ԳԼՈՒԽ 1
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները:
2. Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, Բարձրագույն դատական խորհրդում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանի՝ կառավարչական իրավահարաբերությունների մասնակցությունը կարգավորվում է սույն օրենքով, եթե «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքով առանձնահատկություններ սահմանված չեն:
Հոդված 2. Կառավարչական իրավահարաբերություններ
1. Սույն օրենքի իմաստով կառավարչական իրավահարաբերություններ են համարվում պետական մարմինների կառուցվածքի, կանոնադրության հաստատման, կառավարման, ղեկավարման, ենթակա եւ հաշվետու լինելու, կառուցվածքային փոփոխությունների եւ վերակազմակերպումների հետ կապված հարաբերությունները:
2. Կառավարչական իրավահարաբերությունների այլ առանձնահատկություններ կարող են սահմանվել օրենքներով:
Հոդված 3. Ընդհանուր դրույթներ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի մասին
1. Սահմանադրությամբ սահմանված պետական մարմինը ստեղծված է համարվում իրավունքի ուժով:
2. Օրենքով ստեղծվող պետական մարմինը ստեղծված է համարվում համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելու պահից:
3. Ենթակա պետական մարմինը ստեղծվում է օրենքով:
4. Պետական մարմինն, ենթակա պետական մարմինն ունի կանոնադրություն որը ներառում է`
1) անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.
4) կառավարման եւ ղեկավարման լիազորությունները.
5) կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը.
6) ենթակա պետական մարմինները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրասենյակի եւ/կամ ենթակա պետական մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է կանոնադրության մեջ դրանց առկայության դեպքում: Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաեւ սույն օրենքին չհակասող այլ դրույթներ:
6. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը հաշվառվում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում:
7. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի եւ իր կանոնադրության հիման վրա:
Հոդված 4. Ենթակա պետական մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները
1. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա պետական մարմինները կարող են չունենալ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ եւ գլխավոր քարտուղար:
2. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ եւ գլխավոր քարտուղար չունեցող ենթակա պետական մարմնի՝ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումն, անձնակազմի կառավարումն իրականացվում է այն պետական մարմնի կողմից, որի ենթակայությամբ գործում է ենթակա պետական մարմինը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմնին, ենթակա պետական մարմնին կարող է վերապահել նաեւ պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմնի, ենթակա պետական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ:
Հոդված 5. Պետական մարմնի քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, գույքը
1. Պետական մարմինը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ:
2. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
3. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կատարած գործառնությունների եւ մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Պետական մարմինն, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
5. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնի գույքը ձեւավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
6. Պետական մարմնի գույքը հանձնվում է իրավական ակտին համապատասխան, որը կառավարության սահմանած կարգով հաշվառվում է նրա հաշվեկշռում:
7. Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել պետական մարմնին, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնին հանձնված գույքը:
8. Պետական մարմինը, ենթակա պետական մարինը սույն օրենքով եւ իր կանոնադրության համաձայն իր գործունեության նպատակներին եւ գույքի նշանակությանը համապատասխան պետք է օգտագործի, տիրապետի, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում տնօրինի իրեն հանձնված գույքը:
9. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի պահպանման եւ լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերն ֆինանսավորվում են պետական բյուջեի եւ/կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներից:
10. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
11. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
12. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
14. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կլոր կնիք եւ անհատականացման միջոցներ:
ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքը
1. Պետական մարմինը կազմված է պետական մարմնի ղեկավարից, պետական մարմնի ղեկավարի տեղակալից (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամներից), գլխավոր քարտուղարից, կառուցվածքային ստորաբաժանումներից, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գրասենյակից, օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական մարմնի ղեկավարի խորհրդականից, մամուլի քարտուղարից, օգնականից, ռեֆերենտից, պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականից, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ գլխավոր քարտուղարի տեղակալից:
2. Ենթակա պետական մարմինը կազմված է ենթակա պետական մարմնի ղեկավարից, ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալից, ենթակա պետական պետական մարմնի ղեկավարի խորհրդականից, օգնականից, ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գլխավոր քարտուղարից, գրասենյակից, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ գլխավոր քարտուղարի տեղակալից:
Հոդված 7. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները
1. Կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովվող գործառույթներ:
2. Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը ներառում է գործառույթը նկարագրող բառը կամ բառերն, ինչպես նաեւ կարգավիճակը ամրագրող բառը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մարզերում, համայնքներում, վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման անվանումը կարող է ներառել նաեւ համապատասխան տարածքի անավանումը:
3. Կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Կառուցվածքային ստորաբաժանումները դասակարգվում են երկու տեսակի՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:
6. Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ:
7. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են այն գործառույթները, որոնք նպաստում եւ աջակցում են հիմնական մասնագիտական ստորաբաժանումների գործառույթների իրականացմանը:
8. Կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների իրականացման արդյունքում ստեղծված փաստաթղթերը ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ այն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Հոդված 8. Գրասենյակի կառուցվածքը եւ կանոնադրությունը
1. Գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է պետական կառավարման եւ/կամ պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ, այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձեւակերպված սպառիչ խնդիրներ եւ նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:
2. Գրասենյակի գործառույթների իրականացման արդյունքում ստեղծված փաստաթղթերը ստորագրում եւ սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ տեղակալ: Գրասենյակի ղեկավարի տեղակալը համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարաված բնագավառներում եւ կատարում գրասենյակի ղեկավարի հանձնարարականները: Գրասենյակի ղեկավարը տեղակալի անմիջական ենթակա պետական եւ հաշվետու է գրասենյակի ղեկավարին:
4. Գրասենյակի անվանումը ներառում է հիմնական գործառույթը նկարագրող բառը կամ բառերն, ինչպես նաեւ գործունեության բնույթը բնորոշող բառ կամ բառեր: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հիմնական գործառույթը նկարագրող բառերի հետ կարող է ներառվել միայն գրասենյակ բառը:
5. Գրասենյակը ունի կանոնադրություն:
6. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց իրավասության շրջանակները գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է պետական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-3-րդ մասով սահմանված պահանջները:
7. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կլոր կնիք եւ անհատականացման միջոցներ:
8. Գրասենյակը, իր իրավասության վերաբերող հարցերով, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
9. Գրասենյակի կանոնադրությունը ներառում է`
1) անվանումը.
2) գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.
3) կառավարման եւ ղեկավարման լիազորությունները.
4) կառուցվածքը.
10. Գրասենյակի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաեւ սույն օրենքին չհակասող այլ դրույթներ:
Հոդված 9. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառավարման լիազորությունները
1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորություններն օրենքով սահմանված դեպքերում համապատասխանաբար իրականացնում են՝
1) Հանրապետության Նախագահը՝ իր աշխատակազմի համար.
2) Վարչապետը՝ նախարարությունների, կառավարության ենթակա պետական մարմինների եւ մարզպետարանների, վարչապետին ենթակա պետական մարմինների, անվտանգության խորհրդի եւ իր աշխատակազմի համար.
3) Ազգային ժողովի նախագահը՝ Ազգային ժողովի համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
4) Սահմանադրական դատարանի նախագահը՝ Սահմանադրական դատարանի համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
5) Նախարարը՝ նախարարության ենթակա պետական մարմինների համար.
6) Մարդու իրավունքների պաշտպանը՝ իր աշխատակազմի համար.
7) Բարձրագույն դատական խորհուրդը՝ Դատական դեպարտամենտի համար.
8) Գլխավոր դատախազը՝ դատախազության համար.
9) Քննչական կոմիտեի նախագահը՝ քննչական կոմիտեի համար.
10) Հատուկ քննչական ծառայության պետը՝ հատուկ քննչական ծառայության համար.
2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները իրականացնում են ինքնավար եւ անկախ պետական մարմինները:
3. Վարչապետը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները այդ մարմինների կանոնադրություններով կարող է վերապահել համապատասխան պետական մարմնի ղեկավարին, բացառությամբ 1-4-րդ կետերով սահմանված լիազորությունների:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Սահմանադրական մարմինները եւ պաշտոնատար անձը՝
1) հաստատում է պետական մարմնի, ենթակա պետական մարմնի, ինչպես նաեւ գրասենյակի կանոնադրությունը եւ կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) հաստատում է պետական մարմնի, ենթակա պետական մարմնի, ինչպես նաեւ գրասենյակի կառուցվածքը եւ սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) որոշում է հանձնվող գույքի կազմը եւ չափը.
4) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին եւ խնդիրներին համապատասխան սահմանում է պետական մարմնի եւ ենթակա պետական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.
5) իրականացնում է պետական մարմնի եւ ենթակա պետական մարմնի գործունեության վերահսկողությունը.
6) լսում է պետական մարմնի եւ ենթակա պետական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
7) վերահսկողություն է իրականացնում պետական մարմնին եւ ենթակա պետական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
8) որոշում է ամրացված գույքի օգտագործման եւ տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
9) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 10. Պետական մարմնի ղեկավարը եւ ղեկավարման լիազորությունները
1. Պետական մարմնի ղեկավարը օրենքով, իրավական այլ ակտերով եւ պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված պետական մարմնի գործունեության ոլորտին, նպատակներին եւ խնդիրներին համապատասխան` ղեկավարում է պետական մարմնի գործունեությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Պետական մարմնի ղեկավարին անմիջական հաշվետու են պետական մարմնի ղեկավարի տեղակալը (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարները, պետական մարմնի ղեկավարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը, ռեֆերնտը եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Պետական մարմինի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց անմիջական ղեկավարն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Պետական մարմնի ղեկավարին հաշվետու են՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
5. Պետական մարմինը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված մարմինների եւ կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:
6. Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին բնագավառների, գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահվել պետական մարմնի ղեկավարին, ինչպես նաեւ պետական մարմնի ղեկավարի տեղակալին, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի:
7. Պետական մարմնի ղեկավարի հրամանով գլխավոր քարտուղարին է վերապահվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը:
8. Պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների ղեկավարներին, իր տեղակալին եւ գլխավոր քարտուղարին հանձնարարականներ եւ ցուցումներ տալիս է պետական մարմնի ղեկավարը: Պետական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանձնարարականները կարող են փոխանցել իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի ղեկավարի տեղակալը, գլխավոր քարտուղարը:
9. Պետական մարմնի ղեկավարը, կատարում է պարտականությունների բաշխում իր խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի եւ ռեֆերենտի միջեւ: Պարտականությունների բաշխումն իրականացվում է՝ բացառելով կառուցվածքային ստորաբաժանման եւ/կամ գրասենյակի գործառույթների իրականացման կրկնությունը եւ/կամ զուգորդումը, ինչպես նաեւ բնագավառների, գործառույթների կառուցվածքային ստորաբաժանման, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված դեպքի:
10. Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում խորհրդականին կարող են վերապահվել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար խորհրդականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից եւ հիմնարկներից ստանալ տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
11. Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում օգնականին կարող են վերապահվել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների կատարումը, որի իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից եւ հիմնարկներից ստանալ տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
12. Պետական մարմնի ղեկավարը`
1) պատասխանատու է պետական մարմնի առջեւ դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաեւ տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) իրականացնում է պետական մարմնի ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների կառավարումը.
4) օրենքով կամ պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում եւ ազատում է պետական մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
5) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
7) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա պետական մարմնի, կազմակերպությունների եւ հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն, ցուցումները եւ հանձնարարականները.
11) լսում է պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
12) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ եւ անհատական իրավական ակտեր.
13) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
13. Պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը: Առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում տվյալ մարմնում պետական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 11. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը
1. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը`
1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին եւ հիմնարկներին փոխանցում է պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարկաններ եւ դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն եւ արդյունքների մասին տեղեկացնում պետական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է գլխավոր քարտուղարի, այլ պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է պետական մարմնի ղեկավարի կողմից տրված այլ ցուցումներ եւ հանձնարարականներ, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Կոլեգիալ մարմիններում աշխատանքների համակարգման հարաբերությունների վրա տարածվում են սույն օրենքով սահմանված պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Կոլեգիալ մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը: Տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ տեղակալի բացակայության դեպքում փոխարինում է տվյալ մարմնում որպես կոլեգիալ մարմնի անդամ առավել երկար ստաժ ունեցող անդամը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Պետական մարմնի ղեկավարի տեղակալն, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում կոլեգիալ մարմնի անդամներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնական: Պետական մարմնի ղեկավարի տեղակալը, կոլեգիալ մարմնի դեպքում կոլեգիալ մարմնի անդամն իր օգնականի անմիջական ղեկավարներն է: Պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը, կոլեգիալ մարմնի անդամի օգնականը անմիջական հաշվետու են համապատասխանաբար պետական մարմնի ղեկավարի տեղակալին, կոլեգիալ մարմնի անդամին:
Հոդված 12. Գլխավոր քարտուղարը
1. Պետական մարմինն իր իրավասության սահմաններում գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում եւ իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
2. Գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է պետական մարմնի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման եւ քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
3. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին:
4. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաեւ նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետեւանքով պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն մասի պահանջը խախտած անձը:
5. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից եւ ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, իրավական այլ ակտերով եւ կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական մարմնին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով կամ պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում եւ ազատում է պետական մարմնին համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
4) կառավարման լիազորություններ ունեցող սահմանադրական մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում պետական մարմնի տարեկան հաշվեկշիռը, եթե պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված չէ այն ներկայացնել պետական մարմնի ղեկավարին.
5) պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների եւ գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները եւ մյուս ստորաբաժանումների եւ գրասենյակների մասով իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական մարմնի ղեկավարի տեղակալի, այլ պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին, եւ հիմնարկներին փոխանցում է պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ եւ դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն եւ արդյունքների մասին տեղեկացնում պետական մարմնի ղեկավարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաեւ իր եւ/կամ պետական մարմնի ղեկավարի եւ/կամ պետական մարմնի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, ով փոխարինում է նրան վերջինիս բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարը իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:
7. Սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում են օրենքով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը, դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարը:
ԳԼՈՒԽ 3
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱՎԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Պաշտոնատար անձը որպես պետական մարմին
1. Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնատար անձինք՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, իրենց սահմանադրական կարգավիճակով պայմանավորված պետական մարմին են:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինը օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը: Աշխատակազմի հիմնական նպատակն ու խնդիրն է ապահովել Սահմանադրությամբ եւ օրենքներով պետական մարմնի լիազորությունների իրականացումը, ինչպես նաեւ գործառույթների կատարման աջակցությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմնի աշխատակազմն ունի կանոնադրություն, որը ներառում է`
1) անվանումը՝ ներառելով աշխատակազմ բառը.
2) գտնվելու վայրը.
3) աշխատակազմի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.
4) կառավարման եւ ղեկավարման լիազորությունները.
5) կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը.
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմնի աշխատակազմը կազմված է համապատասխան պաշտոնատար անձից, համապատասխան պաշտոնատար անձի խորհրդականից, օգնականից, մամուլի քարտուղարից, ռեֆերենտից, աշխատակազմի ղեկավարից, նրա տեղակալներից, աշխատակազմի ղեկավարի խորհրդականից եւ օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գրասենյակ(ներ)ից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 14. Պաշտոնատար անձը
1. Պաշտոնատար անձն օրենքով, իրավական այլ ակտերով եւ իր աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին եւ խնդիրներին համապատասխան` իրականացնում է իր աշխատակազմի կառավարումը:
2. Պաշտոնատար անձին անմիջական հաշվետու են աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար անձի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը, ռեֆերնտը եւ գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Պաշտոնատար անձը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց եւ գրասենյակի ղեկավարի անմիջական ղեկավարն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Վարչապետը կառավարությանն ենթակա պետական մարմինների, իրեն ենթակա պետական մարմինների ղեկավարների, մարզպետների անմիջական վերադասն է:
5. Փոխվարչապետը իր գրասենյակի ղեկավարի անմիջական ղեկավարն է:
6. Պաշտոնատար անձը`
1) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաեւ տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
2) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում եւ ազատում է աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
3) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հանձնարարականները.
5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա պետական մարինների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
6) լսում է աշխատակազմի ղեկավարի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ գրասենյակի հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
7) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ եւ անհատական իրավական ակտեր.
8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 15. Հանրապետության Նախագահի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի աշխատակազմն իր իրավասության սահմաններում գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում եւ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի միջոցով:
2. Աշխատակազմի ղեկավարը օրենքով, իրավական այլ ակտերով եւ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին եւ խնդիրներին համապատասխան` ղեկավարում է աշխատակազմը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Աշխատակազմի ղեկավարին անմիջական հաշվետու են աշխատակազմի ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, աշխատակազմի ղեկավարի խորհրդականը, օգնականը:
4. Աշխատակազմի ղեկավարը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց անմիջական ղեկավարն է:
5. Աշխատակազմը սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունների եւ հիմնարկների նկատմամբ վերադաս մարմին է:
6. Աշխատակազմի ղեկավարն oրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է աշխատակազմի լիազորությունների իրականացման մասնագիտական գործառույթների, ինչպես նաեւ կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման եւ քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
7. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների ղեկավարներին եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին հանձնարարականներ եւ ցուցումներ տալիս է աշխատակազմի ղեկավարը:
8. Աշխատակազմի ղեկավարի հրամանով առանձին գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահվել աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարի տեղակալին:
9. Աշխատակազմի ղեկավարը`
1) պատասխանատու է աշխատակազմի առջեւ դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաեւ տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) օրենքով, իրավական այլ ակտերով եւ կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
4) աշխատակազմին է փոխանցում է պաշտոնատար անձի հանձնարարականները.
5) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների ղեկավարների հետ.
6) իրականացնում է աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների կառավարումը.
7) օրենքով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում եւ ազատում է աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
8) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
9) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
10) գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.
11) հաստատում է աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը.
12) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.
13) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն, ցուցումները, հանձնարարականները.
14) լսում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ գրասենյակների, հաշվետվությունները, քննում է կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 4
ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Ենթակա պետական մարմնի ղեկավարը եւ լիազորությունները
1. Ենթակա պետական մարմնի ղեկավարը օրենքով, իրավական այլ ակտերով եւ ենթակա պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին եւ խնդիրներին համապատասխան` ղեկավարում է ենթակա պետական մարմնի գործունեությունը:
2. Ենթակա պետական մարմնի ղեկավարին անմիջական հաշվետու են մարմնի ղեկավարի տեղակալը (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարները, ենթակա պետական մարմնի ղեկավարի խորհրդականը, օգնականը եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Ենթակա պետական մարմինի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց անմիջական ղեկավարն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Ենթակա պետական մարմնի ղեկավարին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հաշվետու են՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
5. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին բնագավառների, գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահվել ենթակա պետական մարմնի ղեկավարին, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
6. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով գլխավոր քարտուղարին է վերապահվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը:
7. Ենթակա պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների ղեկավարներին, իր տեղակալին եւ գլխավոր քարտուղարին հանձնարարականներ եւ ցուցումներ տալիս է ենթակա պետական մարմնի ղեկավարը: Ենթակա պետական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանձնարարականները կարող են փոխանցել իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալը, գլխավոր քարտուղարը:
8. Ենթակա պետական մարմնի ղեկավարը կատարում է պարտականությունների բաշխում իր խորհրդականի, օգնականի միջեւ: Պարտականությունների բաշխումն իրականացվում է՝ բացառելով կառուցվածքային ստորաբաժանման եւ/կամ գրասենյակի գործառույթների իրականացման կրկնությունը եւ/կամ զուգորդումը, ինչպես նաեւ բնագավառների, գործառույթների կառուցվածքային ստորաբաժանման, ենթակա պետականյությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքի:
9. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում խորհրդականին կարող են վերապահվել ենթակա պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար խորհրդականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից եւ հիմնարկներից ստանալ տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
10. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում օգնականին կարող են վերապահվել ենթակա պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների կատարումը, որի իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից եւ հիմնարկներից ստանալ տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
11. Ենթակա պետական մարմնի ղեկավարը`
1) պատասխանատու է մարմնի առջեւ դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաեւ տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) իրականացնում է մարմնի ենթակայութնանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների կառավարումը.
4) օրենքով կամ մարմնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում եւ ազատում է մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
5) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
7) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն, ցուցումները, հանձնարարականները.
11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
12) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
12. Ենթակա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը: Առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքներով այլ բան նախատեսված չէ:
13. Նախարարությանը ենթակա պետական մարմնի հաստիքացուցակը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համապատասխան նախարարը:
Հոդված 17. Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալը
1. Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալը`
1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին եւ հիմնարկներին փոխանցում է ենթակա պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարկաններ եւ դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն եւ արդյունքների մասին տեղեկացնում ենթակա պետական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է գլխավոր քարտուղարի, այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ենթակա պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է ենթակա պետական մարմնի ղեկավարի կողմից տրված այլ ցուցումներ եւ հանձնարարականներ, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ունենալ օգնական: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը, անմիջական հաշվետու է ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին:
Հոդված 18. Ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարը
1. Ենթակա պետական մարմնում գլխավոր քարտուղարի պաշտոն նախատեսված լինելու դեպքում, վերջինս իրականացնում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:
Հոդված 19. Մարզպետարանում կառավարչական իրավահարբերությունների առանձնահատկությունները
1. Մարզպետարանում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով ենթակա պետական մարմնի համար սահմանված պահանջներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 4
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳ
Հոդված 20. Փորձարարական կարգով աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը
1. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի իրավասությանը վերաբերող առանձին ծրագրեր եւ աշխատանքներ կարող են կազմակերպվել եւ իրականացվել փորձարարական կարգով՝ վարչապետի կողմից հաստատված փորձարարական աշխատանքների կազմակերպման ծրագրին համապատասխան՝ առավելագույնը հինգ տարվա հաշվարկով:
2. Փորձարարական կարգով աշխատանքների կազմակերպման ծրագիրը ներառում է՝ նպատակները, թիրախները, օպտիմալացվող միջոցները, արդյունքների գնահատման ցուցիչները, աշխատանքներն իրականացնելու համար հաստիքների քանակը, կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակին ներկայացվող չափանիշները, աշխատանքների կազմակերպման եղանակները, քաղաքացիական ծառայողների վարձատրության չափը, բյուջեն եւ այլ միջոցներ:
3. Վարչապետի համաձայնությամբ պետական մարմնի ղեկավարը, ենթակա պետական մարմնի ղեկավարը սահմանում է առանձին հանրային ծառայողների աշխատանքների արդյուքների գնահատման անհատական ցուցիչներ:
4. Փորձարարական կարգով աշխատանքները կազմակերպվում են պետական մարմնի եւ ենթակա պետական մարմնի կողմից տնօրինվող բյուջեի շրջանակներում: Ծրագրի բյուջեն հաշվարկվում է ամբողջ ծրագրի տեւողությանը համապատասխան, եւ այս աշխատանքների համար բյուջեից այլ հատկացումներ չեն կատարվում: Փորձարարական կարգով աշխատանքների կազմակերպման համար օպտիմալացվող միջոցները պահպանվում են ամբողջ ծրագրի ընթացքում եւ ուղղվում են միայն հանրային ծառայողների պարգեւատրմանը:
5. Փորձարարական կարգով աշխատանքների կազմակերպման ծրագրերի կազմման, աշխատանքների կազմակերպման առանձանհատկություններն, արդյուքների գնահատման ինստիտուցիոնալ ցուցիչներն, աշխատանքների գնահատման եւ ամփոփման կարգը սահմանում է կառավարությունը:
ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 21. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունը
1. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանականերով:
2. Կառուցվածքային փոփոխություն իրականացվում է համապատասխանաբար պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության դեպքում:
3. Կառուցվածքային փոփոխություն կարող է իրականացվել նաեւ փորձարարական աշխատանքների կազմակերպման համար: Փորձարարական աշխատանքների կազմակերպման համար կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակի համար փորձարարական աշխատանքների կազմակերպման ծրագրով կարող են նախատեսվել կառուցվածքի՝ սույն օրենքով սահմանված չափանիշներից տարբերվող այլ չափանիշներ:
4. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի, ինչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի անվանումներն առանց կառուցվածքային փոփոխություն իրականացնելու կարող են փոփոխվել, որը աշխատանքային հարաբերությունների դադարման հիմք չէ:
5. Վերադաս մարմնի փոփոխության դեպքում աշխատանքային հարաբերությունները չեն դադարում:
6. Գրասենյակի կառուցվածքային փոփոխությունն եւ անվանափոխությունն իրականացվում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով:
Հոդված 22. Պետական մարմնի վերակազմակերպումը
1. Պետական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով, իսկ տեսչական մարմինների դեպքում՝ կառավարության որոշմամբ:
2. Պետական մարմինը, բացառությամբ միացման ձեւով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված պետական մարմնի (մարմինների) կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից:
3. Պետական մարմինն այլ պետական մարմնի հետ միացման ձեւով վերակազմակապվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած պետական մարմնի գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
4. Բացառությամբ առանձնացման եւ միացման դեպքերի՝ վերակազմակերպված պետական մարմնի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին պետական մարմինների կանոնադրությունները:
5. Վերակազմակերպման արդյունքում պետական մարմնի գործունեությունը դադարած է համարվում նույն պահից, իսկ նրա իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են այլ պետական մարմնին՝ վերակազմակերպման մասին իրավական ակտին համապատասխան:
6. Պետական մարմինն, օրենքով նախատեսված դեպքերում կարող է վերակազմավորվել իրավաբանական անձի:
7. Պետական մարմինը իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված պետական մարմնի իրավունքները եւ պարտավորությունները` վերակազմավորման մասին իրավական ակտին եւ փոխանցման ակտին համապատասխան:
Հոդված 23. Պետական մարմնի գործունեության դադարումը
1. Պետական մարմնի գործունեության դադարում է այն իրավական ակտով, որի համաձայն ստեղծվել է պետական մարմինը:
2. Բացառությամբ վերակազմակերպման դեպքերի՝ պետական մարմնի գործունեությունը դադարեցված է համարվում դրա դադարեցման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց:
3. Գործունեությունը դադարեցրած պետական մարմնի քաղաքացիաիրավական իրավունքները, պարտականությունները եւ ամրացված գույքը փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս կառավարության:
4. Սույն օրենքի 22-րդ եւ 23-րդ հոդվածով սահմանված կանոնակարգումները տարածվում են նաեւ ենթակա պետական մարմինների եւ մարզպետարանների վրա:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ 247 օրենքը չի տարածվում սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված կառավարման լիազորություններ իրականացնող սահմանադրական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից կառավարվող (ղեկավարվող) պետական մարմինների վրա:
Հոդված 25. Իրավահաջորդության դրույթներ
1. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո աշխատակազմի ղեկավարները սույն օրենքի ուժով համարվում են գլխավոր քարտուղարներ՝ առանց պաշտոններից ազատման, բացառությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աշխատակազմի ղեկավարների:
2. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հինգ ամսվա ընթացքում պետական մարմինների կանոնադրությունները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին եւ հաշվառվում:
3. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հինգ ամսվա ընթացքում գրասենյակաների կանոնադրությունները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին:
4. Պետական մարմինը համապատասխանաբար համարվում է պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդ:
5. Հայաստանի Հանրապետության օրենքներով կառավարչական հիմնարկներին վերապահված գործառույթները՝ այդ թվում գանձապետական համակարգի, գնումների եւ ֆինանսատնտեսական եւ այլն իրականացնում են համապատասխան պետական մարմինը, ենթակա պետական մարմինը, մարզպետարանը, եթե օրենքով այն վերապահված չէ այլ մարմնի:
6. Հաշվառման հետ միաժամանակ հաշվառումից հանվում է համապատասխան պետական կառավարչական հիմնարկը:
7. Պետական մարմինը հաշվառվելը եւ պետական կառավարչական հիմնարկի հաշվառումից հանելը պաշտոններից ազատաման հիմք չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 26. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքից բխող այլ օրենքներում փոփոխությունները կատարել վեց ամսվա ընթացքում:
Հոդված 27. Գլխավոր քարտուղարի պաշտոն սահմանելը
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մինչեւ սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի պաշտոն նախատեսելը, սույն օրենքով գլխավոր քարտուղարի համար սահմանված լիազորությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության մասին
Ներկայում քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորվում են 2001 թվականին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Գործողության 15 տարիների ընթացքում Օրենքում կատարվել են երկու տասնյակից ավելի փոփոխություն. հիմնական նպատակը եղել է համակարգի անցնցում զարգացումը եւ կայացումը: Պետք է արձանագրել, որ այդ հաջողվել է: Սակայն այսօր արդիական է հիմնովին վերանայել քաղաքացիական ծառայության հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը՝ ժամանակին համահունչ քաղաքացիական ծառայություն ունենալու համար: Նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմնված հստակ լիզորություններ, բացի այդ ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը:
Նոր օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 57 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Ռազմավարությունից, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-իՆկ-263-Ա կարգադրությունից:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու, հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգի կատարելագործման հանգամանքով: Բացի այդ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու հանգամանքով է պայմնավորված նաեւ Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին նոր օրենքի նախագիծը: Ներկայում պետական մարմինները քաղաքացիական իրավահարաբերություններին եւ կառավարչական իրավահարաբերություններին մանակցում են հիմնարկի միջոցով: Այս հարաբերությունները կարգավորված են 2001 թվականին ընդունված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի համաձայն՝ Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
Ստացվում է, որ պետական մարմինը իրավահարաբերություններին մասնակցում է հիմնարկի միջոցով, այսինքն՝ «միջնորդավորված» ձեւով. իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում է հիմնարկը, այլ ոչ թե պետական մարմինը, ինչը հակասում է Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջին, համաձայն որի՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Բացի այդ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաեւ իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես ստացվել է մի իրավիճակ, երբ հիմնականում պետական կառավարման համակարգում հաստատվել է պետական մարմնի կանոնադրությունը եւ Հիմնարկի կառուցվածքը, սակայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հիմնարկը ունի եւ կանոնադրություն եւ կառուցվածք: Խնդիրներ են առաջանում նաեւ հիմնարկի ղեկավարման եւ կառավարման հարցերի հետ կապված: Մասնավորապես՝ պետական մարմնի ղեկավարը եւ տեղակալները, մյուս հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք ընդգրկված չեն հիմնարկի կառուցվածքում: Ավելին ղեկավարման եւ ենթակա հաշվետու լինելու հարցում նույնպես առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներն ենթակա եւ հաշվետու են հիմնարկի ղեկավարին՝ աշխատակազմի ղեկավարին: Պետական մարմնի ղեկավարը իրականացնում է հիմնարկի կառավարումը եւ պատասխանատու է պետական մարմնի առջեւ դրված խնդիրների իրականացման համար: Վերջինս այդ խնդիրները լուծում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով, սակայն այդ ստորաբաժանումները «իրենը» չեն, ավելին՝ կառավարման համակարգում մեծ տեղ եւ դեր են ստանձնել պետական մարմնի ղեկավարի տեղակալները, ովքեր իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում են միայն պետական մարմնի կանոնադրությամբ:
Հստակ եւ միանշանակ չեն նաեւ աշխատակազմի ղեկավարի գործառույթները եւ նրա դերն աշխատանքների կազմակերպման հարցերում, մարմնի ղեկավարի եւ տեղակալների, ինչպես նաեւ հայեցողական մյուս պաշտոններ զբաղեցնող անձնաց հետ հարաբերություններում: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների գնահատման մասով նույնպես առաջանում են բազնաթիվ խնդիրներ, քանի որ ստորաբաժանումներն ենթակա են աշխատակազմի ղեկավարին, սակայն գրեթե հիմնականում աշխատում են մարմնի ղեկավարի եւ տեղակալների հետ եւ արդյունքում նրանց պետք է գնահատի աշխատակազմի ղեկավարը, ինչն էլ բերում է արհեստական լուծումների եւ ազդում վերջնարդյունքի վրա: Բացի այդ պետական մարմինների, մասնավորապես ՀԳՄ-ների աշխատանքների կազմակերպման մասով կանոնակարգումներ են նախատեսվել նաեւ Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով, որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության 85-րդ հոդվածով: Այս հրամանագրով կանոնակարգված է նաեւ պետական մարմինների ստեղծման հարցերը: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հակասություն է առաջանում այս երկու իրավական ակտերի որոշ դրույթների միջեւ:
Հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Սահմանադրությանը համապատասխան պետական մարմինների աշխատանքների կազմակերպման սահմանադրական պահանջը (այս հիմնախնդիրն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) առաջարկվում է կանոնակարգել պետական մարմինների կողմից կառավարչական հարաբերությունների մասնակցության առանձնահատկությունները առանձին օրենքով:
Արդյունքում կանոնակարգվում եւ հստակեցվում են վերը նշված խնդիրները, մասնավորապես՝ պետական մարմիններն անմիջականորեն են ստանձնում իրավունքներ եւ կրում պարտականություններ, կանոնակարգվում է պետական մարմինների ստեղծման հարցերը, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության հարցերը, (ինչը համապատասխանում է Քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածին «Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաեւ դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում»: Այսինքն՝ ինչպես հիմնարկն է իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին եւ իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում այդ գույքը եւ պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը, այնպես էլ այս դեպքում Հայաստանի Հանրապետության անունից գործում է պետական մարմինը եւ որի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:) հստակեցվում են պետական մարմնի ղեկավարի տեղակալների, ենթակա հաշվետու լինելու, պետական մարմնի կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումների վերջինիս կողմից իրականացվող գործառույթների, ինչպես նաեւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ: Բացի այդ հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգում այս մարմինների դերը եւ առանձնահատկությունները տարբերակում է դրվում «աշխատակազմի ղեկավար» եւ «Գլխավոր քարտուղար» պաշտոնների միջեւ: Գլխավոր քարտուղարները լինելու են քաղաքացիական ծառայողներ, սույն օրենքով իրենց վերապահված իրավունքներով եւ պարտականություններով, իսկ Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմերում այդ պաշտոնը կոչվելու է «աշխատակազմի ղեկավար» եւ լինելու է վարչական պաշտոն, որը բացի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորություններից իրականացնելու է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորվ ած է վերը նշված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հանգամանքով:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ, 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա-հարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապե-տության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխում-ների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հարգանքով` |
|
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |