Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-483-18.01.2005-ՍԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի ՀՕ-519) 9-րդ հոդվածում`

ա.վերնագրում եւ 1-ին մասի 1-ին պարբերությունում «սոցիալական» բառերը հանել,

բ. 2-րդ մասից հետո լրացնել նոր` 2.1 մաս հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Ոչ զինվորական տարաբնույթ հաշմանդամների կենսաթոշակի հաշվարկման եւ վճարման կարգը սահմանվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա. վերջին պարբերությունում «հաշվարկման կարգը սահմանվում է առանձին օրենքով» բառերը փոխարինել «չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,

բ. լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Ապահովագրական ստաժ չունեցող եւ պակաս ստաժ ունեցող հաշմանդամների կենսաթոշակը հաշվարկվում է առանձին կարգով` սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:»:

Հոդված 3. 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը փոխարինել «աշխատանքային խեղման, մասնագիտական կամ ընդհանուր հիվանդության հետեւանքով` անկախ ապահովագրական ստաժից» բառերով:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածում`

ա. 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր հիվանդության (այդ թվում` աշխատանքի հետ չկապված խեղման) հետեւանքով մահացած անձի ընտանիքին ապահովագրական կենսաթոշակ նշանակվում է 21-րդ հոդվածին համապատասխան:»,

բ. 7-րդ պարբերությունում «ստաժի տեւողությունից» բառերը փոխարինել «ստաժից» բառով:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «որդեգրվելու դեպքում» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը:

Հոդված 6 . Օրենքի 45-րդ հոդվածում`

ա. 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում «օրենքով սահմանված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված» բառերով,

բ. 4-րդ մասից հետո լրացնել նոր 4.1 մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Ապահովագրական ստաժ չունեցող եւ պակաս ստաժ ունեցող հաշմանդամների ստաժը հավասարեցվում է պահանջվող ապահովագրական նվազագույն ստաժի չափին (25 տարի):»:

Հոդված 7. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց առնվազն 2 տարի հետո 1 տարի աշխատած կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք ունի:»:

Հոդված 8. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին նախադասությունում «լիազորագրով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքիընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության գործողօրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պահանջվող ապահովագրական ստաժ չունեցող հաշմանդամների կենսաթոշակի կարգավորմամբ, օրենքի որոշ դրույթների հստակեցմամբ, խմբագրական բնույթի բացթողումների շտկմամբ, ինչպես նաեւ առկա այն թերությունների վերացմամբ, որոնք կապված են այլ օրենքներին կատարված հղումների հետ:

Մասնավորապես, օրինագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող փոփոխությունը բխում է օրենքում ամրագրված հասկացությունների տրամաբանության պահպանման սկզբունքից, որը տարանջատում է պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրությունը պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունից:

2-րդ հոդվածի 1-ին մասով կատարվող փոփոխությունն ուղղված է գործող օրենքի 16-րդ հոդվածի հստակեցմանը` կապված «առանձին օրենքով» բառերի ճշտման եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման հետ:

4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխությունը ենթադրում է նույն ցուցանիշի («ստաժ» եւ «ստաժի տեւողություն») նկատմամբ միասնական մոտեցման ապահովում:

5-րդ հոդվածով եւ 6-րդ հոդվածի 1-ին մասով ճշտվում են գործող օրենքում կատարված հղումները այլ օրենքներին: Օրինակ, գործող օրենքի 45-րդ հոդվածի երեք պարբերություններում կատարված հղումները վերաբերում են ոչ թե սույն օրենքին, այլ «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

8-րդ հոդվածը, որը կապված է լիազորագրով կենսաթոշակ վճարելու կարգում տեղ գտած բացթողումների հետ, նպատակ ունի վերացնել առկա հակասությունը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հետ: Ըստ էության, հարցը վերաբերում է գործող օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասիեւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ առկա հակասությունը` լիազորագրի գործողության ժամկետների վերաբերյալ:

Օրինագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների 2-րդ մասերով, 3-րդ հոդվածով, 4-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով, 7-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կապված են սոցիալական արդարության եւ սոցիալական համերաշխության ապահովման սկզբունքի հետ, նպատակաուղղված են պահանջվող ապահովագրական ստաժ չունեցող (25 տարի) եւ պահանջվողից պակաս ստաժ ունեցող հաշմանդամների կենսաթոշակային ապահովման, ինչպես նաեւ կենսաթոշակի վերահաշվարկման հետ կապված խնդիրների լուծմանը: