Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-263-09.02.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 48-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«48) հրապարակային հաշվետվություն՝  սույն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների եւ պետական մարմինների կողմից լիազոր մարմին եւ  կառավարության աշխատակազմ ներկայացվող հաշվետվությունը, որը բաց է հրապարակման համար:»

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը

1. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է օգտակար հանածոյի արդյունահանման եւ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ առնվազն հետեւյալ տեղեկատվությունը՝

1)  թույլտվություն ստացած իրավաբանական անձի անվանումը,

2)  թույլտվության ստացման համար ներկայացված դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը,

3)  թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամկետը,

4)  թույլտվության երկարաձգման դեպքում համապատասխան փաստաթղթի համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը, թույլտվության երկարաձգման ժամկետը,

5)  ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները եւ ընդհանուր մակերեսը,

6)  հանքավայրի (տեղամասի) անվանումը,

7)  օգտակար հանածոյի անվանումը,

8)  ընդերքօգտագործման պայմանագրի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը, ընդերքօգտագործման պայմանագրում փոփոխություններ կատարելու դեպքում յուրաքանչյուր փոփոխության համար համապատասխան փաստաթղթի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը,

9)  օգտակար հանածոյի արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ նաեւ՝

ա. տրամադրված օգտակար հանածոյի մարվող պաշարների քանակը՝ ըստ հիմնական եւ ուղեկից բաղադրիչների.

բ.հանքի տարեկան արտադրողականությունը.

10) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ նաեւ օգտակար հանածոյի երեւակման կամ օբյեկտի անվանումը:

2. Լիազոր մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է նաեւ մետաղական օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը եւ դրանցում կատարվող փոփոխությունները՝ բացառելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության (տվյալների) հրապարակումը:

3. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն առնվազն՝

1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ,

2) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական եւ տեղական հարկերի եւ վճարների (ներառյալ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին,

3) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձեւով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ,

4) Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առեւտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձեւով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ,

5) Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձեւով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը եւ ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը,

6) շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ,

7) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ,

8) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները,

9) hամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված  պարտավորությունների վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ընդերքօգտագործողը ներկայացնում է իր կողմից շահագործվող յուրաքանչյուր հանքավայրի մասին առանձին։

5. Ընդերքօգտագործողը հրապարակային հաշվետվությունը կարող է հրապարակել նաեւ իր պաշտոնական կայքում (առկայության դեպքում):

6. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություններ են ներկայացնում համապատասխան տեղեկության տիրապետող պետական մարմինները, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը:

7. Համայնքի ղեկավարը կառավարության սահմանած կարգով տարածքային կառավարման բնագավառի համապատասխան լիազոր մարմնին է տրամադրում, ինչպես նաեւ հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում (առկայության դեպքում) կամ համայնքի ավագանու նստավայրում փակցնելու միջոցով, ըստ յուրաքանչյուր մետաղական օգտակար հանածոյի ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողի կողմից՝

1) համայնքի բյուջե վճարված բոլոր տեղական հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր հարկի եւ վճարի մասով առանձին,

2) համայնքի արտաբյուջեներ կատարած վճարների, ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրով նախատեսված համայնքի զարգացման նպատակով հատկացումների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձեւով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ տեղեկատվությունը։

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվության հրապարակման եւ 3-րդ ու 6-րդ մասերով նախատեսված հրապարակային հաշվետվության ներկայացման կարգերը, ժամկետները եւ ձեւերը սահմանում է կառավարությունը:

9. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկատվության տրամադրման եւ հրապարակման կարգը սահմանում է կառավարությունը:

10. Սույն հոդվածի իմաստով հրապարակման է ենթակա հետեւյալ տեղեկատվությունը, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության ՝

1) ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները,

2) պետական տուրքի եւ ընդերքօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը,

3) hամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում օրենսդրությամբ եւ ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված  պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հոդված 3. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) սույն Օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության շրջանակներում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 69-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը իր պաշտոնական կայքում յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա  30-ը հրապարակում է ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված եւ վերջիններիս վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվություն։»

Հոդված 5. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ընդերքօգտագործողները Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ առաջին հաշվետվությունը պարտավոր են լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը:

3. Առաջին հաշվետու տարվան նախորդող տարվա համար Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ կարող է ներկայացնվել Ընդերքօգտագործողի եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով եւ ժամկետներում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվությունների հրապարակումը չի կարող հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից ընկերություններում ստուգումներ իրականացնելու եւ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ա. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանվում են ընդերքի օգտագործման եւ պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթները։  Ընդ որում, նույն հոդվածով որպես հիմնադրույթ է հռչակված ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Օրենսգրքում առկա է հպարարակայնությանը վերաբերող միայն մեկ հոդված՝ 9-րդ հոդվածը, որի համաձայն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կանոնադրությամբ (15.22.2008թ. թիվ 654-Ն որոշում) որպես նախարարության գործառույթ է նախատեսված քննարկվող ոլորտի հրապարակայնության ապահովումը: Հարկ է նկատի ունենալ սակայն, որ ընդերքօգտագործման ոլորտում հրապարակայնության կարգավորմանն ուղղված որեւէ այլ դրույթ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Ուստի, պարզ չէ, թե կոնկրետ որ տեղեկատվությունն է ենթակա հրապարակման, ինչ սկզբունքով է իրականացվում նշված հրապարակումը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեպետեւ ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում որոշակի առումով առկա է տվյալների հրապարակայնություն, սակայն դրանց իրավական հիմքերը հասկանալի չեն, ինչպես նաեւ առկա չէ համապատասխան տեղեկատվության հրապարակման համակարգվածություն կամ սկզբունքայնություն: Բացի այդ, չի հրապարակվում տրամադրված պաշարների քանակի, արդյունահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը: Հաճախ որպես նշված տեղեկատվության չհրապարակման հիմնավորում բերվում է համապատասխան տեղեկատվության՝ առեւտրային գաղտնիք հանդիսանալու հանգամանքը: Նշված մոտեցման համար հիմք է հանդիսանում այն, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ եւ սպառիչ ամրագրված չեն առեւտրային գաղտնիք համարվող տեղեկատվության շրջանակները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կամ այն տեղեկատվությունը առեւտրային գաղտնիք համարելու իրավասությունը՝ որպես կանոն վերապահված է տնտեսվարող սուբյեկտին, այսինքն տեղեկատվությանը տիրապետողն ինքն է որոշում ինչպիսի տեղեկատվությունը համարել առեւտրային գաղտնիք եւ ինքն էլ սահմանում է դրա պահպանության կանոնները: Սակայն, քննարկվող իրավազորությունը անսահմանափակ չէ: Ցանկացած պետություն իրավունք ունի պետական եւ հանրային շահերի պաշտպանության նպատակով պետական եւ ռազմական անվտանգության ապահովման համար, ինչպես նաեւ անբարեխիղճ մրցակցությունը կանխելու եւ սպառողների շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանել տեղեկատվության այն տեսակները, որոնք առեւտրային կամ այլ գաղտնիք համարվել չեն կարող: Սակայն, քանի որ ՀՀ օրենսդրությամբ ընդերքօգտագործման ոլորտում հրապարակայնության շրջանակներ նախատեսված չեն, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ փաթեթով կարգավորել նաեւ այն տեղեկատվության հետ կապված հարցերը, որոնք փաթեթի իմաստով չբացահայտվող տեղեկատվություն կամ առեւտրային գաղտնիք հանդիսանալ չեն կարող:

Այս առումով, նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ նաեւ՝ ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի դրությամբ անդամակցում են 51 երկրներ: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթաց: 2016 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը եւ 2017 թվականի մարտի 9-ի դրությամբ հանդիսանում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր: ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանելով մրցակցային կառավարումն ու վերահսկողությունը: ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի եւ վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդամակցության համար անհրաժեշտ քայլերի իրականացման համար կառավարությունը համագործակցել է միջազգային գործընկերների՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մի շարք դրույթներ համապատասխանեցնել ԱՃԹՆ-ի ստանդարտներին:

Վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի մշակումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով:

ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներից է հանդիսանում նաեւ հարկային մարմնի կողմից ընդերքօգտագործողների կողմից հարկերի վճարման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը (ընդ որում՝ տեղեկատվությունը պետք է հրապարակվի ապաագրեգացված, այսինքն՝ յուրաքանչյուր հարկատեսակի մասով առանձին): Հաշվի առնելով նշվածը՝ փաթեթում ներառվել է նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Օրենսդրական նախաձեռնության փաթեթով առաջարկվում է՝

Ա. ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխություն եւ լրացումները.

1) Փոփոխություն կատարել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում՝ սահմանելով ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակները.

2) Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար պարտավորություն սահմանել իրենց պաշտոնական կայքում, մամուլում կամ էլեկտրոնային այլ եղանակով հրապարակել արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ տեղեկատվություն:

3) Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների եւ համապատասխան տեղեկության տիրապետող պետական մարմինների (մասնավորապես, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարությունների եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի) համար պարտավորություն սահմանել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության եւ նրանց կողմից ըստ յուրաքանչյուր հարկատեսակի պետությանը վճարված գումարների վերաբերյալ լիազոր մարմին եւ ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հրապարակային հաշվետվություններ, որոնց ներկայացման կարգերը, ժամկետները եւ ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4) ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն պարտադիր հրապարակման է ենթակա նաեւ ընդերքօգտագործողների կողմից այս կամ այն համայնքի արտաբյուջե կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը: Համայնքների արտաբյուջեների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքներով: «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքի ավագանու որոշմամբ արտաբյուջետային միջոցները ենթակա են ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը եւ բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով: Նույն Օրենքի համաձայն համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային հաշիվները տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները: Հայաստանի Հանրապետության եւ համայնքների ակտիվների ու պասիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության բյուջետային հատվածի վերաբերյալ պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ` արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը: Չնայած ՀՀ օրենսդրության վերոնշյալ կարգավորումներին՝ ՀՀ օրենսդրությամբ համայնքների արտաբյուջեների թափանցիկության վերաբերյալ որեւէ դրույթ առկա չէ: Մասնավորապես, եթե օրինակ պետական մարմինների անվամբ բացված արտաբյուջեների եւ դրանց նախահաշիվների հաստատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներն ընդունվում են նորմատիվ իրավական ակտի տեսքով եւ պարտադիր ենթակա են հրապարակման, ապա պարզ չէ համայնքի արտաբյուջեների դեպքում համայնքի ավագանու որոշումների բնույթը եւ հրապարակման աստիճանը:

Հարկ է նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ գործող օրենքը նախատեսում է համայնքի ավագանու որոշումների պարտադիր հրապարակման պահանջ, սակայն այս պահանջը վերաբերում է միայն ավագանու նորմատիվ որոշումներին: Հաշվի առնելով այն, որ համայնքի արտաբյուջեների՝ որպես նորմատիվ ակտ հրապարակման պահանջ ամրագրված չէ, նախագծով առաջարկվում է քննարկվող օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով նախատեսել համայնքի ավագանու արտաբյուջեների վերաբերյալ որոշումները համապատասխան բնագավառի լիազոր մարմնի կայքում հրապարակելու պարտադիր պահանջ: Պարզ է, որ լիազոր մարմնի կայքում հրապարակումը չի հանդիսանա ակտի պաշտոնական հրապարակում, սակայն ֆորմալ առումով կապահովի ԱՃԹՆ-ի ստանդարտներին համապատասխանեցում:

5) Նախորդ տարվա ֆինասնական հաշվետվությունների հրապարակման արդյունքում ընկերությունների համար հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար նույն օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ նախորդ տարվա հաշվետվությունների հրապարակումը չի կարող հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից ընկերություններում ստուգումներ իրականացնելու եւ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:»:

Բ. ՀՀ Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը.

Հարկային օրենսգրքով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման պարտավորությունը եւ տեսակները նախատեսված են Օրենսգրքի 308-րդ հոդվածով:

Այս հոդվածի համաձայն հարկային մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է՝

1) մինչեւ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ`

ա. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը,

բ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը,

գ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը,

դ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ եւ ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը,

ե. Օրենսգրքի 384-րդ հոդվածի համաձայն՝ գործունեությունը կասեցված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ցանկը,

զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ.

2) մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը եւ հարկային տարվա սկզբից նրանց վճարած հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:

Այսինքն, եթե ընդերքօգտագործող հանդիսացող ընկերությունը չի բավարարում վերոնշյալ ցանկերում ընդգրկվելու որեւէ պայմանի, ապա հարկային մարմինը վերջինիս մասով տեղեկատվություն հրապարկելու որեւէ պարտավորություն չունի:

Մինչդեռ ԱՃԹՆ-ի ստանդարտով, ինչպես արդեն նշվեց, պահանջվում է ընդերքօգտագործողների վերաբերյալ հարկերի մասով տեղեկատվության հրապարակման պարտադիր պահանջ: Ուստի, նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից հրապարակման ենթակա վերոնշյալ ցանկում լրացնել նաեւ ընդերքօգտագործող հանդիսացող հարկ վճարողների ցանկերի հրապարակման պարտադիր պահանջ: Ընդ որում, հրապարակումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով եւ կարգով, ինչը ամրագրված է նաեւ Հարկային օրենսգրքով:

Դ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացում.

Այս օրենգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավաբանական անձանց նկատմամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանվել է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին եւ ՀՀ կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն: Վերոնշյալ պարտավորությունը՝ համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կազմակերպության պաշտոնատար անձը կենթարկվի պատասխանատվության:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից` Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խումբի եւ  Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի  ԱՃԹՆ-ի պատասխանատուների մասնակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանցեում ԱՃԹՆ-ի ստանդարտին Հայաստանի Հանրապետությանում ԱՃԹՆ-ի ստանդարտի սահուն իրականացման նպատակով: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների եւ համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի եւ այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որն այդ վերլուծության արդյունքում հանրային զեկույց: Սա թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց եւ հասանելի, ինչն էլ կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը: Այս նախագծերով սահմանված փոփոխությունների իրականացումը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019 թվականին անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է սահմանել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների եւ համապատասխան տեղեկության տիրապետող պետական մարմինների կողմից մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության եւ նրանց կողմից ըստ յուրաքանչյուր հարկատեսակի պետությանը վճարված գումարների վերաբերյալ լիազոր մարմին եւ ՀՀ կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություններ ներկայացնելու պահանջ:

Նախագծով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առնչվում են բնական ռեսուրսների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում էական ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով ազդեցության գնահատման նախնական փուլի արդյունքները` կարձանագրվի Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա էակական ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է սահմանել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների եւ համապատասխան տեղեկության տիրապետող պետական մարմինների կողմից մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության եւ նրանց կողմից ըստ յուրաքանչյուր հարկատեսակի պետությանը վճարված գումարների վերաբերյալ լիազոր մարմին եւ ՀՀ կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություններ ներկայացնելու պահանջ:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին եւ ՀՀ կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում վերոնշյալ խախտումը չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, իսկ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ