Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-188 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.
«Հոդված 12.1. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը
1. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Կոմիտեի լիազորությունները
1. Կոմիտեն`
1) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը եւ ներկայացնում է համապատասխան նախարարին.
2) իրականացնում է Կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.
3) կնքում է Կառավարության անունից մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ.
4) ընդունում է «փոքր» մասնավորեցման հայտեր եւ դրանց ընթացք տալիս սահմանված կարգով.
5) Կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում` ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, ներգրավում է փորձագետներ.
6) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Կառավարության հաստատած մեկ քառակուսի մետրի արժեքից եւ այդ գործակիցների նվազագույն եւ առավելագույն չափերից.
7) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.
8) վերահսկում եւ վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման եւ դատական մարմիններից.
9) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.
10) պետական գույքի մասնավորեցման ժամանակ իրականացնում է պետության սեփականությունը հանդիսացող կառուցապատված հողամասերի` սահմանված կարգով մասնավորեցումը,
11) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով ներգրավում է փորձագետներ, ինչպես նաեւ մասնավորեցման աշխատանքներում ներգրավում է գիտահետազոտական եւ այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով,
12) համակարգում է մասնավորեցվող եւ օտարվող պետական գույքի արժեքի հաշվարկման (գնահատման եւ վերագնահատման) աշխատանքները,
13) իրականացնում է վերահսկողություն իր կողմից կնքված պայմանագրով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ,
14) կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը,
15) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաեւ հաշվառման գործընթացների վերլուծությունը եւ ամփոփում դրանց վերաբերյալ առաջարկությունները:»:
Հոդված 3. Օրենքում «լիազորված պետական մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: