Armenian ARMSCII Armenian
Կ-26446-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը

1. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Կոմիտեի լիազորությունները

1. Կոմիտեն`

ա) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը եւ ներկայացնում է համապատասխան նախարարին.

բ) իրականացնում է Կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.

գ) կնքում է Կառավարության անունից մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ.

դ) ընդունում է «փոքր» մասնավորեցման հայտեր եւ դրանց ընթացք տալիս սահմանված կարգով.

ե) Կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, ներգրավում է փորձագետներ.

զ) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Կառավարության հաստատած մեկ քառակուսի մետրի արժեքից եւ այդ գործակիցների նվազագույն եւ առավելագույն չափերից.

է) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.

ը) վերահսկում եւ վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման եւ դատական մարմիններից.

թ) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.

ժ) պետական գույքի մասնավորեցման ժամանակ իրականացնում է պետության սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի` սահմանված կարգով մասնավորեցումը.

ժա) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով ներգրավում է փորձագետներ, ինչպես նաեւ մասնավորեցման աշխատանքներում ներգրավում է գիտահետազոտական եւ այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով.

ժբ) համակարգում է մասնավորեցվող եւ օտարվող պետական գույքի արժեքի հաշվարկման (գնահատման եւ վերագնահատման) աշխատանքները.

ժգ) իր կնքած պայմանագրով իրականացնում է վերահսկողություն մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ.

ժդ) կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը.

ժե) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաեւ հաշվառման գործընթացների վերլուծությունը եւ ամփոփում դրանց վերաբերյալ առաջարկությունները:»:

Հոդված 3. Օրենքում «լիազորված պետական մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կոմիտե» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: