Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի հետ» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական կառավարման մարմնի հետ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Ավիացիայի տեսակները
1. Ավիացիայի տեսակներն են քաղաքացիական ավիացիան եւ պետական ավիացիան։
2. Քաղաքացիական ավիացիան ներառում է առեւտրային ավիացիան եւ ընդհանուր նշանակության ավիացիան:
3. Առեւտրային ավիացիան առեւտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղեւորների, բեռի եւ փոստի կանոնավոր եւ ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների համար։
4. Կանոնավոր առեւտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթների համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ եւ վճարի դիմաց իրականացվող չվերթներն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար` ներառյալ կանոնավոր չվերթների հետ կապված ուղեւորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթները:
5. Ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումները ներառում են առեւտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը եւ գործարարական ավիացիան:
6. Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է`
1) ոչ առեւտրային գործարարական ավիացիա.
2) ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիա.
3) անձնական թռիչքներ.
4) հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիա, ներառյալ` գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային եւ այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիա։
7. Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց։»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Ավիացիայի եւ օդային տրանսպորտի պետական կառավարումը
1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է համապատասխան նախարարությունը:
2. Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի եւ ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթեւեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների եւ մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների եւ Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):
3. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
4. Կոմիտեն `
1) իրականացնում է ներքին եւ միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների եւ այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.
2) վերահսկողություն է իրականացնում սահմանված պահանջների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
3) մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների եւ միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը, համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի հետ, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին.
4) սույն օրենքի համաձայն տրամադրում է առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր եւ թույլտվություններ ավիացիայի համակարգում առեւտրային գործունեություն իրականացնելու համար .
5) իրականացնում է օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման եւ հեռանկարային միտումների ուսումնասիրությունը եւ վերլուծությունը.
6) վարում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրը.
7) սահմանում է քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության եւ աերոնավիգացիոն սպասարկման, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների եւ մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջները, կանոնակարգումը եւ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
8) մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի եւ ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը.
9) մշակում եւ հաստատում է քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջները,
10) ներդնում եւ վարում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, այդ նպատակով մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը.
11) ներդնում եւ վարում է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, այդ նպատակով մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 եւ այլն).
12) սահմանում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային եւ շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային եւ շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության եւ փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերի սահմանումը.
13) սահմանում է ուսումնական եւ հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ եւ պահանջներ պարունակող հատուկ կարգերը.
14) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձեւերն ու ցանկը, ինչպես նաեւ դրանց կիրառման կարգը.
15) սահմանում է ԻԿԱՕ-ի եւ (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական եւ բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունների եւ վկայականների տրամադրման կարգը.
16) սահմանում էօտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունների եւ ճանաչման կարգը .
17) սույն օրենքի համաձայն վերահսկողություն է իրականացնում քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի եւ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության եւ անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.
18) սույն օրենքի համաձայն տրամադրում է ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ եւ թույլտվություններ եւ դադարեցնում է դրանց գործողությունը դադարեցումը` անհրաժեշտության դեպքում փորձագետների եւ մասնագետների ներգրավմամբ.
19) իր սահմանած կարգով`
ա. կատարում է ԻԿԱՕ-ի եւ (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական եւ բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները եւ տրամադրում է վկայականներ.
բ. իրականացնում է օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները եւ ճանաչումը.
20) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը, թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը եւ ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի եւ պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը.
21) օդանավերի երկրորդային հետեւանքներ չառաջացրած աղետների դեպքում համակարգում է որոնողափրկարարական աշխատանքները.
22) քաղաքացիական ավիացիայի թռիչքային եւ ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության.
23) ներկայացնում է Կառավարությանը քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, ինչպես նաեւ աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում.
24) հաստատում է օդանավակայանների եւ օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը.
25) տրամադրում է թույլտվություններ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին եւ վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին.
26) տրամադրում է վկայականներ ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, ինժեներատեխնիկական, օդային երթեւեկության կարգավարների կազմին), երկարաձգում, կասեցնում եւ դադարեցնում է վկայականների գործողության ժամկետները,.
27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի ստուգումներ,
28) հսկողություն իրականացնելու նպատակով ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին կոմիտեի համապատասխան մասնագետների եւ ներկայացուցիչների մասնակցությունը:
6. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու եւ ընդունելու` Կոմիտեի լիազորությունները հավասարապես տարածվում են նաեւ քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առեւտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների եւ պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:
7. Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Կոմիտեն ունի արտաբյուջետային հաշիվ, որի միջոցները գոյանում են Կառավարության սահմանած աղբյուրներից` Կառավարության որոշմամբ: Կոմիտեն արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են թռիչքային եւ (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման վերահսկողությունը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, Կոմիտեի աշխատակիցների պարգեւատրումը (այդ թվում` քաղաքացիական ծառայողների), ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:
8. Կոմիտեն իր լիազորությունների իրականացման նպատակով ընդունում եւ ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) եւ միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:
9. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Կառավարության կողմից լիազորված մարմին է (այսուհետ` ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների եւ լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը եւ ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը:
10. Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերի կազմակերպումը, վարումը եւ վերահսկումը, քննության բոլոր մասնակիցների գործողությունների համակարգումն իրականացվում է ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կողմից ձեւավորված մասնագիտական քննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի կողմից։
11. Ավիացիոն պատահարը օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն է, որը օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ որեւէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչեւ այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից շարժվել` մինչեւ թռիչքի ավարտին նրա կանգառի պահը եւ հիմնական ուժային կայանքի անջատումը եւ որի ընթացքում`
ա. որեւէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի իմաստով լուրջ մարմնական վնասվածք տվյալ օդանավում գտնվելու, կամ օդանավի ինչ-որ մասի` ներառյալ տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման, կամ ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների արդյունքում, հասցվել է ինքն իրեն կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից կամ, երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղեւորներին, ովքեր թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղեւորների եւ անձնակազմի անդամների համար.
բ. օդանավը ստանում է վնասվածքներ կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական եւ թռիչքային բնութագրերը, եւ սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում` բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թեւի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ, ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ եւ վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները) կամ`
գ. օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, ուր դրան մոտենալը բացարձակապես անհնար է:12.Լուրջ միջադեպը իրադարձություն է, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը, որն օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում` սկսած այն պահից, երբ որեւէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչեւ այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքել են օդանավը, կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ օդանավը թռիչք կատարելու նպատակով պատրաստ է տեղից պոկվել` մինչեւ թռիչքի ավարտին նրա կանգառը եւ հիմնական ուժային կայանքի անջատումը:13. Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ նրա կողմից ստեղծված պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործունեությունն անկախ է լիազորված մարմնից եւ այլ մարմիններից, որոնց գործունեությունը կամ շահերը կարող են բախվել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործառույթներին: Իրենց գործառույթներն իրականացնելիս` ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովը չեն ստանում եւ չեն ղեկավարվում որեւէ այլ մարմնից ստացած ցուցումներով եւ ունեն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված լիազորություններ քննությունների անցկացման նկատմամբ:Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովն իրավունք ունի`
1) անարգել մուտք գործել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավ.
2) հետազոտել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավը, դրա կառուցվածքային մասերը, ներառյալ` օդանավային ինքնագրերը եւ օդային երթեւեկության կառավարման ձայնագրությունները, պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավում գտնվող կամ դրսից պատահարի կամ միջադեպի մեջ ներգրավված գույքը` անկախ այդ գույքի պատկանելությունից, ինչպես նաեւ օդանավերի թռիչքների ապահովման միջոցներն ու օբյեկտները եւ ստանալ անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ:
15. Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կազմակերպում է օդանավի, նրա մասերի եւ պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանությունը` տվյալ տարածքներ կողմնակի անձանց մուտքն ու հափշտակության դեպքերը կանխելու եւ օդանավի ու նրա մասերի ֆիզիկական վիճակի վատթարացումը կանխելու նպատակով:
16. Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի օդերեւութաբանական ապահովման լիազորված մարմինը Կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ԻԿԱՕ) նշանակված Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմին է (այսուհետ` օդերեւութաբանական լիազորված մարմին):»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով կոմիտեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում իր իրավասության շրջանակում իրականացնում է պետական վերահսկողություն (այսուհետ` վերահսկողություն):
Վերահսկողության նպատակով կոմիտեն իրականացնում է ուսումնասիրություններ եւ վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ ԻԿԱՕ-ի եւ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված` քաղաքացիական ավիացիայի թռիչքային եւ ավիացիոն անվտանգության վերահսկողության ստանդարտների, հարցաշարերի, մեթոդական ձեռնարկների եւ ուղեցույցների հիման վրա: Վերահսկողությունը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ԻԿԱՕ-ի եւ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից դրա անցկացման կարգ սահմանված չէ:».
2) 2-րդ մասում`
ա. 1-ին պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառերով.
բ. 2-րդ պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով, իսկ «, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք` մաքսային մարմինների թույլտվությամբ եւ նրանց հսկողության ներքո» բառերը հանել:»:
Հոդված 5. Օրենքում «տեխնիկական կարգավորման լիազորված մարմին» եւ «քաղաքականության լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 6. Օրենքի 12-րդ, 23-րդ հոդվածներում, 26-րդ հոդվածում «տեսչական ստուգում» եւ «տեսչական ստուգումներ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ստուգում» եւ «ստուգումներ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 25. Թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելը կամ դադարեցնելը
1. Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը կամ դրա սարքավորումները չեն սպասարկվում կամ դրանց թռիչքային պիտանիության պահպանման նկատմամբ վերահսկողությունը չի իրականացվում սահմանված կարգով, օդանավը չի համապատասխանում օդանավի տեսակի գործող հավաստագրին, պարտադիր վերափոխումներն իրականացված չեն, իրականացվել են թռիչքային պիտանիության տեսակետից չարտոնված վերափոխումներ օդանավում կամ դրա սարքավորումներում, ապա օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը սահմանված կարգով կարող է կասեցվել` մինչեւ կոմիտեի եւ օդանավ շահագործողի միջեւ փոխհամաձայնությամբ սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունների վերացումը: Օդանավը կրկին կհամարվի թռիչքների համար պիտանի կոմիտեի կողմից օդանավի թռիչքային պիտանիության լրացուցիչ ուսումնասիրությունների կամ ստուգումների դրական արդյունքների դեպքում:
2. Եթե օդանավի թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների կամ ստուգումների արդյունքում կամ այլ պատճառներով կոմիտեն եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի թռիչքային պիտանիությունը հնարավոր չէ վերականգնել, կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում օդանավ շահագործողը չի վերացրել օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կասեցման հիմքերը, ապա կոմիտեն դադարեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը:
3. Գործողությունը դադարեցված կամ կասեցված թռիչքային պիտանիության սերտիֆիկատը վերադարձվում է կոմիտե: Կասեցման դեպքում սերտիֆիկատը թերությունների վերացումից հետո կրկին տրամադրվում է օդանավ շահագործողին։»:
Հոդված 8. Օրենքի 46-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով.
2) «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում նշված» բառերը փոխարինել «կոմիտեն» բառով.
3) «իրավունք ունեն» բառերը փոխարինել «իրավունք ունի» բառերով:
Հոդված 10. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: