Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-278-01.03.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը, նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ, նոտարական գործողությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա։»:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարությունը:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Որակավորման վկայականի ձեւը սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 3. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետում:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը եւ այլ հարաբերություններ, սակայն նոտարական գործունեության պրակտիկան վկայում է, որ ներկայումս որոշակի հարցեր կարգավորված չեն, իսկ բացը լրացնելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես` առկա էին հետեւյալ խնդիրները`

1. Օրենքով կարգավորված էր ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նոտարի փոխարինման հարցը միայն այն դեպքում, երբ նոտարը ժամանակավոր է բացակայում կամ նրա գործունեությանը կասեցվել է, սակայն բաց էր մնում նոտարի փոխարինման հարցը վերջինիս պաշտոնից ազատվելու կամ լիազորություններ դադարման դեպքում.

2.Պրակտիկայում առաջանում են ժառանգության վկայագրի տրման հետ կապված որոշակի խնդիրներ, օրինակ` միեւնույն նոտարական տարածքում աշխատող որ նոտարի կողմից պետք է տրվի նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիրը.

3. Օրենքով չի կարգավորում որակավորում անցած թարգմանիչների որակավորման վկայականի օրինակելի ձեւը սահմանելու հարցը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առելով վերոգրյալը մշակվել է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է վերոնշյալ օրենսդրական խնդիրները լուծել համապատասխան իրավական ակտով, իսկ այն ընդունելու իրավասությունը վերապահել ՀՀ արդարադատության նախարարին` Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխան օրենքով սահմանելով լիազորող նորմ եւ հաշվի առնելով նոտարիատի ոլորտում վերջինիս գործող լիազորությունները:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիշյալ դրույթների բնականոն գործունեությունը եւ կլուծվեն նոտարական գործողությունների իրականացման շարունակականության ապահովման հետ կապված պրակտիկայում առաջացող խնդիրները:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի -ի N - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ