Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-26434-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական արարողակարգի նպատակները, պետական արարողակարգի միջոցառումներն ու ընթացակարգերը, Հայաստանի Հանրապետությունում արարողակարգային ավագությունը, արարողակարգային միջոցառումների ֆինանսավորման կարգը եւ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը, խնդիրները, լիազորությունները, ինչպես նաեւ կարգավորում է պետական արարողակարգի հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են  հետեւյալ հասկացությունները`

1. պետական արարողակարգ` Հայաստանի Հանրապետության միջազգային հ արաբերությունների շրջանակներում կիրառվող համաընդհանուր կանոնների, ազգային ավանդույթների եւ պայմանականությունների ամբողջություն.

2. արարողակարգային ավագություն` Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունը, որով որոշվում է ներպետական եւ միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի եւ դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգությունը.

3. բարձրաստիճան պատվիրակություններ` Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների եւ նրանց կողմից լիազորված պաշտոնատար անձանց գլխավորած եւ այլ պատվիրակություններ.

4. դիվանագիտական անձնակազմ` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմ, որոնց վրա տարածվում են Վիեննայի դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը.

5) փոխադարձության սկզբունք` միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն պետությունները արարողակարգային միջոցառումների եւ արարողակարգային ընթացակարգերի առումով միմյանց նկատմամբ ցուցաբերում են նույնաբովանդակ վերաբերմունք, ապահովում են համանման պայմաններ եւ հնարավորություններ:

ԳԼՈՒԽ 2

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 3. Պետական արարողակարգի նպատակները

1. Պետական արարողակարգի նպատակն է ապահովել միասնական արարողակարգային գործելակերպ եւ ընթացակարգ, արարողակարգային կանոնների միասնական կիրառում` Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերություններում:

ԳԼՈՒԽ 3

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 4. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունները Հայաստանի Հանրապետություն

1. Բարձրաստիճան պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցելություններն են` պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, որպես անձնական հյուր եւ տարանցիկ այցերը:

2. Պետական այցն օտարերկրյա պետությունների կամ կառավարությունների ղեկավարների քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելությունն է, որի կազմակերպման արարողակարգային միջոցառումներին տրվում է ընդգծված հանդիսավորություն եւ ապահովվում է հայկական կողմի բարձր մակարդակի մասնակցություն:

3. Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այցելությունն է, որը պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձեւաչափով եւ արարողակարգային միջոցառումների մակարդակով:

4. Աշխատանքային այցն օտարերկրյա պետությունների պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպություների պաշտոնատար անձանց որոշակի նպատակով այցելությունն է, մասնավորապես բանակցություններին, խորհրդակցություններին, միջազգային համաժողովներին կամ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, ազգային ցուցահանդեսների բացման նպատակով կազմակերպվող այցերը:

5. Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է Հայաստանի Հանրապետություն` հանգստյան, բուժման, ինչպես նաեւ տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջիկության նպատակով:

6. Անձնական հյուրի կարգավիճակով այցը` պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է, որի ընթացքում կարող է նախատեսվել մասնավոր ծրագիր` առանց որեւէ արարողակարգային միջոցառման:

7. Տարանցիկ այցը` պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատեւ այցելություն է Հայաստանի Հանրապետություն` երրորդ երկիր մեկնելու նպատակով:

Հոդված 5. Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրերի եւ հետկանչագրերի ընդունում

1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերն ու հետկանչագրերը ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

2. Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնման ժամկետները որոշվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին` փոխհամաձայնությամբ:

3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա ընթացքում չորս անգամ:

Հոդված 6. Պաշտոնական ուղերձներ եւ հեռագրեր

1. Հանրապետության Նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի կողմից` օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ուղերձներ եւ հեռագրեր են ուղարկվում`

1. ազգային տոների առթիվ,

2. օտարերկրյա պետությունների, կառավարությունների եւ խորհրդարանների ղեկավարների ընտրության կամ նշանակման կապակցությամբ,

3. քաղաքական կարեւոր նշանակության միջազգային պայմանագրերի կնքման հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ` յուրաքանչյուր 5-րդ տարում,

4. դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի առթիվ` առաջինը` 5-րդ տարում, այնուհետեւ` յուրաքանչյուր 5-րդ կամ 10-րդ տարում,

5. այլ առիթներով:

2. Ամանորի շնորհավորական հեռագրերը եւ ուղերձները կարող են փոխանցվել սեփական հայեցողությամբ եւ ի պատասխան ստացված շնորհավորանքների

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղերձներ եւ հեռագրեր ուղարկելու առաջարկությունը եւ դրանց նախագծերը ներկայացնում է արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

Հոդված 7. Օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները եւ բանակցությունները

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց` օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները եւ բանակցությունները կազմակերպվում են Պետական արարողակարգի ծառայության միջոցով:

2. Գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Կառավարության կողմից սահմանված կարգով, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմերի ղեկավարները` այդ մարմինների ղեկավարների կողմից սահմանված կարգով, 15-օրյա ժամկետում արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին են ներկայացնում այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած իրենց հանդիպումների եւ բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվություն:

ԳԼՈՒԽ 4

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների եւ դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

1. Բարձրաստիճան պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների` օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, տրանսպորտային եւ կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը:

3. Բարձրաստիճան պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցերի եւ դրանց հետ կապված միջոցառումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հետեւյալ ձեւաչափով.
 
 
օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այց`  ղեկավար (ամուսին) եւ մինչեւ 10 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության, կառավարության եւ խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այց  ղեկավար (ամուսին) եւ մինչեւ 8 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության, կառավարության եւ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այց  ղեկավար (ամուսին) եւ մինչեւ 6 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության  ղեկավարի պաշտոնական այց  ղեկավար եւ մինչեւ 4 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց  ղեկավար եւ մինչեւ 2 ուղեկցող անձ
միջազգային կազմակերպության ղեկավարի այց  ղեկավար եւ մինչեւ 4 ուղեկցող անձ

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձեւաչափը կարող է փոփոխվել ելնելով փոխադարձության սկզբունքից` պետական արարողակարգի ծառայության առաջարկությամբ` վարչապետի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության կողմից ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա` վարչապետի որոշմամբ:

6. Օտարերկյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ներկայացուցչական ծախսերը ֆինանսավորվում են Հանրապետության Նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի աշխատակազմերի համար նախատեսված միջոցներից:

Հոդված 9. Այլ այցելությունների եւ դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող միջազգային բնույթի միջոցառումներին մասնակցության նպատակով, ինչպես նաեւ պետական այլ մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն` օտարերկյա պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման ձեւաչափը սահմանվում է վարչապետի որոշմամբ եւ իրականացվում է պետական բյուջեի արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից` համապատասխան պետական մարմնի կողմից ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա:

ԳԼՈՒԽ  5

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՎԱԳՈՒԹՅՈՒՆ

Հոդված 10. Արարողակարգային ավագությունը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետեւյալ արարողակարգային ավագությունը`

1.  Հանրապետության նախագահ.

2. վարչապետ.

3. Ազգային ժողովի նախագահ.

4. Սահմանադրական դատարանի նախագահ.

5. առաջին փոխվարչապետ.

6. փոխվարչապետներ` տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ.

7. անվտանգության խորհրդի քարտուղար.

8. Երեւանի քաղաքապետ.

9. անվտանգության խորհրդի անդամներ.

10. Ազգային ժողովի փոխնախագահներ` տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ.

11. նախարարներ` օրենքով սահմանված հերթականությամբ.

12. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներ` օրենքով սահմանված հերթականությամբ.

13. Ազգային ժողովի պատգամավորներ.

14. Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարներ` Սահմանադրությամբ ամրագրված հերթականությամբ.

15. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար.

16. վարչապետի աշխատակազմի ղեկավար.

17. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:

2. Միջոցառումներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության դեպքում որպես կանոն նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին:

3. Միջոցառումներին Հանրապետության պաշտոնաթող նախագահի եւ այլ հատուկ հյուրերի մասնակցության դեպքում նրանց արարողակարգային ավագությունը որոշվում է պետական արարողակարգի ծառայության ղեկավարի կողմից` յուրաքանչյուր միջոցառման համար առանձին:

4. Օտարերկրյա պետություններ այցերի ժամանակ այդ պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարը ավագությամբ հաջորդում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ից 11-րդ կետերով սահմանված պաշտոնատար այլ անձինք չեն մասնակցում միջոցառմանը։

5. Պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ հիմնական հյուրից հետո տվյալ մարմնի ղեկավարն ավագությամբ երկրորդն է:

ԳԼՈՒԽ  6

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 11. Պետական արարողակարգային ընթացակարգերը

1. Օտարերկրյա պետության ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում է զրույց Հանրապետության Նախագահի հետ, այցելություն Ազգային ժողով եւ բանակցություններ վարչապետի հետ:

2. Օտարերկրյա կառավարության ղեկավարի պետական կամ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ վարչապետի հետ եւ այցելություն Ազգային ժողով:

3. Օտարերկրյա պետության խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում է զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ ըստ անհրաժեշտության` հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

4. Հայաստանի Հանրապետություն պետական այցերի ժամանակ` Հանրապետության նախագահի անունից տրվող պաշտոնական ճաշին նախատեսվում է վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ Հանրապետության նախագահի կողմից հրավիրված այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը:

5. Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության Նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին:

6. Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը որպես կանոն տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ պաշտոնական արարողություններն անցկացվում են Հանրապետության նախագահի եւ վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին կամ Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների այցելությունների ժամանակ:

8. Պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ ընդունելության կազմակերպման այլ դեպքերը եւ կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

9. Օդային փոխադրամիջոցով Հայաստանի Հանրապետություն այցելող բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորման եւ ճանապարհման արարողակարգային ընթացակարգերը որպես կանոն, տեղի են ունենում նրանց վայրէջքի օդանավակայանում, իսկ վերգետնյա փոխադրամիջոցներով ժամանող պատվիրակություններինը` նրանց ընդունող պետական մարմնի նստավայրում։

10. Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն դիմավորում եւ ճանապարհում են բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար, կամ, ելնելով փոխադարձության սկզբունքից:

11. Բարձրաստիճան պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցի ծրագրում որպես կանոն ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը:

12. Պետական արարողակարգի միջոցառումների հատուկ ամսաթվեր են`

1) ապրիլի 24` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր` անփոփոխ արարողակարգով

2) մայիսի 9` հաղթանակի եւ խաղաղության տոն.

3) մայիսի 28` Հանրապետության տոն.

4) սեպտեմբերի 21` անկախության տոն` անփոփոխ արարողակարգով:

Հոդված 12. Պետական արարողակարգի ընթացակարգերի կիրառման առանձնահատկությունները

1. Հանրապետության նախագահի ներկայությամբ զինվորական պատիվները տրվում են նրան, բացառությամբ, երբ վարչապետն է զինված ուժերի գերագույն հրամանատարը:

2. Բարձրաստիճան պատվիրակությունների` վարչապետի հետ հանդիպումների արարողակարգային ընթացակարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից։

3. Բարձրաստիճան պատվիրակությունների` Ազգային ժողով այցելությունների արարողակարգային ընթացակարգերը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի կողմից:

4. Օտարերկրյա պետություններ մեկնելուց Հանրապետության նախագահին օդանավակայանում ճանապարհում եւ դիմավորում են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը եւ քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:

5. Օտարերկրյա պետություններ մեկնելուց վարչապետին օդանավակայանում ճանապարհում եւ դիմավորում են անվտանգության խորհրդի անդամները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը եւ քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:

6. Օտարերկրյա պետություններ մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների եւ այցեր նախապատրաստող (առաջավոր) խմբերի կազմում ընդգրկվում են պետական պահպանություն իրականացնող մարմնի աշխատակիցները եւ որպես կանոն արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչները:

Հոդված 13. Պետական խորհրդանիշների օգտագործումը

1. Արարողակարգային միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների` պետական դրոշը եւ օրհներգն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 14. Հանրապետության նախագահի խորհրդանշանը

1. Հանրապետության նախագահի խորհրդանշանը փոխանցվում է Հանրապետության նորընտիր նախագահին` պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ:

ԳԼՈՒԽ 7

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Պետական արարողակարգի ծառայությունը

1. Պետական արարողակարգն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության կողմից:

2. Պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը եւ կազմավորման կարգը սահմանվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով:

3. Պետական արարողակարգի ծառայության ծառայողների ծառայության անցնելու, ծառայության ընթացքի, ծառայությունից ազատվելու հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

ԳԼՈՒԽ 8

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Պետական արարողակարգի ծառայության խնդիրները

1. Պետական արարողակարգի ծառայության խնդիրներն են`

1. ապահովել Հայաստանի Հանրապետությունում միասնական արարողակարգային գործելակերպ` համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

2.  լինել մշտական աշխատանքային կապի մեջ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների հետ` արարողակարգային հարցերով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով.

3. պահպանել գործնական կապեր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ պետական արարողակարգի ծառայության լիազորությունների շրջանակում.

4. ուսումնասիրել միջազգային արարողակարգային գործելակերպը` պետական արարողակարգի ծառայության գործունեությունը եւ գործելակերպը բարելավելու նպատակով։

Հոդված 17. Պետական արարողակարգի ծառայության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը`

1) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը.

2) աջակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը.

 3) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի արարարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը.

4) աջակցում է Կառավարության անդամների ղեկավարած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի արարարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.

5) աջակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի արարարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.

6) նախապատրաստում ու իրականացում է Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը.

7) աջակցում է օտարերկրյա պետությունների կառավարությունների, խորհրդարանների, պետական այլ մարմինների պաշտոնական պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը.

8) ըստ անհրաժեշտության աջակցում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների եւ այդ մարմինների ղեկավարների օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի եւ միջոցառումների նախապատրաստմանը եւ իրականացմանը.

9) ըստ անհրաժեշտության աջակցում է Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների եւ այդ մարմինների ղեկավարների օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի եւ միջոցառումների նախապատրաստմանը եւ իրականացմանը.

10) կազմակերպում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման եւ առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը.

11) ապահովում է դիվանագիտական անձնակազմի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումներին.

12) նախապատրաստում եւ իրականացում է հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը.

13) ապահովում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների եւ դիվանագիտական անձնակազմի հավատարմագրման, պարտականությունների ստանձնման եւ առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը.

14) հետեւում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնակազմի կողմից դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմանը.

15) իրականացնում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրություն, նրանց բնականոն գործունեության ապահովման ուղղված ընթացիկ աշխատանքներ եւ անհրաժեշտ միջոցառումներ.

16) կազմակերպում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային եւ արարողակարգային հանդիպումները.

17) մշակում եւ սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում արարողակարգային միջոցառումների ընթացակարգերը եւ ծիսակարգերը, ներառյալ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հանրապետության տոնի եւ Հաղթանակի եւ խաղաղության տոնի եւ այլ միջոցառումների կազմակերպման նպատակով, եթե այդ միջոցառումների իրականացման համար հատուկ պետական հանձնաժողով չի ստեղծվում:

18) իրականացնում է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին սույն օրենքի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային կանոներին ծանոթացնելու նպատակով.

2. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս Պետական արարողակարգի ծառայությունն անմիջականորեն համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց իրավասու ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց հետ:

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից: