Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2606-08.02.2018-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք)  19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1. 8.5.3  կետում «բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բակալավրի աստիճանով կրթական ծրագրի իրականացման համար» բառերով:

2. 8.5.5 կետում «մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «մագիստրոսի աստիճանով կրթական ծրագրի իրականացման համար» բառերով:

3. լրացնել նոր 8.5.6-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.
 
«8.5.6 Ասպիրանտի աստիճանով կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Տեղեկանք-հիմնավորում

«Բարձրագույն կրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում («Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին») լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ եւ միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաեւ՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ: Այն ներառում եւ պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման, իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցման, անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձեւից ու կարգավիճակից նրանց ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների եւ պահանջների հստակ սահմանման եւ ապահովման, ինչպես նաեւ՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես օրենսդրությամբ հստակեցնելու ու ամրագրելու անհրաժեշտություն ունեն բուհի առաքելությունից, խնդիրներից եւ գործառույթներից ու պետության կարիքներից բխող հիմնական պարտավորությունները (այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում իրականացվող ուսուցման շրջանակին, որակին եւ արդյունավետությանը վերաբերող պարտականություններ) ու դրանց ֆինանսավորման պայմանները, բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարության եւ հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության (նաեւ հնարավոր ֆինանսական պայմանագրի կնքմամբ) ապահովման համար, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով կարեւոր պայմաններից է: Նշենք նաեւ, որ 2014 թվականից Եվրոպական Միությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է հինգ հիմնական ուղղություններով, որոնցից մեկն էլ ուղղված էր Բոլոնիայի գործողություններին ու նախաձեռնություններին համապատասխան ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության վերանայմանը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Բոլոնիայի գործողություններին եւ նպատակներին համապատասխանելիությանն միտված բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ օրենսդրության վերանայման նպատակով նախեւառաջ առաջնահերթ է գործող օրենսդրության հնարավոր բացերի վերլուծությունը եւ խնդիրների վերհանումը: Մասնավորապես վերջինիս հետ կապված ուսումնասիրվել է մի շարք երկրների (Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Կոսովո եւ այլն) բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությունները, հիմնականում նկատի ունենալով բարձրագույն կրթության բնագավառում ակադեմիական, կառավարման, ուսանողների ընդունելության, ինչպես նաեւ՝ համեմատական կարգով հիշյալ երկրներում ֆինանսական հարաբերությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները եւ պայմանները: Իրականացվել է նաեւ համեմատություն Լիտվայի եւ Էստոնիայի բարձրագույն կրթության որակի ապահովման եւ որակավորումների շնորհման համակարգերի միջեւ: Ուսումնասիրվել են բուհերում սոցիալական տարբեր խմբերի ներգրավվածության բարձրացման նպատակով ԵՄ երկրներում վերջին տարիներին ներդրված մի շարք ճկուն մեխանիզմները (պետության կողմից տրամադրվող ուսանողական վարկեր, ուսման վարձավճարի վճարման հետաձգման):

Նշենք, որ գործող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» ՀՀ օրենքով, սահմանված համապատասխան դրույթները չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձեւից ու կարգավիճակից կախված բուհերի կառավարման եւ ինքնուրույնության հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ֆինանսավորման եւ հաշվետվողականության անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները: Բուհերի կառավարման մոդելի բարեփոխման մասով օրենսդրությամբ անհրաժեշտ ամրագրման եւ կարգավորման դրույթներից են մասնավորապես՝ բուհերի կազմակերպաիրավական ձեւերի (այդ թվում՝ ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման), կառավարություն-նախարարություն-բուհ իրավասության սահմանների, կառավարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը:

Մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման արդիականացումը կրթական բարեփոխումների կայացման կարեւոր նախապայմաններից մեկն է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներում ինստիտուտների ու համալսարանների իրավակազմակերպական հիմնական արդիական ձեւը հիմնադրամն է: Բուհի ինստիտուցիոնալ ինքնավարությունից բխում է ակադեմիական, կառավարման եւ ֆինանսատնտեսական գործունեության ազատականացում, որը որակյալ բարձրագույն կրթական միջավայր ապահովելու կարեւոր նախապայման է: Բուհին այսօր անհրաժեշտ է ակադեմիական ազատականացում իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար, իսկ բուհի այսօրվա կազմակերպաիրավական (որպես պետական ոչ առեւտրային կազմակերպությոն) կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ծավալել եւ ընդլայնել ձեռնարկատիրական առավել արդյունավետ մասշտաբներ: Ներկայիս դրությամբ ՀՀ բուհերում ուսանողների թվի նվազման պարագայում բուհի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի նախնական ներդրում պահանջող, ինչպես նաեւ՝ որոշակի սահմանված կարգով ազատ ընտրել շահառուների եւ գործընկերների շրջանակը: Նշված եւ այլ սահմանափակումները վերացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակների ընտրության հնարավորություն (մասնավորապես՝ նաեւ հիմնադրամի վերակազմավորման), նկատի ունենալով նաեւ հետեւյալ հանգամանքները՝ բուհին լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործելու իր գույքը, բուհի կողմից ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը, ինչպես նաեւ՝ հիմնադրամի կարգավիճակի ընտրությունը բուհերի համար ավելի շատ բարձր ինքնուրույնություն եւ ինքնակառավարում է ենթադրում, ինչը համահունչ է բուհերի ակադեմիական ինքնավարության միջազգային եւ ներպետական պահանջներին ու սկզբունքներին:

Ֆինլանդիայի օրինակով դիտարկվել է 2013 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այդ երկրում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման համակարգը՝ որպես հիմնական կատարողականի գործիքներ առանձնացնելով կրթության որակը, միջազգայնացումը եւ հետազոտական ուղղվածությունը:

Լիտվայի պարագայում բարձրագույն կրթական համակարգի ֆինանսավորման մոդելի առանձնահատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բուհական համակարգի ֆինանսավորման, ինչպես նաեւ ուսանողների աջակցման մեխանիզմների՝ այդ թվում նաեւ խորհրդատվական, գործում է պետության կողմից ստեղծված հիմնադրամ, որի գործունեությունը զգալի կերպով նպաստել է երկրում բուհերի ֆինանսավորման թափանցիկության, ինչպես նաեւ պետության կողմից ուսանողական նպաստների, ուսանողական վարկերի տրամադրմանը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանելու կամ դրանք լիովին վերանայելու կարիք ունեն մի շարք խնդիրներ, որոնք են՝

- բուհի առաքելությունից, խնդիրներից եւ գործառույթներից ու պետության կարիքներից բխող հիմնական պարտավորությունները (այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում իրականացվող ուսուցման շրջանակին, որակին եւ արդյունավետությանը վերաբերող պարտականություններ),

- բուհերի ֆինանսավորման սկզբունքները եւ պայմանները, նրանց ինստիտուցիոնալ ինքնավարության եւ հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրումը ու կիրարկումը, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով կարեւոր պայմաններից է,

- միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական եւ կիրառվող հասկացությունների (համալսարան (այդ թվում՝ հանրային եւ մասնավոր), կրթական ծրագիր, աստիճան, կրկնակի աստիճանակարգ, որակավորում եւ այլն) սահմանումը,

- բուհերի լիցենզավորման ու հավատարմագրման պայմանների ու պահանջների, ներքին եւ արտաքին որակի ապահովման (ինչպես նաեւ՝ վերահսկողության մեխանիզմների) ու ընդլայնման հստակ ամրագրումը,

- ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրումը,

- բուհերի կառավարման մոդելի բարեփոխման նպատակով կազմակերպաիրա-վական ձեւերի (այդ թվում՝ ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման), կառա-վարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը եւ այլն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության նպատակներից է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի դրույթներից բխող բարձրագույն կրթության կազմակերպման, կազմակերպաիրավական ու ֆինանսական հարաբերությունների կանոնակարգումը եւ հստակեցումը, ինպես նաեւ՝ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության որակի ապահովման եւ կատարելագործման ժամանակակից ու համապարփակ իրավական հենքի ստեղծումը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Իրավական ակտի կարգավորման նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝

- խթանել նորարարությունը, բուհերի միջեւ մրցակցությունը եւ պատասխանատվությունը՝ համահունչ միջազգային (եվրոպական) չափանիշներին,

- ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, ինչպես նաեւ՝ մատչելի եւ հանրությանը հասանելի հաշվետվողականությունը,

- հստակ տարանջատել եւ սահմանել բարձրագույն կրթության բնագավառում ՀՀ կառավարության, լիազոր մարմնի եւ բուհերի պարտավորությունները եւ իրավասությունները, այդ թվում՝ բուհերի կառավարման մարմինների գործառույթները,

- ապահովել համապատասխանելիությունն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին այնպես, որ բուհերի բոլոր ներքին շահառուների համար ստեղծվի էլ ավելի լայն շարժունության, ՀՀ որակավորումների միջազգային ճանաչման եւ ՀՀ ու Բոլոնիայի մասնակից երկրների բուհերի միջեւ համագործակցության լայն հնարավորությունները,

- սահմանել բարձրագույն կրթության բնագավառում ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի լիազորությունները, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին բուհերի կողմից իրականացվող բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բաշխման պայմանները եւ սկզբունքները, նպաստելով բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի եւ այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը,

- սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձիք

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, իրավաբանական եւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական վարչությունների մասնագետներից ձեւավորված փորձագիտական աշխատանքային խմբի կողմից՝ ԵՄ միջազգային փորձագետների հետ համատեղ աշխատանքների արդյունքում:

Օրենքի նախագծի քննարկման գործընթացում ներգրավվել են նաեւ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը, «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը, ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, ուսանողական եւ հասարակական կազմակերպությունները, Համաշխարհային բանկի փորձագետները, տեղական փորձագետները:

Հասարակության իրազեկման նպատակով օրենքի նախագիծը լրացուցիչ անգամ տեղադրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքում http://edu.am/ «Հանրային քննարկումներ» բաժնում, ինչպես նաեւ http://www.e-draft.am/ կայքում:

6. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում ամբողջական եւ հստակ կսահմանվեն՝

- բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը եւ պայմանները,

- կրթական, հետազոտական, տեխնոլոգիական եւ նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները եւ մեխանիզմները, այդ թվում՝ ուսման վարձերի եւ ուսանողական նպաստների հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների արտոնության տրամադրման,

- բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները եւ պահանջները, որը կարտացոլի հաստատության պատասխանատվությունը եւ կատարողականությունը պետության ու հասարակության առջեւ,

- բարձրագույն կրթության բնագավառում միջազգային պահանջներին համապատասխան եւ անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները եւ մեխանիզմները:

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համահունչ կլինի բարձրագույն կրթության մասին միջազգային օրենսդրությանը եւ կնպաստի բարձրագույն կրթության համակարգի ու հաստատությունների միջազգայնորեն մրցունակությանը:


Տեղեկանք

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:


Եզրակացություն

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի 2018 թվականի հունվարի 25 - ի   N   44 - Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Բարձրագույն կրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Oրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող  հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18 - ի   N   88 - Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: 

Հարգանքով`

ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ