ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 125.1-րդ հոդվածով`
«Հոդված 125.1. Մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը`
1. Մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի ձեռք բերումը, փոխանցումը, ինչպես նաեւ իրացումը`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` յոթից ինը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից կամ
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 127.1-րդ եւ 127.2-րդ հոդվածներով`
«Հոդված 127.1. Եվգենիկական փորձեր իրականացնելը
1. Եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիա) ուղղված ցանկացած գործողություն կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կամ
2) անչափահասի նկատմամբ կամ
3) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
«Հոդված 127.2. Մարդու վերարտադրողական կլոնավորումը
1. Մարդու վերարտադրողական կլոնավորումը` մահացած կամ կենդանի մարդու արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը՝
պատժվում է ազատազրկմամբ` վեցից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կլոնավորված էակի մարմնի մասերը կամ օրգանները կամ հյուսվածքները օգտագործելու նպատակով կամ
2) շահադիտական նպատակով կամ
3) կազմակերպված խմբի կողմից կամ
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: