Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-268-15.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Սույն օրենքի գործողության շրջանակը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, Հանրապետության Նախագահի աշխատակազմի, դատախազության, քննչական մարմինների, անկախ պետական մարմինների, ինքնավար մարմինների, ինչպես նաեւ կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների, անվտանգության խորհրդի քարտուղարության (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների, Կենտրոնական բանկի աշխատակիցների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պաշտոն զբաղեցնող անձանց վրա բացառությամբ՝ աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող պաշտոնների, ազգային անվտանգության մարմիններում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների, պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների, ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ոստիկանության ծառայողների վրա, «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փրկարարական ծառայության ծառայողների վրա, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծառայություն անցնող պետական ծառայողների, բացառությամբ աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների վրա եւ Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժան ծառայողների վրա, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պաշտոն զբաղեցնող անձանց վրա բացառությամբ՝ աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող պաշտոնների, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պաշտոն զբաղեցնող անձնաց վրա, բացառությամբ՝ աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող պաշտոնների, քննչական մարմինների ղեկավարների, տեղակալների եւ քննիչների վրա, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ հետաքննչական օպերատիվ հետախուզական, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող անձանց վրա, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող անձանց, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող անձանց, ինչպես նաեւ մաքսատանը եւ մաքսակետում ծառայություն իրականացնող մաքսային ծառայողների վրա բացառությամբ՝ աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող պաշտոնների:

Հոդված 3. Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը

1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, կառավարության, վարչապետի եւ քաղաքացիական ծառայութունը համակարգող փոխվարչապետի (այսուհետ՝ համակարգող փոխվարչապետ) որոշումներով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով:

2. Քաղաքացիական ծառայության սկզբունքների, քաղաքացիական ծառայողների հիմնական իրավունքների եւ պարտականությունների, սոցիալական երաշխիքների, բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քաղաքացիական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Կառավարությունն ընդունում է սույն օրենքից եւ հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող քաղաքացիների իրավունքների իրականացման կարգեր եւ պայմաններ:

4. Համակարգող փոխվարչապետն ընդունում է իրավական ակտեր, որոնք աջակցում են քաղաքացիական ծառայության իրավահարաբերությունների մասնակիցներին պատշաճ կատարելու եւ պահպանելու սույն օրենքով եւ հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումներից եւ կարգերից բխող պահանջները:

Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) քաղաքացիական ծառայություն՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով.

2) քաղաքացիական ծառայության պաշտոն՝ համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող իրավունքներ ու պարտականություններ, մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, համապատասխան մարմնի այլ պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայված, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հաստիքային միավոր.

3) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով ձեւավորված քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

4) քաղաքացիական ծառայող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն եւ կատարում է մասնագիտական գործունեություն կամ գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում եւ վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

5) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր)՝ համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող քաղաքացիական ծառայողի գործառույթներն, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

6) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում՝ քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների հետեւողական եւ շարունակական կատարելագործում.

7) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ՝ տիրույթ, որտեղ սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով գրանցվում են քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատված քաղաքացիական ծառայողները.

8) փորձնակ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձ.

9) բարեվարքության հարցերով կազմակերպիչ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման քաղաքացիական ծառայող, ում պաշտոնի անձնագրում ամրագրված են քաղաքացիական ծառայողի բարեվարքության պահանջների մասով իրավունքներ եւ պարտականություններ.

10) կոմպետենցիա՝ գիտելիքների, ունակությունների, հմտությունների եւ վարքագծի ամբողջություն, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար.

11) մասնագիտական գիտելիք՝ տեղեկությունների, հասկացությունների, մտքերի, փաստերի եւ հանգամանքների ամբողջություն, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար.

12) հավասարազոր պաշտոն՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում քաղաքացիական ծառայության պաշտոնի համապատասխան խմբի նույն ենթախմբում ընդգրկված քաղաքացիական ծառայության պաշտոն.

13) ծառայողական քննություն` քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների եւ/կամ բարեվարքության եւ/կամ նրա գործունեությանն առնչվող եւ/կամ աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրություն.

14) քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ) կողմից կառավարվող էլեկտրոնային ծրագիր.

15) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը:

ԳԼՈՒԽ 2

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ (ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ) ԵՎ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) եւ անվանացանկը, հաստատելը (փոփոխելը)

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) սահմանվում է՝ ելնելով համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ նրա առջեւ դրված խնդիրներից: Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի անվանում, որը հնարավորինս ճշգրիտ արտացոլում է քաղաքացիական ծառայության պաշտոնի հիմնական գործառույթները եւ չի կրում ընդհանրական բնույթ:

2. Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի փոփոխությունը քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման կամ ծառայությունը դադարեցնելու հիմք չէ, բացառությումբ, սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները: Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հրապարակային է ծանոթացման համար:

5. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում՝ համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը, հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված եւ փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միասին ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:

6. Պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ներառելու (հանելու)՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնը ներառվում (հանվում)՝ է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ եւ հաստատվում է պաշտոնի անձնագիրը:

7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների ու պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաեւ տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատում է համակարգող փոխվարչապետը:

Հոդված 6. Քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման պահանջի, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ.

2) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոններ:

3. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի:

Հոդված 7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի բարձրագույն կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները

1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ է աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում յոթ տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի համար՝ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

2) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ.

3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորսը տարվա աշխատանքային ստաժ:

4) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:

3. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

4. Հաշվի առնելով քաղաքացիական ծառայության պաշտոնի եւ/կամ պաշտոնի ենթախմբերի առանձնահատկությունները, քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությամբ, քաղաքացիական ծառայության պաշտոնի եւ/կամ պաշտոնի ենթախմբերի համար կարող են սահմանվել կրթության եւ/կամ աշխատանքային ստաժի եւ/կամ աշխատանքի բնագավառի այլ չափանիշներ, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության առանձին պաշտոնների համար՝ որակավորման չափանիշներ, այդ թվում միջազգայնորեն ընդունված հավաստագրման համակարգեր: Այդ չափանիշները, քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունը ստանալուց հետո, ամրագրվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերում՝ մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով այդ պաշտոնները զբաղեցնելը:

ԳԼՈՒԽ 3.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 8. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքում կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման եւ/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում կամ կադրերի ռեզերվից՝ մինչեւ սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը եւ որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության արդյունքում կամ գործուղման դեպքում:

2. Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հոդված 9. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի տեսակները, առանձնահատկությունները

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) հիմնված է հավասար հնարավորությունների եւ արժանիքների վրա:

2. Մրցույթը դասակարգվում է երկու տեսակի՝ արտաքին եւ ներքին:

3. Մրցույթներն անցկացնում են համապատասխան մարմինները, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որն անցկացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

4. Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքները իրականացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը։

Հոդված 10. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո երեք ամսվա ընթացքում: Եթե հայտարարված մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը կամ հարցազրույցի փուլ անցած մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը եւ պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է մեկ ամսվա ընթացքում:

2. Մինչեւ արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ կարող է անցկացվել ներքին մրցույթ: Քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար կարող է անցկացվել մեկ ներքին մրցույթ: Եթե ներքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ, եթե ներքին մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ներքին մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը կամ հարցազրույցի փուլ անցած մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը եւ պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա անցկացվում է արտաքին մրցույթ: Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները եւ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

3. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը, հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի կայքում, քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքում եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է նաեւ այն բնագավառները, որոնցից կազմված է լինելու թեստը:

4. Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները եւ/կամ առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը եւ/կամ առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը:

5. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Մրցույթի մասնակցության հարցը որոշում է գլխավոր քարտուղարը՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման կողմից տրված եզրակացության հիման վրա: Մրցույթի մասնակցության որոշման մասին անձնակազմի կառավարման ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից տրված եզրակացության հիման վրա: Քաղաքացիական ծառայության գրասենյակը թեստավորման մասնակցության որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի:

7. Թեստավորումն անցկացնում են համապատասխան մարմիններն էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում:

8. Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել տարբեր բովանդակությամբ թեստեր: Թեստերը պետք է բխեն քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից:

9. Թեստերում ընդգրկվող առաջադրանքները, որոնք վերաբերվում են մասնագիտական գիտելիքներին, կազմում եւ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը, իսկ կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքները՝ կազմում եւ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

10. Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքները կազմում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

11. Մրցույթի մասնակիցը պատասխանելով թեստում ընդգրկված առաջադրանքներին՝ անմիջապես տեղեկանում է իր ստացած արդյունքների մասին: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն, իր արդյունքների մասով, կարող է բողոք ներկայացնել գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարն, մեկ ժամվա ընթացքում, ընդունում է արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն, իր արդյունքների մասով, կարող է բողոք ներկայացնել համակարգող փոխվարչապետին: Համակարգող փոխվարչապետը մեկ ժամվա ընթացքում, ընդունում է արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում:

12. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում կառավարության կողմից սահմանած միավորից բարձր առավելագույն միավորներ ստացած հինգ մասնակիցը: Եթե միեւնույն արդյունք ունենալու դեպքում հնարավոր չէ պարզել առավելագույն միավորներ հավաքած եւ թեստավորման փուլը հաղթահարած հինգ մասնակիցին, ապա միեւնույն առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում են հարցազրույցի փուլ: Թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգից պակաս լինելու դեպքում բոլոր մասնակիցներն իրավունք են ձեռք բերում մասնակցելու հարցազրույցի փուլին, եթե հավաքել են թեստավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորը:

13. Հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ձեւավորված հանձնաժողովը, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որի դեպքում հանձնաժողովը ձեւավորում է քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ համակարգող փոխվարչապետի կողմից հաստատված հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից:

14. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ձեւավորված հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, որի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել է տվյալ մրցույթը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաեւ տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տիրապետման մակարդակը ստուգելու կարողություններ ունեցող այլ անձինք:

15. Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից:

16. Հարցազրույցի փուլը հաղաթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն, հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին: Հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

17. Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, ապա համապատասխան մարմինը, սույն օրենքով սահմանված կարգով, փոփոխում է տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները:

18. Անվանացանկում կատարված լրացումների եւ փոփոխությունների արդյունքում առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, բացառությամբ համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ/կամ կառուցվածքային փոփոխության հետեւանքով առաջացած քաղաքացիական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են մրցույթով:

19. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողի առաջխաղացումը իրականացվում է միայն սույն օրենքով սահմանված մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

20. Մրցույթի արդյունքում նույն համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

21. Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում հայտարարվում է մրցույթ, որն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

22. Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է կառավարությունը:

23. Թեստերի կազմման, թեստային առաջադրանքների ձեւավորման, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը եւ ձեւաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Հոդված 11. Վարկանիշային ցուցակների կազմումը եւ վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելը

1. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու համար թեկնածուներն ընտրվում են վարկանիշային ցուցակներից:

2. Վարկանիշային ցուցակները կազմելու համար առնվազն տարին երկու անգամ քաղաքացիական ծառայության գրասենյակն անցկացվում է թեստավորում: Ելնելով թեստավորման մասնակիցների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբով տարբեր օրերի եւ/կամ ժամերի: Յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստ:

3. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Թեստավորման մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից տրված եզրակացության հիման վրա: Քաղաքացիական ծառայության գրասենյակը թեստավորման մասնակցության որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն:

4. Քաղաքացին չի մասնակցում թեստավորմանը, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պահանջները:

5. Թեստավորումը հաղթահարում են կառավարության կողմից սահմանած նվազագույն միավորից բարձր միավոր ստացած մասնակիցները: Թեստավորման արդյունքներով քաղաքացիական ծառայության գրասենյակն առցանց կարգով վարում է վարկանիշային համարակալված ցուցակ: Միեւնույն արդյունք հավաքած թեկնածուները գրանցվում են նույն համարի տակ:

6. Համապատասխան մարմինները հարցազրույցի հրավիրում են վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց, ովքեր բավարարում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

7. Եթե պաշտոնի անձնագրով նախատեսված է մասնագիտական բարձրագույն կրթության պահանջ եւ վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում չկա համապատասխան մասնագիտություն ունեցող հինգ թեկնածու, ապա հրավիրվում են տվյալ մասնագիտությունն ունեցող առաջին 5 թեկնածուները:

8. Վարկանիշային ցուցակում միանգամյա գրանցված լինելու առավելագույն ժամկետը 2 տարի է: Վարկանիշային ցուցակում գրանցման առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Վարկանիշային ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով:

9. Վարկանիշային ցուցակը համալրվում է թեստավորման բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու հաջորդ աշխատանքային օրը:

10. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար հարցազրույցը կազմակերպվում եւ անցկացվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-16-րդ մասերով սահմանված կարգով: Պաշտոնի նշանակված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից:

11. Վարկանիշային ցուցակների կազմման համար անցկացվող թեստավորման եւ հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանում է կառավարությունը:

12. Վարկանիշային ցուցակների կազմման համար անցկացվող թեստավորման թեստերի կազմման, թեստային առաջադրանքների ձեւավորման, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Հոդված 12. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման, փոխադրման, գործուղման կարգով

1. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, մինչեւ երկու տարի ժամկետով, պատճառաբանված որոշմամբ կարող է տեղափոխություն կատարել կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջեւ, եթե վերջիններս բավարարում են քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

2. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է նույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

3. Փոխադրման (փոխադրումների) արդյունքում թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով սահմանված արտաքին մրցույթով:

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ մինչեւ սահմանված հիմքի վերացումը, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել այդ պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում փոխադրված քաղաքացիական ծառայողի պարտականությունները կատարվում են տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից:

5. Գլխավոր քարտուղարը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, կարող է կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, առանց ծառայությունը դադարեցնելու, իր պաշտոնով փոխադրել այլ կառուցվածքային ստորաբաժանում: Տվայլ դեպքում քաղաքացիական ծառայողը պետք է իրականացնի նույնաբովանդակ աշխատանք, ինչպիսին իրականացնում էր մինչեւ փոխադրումը: Այս դեպքում պաշտոնի անձնագրում գործառույթների փոփոխություն չի կատարվում, այլ չափանիշներ եւ այլ պահանջներ չեն սահմանվում:

6. Փոխադրում իրականացվում է հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոնի:

7. Տեղափախություն, փոխադրում իրականացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ: Համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այն դեպքերը, երբ տեղափոխություն եւ/կամ փոխադրում իրականացնելիս քաղաքացիական ծառայողի համաձայնությունը չի պահանջվում:

8. Տեղափախության, փոխադրման դեպքերում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

9. Թափուր կամ ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկամսյա ժամկետում համապատասխան մարմինների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ մինչեւ երեք տարի ժամկետով քաղաքացիական ծառայողին կարող է գործուղել այլ համապատասխան մարմին հավասարազոր պաշտոն զբաղեցնելու համար: Տվայլ դեպքում քաղաքացիական ծառայողը պետք է իրականացնի նույնաբովանդակ աշխատանք, ինչպիսին իրականացնում էր մինչեւ գործուղումը: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ սահմանված ժամկետի ավարտից հետո առանց վերջնահաշվարկ կատարելու քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է իր նախկին պաշտոնը: Թափուր պաշտոնը գործուղման արդյունքում զբաղեցնելու դեպքում մինչեւ գործուղման ավարտը տվյալ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվում:

10. Տեղափախության, փոխադրման եւ գործուղման կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները:

11. Տեղափախության, փոխադրման եւ գործուղման ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Հոդված 13. Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`

1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի.

2) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի.

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

4) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու.

6) 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում.

7) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կամ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

3. Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն առաջացել է այդ անձի ծառայությունը սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ, 6-10-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով դադարեցվելու հետեւանքով:

4. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 14. Կադրերի ռեզերվից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը

1. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիական ծառայողին, ով ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնից:

Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը եւ քաղաքացիական ծառայության կազմակերպման առանձնահատկությունները

1. Պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկությունները եւ քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը հաստատում է համակարգող փոխվարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության լիազոր մարմնի ղեկավարի հետ:

2. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը եւ դեպքերը սահմանում է կառավարությունը, իսկ պաշտոնների ցանկը՝ համակարգող փոխվարչապետը:

3. Վարչապետին, կառավարությանը եւ նախարարություններին ենթակա մարմինների՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունների մասնակցությունն իրականացվում է այն համապատասխան մարմնի կողմից, որի ենթակայությամբ գործում են:

Հոդված 16. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը եւ ազատումը (ծառայության դադարեցումը)

1. Գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասերում նախատեսված դեպքերի:

2. Սույն մասում նշված մարմինների գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է.

1) Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.

2) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը.

3) Հաշվեքննիչ պալատում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը.

4) Հայաստանի Հանրապետության դատախազությունում՝ գլխավոր դատախազը.

5) Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում՝ քննչական մարմինների ղեկավարները.

6) Հայաստանի Հանրապետության ինքնավար մարմիններում՝ ինքնավար մարմինների ղեկավարները:

3. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

4. Քաղաքացիական ծառայության մյուս պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է գլխավոր քարտուղարը:

5. Դատական դեպարտամենտում քաղաքացիական ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

Հոդված 17. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու փորձաշրջանն, առավելագույն տարիքը

1. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է փորձաշրջանով՝

1) ղեկավար պաշտոնների խմբի համար՝ 12 ամիս.

2) մասնագիտական պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթախմբի պաշտոնների համար՝ 9 ամիս.

3) մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբի պաշտոնների համար՝ 6 ամիս:

2. Փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողը չի կարող սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնել քաղաքացիական ծառայության այլ պաշտոն: Փորձաշրջանի ընթացքում մրցույթի արդյունքում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան:

3. Փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը՝ հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ենթախմբերը, պաշտոնների առանձնահատկությունները:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

ԳԼՈՒԽ 4.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը

1. Քաղաքացիական ծառայողի կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները եւ այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատվում է անմիջական ղեկավարի կողմից:

2. Կատարողականի գնահատումը իրականացվում է տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացվում է կատարողականի ընթացիկ գնահատում:

3. Կատարողականի գնահատականի, այդ թվում ընթացիկ, հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն բողքարկել՝ գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին:

4. Կատարողականի գնահատման արդյունքները հիմք են սահմանված կարգով խրախուսում եւ/կամ վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու, ինչպես նաեւ հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախապատվության իրավունքից օգտվելու համար:

5. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանում է կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները:

Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը

1. Քաղաքացիական ծառայողներն իրավունք ունեն եւ պարտավոր են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները եւ կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատարաստումներին մասնակցելու միջոցով:

2. Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու եւ այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար:

3. Համապատասխան մարմիններում վերապատրաստման գործընթացը կազմակերպում է գլխավոր քարտուղարը:

4. Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազվում է (փոփոխվում) քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատումից:

5. Վերապատրաստում անցկացվում է նաեւ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:

6. Վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը 6 ամիս է:

7. Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը, որը ներառում է վերապատրաստման կարիքները, վերապատրաստման եղանակները, հատկացված կրեդիտները, ժամանակի բաշխվածությունը, իրականացնող կազմակերպությունները, վերապատրաստում իրականացնող մասնագետների թեկնածուները եւ համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված այլ չափանիշները եւ այդ ծրագիրը ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը:

8. Յուրաքանչյուր տարի գլխավոր քարտուղարը պարտավոր է վերանայել վերապատրաստման ծրագիրը՝ հիմք ընդունելով նախորդ տարվա վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքները:

9. Քաղաքացիական ծառայության գրասենյակն ուսումնասիրում է ծրագիրը եւ տալիս է համաձայնություն վերապատրաստման ծրագիրը հաստատելու համար: Համաձայնությունը ստանալուց հետո գլխավոր քարտուղարը հաստատում է վերապատրաստաման ծրագիրը եւ քաղաքացիական ծառայողներին տեղեկացնում է այդ ծրագրից բխող քաղաքացիական ծառայողի վերապատրաստաման անհատական ծրագիրը:

10. Կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը:

11. Համապատասխան մարմինների ծրագրերի ուսումնասիրության ժամանակ քաղաքացիական ծառայության գրասենյակը կարող է առաջարկել վերանայել վերապատրաստման ծրագիրն, ինչպես նաեւ այդ ծրագրերում կարող է ներառել նաեւ կոմպետենցիաների վերաբերյալ կազմված վերապատրաստման ծրագրերը:

12. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

13. Վերապատրաստմների արդյունքում քաղաքացիական ծառայողը ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտները ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված:

14. Սույն օրենքի հիման վրա վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքների գնահատման եւ անհատական ծրագրի կազմման, ինչպես նաեւ համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագրի կազմման, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

ԳԼՈՒԽ 5.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության եւ/կամ ծառայողական պարտականությունները եւ/կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) պատվոգրով (մեդալով) պարգեւատրում.

5) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

6) կարգապահական տույժի հանում:

2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենսդրությամբ սահմանված խրախուսման այլ տեսակներ:

3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ, 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, որպես խրախուսանք, Հանրապետության Նախագահի կողմից օրենքով սահմանված կարգով կարող է շնորհվել բարձրագույն դասային աստիճաններ:

5. Բարձրագույն դասային աստիճաններն են՝ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երրորդ դասի պատական խորհրդականի դասային աստիճան: Դասային աստիճաններից բարձրը՝ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:

Հոդված 21. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները եւ առանձնահատկությունները, կարգապահական տույժ կիրառելու որոշումը, պաշտոնից ազատելու կամ ծառայության դադարեցման մասին որոշումը բողոքարկելը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու եւ/կամ ոչ պատշաճ կատարելու եւ/կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու եւ/կամ աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու եւ/կամ քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու եւ/կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ/կամ շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Կարգապահական տույժերը դասակարգվում են երկու տեսակի՝ թեթեւ կարգապահական տույժեր եւ խիստ կարգապահական տույժեր:

1) թեթեւ կարգապահական տույժերն են՝

ա. նախազգուշացում.

բ. նկատողություն.

2) խիստ կարգապահական տույժերն են՝

ա. խիստ նկատողություն.

բ. աշխատավարձի իջեցում մինչեւ 20 տոկոսով, բայց ոչ ավելի քան բազային աշխատավարձի չափը.

բ. ծառայության դադարեցում:

3. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

4. Կարգապահական տույժ նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման, վերապատրաստման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները:

5. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել խախտում կատարելու օրվանից: Եթե խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների ստուգման այդ թվում եւ գույքագրման ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի:

6. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման արդյունքում վրա հասած հետեւանքները, նախկինում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու եւ/կամ խախտումներ կատարած լինելու համգամանքները:

7. Կարգապահական տույժի մասին քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

8. Յուրաքանչյուր խախտման համար, կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված նախատեսված կարգապահական տույժը կրկին անգամ չի կարող կիրառվել, եթե կարգապահական տույժը հանված չէ կամ չի լրացել սույն օրենքի 9-րդ մասով սահմանված ժամկետը:

9. Եթե քաղաքացիական ծառայողը թեթեւ կարգապահական տույժ նշանակելու օրվանից վեց ամսվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ խիստ կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

10. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

11. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին կարգապահական տույժ կիրառելու մասին, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող ակտի կատարումը:

13. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բողոքարկման կարգը չի տարածվում քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում կիրառված կարգապահական տույժերի վրա: Նշված դեպքերում կիրառված կարգապահական տույժերը բողոքարկվում են դատական կարգով:

14. Քննարկելով բերված բողոքը` իրավասու պաշտոնատար անձն իրավասու է՝

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ ճանաչել կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումն անվավեր.

2) մերժել բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը թողնելով անփոփոխ:

15. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում վարչական կամ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

16. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

Հոդված 22. Ծառայողական քննությունը

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն նշանակում է ծառայողական քննություն՝ նշելով ծառայողական քննության անցկացման հիմքերը, պարզաբանման ենթակա հարցերը եւ անցկացման եղանակը:

2. Քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը:

3. Քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ այլ անձի դիմումի եւ/կամ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ծառայողական քննություն նշանակում է գլխավոր քարտուղարը:

4. Ծառայողական քննության անցկացման ժամանակ, անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձն, իր որոշմամբ, կարող է ներգրավվել ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված մասնագետ՝ խորհրդատվություն տրամադրելու համար:

5. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) ծառայողական պարտականությունների կատարումը ծառայողական քննություն անցկացնելու ժամկետում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է կասեցնել` պահպանելով քաղաքացիական ծառայողի վարձատրությունը:

6. Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների եւ/կամ զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքերում այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին եւ ծառայողական քննությունը կասեցվում է:

7. Ծառայողական քննության արդյունքում ծառայողական քննություն վարողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն, որն առնվազը ներառում է ծառայողական քննությամբ պարզված հանգամանքները եւ դրանց վերաբերյալ հետեւությունները, անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ եւ դրանց վերաբերյալ հիմնավորումներ:

8. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն սույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամկետից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը եւ ընդունում համապատասխան որոշում, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

9. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխության ժամանակ

1. Համապատասխան մարմնի վերակազմակերպումը եւ/կամ կառուցվածքային փոփոխությունը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու (լիազորությունները դադարեցնելու) հիմք չէ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ եւ/կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների եւ/կամ քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատմամբ եւ/կամ համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ եւ/կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված պաշտոնների անձնագրերում այնպիսի նոր պահանջների սահմանմամբ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում:

2. Վերակազմակերպմամբ եւ/կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների եւ/կամ քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ եւ վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմնի աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

4. Կառուցվածքային փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողը իր հաստիքային միավորով կարող է տեղափոխվել կառուցվածքային փոփոխության չենթարկվող կառուցվածքային ստորաբաժանում՝ հավասարազոր կամ ցածր քաղաքացիական ծառայության պաշտոնի՝ իր համաձայնությամբ:

5. Համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ/կամ կառուցվածքային փոփոխության հետեւանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

6. Համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ/կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է մինչեւ վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր եւ հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար:

7. Քաղաքացիական ծառայության այն պաշտոնները, որոնք չեն համալրվել սույն հոդվածով սահմանված կարգով, զբաղեցվում են մրցույթով:

8. Վերակազմակերպման եւ/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

9. Վերակազմակերպման եւ/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում, եթե անվանացանկից հանվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով գործուղված քաղաքացիական ծառայողի պաշտոնն, ապա գործուղման ժամկետի ավարտից հետո քաղաքացիական ծառայողին առաջարկվում է հավասարազոր կամ ցածր պաշտոն: Եթե քաղաքացիական ծառայողը չի տալիս համաձայնություն առաջարկված պաշտոնում նշանակվելու համար, ապա վերջինս գրանցվում է կադրերի ռեզերվում:

10. Վերակազմակերպման եւ/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Հոդված 24. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները:

2. Գործունեությունը դադարած մարմինների կադրերի ռեզերվը վարում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

3. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները:

4. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը: Քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է հանվել ռեզերվից վաղաժամկետ:

5. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ: Քաղաքացիական ծառայողը օրենքով սահմանված կարգով երեք ամիս ստանում է վարձատրություն այն համապատասախան մարմնից, որտեղ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն:

6. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով:

7. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն նույն համապատասխան մարմնում, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ այլ համապատասխան մարմնում զբաղեցնելու դեպքում կատարվում է վերջնահաշվարկ:

8. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:

9. Քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում:

10. Ռեզերվում գրանցված ժամանակ քաղաքացիական ծառայողը չունի արձակուրդի իրավունք եւ վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում:

11. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 25. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը եւ քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը

1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում:

2. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը գրանցամատյանի բաղկացուցիչ մաս է, որը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում է համապատասխան մարմինը:

3. Գրանցամատյան վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Հոդված 26. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող, առանց որեւէ խտրականության, ունի աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Քաղաքացիական ծառայողը, այդ թվում՝ քաղաքացիական ծառայությա կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը, ստանում է վարձատրություն՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:

ԳԼՈՒԽ 6.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային հարաբերությունները

1. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով եւ/կամ հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

3. Քաղաքացիական ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են աշխատանքային ներքին կարգապահական կանոններով:

Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային (ծառայության) ժամերը

1. Աշխատանքային (ծառայության) ժամերն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն քաղաքացիական ծառայողը պարտավոր է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածներ, որոնք օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն ներառվում են աշխատաժամանակում։

2. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային ժամերը կարող են փոխվել, եթե դա պայմանավորված է տվյալ մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով:

3. Գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը սահմանում է կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:

Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղումը

1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղում է համարվում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համապատասխան իրավական ակտի հիման վրա քաղաքացիական ծառայողի մշտական ծառայողական վայրից որոշակի ժամկետով այլ վայր մեկնելը՝ ծառայողական որոշակի պարտականություններ կատարելու համար:

2. Գլխավոր քարտուղարի ծառայողական գործուղման որոշում կայացնում է համապատասխան մարմնի ղեկավարը:

3. Քաղաքացիական ծառայողին ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի արձակուրդը

1. Քաղաքացիական ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

2. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային oր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը 4 աշխատանքային օր:

3. Քաղաքացիական ծառայողին հերթական եւ/կամ լրացուցիչ արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:

4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քաղաքացիական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր:

5. Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը:

6. Քաղաքացիական ծառայողներին արձակուրդ տրամադրում է գլխավոր քարտուղարը, իսկ գլխավոր քարտուղարին՝ համապատասխան մարմնի ղեկավարը:

Հոդված 31. Քաղաքացիական ծառայության ստաժը

1. Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու, համապատասխան մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը աշխատած ժամանակաշրջանը:

3. Քաղաքացիական ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր աշխատանքային ստաժում:

4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով՝ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի պետական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

5. Համապատասխան մարմիններում փորձնակ գրանցված ժամանակաշրջանը սույն օրենքի իմաստով հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար: Փորձնակ գրանցված ժամանակաշրջանում աշխատանքների մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում:

6. Փորձնակ գրանցելու եւ աշխատանքների մասնակցության առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի կողմից Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելը եւ համազգեստը

1. Համապատասխան մարմինների առջեւ դրված խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված քաղաքացիական ծառայողը կարող է կրել համազգեստ եւ/կամ զենք, ինչպես նաեւ կարող է գործադրել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ:

2. Քաղաքացիական ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման, զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու, օգտագործելու կարգը, պայմանները, համազգեստների նկարագրերը եւ այդ մարմինների ցանկը սահմանում է կառավարությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

ԳԼՈՒԽ 7.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար համապատասխան մարմինների գլխավոր քարտուղարները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում լրացնում են համակարգող փոխվարչապետի կողմից սահմանված պահանջները բավարարող երկու քաղաքացիական ծառայողի թեկնածություն: Գլխավոր քարտուղարը չի կարող լինել էթիկայի հանձնաժողովի անդամ:

2. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից: Յուրաքանչյուր դեպքի համար ձեւավորվում է քաղաքացիական ծառայողների էթիկայի առանձին հանձնաժողով:

3. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով ձեւավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը էլեկտրոնային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ձեւավորում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով՝ կազմում պարտադիր ընդգրկելով տվյալ մարմնի՝ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածուներից մեկին: Էլեկտրոնային ծրագիրը պատահականության սկզբունքով պաշտոնով ավելի բարձր քաղաքացիական ծառայողին ընտրում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի նախագահ: Տվյալ մարմնի ներկայացուցիչը չի կարող լինել քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի նախագահ:

4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։

5. Քաղաքացիական ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ եւ դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ անհարգելի պատճառով հանձնաժողովի աշխատանքից բացակայելու դեպքերի:

Հոդված 34. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է ծառայողական քննության կարգին համապատասխան:

2. Հանձնաժողվի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջեւ:

3. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ վարքագծի ուղենիշային սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

5. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմնին կամ պաշտոնատար անձին:

Հոդված 35. Պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում

1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքում ընդունած եզրակացությունն անմիջապես ուղարկվում է ծառայողական քննության կողմերին:

2. Քաղաքացիական ծառայողն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում բողոք ներկայացնելը հիմնավորող փաստաթղթի բացակայության դեպքում, իսկ վարքագծի կանոնները խախտելու եւ/կամ շահերի բախման կանոնները եւ/կամ նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարն եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի կայքէջում:

4. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն, եզրակացության հրապարակումից հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը եւ արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակում այդ մարմնի կայքէջում:

Հոդված 36. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը

1. Համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի քաղաքացիական ծառայության պաշտոն:

2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝

1) քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում եւ վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաեւ բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

3) համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

4) մշակում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը.

5) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների եւ շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն.

ԳԼՈՒԽ 8.

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 37. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայության դադարման հիմքերը

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) հաստիքների եւ/կամ սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը.

3) սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության պաշտոնի չնշանակվելը.

4) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելը եւ անձին քաղաքացիական ծառայության իր պաշտոնում վերականգնելը.

5) համապատասխան մարմնի գործունեության դադարումը.

6) սույն օրենքի 23-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելուն համաձայնություն չտալը.

7) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը կամ հանրային ծառայության պաշտոնում նշանակվելը:

2. Քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են՝

1) նրա մահվան դեպքում.

2) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.

3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում.

4) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

5) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

7) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի միջնորդությամբ.

8) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.

9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

10) ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելու դեպքում ծառայությունը դադարեցվում է:

11) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում.

12) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

13) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

14) կառավարության հաստատված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալու դեպքում.

15) ռեզերվից հանվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.

16) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալը.

17) անձնական դիմումը:

3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները կառավարության կողմից սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի քաղաքացիական ծառայողին ազատել զբաղեցրած պաշտոնից:

4. Քաղաքացիական ծառայողի ծառայությունը չի կարող դադարեցվել սույն հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, եթե առակա է 1-16-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից դիմում ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը, եթե այդ դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Մինչեւ համապատասխան իրավական ակտի ընդունումը քաղաքացիական ծառայողը կարող է հետ վերցնել ներկայացրած դիմումը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, երկու աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտ:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

8. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ծառայությունը դադարեցրած անձը մինչեւ մեկ տարին լրանալը չի կարող մասնակցել քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի մրցույթին:

9. Մինչեւ քաղաքացիական ծառայության զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին կամ լիազորությունները դադարելու մասին իրավական ակտն ընդունելը՝ համապատասխան մարմինը քաղաքացիական ծառայողից պահանջում է վերջինիս գործավարությանը հանձնված նյութերը եւ օգտագործմանը տրամադրված գույքը: Քաղաքացիական ծառայողը պարտավոր է անհապաղ կատարել այդ պահանջը:

ԳԼՈՒԽ 9.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Հոդված 38. Քաղաքացիական ծառայության կազմակերպումը եւ ղեկավարումը

1. Քաղաքացիական ծառայության ղեկավարումը, միասնականությունը, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:

2. Քաղաքացիական ծառայության գրասենյակը հաշվետու է վարչապետին, կառավարությանը եւ համակարգող փոխվարչապետին:

3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը ՝

1) իրականացնում է համապատասխան մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդական ղեկավարումը եւ վերահսկողությունը.

2) ուսումնասիրում եւ վերլուծում է համապատասխան մարմիններում հանրային ծառայության օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում եւ կառավարության, վարչապետի եւ համակարգող փոխվարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.

3) իրականացնում է վերլուծություններ բացահայտելու հոսունության դինամիկան դրան նպաստող պայմանները, հայտարարված մրցույթներին դիմորդներ չլինելու պատճառները՝ այդ թվում պաշտոնների սխալ գնահատումը, չափանիշների սահմանումը, ենթախմբերի դասակարգումը.

4) կառավարության սահմանած կարգով իրականացնում է աշխատանքի շուկայի վերլուծություն ըստ մասնագիտությունների եւ տարածքների.

5) իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ եւ կատարում համապատասխան վերլուծություններ.

6) իրականացնում է վերապատրաստման արդյունքների ուսումնասիրություն եւ վերլուծություն.

7) կառավարություն առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման, գործունեության դադարման, կառուցվածքային փոփոխությունների ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

8) ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմիններ.

9) համապատասխան եւ այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.

10) անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման մասով տալիս է է մեթոդական ցուցումներ.

11) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

4. Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության որոշ ինստիտուտների, գործառույթների, ընթացակարգերի հետ կապված կարող է փորձարարական աշխատանքներ կազմակերպել համապատասխան մարմիններում:

Հոդված 39. Գլխավոր քարտուղարը

1. Գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է:

2. Համապատասխան մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման պատասխանատուն գլխավոր քարտուղարն է:

3. Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

4. Սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում են օրենքով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը, դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը:

5. Անվտանգության խորհրդի քարտուղարությունում սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում է անվտանգության խորհրդի քարտուղարը:

6. Այն տեսչական մարմնում, որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 5-րդ եւ 11-րդ մասերով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 3-րդ եւ 7-9-րդ մասերով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի օրենքով նախատեսված ստորաբաժանումում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 10

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ

Հոդված 40. Քաղաքացիական ծառայության կազմակերպման որոշ առանձնահատկություններ

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում փորձարարական կարգով աշխատանքների կազմակերպման համար նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը կարող են ներառել աշխատանքային ստաժի եւ փորձի, կրթության, ենթակա եւ հաշվետու լինելու սույն օրենքով սահմանված պահանջներից եւ չափանիշներից տարբերվող այլ չափանիշներ եւ պահանջներ:

2. Այդ չափանիշները եւ պահանջները սահմանվում են փորձարարական աշխատանքների կազմակերպման ծրագրում եւ սույն օրենքով սահմանված կարգով ներառվում են քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների անձնագրերում:

3. Փորձարարական աշխատանքների կազմակերպման համար նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են միայն սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով:

ԳԼՈՒԽ 10

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 41. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 33-36-րդ, 38-րդ եւ 50-րդ հոդվածների: 33-36-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ 38-րդ եւ 50-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-272 օրենքը, բացառությամբ 9-րդ եւ 10-րդ հոդվածների:

3. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-272 օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվում սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 60-րդ օրը:

4. 2019 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի N ՀՕ-159-Ն օրենքը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի N ՀՕ-158-Ն օրենքը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի N ՀՕ-26-Ն օրենքը, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 նոյեմբերի 28-ի N ՀՕ-286-Ն օրենքը:

Հոդված 42. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումը

1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, մինչեւ սույն օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը զբաղեցվում են ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ այլ անձնաց կողմից:

Հոդված 43. Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գործունեության դադարեցումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի տիրապետման եւ օգտագործման իրավունքով հանձնված գույքը, ինչպես նաեւ միջազգային ծրագրերի իրականացման արդյունքով ստացված գույքը, քաղաքացիական ծառայության ինստիտուտների բարեփոխման համար միջազգային դոնոր կազմակերպությունների եւ/կամ սեփական միջոցներով իրականցված ուսումնասիրությունների, վերլուծությունների, կազմված ծրագրերի արդյունքները հանձնում է վարչապետի աշխատակազմ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության իրականացումից հետո, քաղաքացիական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները վեց ամիս ժամկետով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության իրականացումից հետո դադարում է քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությունը:

Հոդված 44. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը

1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում վարչապետի հաստատմանն է ներկայացվում ժամանակացույց եւ միջոցառումների ծրագիր սույն օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու համար՝ վերջնաժամկետ ունենալով 2019 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող կառավարության որոշումները:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող փոխվարչապետի որոշումները:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքից բխող այլ օրենքներում փոփոխությունները կատարել վեց ամսվա ընթացքում:

5. Պետական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայողներ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան առանց մրցույթի նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:

Հոդված 45. Գործառույթների իրականացման առանձնահատկությունները մինչեւ սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմելը

1. Մինչեւ սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը քաղաքացիական ծառայության գրասենյակը այդ գործընթացները կազմակերպում եւ գործառույթներն իրականացնում է ոչ էլեկտրոնային եղանակով՝ համակարգող փոխվարչապետի կողմից սահմանված կարգին համապատասխան:

2. Պաշտոնների դասակարգման եւ չափանիշների սահմանման սույն օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածվում է համակարգող փոխվարչապետի կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան: Մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը եւ չափանիշներ սահմանելը գործում են մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հաստատված պաշտոնների անձնագրերը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելու դեպքում քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են իրենց պաշտոններում առանց մրցույթի եւ ժամկետային պայմանագրի:

Հոդված 46. Էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը եւ բարեվարքության հարցերով կազմակերպիչների նշանակումը

1. Մինչեւ սույն օրենքով նախատեսված Էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը՝ քաղաքացիական ծառայության գրասենյակը եւ/կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուների համար կազմակերպում են բարեվարքության հարցերով վերապատրաստումներ:

2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչների պաշտոնների անձնագրերը հաստատվում են 2019 թվականի ապրիլի առաջին տասնօրյակում:

Հոդված 47. Իրավահաջորդության որոշ դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված խրախուսանքի (պարգեւատրման), կարգապահական տույժի միջոցները պահպանում են իրենց իրավական հետեւանքները եւ հաշվի են առնվում սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժեր եւ խրախուսանքի տեսակներ կիրառլիս:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված արձակուրդները պահպանում են իրենց իրավական հետեւանքները: Նախկինում չօգտագործված եւ տեղափոխված արձակուրդները պահպանվում են եւ տրամադրվում են մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելն գործող կարգին համապատասխան:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հրապարակված մրցույթները անցկացվում են մրցույթի հրապարակման ժամանակ գործող կարգին համապատասխան:

4. Պետական ծառայության պաշտոններում օրենքով սահմանված կարգով փոխարինող եւ/կամ պայմանագրով պաշտոն զբաղեցնող եւ/կամ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձիք շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ տվյալ պաշտոնների համար սահմանված հիմքերի վերացումը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վերապատրաստան, ատեստավորման (կատարողականի գնահատման) հարաբերությունների իրավական հետեւանքները, ինչպես նաեւ արդեն իսկ նախատեսված եւ իրականացվող գործողությունները պահպանում են իրենց իրավական ուժը:

6. Ստացած դասային աստիճանները, կոչումները պահպանվում են:

7. Կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար գործող հավաստագիր ունեցող անձիք ընդգրկվում են վարկանիշային ցուցակներում սույն օրենքով սահմանված կարգին համապատասխան:

8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, այն մարմինները, որոնց վրա սույն օրենքի գործողությունը տարածվելու է համաձայն սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցի, այդ մարմիններում պետական ծառայողական հարաբերությունները կարգավորվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:

9. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամկետները հաշվարկվում են նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

10. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն նախատեսված վերապատրաստումները կազմակերպվում եւ անցկացվում են մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելն գործող կարգին համապատասխան:

11. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելը ծառայությունը դադարեցնելու հիմք չէ: Քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է նոր պաշտոնին: Նոր պաշտոնի նշանակվելը չի հանգեցնում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետների վերահաշվարկի:

12. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս քաղաքացիական ծառայողը պահպանում է իր աշխատավարձը, եթե նոր դասակարգմամբ լինի պաշտոնի ենթախմբի (սանդղակի մակարդակի) իջեցում:

13. Մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դասային աստիճանի համար հաշվարկվող հավելավճարը տրվում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճարը չի հաշվարկվում:

14. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող ռեզերվում գրանցված եւ ստանում են սահմանված վարձատրությունը մինչ սույն օրենքը ուժի մեջ մտնելը սահմանված ժամկետով:

15. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-272 օրենքն ուժը կորցնելը հիմք չէ քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատելու համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում, համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահպանվում է:

17. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական (պետական) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում, որը պայմանավարված է պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելով, համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահպանվում է:

18. Եթե պետական ծառայողի նշանակումը պայմնավորված չէ սույն հոդվածի 16-17-րդ մասերով նախատեսված պայմաններով, ապա նրա համար պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

19. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով քաղաքացիական հատուկ ծառայողների համար սահմանված հավասարեցումը տարածվում է այդ մարմինների քաղաքացիական ծառայողների վրա:

20. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված արտոնությունները գործում են քաղաքացիական ծառայող դառնալուց հետո այն կարգավորումներով ինչ նախատեսված է քաղաքացիական հատուկ ծառայողների համար:

21. Քաղաքացիական ծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատական ներկայացուցչության հարցերը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հոդված 49. Գլխավոր քարտուղարի պաշտոն սահմանելը

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մինչեւ սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի պաշտոն նախատեսելը, սույն օրենքով գլխավոր քարտուղարի համար սահմանված լիազորությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը:

Հոդված 50. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը կառավարության աշխատակազմի լուծարման (գործունեության դադարման դեպքում)

1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողը ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պաշտոնից ազատվելու դեպքում կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողը գրանցվում է կադրերի ռեզերվում վեց ամիս ժամկետում եւ օգտվում սույն օրենքով կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողի իրավունքներից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ