Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-474-22.12.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

   ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն  օրենքը  կարգավորում է Հայաստանի  Հանրապետությունում  տրակտորների, ինքնագնաց շասսիների եւ տրակտորային կցանքների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների  պետական  հաշվառման, տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների  վարման  իրավունքի փաստաթղթերի  տրամադրման  եւ  գյուղատնտեսական  մեքենաների, տրակտորների ու գործիքների  տեխնիկական  վիճակի եւ շահագործման կանոնների հետ կապված հարաբերությունները։

Հոդված  2. Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների մասին օրենսդրությունը

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված հարաբերու-թյունները  կարգավորվում են սույն  օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Հոդված   3 . Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն  օրենքում  օգտագործում են հետեւյալ հիմնական  հասկացությունները .

ա) գյուղատնտեսական տեխնիկա - տրակտորներ, հացահատիկահավաք եւ կերհավաք կոմբայններ եւ ինքնագնաց խոտհնձիչներ,  որոնք նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար:.

բ) տրակտոր – մեխանիկական տրանսպորտային միջոց,  որի հետ ագրեգատավորվում են  մեքենաներ  ու գործիքներ՝ համապատասխան աշխատանքներ կատարելու համար. Սույն հասկացությունը ներառում է նաեւ ընդհանուր նշանակության տրակտորներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության բոլոր տեսակի մեքենայացված աշխատանքներ կատարելու համար (վար, ցանք, կուլտիվացիա,  սրսկում, հարթեցում  եւ  այն )

գ) ինքնագնաց գյուղատնտեսական մեքենա - հացահատիկահավաք կոմբայններ,  կերահավաք մեքնաներ,  որոնք աշխատում են  ներքին այրման շարժիչով եւ  կարող  են  ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես նաեւ   մելիորատիվ  մեքենաներ, որոնք օգտագործվում են հողերի մակերեսային ու արմատական բարելավման եւ հիդրոմելիորատիվ աշխատանքներում։

դ) տեխնիկական զննում-տեխնիկական միջոցառում,  որով  ստուգվում է  գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության  վիճակը եւ  անվտանգ  շահագործման  պատրաստականությունը.

ԳԼՈՒԽ II

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 4. Գյուղատնտեսական տեխնիկայի եւ տրակտորային կցանքների պետական հաշվառման պայմանները, գյուղատնտեսական տեխնիկայի պետական միասնական համարանիշների տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետությունում  շահագործվող  գործարանային արտադրության  կամ ինքնաշեն  գյուղատնտեսական տեխնիկան  ենթակա է պարտադիր պետական հաշվառման ( այսուհետեւ՝  հաշվառում)։

2. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերերեը պարտավոր են մինչեւ շահագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով`  5-օրյա ժամկետում գյուղատնտեսական տեխնիկան ներկայացնել  հաշվառման:

3. Հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի համար սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ եւ տեխնիկական վկայագիր, որի  ձեւը  հաստատում է  գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից  լիազորված պետական   մարմինը (այսուհետեւ լիազորված մարմին)։

4. Առանց տեխնիկական վկայագրի  եւ պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 5. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը եւ հաշվառումից հանելը

1. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին ներկայացնել`

ա) դիմում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը  հավաստող  փաստաթուղթ.

գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական  հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.

դ/ գյուղատնտեսական  տեխնիկայի  հաշվառման  համար  օրենքով  նախատեսված  տուրքերի  վճարումների  անդորրագրերը .

ե) ֆիզիկական անձը՝  անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը՝ պետական գրանցման վկայագիր։
 
Տեխնիկական  վկայագիրը ստորագրում  եւ կնքում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:

2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից՝ տեխնիկական զննում անցնելուց հետո:

Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական  վկայագրի, պետական համարանիշի  տվյալները  գրառվում են գյուղատնտեսական  տեխնիկայի  հաշվառման գրքում: Հաշվառման  գիրքը պահպանվում է 20 տարի՝ պետական կառավարման լիազորված մարմնում։

4.Գյուղատնտեսական տեխնիկան  հաշվառումից հանվում է  հետեւյալ դեպքերում՝

ա)  գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման  դեպքում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի  ոչնչացման   ժամանակ.

գ) գյուղատնտեսական տեխնիկայի խոտանման ժամանակ: Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորբած մարմինը:
 
5. Գյուղատնտեսական  տեխնիկայի  նկատմամբ սեփականության  իրավունքի դադարեցման մասին տվյալները գրառվում են  տեխնիկական  վկայագրում, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման եւ խոտանմաբ դեպքում, տեխնիկական վկայագիրը եւ պետական համարանիշը վերադարձվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում:

Դիմումի ձեւերը հաստատում է լիազորված մարմինը։

Հոդված 6.Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրումը

1.Գյուղատնտեսական տեխնիկան ըստ տեսակների, նշանակության, ղեկավարման եւ շահագործման   առանձնահատկությունների ու  ճարմանդային հզորությունների  դասակարգվում  է՝ «A», «B», «C»,«D»,«E» եւ «F»  խմբերի.

ա)«A» խումբ- անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչեւ 14 Կիլոնյուտոն (մինչեւ 80ձ.ուժ շարժիչի հզորություն)

բ) «B» խումբ -անիվավոր տրակտորներ,  որոնք ունեն  14 Կիլոնյուտոն-ից ( 80 ձ.ուժ շարժիչից )  բարձր  հզորություն,

գ) «C» խումբ - ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ,

դ) «D»խումբ -գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ,  որոնք գործում  են մեխանիկական շարժահաղորդումով

ե) «E» խումբ - գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ,  որոնք  գործում  են  հիդրավլիկ շարժահաղորդումով,

զ) «F» խումբ -մելիորատիվ  մեքենաներ, այդ թվում մինչեւ   0,65խ.մ շերեփի տարողությամբ էքսկավատորներ:

2.Տրակտորիստ-մեքենավարները  պետք է  ունենան  գյուղատնտեսական  տեխնիկան  վարելու  իրավունքի համապատասխան  կարգեր։

Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերը ըստ գյուղատնտեսական տեխնիկայի խմբերի  դասակարգվում են՝

ա) 3-րդ  կարգի  տրակտորիստ-մեքենավար, որն  իրավունք  ունի  վարել «A»  եւ «C»  խմբերին  դասվող  տրակտորները.

բ) 2-րդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն  իրավունք ունի  վարել »A»,«B», «C»,  եւ «D» խմբերին  դասվող տրակտորները եւ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները.

գ) 1-ին  կարգի  տրակտորիստ –մեքենավար, որն  իրավունք ունի  վարել բոլոր  խմբերին  պատկանող  տրակտորները,  ինքնագնաց,  մելիորատիվ  մեքենաները։

3.Տրակտորիստ -մեքենավարն  իրավունք ունի վարելու  այն տրակտորների ու ինքնագնաց մեքենաների խմբերը,  որոնց  դիմաց  վարման   վկայականում կա «թույլտվություն» նշանը։

4.Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական  մեքենաների  շահագործման, ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության եւ գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից  ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների  ստուգման  կարգը  հաստատում է  Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 7. Տրակտորիստ մեքենավարի վարման իրավունքի վկայական տալու ընթացակարգը

1. Որակավորման քննություններին թույլատրվում է մասնակցել  18 տարին լրացած անձանց։

2. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը, մինչեւ քննության օրը,  պետք է ներկայացնի  հետեւյալ  փաստաթղթերը`

ա/  դիմում.

բ/  անձը  հաստատող  փաստաթուղթ (անձնագիր).

գ/ տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.

դ/ երկու լուսանկար 3 x 4 սմ չափի.

ե) պետական տուրքի վճարման  անդորրագիրը.

զ) տրակտորիստ- մեքենավարի վկայականը՝ վարման իրավունքի կարգը փոխելու դեպքերում։
 
Դիմումի  ձեւը  հաստատում է լիազորված պետական մարմինը։

3.Անհրաժեշտ փաստաթղթերից որեւէ մեկի բացակայության դեպքում անձը զրկվում է   որակավորման  քննություններին մասնակցելու իրավունքից:

4.Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված խմբի  գյուղատնտեսական   տեխնիկա։

5.Տրակտորիստ- մեքենավարի  դասընթացներն  ավարտելու  մասին տրված  ավարտական  փաստաթուղթը  իրավունք   չի տալիս  վարելու գյուղատնտեսական տեխնիկա։

6.Որակավորման քննությունների հանձնման դրական արդյունքների հիման վրա քաղաքացուն տրվում է տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական՝ հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի  եզրակացությունը։

7.Տրակտորիստ- մեքենավարի վարման իրավունքի  վկայականը  տրվում է անձը հաստատող  փաստաթղթի հիման վրա  եւ վկայականների գրանցամատյանում ստորագրելուց  հետո :

8. 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի իրավունք ձեռք բերելու նպատակով  դիմող վարորդական վկայական ունեցող անձինք ազատվում են ճանապարհային երթեւեկության կանոնների  քննություն  հանձնելուց:

9.Առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն արգելվում է:

Հոդված 8. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակի զննումը եւ շահագործումը
 
1.Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վրա ազդող անսարքությունների հայտնաբերման եւ կանխման նպատակով տարին մեկ անգամ  լիազորված  պետական մարմինն իրականացնում է հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակի զննում (այսուհետեւ՝  տեխնիկական զննում)։

2.Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման համար սեփականատերը պարտավոր է լիազորված պետական մարմին ներկայացնել՝

ա/ գյուղատնտեսական տեխնիկայի  տեխնիկական վկայագիր.

բ/ գյուղատնտեսական տեխնիկայի  տեխնիկական զննում կատարելու համար  օրենքով նախատեսված պետական տուրքի եւ բնապահպանական վճարների  անդորրագրերը:

3.Տեխնիկական զննման  ժամանակ  ճշտվում է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում նշված տվյալների  համապատասխանությունը  փաստացի վիճակի հետ։

4.Տեխնիկական զննման ժամանակ  պարտադիր  ստուգման  են ենթարկվում   արգելակման համակարգի, ղեկային մեխանիզմի  աշխատանքները, անիվները  եւ  թրթուրները, լուսավորման  եւ ազդանշանային սարքերը.

Սարքին է  համարվում  լրիվ  կոմպլեկտավորված մեքենան,  որի տեխնիկական  վիճակը համապատասխանում է  թողարկող  գործարանի հրահանգին  կամ  գյուղատնտեսական տեխնիկային ներկայացվող  պահանջներին, այդ թվում՝  տրակտորային կցասայլերին, ներկայացվող  տեխնիկական  պայմաններին,  ինչպես  նաեւ  ազգային   ստանդարտներին.
 
5. Տեխնիկական  զննման ենթարկված գյուղատնտեսական տեխնիկայի համար   տրվում է լիազորված մարմնի կողմից  հաստատված ձեւի կտրոն՝ տեխնիկական զն-նում անցնելու  ժամկետի  գրանցումով,  որն ամրացվում է խցիկի դիմային ապակու ներքեւի  աջ անկյունում  ներսի  կողմից  եւ չի հանվում  մինչեւ նոր կտրոնի  ստանալը.

6. Տեխնիկական զննում չանցած գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն  արգելվում է։
 
7. Տրակտորիստ-մեքենավարները օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն  են կրում  գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ  շահագոր-ծման եւ   ճանապարհա-տրանսպորտային  երթեւեկության  կանոնները խախտելու համար։

ԳԼՈՒԽ III

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի պահանջները  խախտելու կամ չկատարելու դեպքում անձինք պատասխանատվություն են կրում օրենքով  սահմանված կարգով:

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ   օրը։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից ելնելով, ինչպես նաեւ ՀՀ-ում   տրակտորների, ինքնագնաց շասսիների եւ տրակտորային կցանքների պետական  հաշվառման, տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների  վարման  իրավունքի փաստաթղթերի  տրամադրման  եւ  գյուղատնտեսական  մեքենաների, տրակտորների ու գործիքների  տեխնիկական  վիճակի  եւ  շահագործման կանոնների հետ կապված  հարաբերությունները կանոնակարգելու նպատակով:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշմամբ կարգավորվում են միմյանցից անկախ տարբեր հարաբերություններ, ուստի «Ագրարային կանոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  լրամշակվել է եւ անհրաժեշտություն է առաջացել այն ներկայացնել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի տեսքով: