Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2684-15.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) վերնագրում եւ ամբողջ տեքստում «պետական պաշտոններ» բառերը փոխարինել «պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «պետական պաշտոն» բառերը փոխարինել «պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածում «հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով.

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող հետեւյալ անձանց վրա`

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող,

բ. վարչական պաշտոն զբաղեցնող

գ. հայեցողական պաշտոն զբաղեցնող,

դ. ինքնավար պաշտոն զբաղեցնող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի անդամների,

ե. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողները) կազմի եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների.

2) պետական մարնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողներ, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 30-րդ հոդվածի դրույթները:

2. Հանրային իշխանության մարմիններում՝ բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի չափերը եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդ որում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում եւ ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են:

3. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը համապատասխանաբար սահմանում են Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

4. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով:

5. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 եւ ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններ անցկացվելու դեպքում՝ ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ծախսերում:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի, իսկ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողները) զինծառայողներին տրվում է ամսական վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. 5-րդ մասից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

2. 6-րդ մասը «ինչպես նաեւ» բառերից առաջ լրացնել «փորձարարական կարգով աշխատանքների կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից» բառերով:

Հոդված 6. 6-րդ հոդվածի 5-րդ մասում, 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում, 16-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 23-րդ հոդվածի 1-ին մասում, 32-րդ հոդվածի 6-րդ մասում, 33-րդ հոդվածի 2-րդ մասում «համակարգերում» բառից հետո լրացնել «,պետական պահպանության ծառայությունում» բառերը

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` Սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին)» բառերը:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերից հանել «հանրապետական գործադիր մարմինների » բառերը:

Հոդված 9. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 9. Պետական պաշտոն եւ այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Պետական պաշտոն եւ այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։»

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածը:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։»:

Հոդված 13. Օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։»:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի

1. 1-ին մասից հանել «հանրապետական գործադիր մարմինների » բառերը:

2. 2-րդ մասում՝

1) Պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի» բառերը փոխարինել «պաշտպանության նախարարության», բառերով

2) «ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի համակարգերում» բառերը փոխարինել ազգային անվտանգության ծառայության համակարգում» բառերով

3) ոստիկանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում» բառերը փոխարինել «ոստիկանության համակարգում» բառերով

4) «Ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «վարչապետին ենթակա Հայաստանի Հանրապետության» բառերով

3. 2.1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

4. 3-րդ եւ 6-րդ մասերից «հանրապետական գործադիր մարմինների» բառերը հանել:

5. 5-րդ մասում «ոստիկանությունում» բառից հետո լրացնել «պետական պահպանության» բառերը:

6. 6-րդ մասում «ոստիկանության» բառից հետո լրացնել «,պետական պահպանության ծառայություան» բառերը:

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «դեպքի,» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ինչպես նաեւ քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով»:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեպքում, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանվում է սույն օրենքի հավելված 1-ով, հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի հավելված 1-ով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով։» բառերը:

Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «Սույն մասով սահմանված բնականոն աճը չի տարածվում այն բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է սույն օրենքի հավելված 1-ով։» նախադասությունը.

2) 3-րդ մասում «օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով» բառերը փոխարինել «օրենքով» բառերը:

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող» բառերը:

Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «Պետական ծառայության մարմինների համար» բառերը փոխարինել «Պետական իշխանության մարմիններում» բառերով.

2. 2-րդ մասում « Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի» բառերով:

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11-րդ մասով.

«11. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող փորձարարական կարգով իրականացվող աշխատանքների համար քաղաքացիական ծառայողը, փորձարարական կարգով աշխատանքների կազմակերպման համար օպտիմալացված միջոցների հաշվին, կարող է պարգեւատրվել, եթե բավարարել է հաստատված անհատական ցուցիչները:»:

Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածի 6.3-րդ մասից, 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի)» բառերը, իսկ 28-րդ հոդվածի 1-ին մասից՝ «կարճաժամկետ» բառը:

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել

2. 4-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «ինքնավար» բառով:

Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում, կարգով պետական ծառայողը վարձատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան ղեկավար պաշտոնների 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:»:

Հոդված 24. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված միջոցներից:»:

Հոդված 25. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունը

1. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:

2. Օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման համար հիմք են ընդունվում պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների` սույն օրենքով սահմանված կարգով որոշված պաշտոնային դրույքաչափերը:

Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը սույն հոդվածով սահմանված կարգով պահպանվում է, եթե նրա պաշտոնը չի փոխվում, սակայն փոխվում է հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակը եւ այդ սանդղակում բացակայում է վերջին պաշտոնում նրա հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակիցը: Այս դեպքում տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը պահպանվում է մինչեւ այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի (համապատասխան սանդղակի 11-րդ մակարդակի գործակից) եւ բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից:»:

Հոդված 27. Օրենքի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

Հոդված 28. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի հավելված 2-ը:

Հոդված 29. Օրենքի 6-րդ հավելվածի վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 30. Օրենքի 9-րդ հավելվածի՝

1. աղյուսակի «Պետական ծառայություն, բացառությամբ դիվանագիտական, հարկային, մաքսային եւ հարկադիր կատարման ծառայությունների» բառերը փոխարինել «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային, մաքսային եւ հարկադիր կատարման ծառայությունների» բառերով:

2. աղյուսակի դիվանագիտական ծառայություն բաժնից առաջ լրացնել նոր բաժին համաձայն՝ հավելված 2-ի:

Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Հավելվածներ


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության մասին

Ներկայում քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորվում են 2001 թվականին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Գործողության 15 տարիների ընթացքում Օրենքում կատարվել են երկու տասնյակից ավելի փոփոխություն. հիմնական նպատակը եղել է համակարգի անցնցում զարգացումը եւ կայացումը: Պետք է արձանագրել, որ այդ հաջողվել է: Սակայն այսօր արդիական է հիմնովին վերանայել քաղաքացիական ծառայության հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը՝ ժամանակին համահունչ քաղաքացիական ծառայություն ունենալու համար: Նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմնված հստակ լիզորություններ, բացի այդ ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը:

Նոր օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 57 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Ռազմավարությունից, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-իՆկ-263-Ա կարգադրությունից:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու, հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգի կատարելագործման հանգամանքով: Բացի այդ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու հանգամանքով է պայմնավորված նաեւ Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին նոր օրենքի նախագիծը: Ներկայում պետական մարմինները քաղաքացիական իրավահարաբերություններին եւ կառավարչական իրավահարաբերություններին մանակցում են հիմնարկի միջոցով: Այս հարաբերությունները կարգավորված են 2001 թվականին ընդունված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի համաձայն՝ Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

Ստացվում է, որ պետական մարմինը իրավահարաբերություններին մասնակցում է հիմնարկի միջոցով, այսինքն՝ «միջնորդավորված» ձեւով. իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում է հիմնարկը, այլ ոչ թե պետական մարմինը, ինչը հակասում է Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջին, համաձայն որի՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Բացի այդ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաեւ իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես ստացվել է մի իրավիճակ, երբ հիմնականում պետական կառավարման համակարգում հաստատվել է պետական մարմնի կանոնադրությունը եւ Հիմնարկի կառուցվածքը, սակայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հիմնարկը ունի եւ կանոնադրություն եւ կառուցվածք: Խնդիրներ են առաջանում նաեւ հիմնարկի ղեկավարման եւ կառավարման հարցերի հետ կապված: Մասնավորապես՝ պետական մարմնի ղեկավարը եւ տեղակալները, մյուս հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք ընդգրկված չեն հիմնարկի կառուցվածքում: Ավելին ղեկավարման եւ ենթակա հաշվետու լինելու հարցում նույնպես առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներն ենթակա եւ հաշվետու են հիմնարկի ղեկավարին՝ աշխատակազմի ղեկավարին: Պետական մարմնի ղեկավարը իրականացնում է հիմնարկի կառավարումը եւ պատասխանատու է պետական մարմնի առջեւ դրված խնդիրների իրականացման համար: Վերջինս այդ խնդիրները լուծում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով, սակայն այդ ստորաբաժանումները «իրենը» չեն, ավելին՝ կառավարման համակարգում մեծ տեղ եւ դեր են ստանձնել պետական մարմնի ղեկավարի տեղակալները, ովքեր իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում են միայն պետական մարմնի կանոնադրությամբ:

Հստակ եւ միանշանակ չեն նաեւ աշխատակազմի ղեկավարի գործառույթները եւ նրա դերն աշխատանքների կազմակերպման հարցերում, մարմնի ղեկավարի եւ տեղակալների, ինչպես նաեւ հայեցողական մյուս պաշտոններ զբաղեցնող անձնաց հետ հարաբերություններում: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների գնահատման մասով նույնպես առաջանում են բազնաթիվ խնդիրներ, քանի որ ստորաբաժանումներն ենթակա են աշխատակազմի ղեկավարին, սակայն գրեթե հիմնականում աշխատում են մարմնի ղեկավարի եւ տեղակալների հետ եւ արդյունքում նրանց պետք է գնահատի աշխատակազմի ղեկավարը, ինչն էլ բերում է արհեստական լուծումների եւ ազդում վերջնարդյունքի վրա: Բացի այդ պետական մարմինների, մասնավորապես ՀԳՄ-ների աշխատանքների կազմակերպման մասով կանոնակարգումներ են նախատեսվել նաեւ Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով, որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության 85-րդ հոդվածով: Այս հրամանագրով կանոնակարգված է նաեւ պետական մարմինների ստեղծման հարցերը: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հակասություն է առաջանում այս երկու իրավական ակտերի որոշ դրույթների միջեւ:

Հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Սահմանադրությանը համապատասխան պետական մարմինների աշխատանքների կազմակերպման սահմանադրական պահանջը (այս հիմնախնդիրն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) առաջարկվում է կանոնակարգել պետական մարմինների կողմից կառավարչական հարաբերությունների մասնակցության առանձնահատկությունները առանձին օրենքով:

Արդյունքում կանոնակարգվում եւ հստակեցվում են վերը նշված խնդիրները, մասնավորապես՝ պետական մարմիններն անմիջականորեն են ստանձնում իրավունքներ եւ կրում պարտականություններ, կանոնակարգվում է պետական մարմինների ստեղծման հարցերը, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության հարցերը, (ինչը համապատասխանում է Քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածին «Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաեւ դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում»: Այսինքն՝ ինչպես հիմնարկն է իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին եւ իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում այդ գույքը եւ պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը, այնպես էլ այս դեպքում Հայաստանի Հանրապետության անունից գործում է պետական մարմինը եւ որի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:) հստակեցվում են պետական մարմնի ղեկավարի տեղակալների, ենթակա հաշվետու լինելու, պետական մարմնի կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումների վերջինիս կողմից իրականացվող գործառույթների, ինչպես նաեւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ: Բացի այդ հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգում այս մարմինների դերը եւ առանձնահատկությունները տարբերակում է դրվում «աշխատակազմի ղեկավար» եւ «Գլխավոր քարտուղար» պաշտոնների միջեւ: Գլխավոր քարտուղարները լինելու են քաղաքացիական ծառայողներ, սույն օրենքով իրենց վերապահված իրավունքներով եւ պարտականություններով, իսկ Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմերում այդ պաշտոնը կոչվելու է «աշխատակազմի ղեկավար» եւ լինելու է վարչական պաշտոն, որը բացի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորություններից իրականացնելու է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորվ ած է վերը նշված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հանգամանքով:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ, 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա-հարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապե-տության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխում-ների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ