Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով.
«Հոդված 6. Լեզվի կոմիտեն
1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
2. Լեզվի կոմիտեն`
1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը եւ ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը:
2) ապահովում է `
ա. սույն օրենքի պահանջների կատարումը եւ լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը.
բ. հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը.
գ.ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.
3) աջակցում է`
ա. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը.
բ. հեռուստառադիոընկերությունների` մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական եւ մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.
4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաեւ կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ.
5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման եւ կիրառման, անձնանունների, հայրանունների եւ ազգանունների, աշխարհագրական տեղանունների ինչպես նաեւ առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ:
6) նպաստում է`
ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը.
բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: