Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «աշխատելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ դատավորի եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի, որի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է հանրային ծառայության անցնելու դեպքում.» բառերով:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-7-րդ, 9-11-րդ եւ 13-15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) սահմանում է կենսաթոշակի վկայականի ձեւը.»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48.1-ին հոդվածով.
«Հոդված 48.1. Սոցիալական ապահովության ծառայությունը
1. Սոցիալական ապահովության ծառայությունը ղեկավարում է սոցիալական ապահովության ծառայության պետը:
2. Ծառայությունը՝
1) գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.
2) հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով ստուգում դրանց հավաստիությունը.
3) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու եւ դրանք փոփոխելու համար.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.
5) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց եւ պետական մարմիններին ու կազմակերպություններին.
6) օրենքով սահմանված կարգով քննարկում է կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու մասին դիմումները.
7) կենսաթոշակառուին անվճար տրամադրում է կենսաթոշակի վկայական.
8) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.
9) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ.
10) վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը:»:
Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Սահմանադրություն» եւ «Կառավարություն» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: