի ֆինանսավորման սկզբունքները եւ պայմանները, նրանց ինստիտուցիոնալ ինքնավարության եւ հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրումը ու կիրարկումը, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով կարեւոր պայմաններից է,

- միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական եւ կիրառվող հասկացությունների (համալսարան (այդ թվում՝ հանրային եւ մասնավոր), կրթական ծրագիր, աստիճան, կրկնակի աստիճանակարգ, որակավորում եւ այլն) սահմանումը,

- բուհերի լիցենզավորման ու հավատարմագրման պայմանների ու պահանջների, ներքին եւ արտաքին որակի ապահովման (ինչպես նաեւ՝ վերահսկողության մեխանիզմների) ու ընդլայնման հստակ ամրագրումը,

- ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրումը,

- բուհերի կառավարման մոդելի բարեփոխման նպատակով կազմակերպաիրա-վական ձեւերի (այդ թվում՝ ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման), կառա-վարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը եւ այլն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության նպատակներից է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի դրույթներից բխող բարձրագույն կրթության կազմակերպման, կազմակերպաիրավական ու ֆինանսական հարաբերությունների կանոնակարգումը եւ հստակեցումը, ինպես նաեւ՝ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության որակի ապահովման եւ կատարելագործման ժամանակակից ու համապարփակ իրավական հենքի ստեղծումը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Իրավական ակտի կարգավորման նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝

- խթանել նորարարությունը, բուհերի միջեւ մրցակցությունը եւ պատասխանատվությունը՝ համահունչ միջազգային (եվրոպական) չափանիշներին,

- ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, ինչպես նաեւ՝ մատչելի եւ հանրությանը հասանելի հաշվետվողականությունը,

- հստակ տարանջատել եւ սահմանել բարձրագույն կրթության բնագավառում ՀՀ կառավարության, լիազոր մարմնի եւ բուհերի պարտավորությունները եւ իրավասությունները, այդ թվում՝ բուհերի կառավարման մարմինների գործառույթները,

- ապահովել համապատասխանելիությունն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին այնպես, որ բուհերի բոլոր ներքին շահառուների համար ստեղծվի էլ ավելի լայն շարժունության, ՀՀ որակավորումների միջազգային ճանաչման եւ ՀՀ ու Բոլոնիայի մասնակից երկրների բուհերի միջեւ համագործակցության լայն հնարավորությունները,

- սահմանել բարձրագույն կրթության բնագավառում ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի լիազորությունները, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին բուհերի կողմից իրականացվող բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բաշխման պայմանները եւ սկզբունքները, նպաստելով բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի եւ այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը,

- սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձիք

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, իրավաբանական եւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական վարչությունների մասնագետներից ձեւավորված փորձագիտական աշխատանքային խմբի կողմից՝ ԵՄ միջազգային փորձագետների հետ համատեղ աշխատանքների արդյունքում:

Օրենքի նախագծի քննարկման գործընթացում ներգրավվել են նաեւ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը, «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը, ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, ուսանողական եւ հասարակական կազմակերպությունները, Համաշխարհային բանկի փորձագետները, տեղական փորձագետները:

Հասարակության իրազեկման նպատակով օրենքի նախագիծը լրացուցիչ անգամ տեղադրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքում http://edu.am/ «Հանրային քննարկումներ» բաժնում, ինչպես նաեւ http://www.e-draft.am/ կայքում:

6. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում ամբողջական եւ հստակ կսահմանվեն՝

- բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը եւ պայմանները,

- կրթական, հետազոտական, տեխնոլոգիական եւ նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները եւ մեխանիզմները, այդ թվում՝ ուսման վարձերի եւ ուսանողական նպաստների հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների արտոնության տրամադրման,

- բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները եւ պահանջները, որը կարտացոլի հաստատության պատասխանատվությունը եւ կատարողականությունը պետության ու հասարակության առջեւ,

- բարձրագույն կրթության բնագավառում միջազգային պահանջներին համապատասխան եւ անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները եւ մեխանիզմները:

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համահունչ կլինի բարձրագույն կրթության մասին միջազգային օրենսդրությանը եւ կնպաստի բարձրագույն կրթության համակարգի ու հաստատությունների միջազգայնորեն մրցունակությանը:


Տեղեկանք

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:


Եզրակացություն

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի 2018 թվականի հունվարի 25 - ի N 44 - Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Բարձրագույն կրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Oրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18 - ի N 88 - Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ