Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-269-16.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարագավորում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը, ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների եւ դրանցում դիվանագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց (այսուհետ` դիվանագետ) վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական ծառայողների, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրով վարչատեխնիկական կամ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակիչներ համարվող` քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում հաշվի են առնվում նաեւ տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաեւ այդ պետության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:

ՀՈԴՎԱԾ 3. Դիվանագիտական ծառայությունը

1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն իրականացվում է դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագետների կողմից՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով:

2. Դիվանագիտական ծառայությունը պետական ծառայության բաղկացուցիչ մասն է:

ՀՈԴՎԱԾ 4. Դիվանագիտական ծառայության խնդիրները

1. Դիվանագիտական ծառայության խնդիրներն են` միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի եւ իրավունքների պատշաճ ու հետեւողական ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:

ՀՈԴՎԱԾ 5. Դիվանագիտական ծառայության մարմինները

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմինը.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա` օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմիններ)`

ա. Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,

բ. միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,

գ. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը:

ՀՈԴՎԱԾ 6. Դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:

2. Դիվանագետների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են այդ պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ



ՀՈԴՎԱԾ 7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Կառավարության արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազորված մարմինն է:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշակում եւ իրականացնում է դիվանագիտական ծառայության ոլորտում Կառավարության քաղաքականությունը` սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

ՀՈԴՎԱԾ 8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարումը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշանակվում է Կառավարության անդամների նշանակման համար Սահմանադրությամբ սահմանված կարգով:

3. Արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվում են օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը դիվանագիտական ծառայության պաշտոնատար անձ է, որն ապահովում դիվանագիտական ծառայության շարունակականությունը եւ իրականացնում է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունները:

2. Գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ բավարար դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:

3. Գլխավոր քարտուղարն աջակցում է նախարարին՝ Կառավարության արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության ղեկավարման գործերում՝ ապահովելով նախարարության, նրան ենթակա մարմնի եւ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների միջեւ փոխգործակցությունը եւ դրանց ընթացիկ աշխատանքների համակարգումը։

4. Գլխավոր քարտուղարը, նախարարի հանձնարարությամբ, կարող է ներկայացնել նրան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ հարաբերություններում։

5. Գլխավոր քարտուղարը մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի նախարարության, նրան ենթակա մարմնի եւ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում կադրային քաղաքականությունը։

6. Գլխավոր քարտուղարն իր լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության ընթացիկ վարչական գործունեությունը եւ կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Կառավարության, նախարարի որոշումների եւ արտաքին գործերի նախարարության կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

7. Գլխավոր քարտուղարն իրականացնում է նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական կառավարման մարմնի գլխավոր քարտուղարի համար սահմանված լիազորությունները:

ՀՈԴՎԱԾ 10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները

1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իրականացնում է պաշտոնական հարաբերությունները հավատարմագրման պետության հետ եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը այդ պետությունում եւ/կամ միջազգային կազմակերպությունում:

2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում է պաշտոնական հարաբերություններ եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` ներկայացուցչությունը կարող է ունենալ նաեւ այլ անվանում՝ առաքելություն, պատվիրակություն եւ այլն:

3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը իր գործունեությամբ ենթակա եւ հաշվետու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները եւ գործունեության հետ կապված հարցերը սահմանվում են սույն օրենքով, իր կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:

5. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել ռազմական առեւտրական եւ այլ կցորդներ, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, որոնք գործում են նրանց նշանակող մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:

6. Միջազգային պայմանագրերի առկայության դեպքում, օտարերկրյա պետություններում կարող են գործել այլ ներկայացուցչություններ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով:

7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդները, ներկայացուցիչները եւ ներկայացուցչությունները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

8. Սույն հոդվածում նշված կցորդների եւ ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգի, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 11. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմինների ստեղծումը եւ լուծարումը

1. Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության միջեւ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Կառավարության որոշմամբ` տվյալ օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաեւ դեսպանության պահպանումը որեւէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:

3. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում եւ լուծարվում է Կառավարության որոշմամբ` տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:

4. Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ստեղծման եւ լուծարման կազմակերպական հարցերը սահմանվում են Կառավարության կողմից:

5. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով, կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետությունում եւ միջազգային կազմակերպությունում:

6. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով եւ պայմաններով, անհրաժեշտության դեպքում, կարող են, որեւէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:

7. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության հետ փոխադարձ համաձայնությամբ կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում` ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 12. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործառույթները

1. Հայաստանի Հանրապետության դեսպանության գործառույթներն են`

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան օտարերկրյա պետությունում (այսուհետ` դեսպանընկալ պետություն) եւ ապահովել պաշտոնական հարաբերություններն այդ պետության հետ.

2) խրախուսել եւ ամրապնդել Հայաստանի Հանրապետության ու դեսպանընկալ պետության միջեւ բարեկամական հարաբերությունները եւ նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական եւ այլ բնագավառներում.

3) պաշտպանել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքները եւ օրինական շահերը դեսպանընկալ պետությունում.

4) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը.

5) նպաստել դեսպանընկալ պետության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

6) վարել բանակցություններ դեսպանընկալ պետության իշխանությունների եւ այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ.

8) իրականացնել միջազգային իրավունքի նորմերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործողություններ.

9) օրինական միջոցներով հավաքել, մշակել ու Կառավարությանը տրամադրել տեղեկություններ դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական եւ տնտեսական իրավիճակի մասին.

10) նպաստել Հայաստանի Հանրապետության եւ դեսպանընկալ պետության հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործառույթներն են`

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում եւ ապահովել պաշտոնական հարաբերություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաեւ այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.

2) պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում.

3) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը.

4) նպաստել համապատասխան միջազգային կազմակերպության հետ կամ դրա շրջանակներում կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

5) վարել բանակցություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաեւ այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.

6) օրինական միջոցներով հավաքել, մշակել եւ Կառավարությանը տրամադրել տեղեկություններ տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող գործընթացների մասին:

3. Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ/կամ միջազգային պայմանագրերով իրենց վերապահված այլ գործառույթներ:

ՀՈԴՎԱԾ 13. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարումը

1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը (դիվանագիտական ներկայացուցիչը) կարող է լինել Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը (այսուհետ` դեսպան) կամ գործերի հավատարմատարը` տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ):

2. Դեսպանը եւ մշտական ներկայացուցիչը նշանակվում եւ հետ են կանչվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Դեսպանը եւ մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչեւ 4 տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչեւ երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

6. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին, արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ, պաշտոնի նշանակում եւ ազատում է դեսպանը կամ մշտական ներկայացուցիչը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ արտաքին գործերի նախարարը՝ տվյալ դիվանագիտական ծառայության մարմնի ամենաբարձր դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետների թվից:

ՀՈԴՎԱԾ 14. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի նշանակումը եւ հետ կանչումը

1. Դեսպանին եւ մշտական ներկայացուցչին նշանակում եւ հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

2. Վարչապետի առաջարկությանը կցվում է դեսպան կամ մշտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, նշանակման դեպքում՝ կից հավատարմագրով:

3. Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը՝ հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում՝ դեսպան կամ մշտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին, նշանակման դեպքում՝ ստորագրելով հավատարմագիրը:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ դեսպանը կամ մշտական ներկայացուցիչը նշանակված կամ հետ կանչված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում եւ ստորագրում է նշանակման հավատարմագիրը: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

7. Դեսպանի եւ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման եւ կրճատման ընթացակարգերի վրա տարածվում են սույն հոդվածի դրույթները:

ՀՈԴՎԱԾ 15. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի` իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը եւ ավարտը

1. Դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին իր նշանակվելու մասին հավատարմագրի կրկնօրինակը հանձնելուց հետո` դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:

3. Մշտական ներկայացուցիչն իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը հանձնելուց հետո:

4. Դեսպանի եւ մշտական ներկայացուցչի լիազորությունները դադարեցվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, հետեւյալ դեպքերում`

1) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

2) միջազգային իրավունքով նախատեսված դեպքերում.

3) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-13-րդ կետերում եւ 2-րդ մասում նշված դեպքերում:

5. Մինչեւ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը` պաշտոնավարության ավարտից հետո թափուր պաշտոնի առկայության դեպքում արտաքին գործերի նախարարությունում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի առանց մրցույթի:

6. Մինչեւ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չզբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:

ՀՈԴՎԱԾ 16. Հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ հատուկ առաքելությունները

1. Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան կամ Կառավարության որոշմամբ ստեղծել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:

ՀՈԴՎԱԾ 17. Հյուպատոսական հիմնարկի ստեղծումը , լուծարումը եւ գործունեության կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն ստեղծվում եւ լուծարվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության միջեւ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ եւ պայմաններով:

2. Հյուպատոսական հիմնարկը իր գործունեությամբ ենթակա եւ հաշվետու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:

4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

ԳԼՈՒԽ 3

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ



ՀՈԴՎԱԾ 18. Դիվանագիտական պաշտոնները

1. Արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական պաշտոններն են՝

1) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար.

2) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար (վարչության պետ).

3) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի խորհրդական.

4) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի վարիչ (պետ).

5) արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի խորհրդական.

6) առաջին քարտուղար.

7) երկրորդ քարտուղար.

8) երրորդ քարտուղար.

9) կցորդ:

2. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոններն են՝

1) դեսպանորդ լիազոր նախարար.

2) գլխավոր հյուպատոս,

3) խորհրդական.

4) հյուպատոս.

5) առաջին քարտուղար.

6) փոխհյուպատոս.

7) երկրորդ քարտուղար.

8) երրորդ քարտուղար.

9) կցորդ:

3. Նախարարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններում դիվանագիտական ծառայողի նշանակման դեպքում՝ այդ պաշտոնները հանդիսանում են դիվանագիտական պաշտոններ։

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պաշտոններում դիվանագիտական ծառայող չհանդիսացող անձի նշանակման դեպքում՝ այդ պաշտոնները հանդիսանում են հանրային ծառայության հայեցողական պաշտոններ:

5. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված դիվանագիտական պաշտոնից՝ արտաքին գործերի նախարարի եւ նրա տեղակալի, արտակարգ եւ լիազոր դեսպանի, միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի, գործերի հավատարմատարի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոնի նշանակված անձանց վրա տարածվում են դիվանագիտական ծառայողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները։

ՀՈԴՎԱԾ 19. Դիվանագիտական աստիճանները

1. Դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս եւ ծառայության ընթացքում:

2. Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը:

3. Դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական եւ դիվանագիտական:

4. Բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են`

1) արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանը.

2) արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճանը:

5. Դիվանագիտական աստիճաններն են`

1) առաջին դասի խորհրդականի աստիճանը.

2) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը.

3) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը.

4) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը.

5) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

6) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

7) երրորդ քարտուղարի աստիճանը.

8) կցորդի աստիճանը:

ՀՈԴՎԱԾ 20. Դիվանագիտական ծառայության պաշտոնների եւ դիվանագիտական աստիճանների հարաբերակցությունը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանների ցանկը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ՀՈԴՎԱԾ 21. Դիվանագիտական աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող անձինք

1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ:

2. Վարչապետի առաջարկությանը կցվում է համապատասխան կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

3. Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը՝ հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում՝ համապատասխան կոչում շնորհելու վերաբերյալ:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

7. Դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 22. Դիվանագիտական աստիճանի շնորհումը

1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի հիման վրա պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո:

2. Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետեւյալ ժամկետներում ծառայելու դեպքում՝

1) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.

2) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.

3) երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի:

3. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին դրական եզրակացության հիման վրա:

4. Բացառիկ դեպքերում` ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների եւ անբասիր աշխատանքի համար, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:

5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:

ՀՈԴՎԱԾ 23. Դիվանագիտական աստիճանը պահպանելը եւ դրանից զրկելը

1. Դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ:

2. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 9-14-րդ կետերով սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքերում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող են պաշտոնից ազատված անձանց զրկել իրենց կողմից շնորհված դիվանագիտական աստիճանից:

3. Դիվանագիտական աստիճանից զրկելու վերաբերյալ հրամանագիրը Հանրապետության նախագահի կողմից չստորագրելու դեպքում այն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

ԳԼՈՒԽ 4

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 24. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն եւ բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները եւ չկան նրան պաշտոնի նշանակելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը սահմանվում է Կառավարության կողմից:

ՀՈԴՎԱԾ 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր`

1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

2) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը:

4) դատապարտվել են հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը սահմանափակող հիվանդությունների ցանկը հաստատվում է Կառավարության կողմից:

ՀՈԴՎԱԾ 26. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է արտաքին գործերի նախարարության՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-9-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով՝ այդ պաշտոնները ներքին մրցույթով կամ արտամրցութային կարգով չհամալրվելու դեպքում:

2. Մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը, մրցույթի դրվող պաշտոնի նկարագիրը եւ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հրապարակվում են մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ/կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:

3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի դրված պաշտոնի նկարագարի պահանջներին համապատասխան մասնագիտություն եւ անհրաժեշտ աշխատանքային ստաժ ունեցողները:

4. Մրցույթի անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ՀՈԴՎԱԾ 27. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու այլ կարգը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնը կարող է համալրվել արտամրցութային կարգով, ռոտացիայի հիման վրա եւ ներքին մրցույթով:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնը արտամրցութային կարգով համալրվում է հետեւյալ դեպքերում՝

1) արտաքին գործերի նախարարության միեւնույն կառուցվածքային ստորաբաժանումում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում՝ եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջներին եւ ունի անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը,

2) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնից կառուցվածքային ստորաբաժանումում, կառուցվածքային ստորաբաժանումից ենթակա մարմնում կամ մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանումում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.

3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում ավելի բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում՝ եթե դիվանագետը բավարարում է այդ պաշտոնի նկարագրի պահանջներին եւ ունի անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը,

4) սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պաշտոններից ազատվելիս՝ արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում եւ ենթակա մարմնում՝ եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջներին եւ ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը,

5) սույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքով ծառայությունը վաղաժամկետ դադարելիս օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.

6) սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն պետական կառավարման համակարգի այլ մարմին գործուղված դիվանագետին արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում՝ գործուղման ժամկետի ավարտից հետո.

7) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար դիվանագիտական դպրոցում պատրաստում անցած եւ բարձր ցուցանիշներով ավարտած անձանց Հայաստանի Հանապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանված կարգով դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում.

8) արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության համար հատկացված քվոտաների շրջանակում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ ուսումը բարձր ցուցանիշներով ավարտած անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասում նշված պաշտոնի նշանակվելու դեպքում:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնը համալրվում է ռոտացիայի կարգով՝ սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում:

4. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնը համալրվում է ներքին մրցույթով, եթե այն չի համալրվել սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն:

5. Ներքին մրցույթին կարող են մասնակցել այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նշված գրանցված անձինք:

6. Ներքին մրցույթն հայտարարվում է մրցույթի անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ:

7. Ներքին մրցույթի անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ՀՈԴՎԱԾ 28. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը կատարվում է անժամկետ:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը կատարվում է արտաքին գործերի նախարարի հրամանով` սույն օրենքով սահմանված դեպքերում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ այդ եզրակացությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 29. Փորձաշրջանը

1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով:

2. Փորձաշրջանի ընթացքում ստուգվում է անձի համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին:

3. Փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ եզրակացություն է տալիս համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

4. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր:

ՀՈԴՎԱԾ 30. Դիվանագետի երդումը

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանի ավարտից հետո առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայությամբ տալիս է հետեւյալ բովանդակությամբ երդում.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել հայաստանի հանրապետությանը եւ հայ ժողովրդին, պահպանել հայաստանի հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»:

2. Դիվանագետն ստորագրում է երդման տեքստը, եւ նրան հանդիսավորությամբ շնորհվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի վկայական, որի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ԳԼՈՒԽ 5

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՌՈՏԱՑԻԱՆ, ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 31. Դիվանագետի ռոտացիան

1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում

2. Դիվանագետի ծառայությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի եւ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում՝ երկու տարի իրար հաջորդող աշխատանքային փուլերով:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

4. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումը օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվեն սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետները:

5. Չի թույլատրվում օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի նշանակումը օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մեկ այլ մարմին:

6. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`

1) անձնական դիմումի համաձայն.

2) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

3) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքներ առաջանալու դեպքում.

4) ծառայողական անհրաժեշտության դեպքում:

7. Ռոտացիայի համար հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

8. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պաշտոններից օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում նշանակում կատարվում է եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջներին եւ ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը,

ՀՈԴՎԱԾ 32. Գործուղումը

1. Դիվանագետը, իր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել վարչապետի աշխատակազմ եւ պետական կառավարման համակարգի մարմիններ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ նշված մարմինների միջեւ պայմանավորվածության դեպքում:

2. Գործուղման ժամանակահատվածում դիվանագետը համարվում է դիվանագիտական ծառայության մեջ եւ նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված բոլոր իրավունքները եւ պարտականությունները:

3. Վարչապետի աշխատակազմից եւ պետական կառավարման համակարգի մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ նշված մարմինների միջեւ պայմանավորվածության դեպքում:

4. Գործուղման կարգը, պայմանները եւ դիվանագիտական ծառայության եւ քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանվում է Կառավարության կողմից:

ԳԼՈՒԽ 6

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ


ՀՈԴՎԱԾ 33. Դիվանագետի ատեստավորումը

1. Դիվանագետի ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից՝ դիվանագետին դիվանագիտական աստիճան շնորհելու, դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնի համապատասխանությունը ստուգելու նպատակով:

2. Ատեստավորումն իրականացվում է դիվանագետի դիմումի հիման վրա:

3. Ատեստավորումն իրականացվում է հարցազրույցի միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:

4. Օտարերկյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագետի ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրության միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:

5. Դիվանագետի արտահերթ ատեստավորում կարող է իրականացվել դիվանագետի հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արտահերթ կամ սահմաված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու դեպքում:

6. Դիվանագետի ատեստավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ՀՈԴՎԱԾ 34. Դիվանագետի վերապատրաստումը

1. Դիվանագետի վերապատրաստումն իրականացվում է դիվանագետի դիմումով կամ սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն իրականացված ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում, օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում կազմակերպվող դասընթացներին մասնակցության միջոցով:

2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին` նրանց հրավերով, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում կազմակերպվող դասընթացների ժամկետը վեց ամիսը գերազանցելու դեպքում դիվանագետի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ կնքվում է պայմանագիր վերապատրաստման պայմանների մասին:

4. Դիվանագետի վերապատրաստման կարգը եւ սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ՀՈԴՎԱԾ 35. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը

1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, ովքեր ազատվել են զբաղեցրած պաշտոնից հետեւյալ հիմքերով.

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ որպես միջազգային ծառայողներ միջազգային կազմակերպություններում աշխատանքի անցնելը.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ` մեկ տարուց ավելի ժամկետով ուսանելը կամ գիտական գործունեությամբ զբաղվելը.

3) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 8-րդ կետերում սահմանված հիմքով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքով դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում անձը գրանցվում է մեկ տարի ժամկետով դիվանագիտական ծառայության զբաղեցրած պաշտոնից ազատվելու հիմքերը դադարելու, իսկ 4-րդ մասում նշված հիմքով՝ պաշտոնից ազատվելու օրվանից:

3. Կադրերի ռեզերվում գրանցված անձը կարող է մասնակցել սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ներքին մրցույթին:

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

5. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու եւ ռեզերվից հանելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ԳԼՈՒԽ 7

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՀՈԴՎԱԾ 36. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը

1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթ, ներքին մրցույթ, ատեստավորում անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:

2. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ՀՈԴՎԱԾ 37. Էթիկայի հանձնաժողովը

1. Դիվանագիտական ծառայության ընթացքում դիվանագիտական ծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտումը ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է էթիկայի հանձնաժողով:

2. Էթիկայի հանձնաժողովը քննում եւ լուծում է դիվանագետի վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումները եւ դրանց առնչությամբ առաջարկություններ ներկայացնում իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին։

3. Դիվանագետի վարքագծի կանոնները, էթիկայի հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ԳԼՈՒԽ 8

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 38. Դիվանագետների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

1. Ծառայողական պարտականությունները, հատուկ առաջադրանքները լավագույնս կատարելու, երկարամյա ծառայության, անբասիր աշխատանքի, ծառայության մեջ ունեցած նվաճումների համար դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգեւատրում.

4) հուշանվերով պարգեւատրում.

5) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

6) կարգապահական տույժի հանում.

7) օրենքով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:

2. Խրախուսանքի միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

3. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ կիրառում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերում նշված խրախուսանքի միջոցները:

4. Արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգեւատրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ՀՈԴՎԱԾ 39. Դիվանագետների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահության կանոնները եւ դիվանագետի էթիկայի կանոնները խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:

2. Կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ:

4. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական խախտում թույլ տված անձից պահանջվում է գրավոր բացատրություն:

5. Կարգապահական տույժը չի կիրառվում, եթե կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից անցել է երեք ամիս, իսկ կարգապահական խախտում կատարելու օրվանից՝ վեց ամիս:

6. Կարգապահական տույժ կիրառելու մասին անձին հաղորդվում է կարգապահական տույժ կիրառելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

8. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ չի կիրառվել, ապա անձը համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

ՀՈԴՎԱԾ 40. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերն են.

1) անձնական դիմումը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

3) քաղաքական, վարչական, ինքնավար կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

5) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

6) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը (բացառությամբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի).

7) ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապելը.

8) հաստիքների կրճատումը եւ/կամ դիվանագիտական ծառայության մարմնի լուծարումը.

9) ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշումը.

10) դիվանագետի վարքագծի կանոնները խախտելը.

11) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելը.

12) ազատազրկման դատապարտելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը.

13) անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

14) դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

15) դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

16) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

17) օրենքով սահմանված այլ հիմքերով:

2. Դիվանագետի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ բացառությամբ 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պաշտոնից:

ՀՈԴՎԱԾ 41. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչեւ երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել:

ԳԼՈՒԽ 9

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՀՈԴՎԱԾ 42. Դիվանագետի իրավունքները

1. Դիվանագետի իրավունքներն են`

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքները.

2) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունելը՝ անհրաժեշտության դեպքում` խորհրդակցելով անմիջական ղեկավարի հետ, եւ հարցերի քննարկումներին մասնակցելը.

3) աշխատանքի, աշխատավարձի, առողջության պաշտպանությունը, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովվածությունը.

4) սոցիալական ապահովությունը.

5) սահմանված կարգով դիվանագիտական աստիճանի բարձրացումը.

6) վերապատրաստումը.

7) մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

8) դիվանագիտական ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը։

ՀՈԴՎԱԾ 43. Դիվանագետի պարտականությունները

Դիվանագետի պարտականություններն են`

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները.

2) մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները մշտապես կատարելագործելը.

3) իր իրավասությունների շրջանակում մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.

4) իր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելն ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

5) պետական, ծառայողական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում.

6) դիվանագետի վարքագծի կանոնները պահպանելը.

ՀՈԴՎԱԾ 44. Դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումները

1. Դիվանագետն իրավունք չունի`

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) խախտել քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվել կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

4) խախտել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվել գաղտնիքին առնչվելու թույլտվության ձեւակերպման սահմանված ընթացակարգն անցնելը.

5) ստանալ հոնորար իր ծառայողական պարտականությունների կատարումից բխող` իր նախապատրաստած հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել դիվանագիտական ծառայության մարմնի նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքն ու ծառայողական տեղեկատվությունը.

7) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ընդունել նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

8) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից:

2. Դիվանագետին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, վերջինիս զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դիվանագետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման:

4. Դիվանագիտական ծառայողի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող սույն հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում նշված աշխատանքի հանդեպ:

5. Դիվանագետն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտներ:

ՀՈԴՎԱԾ 45. Դիվանագետների սոցիալական երաշխիքները

1. Պետությունը դիվանագիտական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայելու ընթացքում բժշկական ապահովագրություն՝ ներառյալ նրա ընտանիքի անդամների համար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին` ըստ բժշկական ապահովագրության պայմանագրերի.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը, ինչպես նաեւ 3 ամիսը չգերազանցող ժամկետով վերապատրաստման դեպքում՝ աշխատավարձը.

5) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած հաշմանդամության դեպքում` նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նպաստներով ապահովում` պատճառված վնասի միաժամանակյա փոխհատուցմամբ.

6) կենսաթոշակի անցնելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիվանագետի համար նախատեսված արտոնությունների պահպանում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը։

9) օրենքով սահմանված այլ երաշխիքներ:

ՀՈԴՎԱԾ 46. Դիվանագետի վարձատրությունը եւ դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը

1. Դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները եւ առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին, աշխատավարձից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար` համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի` Կառավարության կողմից սահմանված չափով:

3. Նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսինը ստանում է սույն մասով նախատեսված փոխհատուցումը` 50 տոկոսի չափով:

4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է փոխհատուցում նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով:

5. Դիվանագետի ամուսնու համար փոխհատուցում չի վճարվում, եթե նա օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն զբաղեցնում է դիվանագիտական ծառայության պաշտոն կամ եթե սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անցնում է աշխատանքի դեսպանընկալ պետությունում:

6. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում` Կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով, մինչեւ երեխայի 18 տարին լրանալը:

7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին եւ ընտանիքի անդամների թվին համապատասխան` բնակարանի համար փոխհատուցում` Կառավարության կողմից սահմանված չափով:

8. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի եւ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու եւ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, ներառյալ անձնական օգտագործման ուղեբեռի եւ տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետռության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին ծառայության յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն անցնող դիվանագետին եւ նրա ընտանիքի անդամներին ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվում է Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսը:

10. Սույն հոդվածի իմաստով օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը եւ մինչեւ 18 տարեկան երեխաները:

ՀՈԴՎԱԾ 47. Օտարերկրյա պետություն ծառայության մեկնած դիվանագետի ամուսնու իրավունքները

1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո պետական հիմնարկներում վերականգնվում է իր զբաղեցրած պաշտոնում կամ այլ հավասարազոր պաշտոնում` մինչեւ օտարերկրյա պետություն մեկնելն ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Oտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Դիվանագետի ամուսինը կարող է աշխատել դեսպանընկալ պետությունում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի օրենսդրությամբ՝ նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:


ԳԼՈՒԽ 10

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ՀՈԴՎԱԾ 48. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող` անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ, սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, այն կրելու իրավունքն ունեցող անձ է:

ՀՈԴՎԱԾ 49. Դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձինք

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են՝

1) Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին,

2) Հանրապետության պաշտոնաթող նախագահին,

3) Ամենայն Հայոց կաթողիկոսին,

4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորներին,

5) Կառավարության անդամներին Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երեւանի քաղաքապետին,

6) արտաքին գործերի նախարարությունում եւ դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով

7) օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում նշված ներկայացուցիչներին, եւ ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն եւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած եւ խնամքի տակ գտնվող երեխաներին` նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագրեր տրվում են վարչապետի թույլտվությամբ:

ՀՈԴՎԱԾ 50. Դիվանագիտական անձնագրեր տալու եւ հետ վերցնելու կարգը

1. Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարի է:

2. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

3. Սույն օրենքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր:

4. Դիվանագիտական անձնագիր տալու, հաշվառելու, հետ վերցնելու եւ անվավեր հայտարարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

ԳԼՈՒԽ 11

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 51. Դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը

1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

2. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները պետական բյուջեի միջոցներից բացի կարող են ֆինանսավորվել նաեւ այլ աղբյուրներից` Կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 12

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Հոդված 52. Դիվանագիտական դպրոցը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` Դիվանագիտական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:

2. Դիվանագիտական դպրոցի կառուցվածքը եւ գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:

3. Դիվանագիտական դպրոցը, սույն օրենքին եւ իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.

2) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ եւ կրթական ծրագրեր:

4. Դիվանագիտական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Դպրոցի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամկետը ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում եւ նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված իրավունքները եւ պարտականությունները:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման հիմքում ընկած է 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքներով 2018թ. նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու պահից պետական կառավարման խորհրդարանական ձեւի վերջնական հաստատման եւ կառավարության դերի բարձրացման հետեւանքով արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխումը եւ դրանով պայմանավորված գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը։

Նախագծով նախատեսված սկզբունքային փոփոխություններն են՝

- դիվանագիտական ծառայության խնդիրների համապատասխանացումը՝ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Կառավարությանը եւ պետական կառավարման համակարգի մարմիններին վերապահաված լիազորություններին.

- օտարերկրյա պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը եւ լուծարումը, դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման եւ հետ կանչելու, բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհելու եւ դրանցից զրկելու նոր կարգի սահմանում.

- դիվանագիտական ծառայության պաշտոնի համալրման, դիվանագետի ատեստավորման եւ պաշտոնական առաջխաղացման կարգի հստակեցում.

- դիվանագետների սոցիալական երաշխիքների եւ ծառայության հետ իրավական վիճակի բարելավում, մասնավորապես դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի ավելացում, օտարերկրյա պետություն մեկնելիս եւ վերադառնալիս անձնական ուղեբեռի ծախսերի փոխհատուցում, ծառայության ընթացքում յուրաքանչյուր տարի մեկ անգամ դեսպանի եւ նրանց ընտանիքների անդամների եւ ծառայության ընթացքում մեկ անգամ դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների ՀՀ արձակուրդի գալու դեպքում ճանապարհածախսի փոխհատուցում, դիվանագետների կենսաթոշակներում դիվանագիտական հավելավճարների հաշվարկում,

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության սկզբունքները, դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը, ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճանների, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 2018թ. Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը, ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

8 փետրվարի 2018 թվականի N - Ա


«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2018 թ. փետրվարի
Երեւան