ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան եւ օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը սահմանում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լիցենզավորման կարգը, կարգավորում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող այլ հարաբերություններ:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) հեռուստառադիոհեռարձակում՝ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների, հնչյունների կամ դրանց պայմանանշանների տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որի միջոցով այդ պատկերները, հնչյունները կամ դրանց պայմանանշանները հասանելի են հասարակությանը.
2) հեռուստառադիոհաղորդում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ, հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տեւողությամբ նյութ, որը բովանդակության եւ կազմակերպչական իմաստով ինքնուրույն ու ավարտուն է եւ համարվում է հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտ.
3) հեռուստառադիոծրագիր՝ հեռարձակման համար նախատեսված, հեռուստաընկերության կամ ռադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի եւ այլ նյութերի ամբողջություն.
4) հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա` պաշտոնական թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակում կամ վերահեռարձակում, այդ թվում՝ վերգետնյա եթերային կամ կաբելային (մալուխային).
5) հեռուստաընկերություն եւ ռադիոընկերություն՝ իրավաբանական անձ, որը սույն օրենքի իմաստով հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր.
6) լիցենզավորված անձ` սույն օրենքի հիման վրա հեռուստառադիոհեռարձակման, վերահեռարձակման կամ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձ.
7) հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հեռուստառադիոհաղորդում.
8) սեփական հեռուստառադիոհաղորդում՝ հեռուստառադիոհաղորդում, որը օգտագործելու եւ տնօրինելու իրավունքը պատկանում է տվյալ հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը.
9) լրատվական հեռուստառադիոհաղորդում՝ Հայաստանում եւ աշխարհում կյանքի տարբեր ոլորտներում իրադարձությունների եւ փաստերի մասին օպերատիվ լուրերից բաղկացած հեռուստառադիոհաղորդում.
10) բաժանորդային հեռարձակում` հեռարձակում, որը նախատեսված եւ հասանելի է հեռարձակողի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար.
11) վերահեռարձակում` այլ հեռուստաընկերության եւ ռադիոընկերության հեռուստառադիոծրագրի միաժամանակյա կամ արդեն հեռարձակված եւ ամրագրված (ձայնագրված կամ տեսագրված) հաղորդման հետագա անփոփոխ հեռարձակում այլ լիցենզավորված անձի կողմից.
12) սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային եւ տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.
13) հանրապետական սփռում՝ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ձայնային, տեսաշարային եւ տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
14) լրացուցիչ տեղեկատվություն` հիմնական հաղորդմանը զուգակցող լուսագրային, գրաֆիկական, ձայնային այլ տեղեկատվություն.
15) պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հանրապետության նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական այլ եւ տեղական ինքնակառավարման մարմինների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի եւ Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.
16) մշտադիտարկում՝ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների փաստացի գործունեությունը օրենքին եւ լիցենզիայի պահանջներին համապատասխան իրականացնելու բացահայտման նպատակով իրականացվող դիտարկում
17) ուղղակի դիտարկում՝ հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումները դիտելու եւ տեսաձայնագրելու միջոցով իրականացվող մշտադիտարկում
18) ժեստերի լեզվով թարգմանություն՝ հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ժեստերի լեզվով.
19) փոխկապակցված անձինք` ամուսին, ծնող, երեխա, քույր, եղբայր.
20) մուլտիպլեքս` թվային տեղեկատվության միասնական հոսքում միաձուլված մի քանի հեռուստառադիոծրագրերի եւ լրացուցիչ տեղեկատվության ամբողջականություն, որը սփռվում է հեռարձակման թվային ցանցի մեկ կապուղով.
21) մուլտիպլեքսոր` անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.
22) մասնավոր մուլտիպլեքսոր՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.
23) հեռարձակման թվային ցանց՝ հանրային հեռարձակման թվային ցանց, մասնավոր մուլտիպլեքս կամ հեռուստառադիոծրագրերը թվային ձեւաչափով հեռարձակով թվային ցանց.
24) հանրային հեռարձակման թվային ցանց՝ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության 100 տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.
25) տեղական հեռուստաընկերություն՝ եւ անալոգային հեռարձակման լիցենզիայի պայմանների սահմաններում գործունեություն իրականացնող հեռուստաընկերություն:
Հոդված 3. Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը:
2. Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունելու հեռուստառադիոհաղորդումներ եւ լրացուցիչ տեղեկատվություն, ներառյալ` վերգետնյա եթերային, արբանյակային, կաբելային (մալուխային), ինտերնետային, բջջային եւ այլ ցանցերով, անվճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:
4. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում եւ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության (առնվազն 1 հեռուստաալիքի եւ 1 ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար:
5. Վերգետնյա եթերայինհեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում չպետք է սահմանափակի մարդկանց` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:
Հոդված 4. Հեռուստառադիոհաղորդումների լեզուն
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:
2. Օտար լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաեւ երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:
3. Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը:
4. Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, օտարերկրյա հեռուստառադիոծրագրերի հեռարձակման կամ վերահեռարձակման դեպքերի, ինչպես նաեւ՝ արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:
Հոդված 5. Հեռուստահաղորդումների հեռարձակումը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով
1. Հանրային հեռուստաընկերությունը եւ Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաեւ մանկական կամ լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցողների համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ պետությունն ապահովում է հեռուստատեսությամբ հեռարձակվող պաշտոնական հաղորդագրությունների զուգակցումը ժեստերի լեզվով թարգմանությամբ եւ հայերեն լուսագրով:
ԳԼՈՒԽ 2
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 6. Հեռուստառադիոհաղորդումները, դրանց հեռարձակման եւ վերահեռարձակման իրականացման կարգը
1. Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը եւ վերահեռարձակումն իրականացվում են լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են հանրային հեռուստաընկերությունը, հանրային ռադիոընկերությունը եւ միջազգային պայմանագրի հիման վրա հեռարձակողները:
2. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները էլեկտրոնային հաղորդակցության բոլոր միջոցներով, բացառությամբ այն հեռուստառադիոհաղորդումների, որոնք ունեն սահմանափակում, իրենց հեռուստառադիոծրագրերը հեռարձակում են առանց փոփոխությունների:
3. Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հեռուստառադիոհաղորդումների տարածման դեպքում հղումն այդ լրատվամիջոցներին պարտադիր է:
4. Ոչ սեփական հեռուստառադիոհաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Հեռուստառադիոհաղորդման արտադրության եւ հեղինակի մասին տեղեկատվության (ենթագրեր, ձայնային ներկայացում) ամբողջական հեռարձակումը պարտադիր է:
6. Ինտերնետով եւ բջջային կապի միջոցներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման վրա տարածվում են միայն սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կարգավորումները՝ բացառությամբ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից ինտերնետով եւ բջջային կապի միջոցներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման դեպքերի:
Հոդված 7. Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը
1. Սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) հանրային հեռարձակման թվային ցանցում չի կարող պակաս լինել ամսական ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից, իսկ մասնավոր մուլտիպլեքսում ներառված Հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համար՝ 45 տոկոսից:
2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հեռարձակման կամ վերահեռարձակման, ինչպես նաեւ՝ բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) եւ արբանյակային հեռուստատեսության վրա:
Հոդված 8. Օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ծրագրերի հեռարձակումը
1. Օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջազգային պայմանագրի կամ Հանձնաժողովի կողմից վերահեռարձակողին տրված լիցենզիայի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ՝ վերահեռարձակող գովազդի հեռարձակումն արգելվում է:
Հոդված 9. Հեռուստառադիոհաղորդումներն ընտրությունների նախընտրական քարոզչության կամ հանրաքվեի նախապատրաստման ընթացքում
1. Ընտրությունների նախընտրական քարոզչության կամ հանրաքվեի նախապատրաստման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պահանջները:
Հոդված 10. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ
1. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ վարչապետի կողմից լիազորված Կառավարության այլ անդամին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:
2. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը եւ պայմանները սահմանում է Հանձնաժողովը:
Հոդված 11. Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն ստանալը
1. Հեռուստադիտողները եւ ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն` անվճար կամ վճարովի:
2. Հեռուստադիտողները եւ ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բոլոր հեռուստառադիոհաղորդումները (ներառյալ` արբանյակային կապի միջոցով հեռարձակվող արտասահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)՝ առանց վերահեռարձակման իրավունքի:
Հոդված 12. Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների եւ տեսագրությունների, ինչպես նաեւ այլ նյութերի պահպանման կարգը
1. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:
2. Հաղորդումները հաշվառվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի եւ ավարտի ժամը, հաղորդման անվանումը եւ բնույթը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների եւ հեռարձակողի անունը:
3. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հանձնաժողով: Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալների ներկայացման կարգը եւ հաշվառման մատյանի հաշվառման կարգը սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:
4. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պայմաններին: Հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումների ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստաընկերության եւ ռադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ: Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանների տվյալները կարող են Հանձնաժողովին ներկայացվել նաեւ էլեկտրոնային կրիչներով :
5. Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանձնաժողով, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ), կամ հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն դիմում կամ բողոք կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
6. Դիմում, բողոք կամ հայց ներկայացրած անձը պարտավոր է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում հեռուստաընկերությանը եւ ռադիոընկերությանը գրավոր ծանուցել նման դիմումի, բողոքի կամ հայցի ներկայացման, իսկ վիճելի հարցի լուծման դեպքում՝ նաեւ վիճելի հարցի լուծման մասին:
7. Դիմումի, բողոքի կամ հայցի ներկայացման մասին հեռուստաընկերությանը եւ ռադիոընկերությանը ծանուցելուց հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ դիմում, բողոք կամ հայց ներկայացրած անձը պարտավոր է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը տրամադրել տեղեկատվություն դիմումի, բողոքի կամ հայցի քննության ընթացքի վերաբերյալ:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումը կամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում շահագրգիռ անձը կրում է ծանուցում կամ տեղեկատվություն չներկայացնելու բացասական հետեւանքները, իսկ հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները կարող են ջնջվել սույն հոդվածով սահմանված համապատասխան ժամկետի ավարտից հետո:
Հոդված 13. Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման ժամանակ
1. Հովանավորությունը հեռուստառադիոհեռարձակման գործունեություն չիրականացնող կամ տեսաձայնային աշխատանքների ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է հեռուստառադիոհաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը` այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:
2. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են հովանավորության նկատմամբ:
3. Հովանավորված հեռուստառադիոհաղորդումների բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը եւ այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին եւ անկախությանը:
4. Արգելվում է հովանավորությունը`
1) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներով.
2) լրատվական հաղորդումների, պաշտոնական հաղորդագրությունների եւ քաղաքական հաղորդումների համար.
3) օրենքով արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:
5. Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
6. Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ միայն հաղորդման սկզբում եւ վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տեւողությամբ:
ԳԼՈՒԽ 3
ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների տեսակները
1. Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններ եւ ռադիոընկերություններ:
2. Հայաստանի Հանրապետությունում գործում են առնվազն մեկ անկախ հանրային հեռուստաընկերություն եւ մեկ անկախ հանրային ռադիոընկերություն:
3. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը հիմնադրվում են Կառավարության որոշմամբ:
4. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձեւով, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է:
5. Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը ապահովում են հանրային հեռուստաընկերություններն ու հանրային ռադիոընկերությունները:
6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կառավարման լիազոր մարմինը Խորհուրդն է:
7. Կառավարության որոշմամբ Խորհրդի կառավարմանը կարող են հանձնվել այլ բաժնետիրական ընկերություններ:
8. Մասնավոր են այն հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական անձինք են կամ իրավաբանական անձինք, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի մասնակցություն:
9. Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները օգտվում են հավասար իրավունքներից եւ օրենքի առջեւ հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպաիրավական ձեւից:
Հոդված 15. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հիմնադիրները
1. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի կամ բաժնետոմսերի հիսուն տոկոսից: Կոոպերատիվի կազմակերպաիրավական ձեւ ունեցող հեռուստաընկերություններում եւ ռադիոընկերություններում օտարերկրյա անդամների թիվը չի կարող գերազանցել կոոպերատիվի անդամների ընդհանուր թվի հիսուն տոկոսը: Միջազգային պայմանագրերով կարող են սահմանվել սույն կանոնից բացառություններ:
3. Մասնավոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել, ինչպես նաեւ բաժնեմաս, բաժնետոմս կամ փայաբաժին չեն կարող ձեռք բերել`
1) Հանրապետության նախագահը
2) Կառավարության անդամները.
3) պատգամավորները.
4) Հանձնաժողովի անդամները.
5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները.
6) դատավորները.
7) Խորհրդի անդամները.
8) Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները.
9) oրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձինք.
10) սույն մասի 1-9-րդ կետերով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձիք.
11) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, անձինք, հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը հանված կամ մարված չէ.
12) հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք.
13) կուսակցությունները, դրանց ղեկավարներն ու անդամները.
14) 18 տարին չլրացած քաղաքացիները:
Հոդված 16. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների անկախության երաշխիքները
1. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությանը միջամտելը: Պետական մարմինները կարող են հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն օրենքով սահմանված դեպքերում:
2. Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային, եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:
Հոդված 17. Հակամենաշնորհային երաշխիքները
1. Իրավաբանական անձինք կարող են վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության, մեկ ռադիոընկերության եւ մեկ մուլտիպլեքսի լիցենզիա:
2. Ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք, ինչպես նաեւ իրավաբանական անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության հիմնադիր կամ մասնակից:
Հոդված 18. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդը
1. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Հոդված 19. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների եկամուտների աղբյուրները
1. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների եկամուտների աղբյուրներ են գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները՝ բացառությամբ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության:
2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության եկամուտների աղբյուրներն են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված եկամուտները, ինչպես նաեւ վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, հիմնադիրների ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները :
3. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների:
Հոդված 20. Ելքային տվյալները
1. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշերը` ազդականչերը, ներդիրները եւ այլ ելքային տվյալներ:
2. Հեռուստաընկերությունները պարտավոր են`
1) իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ.
2) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ:
Հոդված 21. Հեռուստառադիոհաղորդումների բովանդակության սահմանափակումները
1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
1) իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու քարոզչության,
2) ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու,
3) բռնություն կամ պատերազմ քարոզելու,
4) քրեորեն պատժելի կամ օրենքով արգելված արարքների կոչեր տարածելու,
5) պոռնկագրություն տարածելու նպատակով:
2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է Հանձնաժողովը, որոնց համապատասխանող հեռուստահաղորդումները կարող են հեռարձակվել ժամը 24:00-ից մինչեւ 6:00-ն: Սույն մասի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման վրա:
3. Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից արգելվում է:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնից բացառությունը թույլատրվում է միայն պատմափաստավավերագրական եւ լրատվական նյութեր պարունակող հեռուստահաղորդումների ցուցադրման դեպքում, որոնց ժամանակ սույն հոդվածի 1-ին մասում թվարկված բովանդակության առկայության դեպքում նախապես հայտարարություն է հրապարակվում դրա մասին:
Հոդված 22. Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը եւ հեռահաղորդակցությունը
1. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Հանձնաժողովին հեռարձակման համար նախատեսված օրվանից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:
Հոդված 23. Հեռարձակման եւ վերահեռարձակման ընթացքում տեղեկատվության հասանելիությունը
1. Եթե հեռուստաընկերությունը եւ ռադիոընկերությունը իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անսահմանափակ թվով անձանց համար եւ անվճար, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից օգտվելու անհատույց եւ առանց տվյալ հեռուստաընկերությանը եւ ռադիոընկերությանը տեղեկացնելու:
2. Այլ դեպքերում հեռուստաընկերության եւ ռադիոընկերության մատուցելիք ծառայության գինը եւ պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
Հոդված 24. Բաժանորդային հեռարձակումը
1. Բաժանորդային հեռարձակման նկատմամբ թեմատիկ, բովանդակային եւ լեզվական սահմանափակումներ չեն սահմանվում, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:
2. Լիցենզավորված հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները իրենց գործունեության ընթացքում բաժանորդային հեռարձակման անցնելու դեպքում պարտավոր են ստանալ Հանձնաժողովի թույլտվությունը:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները
1. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի եւ կրոնի, ինչպես նաեւ ստեղծագործության ազատությունը:
2. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը պարտավոր են`
1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.
2) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.
3) մշակել եւ իրականացնել ծրագրային քաղաքականություն`
ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,
բ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,
գ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը եւ նվազեցմանը,
դ. եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար:
3. Հանրային հեռուստաընկերությունում եւ հանրային ռադիոընկերությունում Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, Կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տեւողությունը չի սահմանափակվում:
4. Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը չպետք է գերազանցի հաղորդման տեւողության 2.5 տոկոսը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում հանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային կամ սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ:
6. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ վերջիններս պարտավոր են ապահովել լրատվական հաղորդումների օրական առնվազն երկու թողարկում` առավոտյան եւ երեկոյան:
7. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը:
8. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն են ներակայցնում Հանձնաժողովին:
9. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կողմից հաշվետվության ներկայացման կարգը եւ հաշվետվության ձեւը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
10. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
11. Հանրային հեռուստաընկերությամբ եւ հանրային ռադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում է այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` հանրային հեռուստաընկերությունը կամ հանրային ռադիոընկերությունը կամ այլ հեռուստաընկերություններ եւ ռադիոընկերություններ:
Հոդված 26. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
1. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կառավարման մարմինը Խորհուրդն է:
2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից՝ Խորհրդի նախագահ եւ Խորհրդի 4 անդամ: Խորհրդում պետք է ապահովվի սեռային ներկայացվածությունը:
3. Խորհրդի անդամները նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից վեց տարի ժամկետով:
4. Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն եւ տիրապետեն հայոց լեզվին:
5. Խորհրդի անդամ չի կարող լինել՝
1) օտարերկրյա քաղաքացին եւ քաղաքացիություն չունեցող անձը.
2) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.
3) անձը, ով դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`
1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցության ղեկավար մարմնում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
Հոդված 27. Խորհրդի գործունեության կարգը
1.Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ օրենքների եւ իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
2. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության եւ հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
3. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաեւ նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է նրան փոխարինող Խորհրդի անդամը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Խորհրդի տարիքով ավագ անդամը:
4. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`
1) իր նախաձեռնությամբ.
2) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:
5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:
6. Խորհրդի որոշումներն ընդունվում են` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
8. Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների եւ ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին եւ հրապարակում իր պաշտոնական կայքում:
9. Խորհրդի նախագահի աշխատավարձի հաշվարկման գործակիցը 9 է, իսկ Խորհրդի անդամները՝ 8: Խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամների աշխատավարձը որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային աշխատավարձ սույն մասում նշված գործակիցներով բազմապատկելու միջոցով:
Հոդված 28. Խորհրդի անդամների նշանակման կարգը եւ լիազորությունների դադարումը
1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով Հանձնաժողովը ձեւավորում է 5 անդամից, ներառյալ նախագահը, բաղկացած մրցութային հանձնաժողով:
2. Մրցութային հանձնաժողովի նախագահը եւ անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով:
3. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
4. Մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանում է Հանձնաժողովը:
5. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը սպասարկում է Հանձնաժողովի աշխատակազմը:
6. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում եւ վարում է մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
7. Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:
8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Մրցութային հանձնաժողովի անդամները ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը եւ կարգը սահմանում է վարչապետը:
9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում են մրցութային հանձնաժողովի նախագահին:
10. Խորհրդի անդամի թափուր տեղի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունն ստացվելուց հետո մրցութային հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ Կառավարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածում թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ:
11. Հայտարարության մեջ նշվում են`
1) թափուր պաշտոնի անվանումը,
2) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները,
3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը եւ ժամը:
12. Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:
14. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով:
15. Փաստաթղթերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում:
17. Մրցութային հանձնաժողովի նիստի մասին մրցութային հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցում է վարչապետի աշխատակազմը:
18. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում, մինչեւ մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը, մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:
19. Մրցությաին հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի մասնագետներ:
20. Մրցությաին հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են միայն «կողմ» կամ «դեմ»:
21. Մրցույթի արդյունքում մրցութային հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը՝
1) մրցույթը չկայացած համարելու եւ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին.
2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին:
22. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչում մեկ մասնակցի:
23. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին:
24. Առաջին կրկնակի մրցույթը չկայացած համարվելու դեպքում, մինչեւ մրցութային հանձնաժողովի կողմից կրկնակի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչելը, վարչապետը տասնօրյա ժամկետում նշանակում է Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, ով պետք է բավարարի Խորհրդի անդամին սույն օրենքով ներկայացվող պահանջներին:
25. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց ներկայացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
26. Մրցութային հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաեւ ընդունված որոշումների առաքումն ապահովում է Հանձնաժողովի աշխատակազմը:
27. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`
1) հրաժարական է տվել.
2) ընտրվել կամ նշանակվել է որեւէ պաշտոնում.
3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի` երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին.
4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
6) մահացել է.
7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
8) չի կատարել սույն օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունը:
Հոդված 29. Խորհրդի նախագահը
1. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է Խորհրդի եւ նրա աշխատակազմի գործունեությունը.
2) գումարում է Խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները եւ նիստերի արձանագրությունները.
3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.
4) ընդունում եւ ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին
5) համակարգում եւ ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը:
2. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը:
Հոդված 30. Խորհրդի իրավասությունները
1. Խորհուրդը`
1) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը եւ հեռուստառադիոծրագրերի (հեռուստաալիքների) թիվը, որը չի կարող պակաս լինել չորսից՝ երկու հեռուստածրագիր եւ երկու ռադիոծրագիր, առնվազն մեկը ընդհանուր, մյուսը` հոգեւոր-մշակութային ուղղվածության.
2) սահմանում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը եւ ուղղությունները.
3) հաստատում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձեւերը, պայմանները եւ վարձատրման կարգը.
4) սահմանում է հանրային հեռուսստաընկերության եւ հանրային ռադիոընկերության այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու այլ հեռուստաընկերություններում եւ ռադիոընկերություններում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում.
5) սահմանում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.
6) նշանակում եւ պաշտոնից ազատում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին:
7) հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում է գործադիր տնօրենների տեղակալներին:
8) յուրաքանչյուր տարի մինչեւ հունվարի 20-ը լսում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.
9) հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.
10) հաստատում է իր կանոնադրությունը եւ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կառուցվածքը.
11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը եւ հաստիքացուցակը.
12) հաստատում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները
13) ստացված բողոքների հիման վրա, կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները խախտման դեպքերը եւ ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.
14) առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործունեության վերաբերյալ հասարական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.
15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ:
2. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարվում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների կողմից:
3. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:
Հոդված 31. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների իրավասությունները
1. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները`
1) ղեկավարում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.
2) Խորհրդի հաստատմանն են ներկայցնում ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.
3) նշանակում եւ ազատում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
4) ընդունում են հրամաններ.
5) կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.
6) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.
7) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ներկայացնում են հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը,
8) իրենց իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս hանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության անունից եւ ներկայացնում են նրանց շահերը,
9) oրենքով, այլ իրավական ակտերով եւ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում են հանրային հեռուստաընկերությանը եւ հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
10) տալիս են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
11) նշանակում եւ ազատում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում են խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
12) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության տարեկան հաշվետվությունները.
13) ապահովում են աշխատողների մասնագիտական կատարելագործումը.
14) իրականացնում են օրենքով, իրավական այլ ակտերով եւ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով:
3. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքերում նրանց փոխարինում եւ նրանց լիազորություններն իրականացնում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների տեղակալները:
4. Գործադիր տնօրենների տեղակալները նշանակվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 32. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ֆինանսավորումը
1. Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ առանձին նշելով Խորհրդին, հանրային հեռուստաընկերությանը եւ հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները, առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը հաստատում է Խորհուրդը՝ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ:
Հոդված 33. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության տարեկան հաղորդումը
1. Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը հրապարակում է hանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում:
2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության հաղորդումը հրապարակվում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրվում է Խորհրդի պաշտոնական կայքում:
ԳԼՈՒԽ 5
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 34. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը
1. Սահմանադրության 196-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը:
2. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով եւ իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ:
3. Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում: Հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ:
4. Հանձնաժողովի նստավայրը Երեւան քաղաքն է: Իր որոշմամբ Հանձնաժողովը կարող է արտագնա նիստեր գումարել նաեւ այլ համայնքներում:
Հոդված 35. Հանձնաժողովի լիազորությունները
1. Հանձնաժողովը`
1) հրապարակային եւ մրցութային կարգով հատկացնում է վերգետնյա եթերային հաճախություններ.
2) իրականացնում է հեռուստառադիոհեռարձակողների վերգետնյա եթերային հեռարձակման լիցենզավորումը մրցույթի միջոցով եւ ապահովում մրցույթի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
3) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորումը.
4) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման լիցենզավորումը.
5) անցկացնում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ եւ տրամադրում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա.
6) սահմանում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հեռուստաընկերությունների, մրցույթի անցկացման կարգը, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները.
7) հաստատում է լիցենզիայի ձեւերը.
8) տրամադրում է լիցենզիաներ.
9) տարին մեկ հրապարակում է վերգետնյա եթերային հաճախականությունների ամբողջական ցանկը` հիմք ընդունելով լիազորված պետական կառավարման մարմնի կազմած եւ պարբերաբար իրեն տրամադրվող` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված վերգետնյա եթերային հաճախությունների ցանկը.
10) կազմում եւ հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների կատարման նկատմամբ.
11) թույլատրում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից բաժանորդային հեռարձակումը.
12) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների եւ ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պահանջներին.
13) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին եւ տրված հավաստագրին.
14) սույն օրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
15) վերահսկում է հեռուստաընկերության եւ ռադիոընկերության կողմից նախընտրական քարոզչության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգի պահպանումը.
16) նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմում է դատարան` տվյալ հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.
17) ուսումնասիրում եւ պատասխանում կամ եզրակացություն է տալիս հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.
18) իրականացնում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկում.
19) կարող է ներգրավվել հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի եւ իրավական ակտերի նախագծերի մշակմանը.
20) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ.
21) ուսումնասիրություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ.
22) սահմանում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կողմից սույն օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հաշվետության ներկայացման կարգը եւ ձեւը.
23) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ վարչապետին կամ վարչապետի կողմից լիազորված Կառավարության այլ անդամին եթերաժամանակ հատկացնելու կարգը եւ պայմանները.
24) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները.
25) սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձեւը.
26) օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը,
27) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովն իրավասու մարմիններից, հանրային հեռուստաընկերությունից եւ հանրային ռադիոընկերությունից, այլ կազմակերպություններից եւ պաշտոնատար անձանցից պահանջում եւ ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված ուսումնասիրության իրականացման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերությանը հանձնարարել սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները:
4. Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է դիմել Խորհրդին հանրային հեռուստաընկերության կամ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը լուծելու առաջարկով:
5. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների եւ փորձագետների:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 22-24-րդ, սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 12-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 2-րդ, 49-րդ հոդվածի 3-րդ եւ 50-րդ հոդվածի 5-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Հոդված 36. Հանձնաժողովի գործունեության սկզբունքները
1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության եւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
Հոդված 37. Հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Սահմանադրության 197-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ եւ ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում՝ թափուր տեղն առաջանալուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահին փոխարինող անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:
3. Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամը կարող է առաջադրվել որպես Հանձնաժողովի նախագահ ինքնաառաջադրման կամ Հանձնաժողովի որեւէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:
5. Հանձնաժողովի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:
7. Քվեարկելիս Հանձնաժողովի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
8. Եթե քվեարկության արդյունքով որեւէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելի ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:
11. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից եւ քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:
12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանձնաժողովի անդամ, ներառյալ Հանձնաժողովի նախագահ:
13. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է մինչեւ Հանձնաժողովի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
14. Հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների կազմը համալրվելուց հետո տասնօրյա ժամկետում:
Հոդված 38. Հանձնաժողովի անդամների թեկնածուներին եւ անդամներին ներկայացվող պահանջները եւ նրանց վարձատրության կարգը
1. Հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի կամ իրավագիտության առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, բարձրագույն կրթություն, հանդիսանում է զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ:
2. Հանձնաժողովի անդամ չի կարող լինել`
1) անձը, ով դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը,
3. Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Հանձնաժողովի անդամները ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցում են միայն որպես ընտրող:
4. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
5. Հանձնաժողովի անդամի լիազորությունները ստանձնելուց հետո` մեկ ամսվա
ընթացքում, Հանձնաժողովի անդամը պարտավոր է`
1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից:»:
7. Հանձնաժողովի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 39. Հանձնաժողովի նախագահը
1. Հանձնաժողովի նախագահը`
1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.
2) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) ձեւավորում է նիստերի օրակարգը, հրավիրում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը, ընդ որում` Հանձնաժողովի անդամը մասնակցում է Հանձնաժողովի նիստերի օրակարգի ձեւավորմանը օրակարգի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.
4) ստորագրում եւ հրապարակում է Հանձնաժողովի որոշումները, արձակում է հրամաններ.
5) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.
6) Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.
7) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
8) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրության նախագիծը, կառուցվածքը եւ հաստիքացուցակը.
9) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է Հանձնաժողովի աշխատակիցներին.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա կողմից նշանակված Հանձնաժողովի անդամը:
3. Հանձնաժողովի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
Հոդված 40. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը
1. Հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են՝
1) անհամատեղելիության պահանջները խախտելու.
2) քաղաքական գործունեությամբ զբաղվելու.
3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառներով, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու.
4) տարվա ընթացքում Հանձնաժողովի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու.
5) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.
6) առնվազն մեկ անգամ Հանձնաժողովի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են՝
1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.
3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
5) նրա հրաժարականը.
6) նրա մահը:
4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի անդամի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:
7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են նրա լիազորությունները դադարելու օրը:
8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու դեպքում Հանձնաժողովի նախագահը անհապաղ հայտարարություն է տարածում Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
9. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված հիմքերով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքի առկայությունն արձանագրող Հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից:
Հոդված 41. Հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը
1. Հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:
2. Հանձնաժողովը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Կառավարություն է ներկայացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշիվը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
3. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում նաեւ բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:
4. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամներին աշխատավարձի վճարումը:
Հոդված 42. Հանձնաժողովի տարեկան հաղորդումը
1. Հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր նախորդ տարվա գործունեության եւ հեռուստատեսությունում ու ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:
2. Հաղորդումը ներառում է Հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (ներառյալ` հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների եւ այլ լիազորությունների իրականացման մասին):
3. Հաղորդումը Ազգային ժողով է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը:
4. Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
6. Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկատվություն:
Հոդված 43. Հանձնաժողովի գործունեության կարգը
1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի եւ աշխատանքային քննարկումների միջոցով:
2. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահն՝ իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի պահանջով:
3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են՝բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքում Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ:
4. Հանձնաժողովը զանգվածային լրատվության առնվազն մեկ միջոցով, ինչպես նաեւ իր կայքում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը եւ օրակարգը:
5. Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով :
6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
8. Հանձնաժողովի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին տեղեկացնել իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ:
9. Այդ տեղեկացումից հետո Հանձնաժողովի համապատասխան անդամը՝
1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.
2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:
10. Հանձնաժողովի նիստը հետաձգվում է՝
1) քվորում չլինելու.
2) աշխատանքային օրն ավարտվելու.
3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:
11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հանձնաժողովի աշխատակազմի կողմից: Նիստերի արձանագրությունները ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Հանձնաժողովի աշխատակազմը վարում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:
12. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են Հանձնաժողովի գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
Հոդված 44. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը
1. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում՝ նաեւ հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:
2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործունեության մշտադիտարկումը ներառում է նաեւ տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:
3. Կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում հեռուստաընկերություններում եւ ռադիոընկերություններում մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա:
4. Մշտադիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են՝
1) մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը,
2) հեռուստաընկերության կամ ռադիոընկերության լրիվ անվանումը եւ գտնվելու վայլը,
3) մշտադիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը,
4) մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ իրավական հիմքերը:
5. Հեռուստաընկերությունում կամ ռադոիընկերությունում մշտադիտարկումը սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին կամ նրան փոխարինող իրավասու այլ անձին:
6. Եթե հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը չեն գտնվում հեռուստաընկերության կամ ռադիոընկերության գործունեության վայրում կամ հրաժարվում են ստանալ մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը եւ ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա հրամանի պատճենը 3-օրյա ժամկետում փոստային առաքման միջոցով ուղարկվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, որը ստանալուց հետո միայն կարող է իրականացվել մշտադիտարկում: Անհապաղ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքում մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանի օրինակը եւ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը փոստային առաքման միջոցով ուղարկվում են հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը՝ մշտադիտարկումն իրականացնելուց հետո եռօրյա ժամկետում:
7. Հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը մշտադիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովեն անհրաժեշտ աշխատանքային տարածքով եւ տեխնիկական միջոցներով:
8. Մշտադիտարկման արդյունքներով Հանձնաժողովի ներկայացուցչի կողմից կազմվում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաեւ վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների եւ հաշվառման մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաեւ դիտարկման արդյունքների եւ հաշվառման մատյանների տվյալների միջեւ անհամապաստախանությունը, անհամապատասխանությունների քանակը եւ տեւողությունը:
10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում՝ հեռուստաընկերության կամ ռադիոընկերության տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունը ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում՝ Հանձնաժողովի եւ հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչները:
12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը այն կազմելուց հետո եռօրյա ժամկետում ուղարկվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը:
13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում կարող է դրանք ներկայացնել Հանձնաժողով:
14. Հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ եւ ստորագրում:
15. Եթե հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը հրաժարվում է ստորագրել եւ ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ չի գտնվում մշտադիտարկման իրականացման վայրում, ապա արձանագրության երկրորդ օրինակը փոստով առաքվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը:
16. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, եւ արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը (կանոնադրություն, հրաման, որոշում, լիազորագիր կամ այլ փաստաթուղթ), որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինել հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին:
17. Եթե հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունը ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է մշտադիտարկման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաեւ մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը եւ պաշտոնը:
18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:
19. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացումն ապահովում է Հանձնաժողովի աշխատակազմը:
20. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձեւը հաստատում է Հանձնաժողովը:
Հոդված 45. Հանձնաժողովի աշխատակազմը
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով:
2. Հանձնաժողովի աշխատակազմի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
ԳԼՈՒԽ 6
ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 46. Լիցենզավորումը
1. Լիցենզիան այն պաշտոնական փաստաթուղթն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում եւ վերահեռարձակում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Հեռուստառադիոծրագրերի վերգետնյա եթերային հեռարձակման եւ վերահեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հայտարարվող հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների մրցույթից հետո: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
3. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:
4. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիան չի կարող փոխանցվել կամ oտարվել այլ անձի:
Հոդված 47. Թվային հեռարձակման ցանցը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի վերգետնյա եթերային հեռարձակումն իրականացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծումը, պահպանումն ու շահագործումն իրականացնող կազմակերպության հիմնադրումը եւ նրա գործառույթները սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հանրային հեռարձակման թվային ցանցի պահպանումն ու շահագործումն իրականացնող կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է առանց լիցենզիայի:
3. Հանձնաժողովը յուրաքանչյուր տասը տարին մեկ հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստառադիոհեռարձակողների մրցույթ` հանրապետական, մայրաքաղաքային եւ տարածքային սփռման սույն հոդվածով սահմանված թեմատիկ ուղղվածություն ունեցող եւ սույն հոդվածում նշված քանակությամբ հեռուստաընկերությունների համար:
4. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված հանրային հեռուստատեսության երկու հեռուստածրագրեր (հեռուստաալիքներ), որոնցից մեկը` ընդհանուր ուղղվածության, մյուսը` հոգեւոր-մշակութային.
2) հինգ մասնավոր հեռուստաընկերություններ` ընդհանուր ուղղվածության.
3) մեկ վերահեռարձակող հեռուստաընկերություն
6. Թվային հեռարձակման հանրային ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` ժամանցային ուղղվածության.
2) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երիտասարդական ուղղվածության.
3) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երաժշտական ուղղվածության.
4) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության.
5) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության.
6) առնվազն չորս վերահեռարձակող հեռուստաընկերություններ:
7. Թվային հեռարձակման հանրային ցանցի միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում եւ Երեւան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական մարզային սփռման, իսկ Երեւան քաղաքում` մայրաքաղաքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն:
8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված հանրային ռադիոյի առնվազն մեկ ռադիոծրագիր.
2) առնվազն երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված հանրային ռադիոյի առնվազն երկու ռադիոծրագիր.
2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.
3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.
4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.
5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված հանրային ռադիոյի առնվազն մեկ ռադիոծրագիր եւ ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:
Հոդված 48. Լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտը
1. Հեռուստառադիոհեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտում նշվում են`
1) հայտ ներկայացնողի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) հեռուստառադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը.
3) սփռման տարածքը.
4) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հիմնադիր կամ մասնակից եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ դրանց արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.
5) սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների ծավալը.
6) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
2. Հայտին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերի եւ իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստաընկերության կամ ռադիոընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաեւ լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը:
3. Մրցույթի ընթացքում հայտին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում, եթե դրանք կարող են ազդել մրցույթի արդյունքների վրա, Հանձնաժողովը տվյալ մասնակցի մասով մինչեւ երեք աշխատանքային օրով հետաձգում է մրցույթը՝ հնարավորություն տալով հայտ ներկայացրած անձին շտկելու հայտնաբերված թերությունները:
4. Հայտ ներկայացրած անձն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետում, Հանձնաժողով ներկայացնել փաստաթղթերը` առանց Հանձնաժողովի կողմից մատնանշված թերությունների:
5. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունում է բոլոր հայտերը քննարկելուց հետո:
Հոդված 49. Լիցենզավորված անձի ընտրությունը
1. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
3) հեռուստաընկերության կամ ռադիոընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.
4) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
5) դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները.
6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
2. Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր պայման գնահատում է առանձին, ինչպես նաեւ տալիս է ամփոփիչ գնահատական: Վարկանշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում Հանձնաժողովի անդամների ամփոփիչ գնահատականների հանրագումարի թվաբանական միջինով ամենաբարձր գնահատական ստացած մասնակիցը:
3. Լիցենզավորման մրցույթի ժամանակ ամենաբարձր գնահատականների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`
1) գործող այն հեռուստաընկերություններին կամ ռադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
2) գործող այն հեռուստաընկերություններին կամ ռադիոընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում ունեն ավելի երկար փորձառություն:
4. Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 60 օրվա ընթացքում:
Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանում է Հանձնաժողովը:
5. Հանձնաժողովը մրցութային հայտերը, մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը, մրցույթի բոլոր մասնակիցների վերաբերյալ Հանձնաժողովի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշների վերաբերյալ, ինչպես նաեւ ամփոփիչ գնահատականները հրապարակում է իր պաշտոնական կայքում:
6. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը մրցույթում հաղթող չճանաչված անձի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով: Մրցույթում հաղթող չճանաչված անձը դիմումի հիման վրա կարող է ծանոթանալ մրցույթի բոլոր մասնակիցների հայտերին եւ կից փաստաթղթերին՝ պարտավորվելով չհրապարկել եւ չոօգտագործել իրեն հայտնի դարձած օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվությունը:
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանները համարվում են մրցույթում հաղթող ճանաչված անձին տրամադրված լիցենզիայի պայման:
Հոդված 50. Կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, Հանձնաժողովին ներկայացնում է դիմում, որում նշվում են`
1) դիմումատուի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) հեռուստառադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը.
3) սփռման տարածքը.
4) տեղեկություններ դիմումատուի` այլ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների հիմնադիր կամ մասնակից եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ դրանց արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.
5) վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերի թիվը (եթե դիմումատուն նախատեսում է իրականացնել վերահեռարձակում).
6) իր կողմից շահագործվող կաբելային (մալուխային) ցանցով այլ հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու մասին տեղեկություններ.
7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
2. Դիմումին կից ներկայացվում են դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին եւ տեղեկանք դիմումում նշված սփռման տարածքում բնակարանների թվի մասին:
3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը երեք աշխատանքային օր ժամկետ է տրամադրում դիմում ներկայացրած անձին հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով:
4. Դիմում ներկայացրած անձն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել փաստաթղթերը` առանց Հանձնաժողովի կողմից մատնանշված թերությունների:
5. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
Հոդված 51. Դիմումի քննարկումը եւ որոշման ընդունումը
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը եւ որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:
2. Լիցենզիա տալու մասին որոշմամբ Հանձնաժողովը սահմանում է նաեւ սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված այն հեռուստաընկերությունների հեռուստառադիոծրագրերը (բացառությամբ վերահեռարձակող հեռուստաընկերությունների), որոնք ենթակա են պարտադիր հեռարձակման հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից:
3. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին.
2) դիմողը սույն օրենքով սահմանված ժամկետում չի վերացրել Հանձնաժողովի նշած թերությունները.
3) դիմողը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակմամբ.
4) բացակայում են հեռուստառադիոծրագրերի հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:
4. Լիցենզիա տալը մերժելու մասին դիմողը գրավոր տեղեկացվում է որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Լիցենզավորման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 52. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի գործունեությունը
1. Օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող` Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գործող ընկերությունների հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահեռարձակվել միայն Հանձնաժողովի թույլտվության հիման վրա: Թույլտվությունը տրվում է, կամ դիմումը մերժվում է Հանձնաժողովին դիմելուց հետո` 15-օրյա ժամկետում: Դիմումը մերժվում է, եթե դրանում նշված տեղեկությունները կամ կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին:
2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակել վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին (հանրաքվեին) վերաբերող քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ որեւէ այլ ձեւով:
3. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության հեռուստառադիոծրագրեր կարող է արտադրել եւ հեռարձակել Հանձնաժողովի թույլտվության հիման վրա:
4. Սեփական արտադրության յուրաքանչյուր նոր հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված բովանդակությամբ դիմում եւ փաստաթղթեր:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դիմումը եւ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20-օրյա ժամկետում, դրանց քննարկման արդյունքում Հանձնաժողովը տալիս է թույլտվություն սեփական արտադրության հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար կամ կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում: Դիմումը մերժվում է, եթե դրանում նշված տեղեկությունները կամ կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին:
Հոդված 53. Լիցենզիայի բովանդակությունը
1. Հեռուստառադիոծրագրերի վերգետնյա եթերային հեռարձակման, վերահեռարձակման եւ հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան պարունակում է հետեւյալ տեղեկությունները.
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի համարը եւ սերիան.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) գործունեության տեսակը, որի համար տրվել է լիցենզիան.
5) իրավաբանական անձի անվանումը եւ գտնվելու վայրը.
6) սփռման տարածքը.
7) լիցենզիայի գործողության ժամկետը.
8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը եւ այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
2. Լիցենզիայի պայմանները կցվում են լիցենզիային եւ համարվում դրա անբաժանելի մասը:
Հոդված 54. Լիցենզիա տրամադրելը
1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաեւ դիմումի հիման վրա լիցենզիայի իրավունք ստացած հեռուստաընկերությունները կամ ռադիոընկերությունները լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչվելու եւ դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին Հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում են հեռարձակում իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նշված անձանց տրամադրում է լիցենզիաներ:
3. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը չվճարելը հիմք է մրցույթում հաղթող ճանաչելու եւ դիմումի հիման վրա լիցենզիա տրամադրելու մասին որոշումներն Հանձնաժողովի կողմից չեղյալ ճանաչվելու համար:
4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով չեղյալ ճանաչվելու դեպքում Հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման եւ ուղղվածության հեռուստաընկերության եւ համապատասխան սփռման եւ ուղղվածության ռադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ եւ իրականացնում է լիցենզավորում սույն օրենքով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ եւ 6-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վերահեռարձակող հեռուստաընկերությունների վրա:
Հոդված 55. Լիցենզիաների գործողության ժամկետները
1. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիաները տրվում են տասը տարի ժամկետով:
ԳԼՈՒԽ 7
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 56. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է գերազանցի իրավաբանական անձի բաժնեմասերի 49 տոկոսից, եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով բաժնեմասի ավելի մեծ չափ նախատեսված չէ::
2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական հեռարձակման թվային ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը:
3. Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ՝ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը:
4. Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի լինել հեռուսաընկերության կամ ռադիոընկերության հիմնադիր, մասնակից, անձամբ հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ: Հեռարձակման թվային ցանցի գործունեության եւ շահագործման հետ կապված գործունեությունից բացի մասնավոր մուլտիպլեքսոր այլ գործունեությամբ կարող է զբաղվել միայն Հանձնաժողովի որոշմամբ, եթե դա չի հակասում սույն օրենքի նպատակներին եւ չի վտանգում մասնավոր մուլտիպլեքսորի ու դրա մեջ ներառված հեռուսաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը: :
5. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսի հեռուստառադիոծրագրերի առնվազն 20 տոկոսը Հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել Հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստաընկերություններին եւ ռադիոընկերություններին՝ հեռուստառադիոհեռարձակում իրականացնելու համար, իսկ մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է վճարովի կամ անվճար հիմունքներով տրամադրել հեռուստաընկերություններին եւ ռադիոընկերություններին: Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի հեռարձակում իրականացնելու նպատակով անձամբ օգտագործել հեռուստառադիոծրագրերը: Սույն հոդվածում նշված հեռուստածրագրերը Հանձնաժողովը տրամադրում է սույն օրենքի 48-49-րդ հոդվածներով սահմանված մրցույթ հայտարարելու միջոցով նոր լիցենզիա ստացած ընկերություններին:
6. Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստաընկերությանը եւ ռադիոընկերությանը, բացառությամբ եթե այդ ընկերությունը հրաժարվում է հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից:
Հոդված 57. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքով նախատեսված պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Հանձնաժողով պետք է ներկայացնի՝
1) դիմում.
2) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ՝ ցանցի գործարկման ժամանակացույցը.
3) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցն ստեղծելու եւ շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ ֆինանսական կարողությունների առկայության մասին:
2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է պարունակի՝
1) Հանձնաժողովի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) դիմողի անվանումը, գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, իրավաբանական եւ գործունեության իրականացման կամ գտնվելու վայրի հասցեները.
3) նշում այն մասին,որ դիմումը ներկայացվում է մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար եւ դիմումի ներկայացման ամսաթիվը.
4) մուլտիպլեքսի կառուցման եւ գործարկման համար անհրաժեշտ հաճախականությունների մասին տեղեկություններ, ընդ որում, հաճախականությունները պետք է ներառված լինեն Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում:
3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը եւ ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երեք ամսվա ընթացքում:
4. Եթե երեք ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:
5. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները (ներառյալ՝ գնահատման չափանիշները) սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:
6. Հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե՝
1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի եւ ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չեն անցկացվում.
3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:
7. Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում այն հայտարարելուց մեկ տարի հետո Հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:
ԳԼՈՒԽ 8
ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 58. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները
1. Կաբելային (մալուխային) ցանցով վերահեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման եւ սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով:
2. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաեւ չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող եւ հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեությունն այն հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում, որտեղ առկա է ութ կամ ավել հեռուստացույց, կարող է իրականացվել միայն Հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո:
4. Սույն օրենքի եւ հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառը կարգավորող այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է առանց լիցենզավորման հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը:
Հոդված 59. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման մասին ծանուցումը
1. Սույն օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծանուցումը հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից առնվազն հինգ օր առաջ:
2. Ծանուցման մեջ պետք նշվեն այն բոլոր հեռուստաընկերությունների անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաեւ ներկայացվում են վերը նշված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները:
3. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 60. Պատասխանատվությունը հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրության պահանջները խախտելու համար
1. Հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 61. Լիցենզիայի գործողության դադարեցումը
1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.
2) լիցենզավորված անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է օրենքով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.
3) հեռուստաընկերության եւ ռադիոընկերության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում սահմանված պահանջներին, որի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովվում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը.
4) տեղի է ունեցել լիցենզիայի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.
5) լիցենզավորված անձն առանց որեւէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակում.
6) լիցենզավորված անձը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.
7) այդ մասին կա լիցենզավորված անձի դիմումը.
8) խախտվել են սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.
9) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Կառավարությանը կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել.
10) լիցենզավորված անձը լուծարվել է.
11 ) խախտվել են սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջները:
2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` Հանձնաժողովի դիմումի համաձայն: Դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող եւ տեւական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Հանձնաժողովի որոշմամբ:
5. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար լիցենզավորված անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`
1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.
2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ լիցենզավորված անձը տեղյակ է պահել Հանձնաժողովին եւ ստացել թույլտվություն.
3) վթարի կամ աղետների հետեւանքով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը` պահպանելով եւ ապահովելով լիցենզիայի պայմանները:
7. Սույն հոդվածով սահմանված հիմքերով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից երեք ամիս հետո Հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման եւ ուղղվածության հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, ընդ որում` որպես լիցենզավորված նոր հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լիցենզիայի գործողության ժամկետ սահմանվում է այն ամսաթիվը, որը նշված էր ուժը կորցրած ճանաչված լիցենզիայում:
Հոդված 62. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի դադարեցումը
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ եթե՝
1) մուլտիպլեքսորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց.
2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տեւում է երեք ամսից ավել:
ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 63. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել ?Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին? Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքը:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրված (նշանակված) անձինք շարունակում են պաշտոնավարել որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ մինչեւ իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքով սահմանված ժամկետի ավարտը:
4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ընտրված անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը շարունակում է պաշտոնավարել որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալը՝ որպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկը շարունակում է գործել որպես «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկ:
7. Մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը եւտարեկան պետական տուրքեր չեն գանձվումՆշված ընկերությունները մինչեւ սույն մասում նշված ժամկետի ավարտը կարող են ստանալ կաբելային հեռարձակման լիցենզիա, իսկ իրենց լիցենզիաների գործողության ժամկետի ավարտից հետո կարող են իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում կամ վերահեռարձակում համապատասխան լիցենզիաների հիման վրա:
8. Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ սույն օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին: Նշված պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչեւ իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 42-րդ հոդվածով ամրագրվեց, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:
Սահմանադրությամբ փոխվել է նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կարգավիճակը: Մասնավորապես, Սահմանադրության 12-րդ գլուխը 196-197-րդ հոդվածների միջոցով կարգավորում է արդեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որպես սահմանադրական մարմնի կարգավիճակը, կազմավորման կարգը եւ գործառույթները, մասնավորապես էական փոփոխության են ենթարկվել Հանձնաժողովի անդամների թվաքանակը, անդամների ընտրության եւ լիազորությունների դադարման կարգը, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:
Նշվածի արդյունքում անհրաժեշտ է հիմնովին վերանայել Հանձնաժողովի կարգավիճակը, գործառույթները, հստակեցնել վերջինիս սահմանադրական գործառույթներից բխող լիազորությունների շրջանակը:
Սահմանադրության նոր կարգավորումների լույսի ներքո էական վերանայման կարիք ունեն նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կարգավիճակը, ձեւավորման կարգը, գործառութային բովանդակությունը եւ լիազորությունների շրջանակը: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահն այլեւս լիազորություն չի կարող ունենալ Խորհրդի ձեւավորման գործընթացում, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նախատեսել Խորհրդի կարգավիճակի եւ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող լիովին նոր մոտեցումներ:
Հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման եւ ղեկավարման կարգը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները սահմանվում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաեւ՝ «Օրենք»):
Բացի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում նոր մոտեցումներ ամրագրելու բխող անհրաժեշտությունից հասարակական հարաբերությունների հարափոփոխ զարգացման պայմաններում էական վերանայման կարիք ունեն նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը կարգավորող Օրենքի տարբեր դրույթներ: Մասնավորապես՝
1) Օրենքում օգտագործվող հասկացություններում («հեռուստառադիոհաղորդում», «հեռուստառադիոծրագիր», «հեռարձակում», «վերահեռարձակում») առկա են որոշակի տարընթերցումներ: Թեեւ Օրենքով սահմանված հասկացությունները բավականաչափ ճշգրիտ են, այդուհանդերձ այդ հասկացությունները որոշ դեպքերում Օրենքում օգտագործված են հասկացությունների բնորոշմանը ոչ համահունչ:
2) Օրենքով անհրաժեշտ է սպառիչ կերպով հստակեցնել այն դեպքերը, երբ հեռուստառադիոհաղորդումները կարող են հեռարձակվել օտար լեզվով եւ այն դեպքերը, երբ հեռուստառադիոհաղորդումները պետք է հեռարձակվեն նաեւ ժեստերի լեզվով թարգմանությամբ զուգակցված:
3) Օրենքով անհրաժեշտ է առավել տրամաբանորեն կարգավորել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների պարտականությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում:
4) Օրենքով հեռուստառադիոընկերությունների համար սահմանված որոշակի պահանջներից եւ սահմանափակումներից բացառությունները կարող են սահմանվել միայն միջպետական պայմանագրերով: Մինչդեռ ոլորտի ճկունությունը եւ դինամիկան ապահովելու եւ հեռուստառադիոընկերությունների գործունեությունն ազատականացնելու հրամայական պահանջից ելնելով՝ առավել նպատակահարմար է ամրագրել, որ նման բացառությունները կարող են սահմանվել ոչ միայն միջպետական, այլեւ՝ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրերով:
5) Անհրաժեշտ է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների եւ տեսագրությունների պահպանման՝ Օրենքով սահմանված ժամկետը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա իրավակարգավորումների հետ:
6) Օրենքով անհրաժեշտ է հստակեցնել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների պարտականություններն այն դեպքերում, երբ վերջիններիս կողմից հեռարձակված նյութի կապակցությամբ ներկայացվում է պատվի, արժանապատվության եւ/կամ գործարար համբավի պաշտպանությանն առնչվող հայց կամ պահանջ:
7) Օրենքով անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել այն դեպքերը, երբ հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պատասխանատվություն են կրում այլ անձանց կարծիքը, տեսակետը կամ ելույթը հեռարձակելու համար:
8) Հանձնաժողովի կողմից առ այսօր տրամադրվել են մի շարք պաշտոնական պարզաբանումներ՝ Օրենքի մի շարք իրավանորմերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է ամրագրել օրենսդրական մակարդակով:
9) Օրենքով անհրաժեշտ է գործող իրավակարգավորման տրամաբանությունը հաշվի առնելով եւ դրա շրջանակներում առավելագույնս համակարգված եւ տրամաբանորեն ունիֆիկացնել այն անձանց շրջանակը, ովքեր չեն կարող լինել հեռուստառադիոընկերության հիմնադիր, Խորհրդի եւ Հանձնաժողովի անդամ:
10) Օրենքով սահմանված է, որ էրոտիկ բնույթի հաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի եւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները սահմանվում են օրենքով: Մինչդեռ նման օրենք առ այսօր չի ընդունվել (ընդունվել է միայն հանձնաժողովի համապատասխան որոշում, որը չի կարող գործել, քանի որ այդ չափորոշիչները, ներկայիս իրավակարգավորման համաձայն, պետք է սահմանվեն բացառապես օրենքով): Միեւնույն ժամանակ, նշված չափորոշիչների սահմանումն օրենքով նպատակահարմար չէ, քանի որ այդ չափանիշները ենթարկվում են եւ ժամանակի ընթացքում ողջամտորեն պետք է ենթարկվեն դինամիկ փոփոխությունների:
11) Oրենքում անհրաժեշտ է գործող իրավակարգավորման տրամաբանության շրջանակներում որոշակիորեն փոփոխել եւ հստակեցնել հեռուստատեսությունների եւ ռադիոընկերությունների կողմից Օրենքով սահմանված մի շարք պարտականություների կատարման ժամկետը:
12) Oրենքով անհրաժեշտ է օրենսդրորեն հստակեցնել Հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ կապված քվորման առկայության, որոշումների ընդունման կարգի, նիստերի անցկացման եւ համապատասխան մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների լիազորությունների հետ:
13) Oրենքով անհրաժեշտ է վերանայել Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը:
14) Օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունների հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահեռարձակվել միայն թույլտվության հիման վրա: Թույլտվությունը տրվում է, կամ դիմումը մերժվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից: Սակայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքն առ այսօր չի սահմանել նման դիմումի մերժման հիմքերը, ինչն առաջացնում է իրավական անորոշություն:
15) Օրենքի համաձայն՝ հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ կարող է արտադրել եւ հեռարձակել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թույլտվության հիման վրա: Սակայն օրենքն առ այսօր չի սահմանել թույլտվությունը տալը մերժելու հիմքերը, ինչն առաջացնում է իրավական անորոշություն:
16) Օրենքի համաձայն՝ հեռուստառադիոընկերություններն իրավունք ունեն դիմելու դատարան` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել միայն վերացնել (սակայն ոչ փոփոխել) միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
17) Օրենքի անցումային դրույթներում առկա են մի շարք մեծածավալ նորմեր, որոնց առկայությունն օրենքում այլեւս որեւէ խնդիր չի լուծում:
18) Օրենքում առկա են մի շարք կրկնվող իրավական նորմեր եւ ուժը կորցրած իրավական նորմերին կատարված մի շարք հղումներ:
19) Օրենքի մի շարք հոդվածներում առկա է խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ իրավանորմերի հնարավորինս հասկանալիությունը ապահովելու նպատակով:
20) Օրենքում առկա են դրույթներ, որոնք վերաբերում են հեռուստատեսությամբ եւ ռադիոյով նախընտրական քարոզչության իրականացմանը, իսկ նախընտրական քարոզչության, այդ թվում՝ հետուստատեսությամբ եւ ռադիոյով, իրականացնելու հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:
Վերոշարադրյալը վկայում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով առաջարկվում են հետեւյալ հիմնական կարգավորումները.
1. սահմանվել է Հանձնաժողովի կազմը (անդամների քանակը), դրա անդամների ընտրության եւ լիազորությունների դադարման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները եւ Հանձնաժողովի լիազորությունները:
2. փոփոխվել է Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակը, սահմանվել են խորհրդի կազմավորման կարգը, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները:
3. շտկվել են բոլոր այն իրավանորմերը, որոնցում առկա են տարընթերցումներ՝ կապված «հեռուստառադիոհաղորդում», «հեռուստառադիոծրագիր», «հեռարձակում» եւ «վերահեռարձակում» հասկացությունների հետ:
4. հստակեցվել է, որ հեռուստառադիոընկերությունը չի կարող կրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ իր կողմից հեռարձակված նյութերում (լրատվական եւ այլն) հնչած կարծիքների եւ ելույթների համար, եթե բացակայում են հեռուստառադիոընկերության գնահատականները:
5. ամրագրվել են Հանձնաժողովի կողմից առ այսօր տրամադրված այն պաշտոնական պարզաբանումները, որոնք այսօրվա իրավակարգավորման պայմաններում անհրաժեշտ են (որոնց ակտուալությունը դեռեւս առկա է):
6. սահմանվել է, որ Հանձնաժողովը կարող է մերժել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից ներկայացված հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումը բացառապես այն դեպքում, երբ դիմումը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Մասնավոր մուլտիպլեքսորների լիցենզավորման առնչությամբ սահմանվել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Օրենքով սահմանված տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո՝ առավելագույնը 15-օրյա ժամկետում կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման տեւողության, վայրի եւ ժամի մասին հայտարարություն է հրապարակում ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am) եւ զանգվածային լրատվության միջոցներում: Ընդ որում, հանրային լսումների տեւողությունը չի կարող պակաս լինել երկու շաբաթից, իսկ լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ որոշումը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կայացնում է հանրային լսումներն ավարտվելուց հետո՝ հիմք ընդունելով նաեւ հանրային լսումների արդյունքները:
7. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները միասնականացնելու նպատակով նախագծում սահմանվել է, որ հեռուստառադիոընկերություններն իրավունք ունեն դիմելու դատարան` միայն Հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով:
8. հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում առկա իրավախախտումները եւ դրանց համար սահմանված պատասխանատվությունը նախատեսվել է միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:
9. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվել են Հեռուստառադիոընկերության խորհրդին վերաբերող կարգավորումներ:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հստակ եւ համապարփակ կարգավորել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակը, լիազորությունները, ինչպես նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող նորմերը համապատասխանեցնել հասարակական հարաբերությունների զարգացման արդի պայմաններին եւ դինամիկային:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
16 նոյեմբերի 2017 թվականի N 1743 - Ա
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2018 թ. փետրվարի 27
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N 1743-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ