Armenian ARMSCII Armenian
Կ-26449-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի տասներկուերորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին» բառերը փոխարինել «նախարարությանը ենթակա մարմին» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.

«Հոդված 1.1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը

1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը նախարարությանը ենթակա Ջրային կոմիտեն է:»:

Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Կառավարությունը մշակում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները».

2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին եւ ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաեւ կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.».

3) 7-րդ կետի «կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-17-րդ կետերով.

«15) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան՝ իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարչական վարույթ.

16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումներ եւ նորմեր.

17) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ եւ այլն) եւ դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ։»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: