Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-26433-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մարմինների» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերը:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «աշխատելու դեպքում» բառերից հետո լրացնել «` բացառությամբ դատավորի եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի, որի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է հանրային ծառայության անցնելու դեպքում.» բառերը:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 5-7-րդ, 9-11-րդ եւ 13-15-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12 ) սահմանում է կենսաթոշակի վկայականի ձեւը.»:

Հոդված 4. Օրենքը լրացնել 48.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 48.1. Սոցիալական ապահովության ծառայությունը

1. Սոցիալական ապահովության ծառայությունը ղեկավարում  է սոցիալական ապահովության ծառայության պետը:

2. Ծառայությունը`

1) գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում` ստուգում դրանց հավաստիությունը.

2) հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

3) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու եւ դրանք փոփոխելու համար.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.

5) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց եւ պետական մարմիններին ու կազմակերպություններին.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում է կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու մասին դիմումները.

7) կենսաթոշակառուին անվճար տրամադրում է կենսաթոշակի վկայական .

8) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

9) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ.

10) վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը:»:

Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Սահմանադրություն» եւ «Կառավարություն» բառերով ու դրանց հոլովաձեւերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: