Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-273-28.02.2018,14.03.2018-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 21-րդ պարբերությունում «հեռուստառադիոընկերություն» բառը փոխարինել «հեռուստաընկերություն» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-23-րդ պարբերություններ.

«մշտադիտարկում՝ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների փաստացի գործունեությունը օրենքին եւ լիցենզիայի պահանջներին համապատասխան իրականացնելու բացահայտման նպատակով իրականացվող դիտարկում.

ուղղակի դիտարկում՝ հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումները դիտելու եւ տեսաձայնագրելու միջոցով իրականացվող մշտադիտարկում:»:

Հոդված 2. Օրենքի 5.1-րդ հոդվածում «Հանրային հեռուստառադիոընկերությունը» բառերը փոխարինել «Հանրային հեռուստաընկերությունը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում «Հանրային հեռուստառադիոընկերությունը» բառերը փոխարինել «հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով:

Հոդված 5. Օրենքում «Ազգային հանձնաժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Հանձնաժողով» բառով եւ դրա հոլովաձեւերով, իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Հանրապետության նախագահ», «Ազգային ժողով» եւ «Կառավարություն» բառերով ու դրանց հոլովաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ

1. Հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ վարչապետի կողմից լիազորված Կառավարության այլ անդամին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:

2. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը եւ պայմանները սահմանում է Հանձնաժողովը:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների տեսակները

1. Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններ եւ ռադիոընկերություններ:

2. Հայաստանի Հանրապետությունում գործում են առնվազն մեկ անկախ հանրային հեռուստաընկերություն եւ մեկ անկախ հանրային ռադիոընկերություն:

3. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը հիմնադրվում են Կառավարության որոշմամբ:

4. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձեւով, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է:

5. Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը ապահովում են հանրային հեռուստաընկերություններն ու հանրային ռադիոընկերությունները:

6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով լիազոր մարմինը հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ):

7. Կառավարության որոշմամբ Խորհրդի կառավարմանը կարող են հանձնվել այլ բաժնետիրական ընկերություններ:

8. Մասնավոր են այն հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական անձինք են կամ իրավաբանական անձինք:

9. Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները օգտվում են հավասար իրավունքներից եւ օրենքի առջեւ հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպաիրավական ձեւից:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի» բառերը փոխարինել «Խորհրդի» բաոռվ.

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «բռնի զավթելու» բառերը փոխարինել «յուրացնելու» բառով.

2) 2-րդ մասում «օրենքով» բառը փոխարինել «Հանձնաժողովի կողմից» բառերով:

Հոդված 10. Օրենքի 4-րդ եւ 5-րդ գլուխները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 4

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 26. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները

1. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի եւ կրոնի, ինչպես նաեւ ստեղծագործության ազատությունը:

2. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը պարտավոր են`

1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.

2) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

3) մշակել եւ իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

գ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը եւ նվազեցմանը,

դ. եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար:

3. Հանրային հեռուստաընկերությունում եւ հանրային ռադիոընկերությունում Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, Կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տեւողությունը չի սահմանափակվում:

4. Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը չպետք է գերազանցի հաղորդման տեւողության 2.5 տոկոսը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում հանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային կամ սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ:

6. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ վերջիններս պարտավոր են ապահովել լրատվական հաղորդումների օրական առնվազն երկու թողարկում` առավոտյան եւ երեկոյան:

7. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը:

8. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն են ներակայցնում Հանձնաժողովին:

9. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կողմից հաշվետվության ներկայացման կարգը եւ հաշվետվության ձեւը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

10. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

11. Հանրային հեռուստաընկերությամբ եւ հանրային ռադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում է այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` հանրային հեռուստաընկերությունը կամ հանրային ռադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերություններ:

Հոդված 27. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը

1. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կառավարման մարմինը Խորհուրդն է:

2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից՝ Խորհրդի նախագահ եւ Խորհրդի 4 անդամ: Խորհրդում պետք է ապահովվի սեռային ներկայացվածությունը:

3. Խորհրդի անդամները նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից վեց տարի ժամկետով:

4. Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն եւ տիրապետեն հայոց լեզվին:

5. Խորհրդի անդամ չի կարող լինել՝

1) օտարերկրյա քաղաքացին եւ քաղաքացիություն չունեցող անձը.

2) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

3) անձը, ով դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցության ղեկավար մարմնում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.

3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

Հոդված 28. Խորհրդի գործունեության կարգը

1. Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ օրենքների եւ իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

2. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության եւ հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

3. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաեւ նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է նրան փոխարինող Խորհրդի անդամը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Խորհրդի տարիքով ավագ անդամը:

4. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`

1) իր նախաձեռնությամբ.

2) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:

5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:

6. Խորհրդի որոշումներն ընդունվում են` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

8. Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների եւ ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին եւ հրապարակում իր պաշտոնական կայքում:

9. Խորհրդի նախագահի աշխատավարձի հաշվարկման գործակիցը 9 է, իսկ Խորհրդի անդամները՝ 5.25: Խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամների աշխատավարձը որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային աշխատավարձ սույն մասում նշված գործակիցներով բազմապատկելու միջոցով:

Հոդված 29. Խորհրդի անդամների նշանակման կարգը եւ լիազորությունների դադարումը

1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով Հանձնաժողովը ձեւավորում է 5 անդամից, ներառյալ նախագահը, բաղկացած մրցութային հանձնաժողով:

2. Մրցութային հանձնաժողովի նախագահը եւ անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով:

3. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

4. Մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

5. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը սպասարկում է Հանձնաժողովի աշխատակազմը:

6. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում եւ վարում է մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

7. Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Մրցութային հանձնաժողովի անդամները ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը եւ կարգը սահմանում է վարչապետը:

9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում են մրցութային հանձնաժողովի նախագահին:

10. Խորհրդի անդամի թափուր տեղի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունն ստացվելուց հետո մրցութային հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածում թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ:

11. Հայտարարության մեջ նշվում են`

1) թափուր պաշտոնի անվանումը,

2) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները,

3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը եւ ժամը:

12. Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

14. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով:

15. Փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի աշխատակազմ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում:

17. Մրցութային հանձնաժողովի նիստի մասին մրցութային հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցում է Հանձնաժողովի աշխատակազմը:

18. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում, մինչեւ մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը, մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:

19. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի մասնագետներ:

20. Մրցությաին հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են միայն «կողմ» կամ «դեմ»:

21. Մրցույթի արդյունքում մրցութային հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) մրցույթը չկայացած համարելու եւ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին.

2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին:

22. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչում մեկ մասնակցի:

23. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին:

24. Առաջին կրկնակի մրցույթը չկայացած համարվելու դեպքում, մինչեւ մրցութային հանձնաժողովի կողմից կրկնակի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչելը, վարչապետը տասնօրյա ժամկետում նշանակում է Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, ով պետք է բավարարի Խորհրդի անդամին սույն օրենքով ներկայացվող պահանջներին:

25. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց ներկայացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

26. Մրցութային հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաեւ ընդունված որոշումների առաքումն ապահովում է Հանձնաժողովի աշխատակազմը:

27. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`

1) հրաժարական է տվել.

2) ընտրվել կամ նշանակվել է որեւէ պաշտոնում.

3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի` երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) մահացել է.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

8) չի կատարել սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունը:

Հոդված 30. Խորհրդի նախագահը

1. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է Խորհրդի եւ նրա աշխատակազմի գործունեությունը.

2) գումարում է Խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները եւ նիստերի արձանագրությունները.

3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.

4) ընդունում եւ ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին

5) համակարգում եւ ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը:

2. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը:

Հոդված 31. Խորհրդի իրավասությունները

1. Խորհուրդը`

1) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը եւ հեռուստառադիոծրագրերի (հեռուստաալիքների) թիվը, որը չի կարող պակաս լինել չորսից՝ երկու հեռուստածրագիր եւ երկու ռադիոծրագիր, առնվազն մեկը ընդհանուր, մյուսը` հոգեւոր-մշակութային ուղղվածության.

2) սահմանում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը եւ ուղղությունները.

3) հաստատում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձեւերը, պայմանները եւ վարձատրման կարգը.

4) սահմանում է հանրային հեռուսստաընկերության եւ հանրային ռադիոընկերության այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու այլ հեռուստաընկերություններում եւ ռադիոընկերություններում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում.

5) սահմանում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.

6) նշանակում եւ պաշտոնից ազատում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին:

7) հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում է գործադիր տնօրենների տեղակալներին:

8) յուրաքանչյուր տարի մինչեւ հունվարի 20-ը լսում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.

9) հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.

10) հաստատում է իր կանոնադրությունը եւ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կառուցվածքը.

11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը եւ հաստիքացուցակը.

12) հաստատում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները

13) ստացված բողոքների հիման վրա, կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները խախտման դեպքերը եւ ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.

14) առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործունեության վերաբերյալ հասարական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.

15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ:

2. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարվում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների կողմից:

3. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:

Հոդված 32. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների իրավասությունները

1. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները`

1) ղեկավարում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.

2) Խորհրդի հաստատմանն են ներկայցնում ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.

3) նշանակում եւ ազատում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

4) ընդունում են հրամաններ.

5) կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.

6) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.

7) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ներկայացնում են հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը,

8) իրենց իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս hանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության անունից եւ ներկայացնում են նրանց շահերը,

9) oրենքով, այլ իրավական ակտերով եւ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում են հանրային հեռուստաընկերությանը եւ հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

10) տալիս են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում եւ ազատում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում են խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.

12) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության տարեկան հաշվետվությունները.

13) ապահովում են աշխատողների մասնագիտական կատարելագործումը.

14) իրականացնում են օրենքով, իրավական այլ ակտերով եւ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով:

3. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքերում նրանց փոխարինում եւ նրանց լիազորություններն իրականացնում են հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների տեղակալները:

4. Գործադիր տնօրենների տեղակալները նշանակվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 33. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ֆինանսավորումը

1. Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ առանձին նշելով Խորհրդին, հանրային հեռուստաընկերությանը եւ հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները, առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը հաստատում է Խորհուրդը՝ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ:

Հոդված 34. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության տարեկան հաղորդումը

1. Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը հրապարակում է hանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում:

2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության հաղորդումը հրապարակվում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրվում է Խորհրդի պաշտոնական կայքում:

ԳԼՈՒԽ 5

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 35. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը

1. Սահմանադրության 196-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը:

2. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով եւ իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ:

3. Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում: Հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

4. Հանձնաժողովի նստավայրը Երեւան քաղաքն է: Իր որոշմամբ Հանձնաժողովը կարող է արտագնա նիստեր գումարել նաեւ այլ համայնքներում:

Հոդված 36. Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը`

1) հրապարակային եւ մրցութային կարգով հատկացնում է վերգետնյա եթերային հաճախություններ.

2) իրականացնում է հեռուստառադիոհեռարձակողների վերգետնյա եթերային հեռարձակման լիցենզավորումը մրցույթի միջոցով եւ ապահովում մրցույթի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.

3) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորումը.

4) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման լիցենզավորումը.

5) անցկացնում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ եւ տրամադրում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա.

6) սահմանում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հեռուստաընկերությունների, մրցույթի անցկացման կարգը, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները.

7) հաստատում է լիցենզիայի ձեւերը.

8) տրամադրում է լիցենզիաներ.

9) տարին մեկ հրապարակում է վերգետնյա եթերային հաճախականությունների ամբողջական ցանկը` հիմք ընդունելով լիազորված պետական կառավարման մարմնի կազմած եւ պարբերաբար իրեն տրամադրվող` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված վերգետնյա եթերային հաճախությունների ցանկը.

10) կազմում եւ հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների կատարման նկատմամբ.

11) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից բաժանորդային հեռարձակումը.

12) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների եւ ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պահանջներին.

13) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին եւ տրված հավաստագրին.

14) սույն օրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.

15) վերահսկում է հեռուստաընկերության եւ ռադիոընկերության կողմից նախընտրական քարոզչության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգի պահպանումը.

16) նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմում է դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.

17) ուսումնասիրում եւ պատասխանում կամ եզրակացություն է տալիս հեռուստառադիոընկերությունների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.

18) իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկում.

19) կարող է ներգրավվել հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի եւ իրավական ակտերի նախագծերի մշակմանը.

20) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ.

21) ուսումնասիրություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ.

22) սահմանում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հաշվետության ներկայացման կարգը եւ ձեւը.

23) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ վարչապետին կամ վարչապետի կողմից լիազորված Կառավարության այլ անդամին եթերաժամանակ հատկացնելու կարգը եւ պայմանները.

24) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները.

25) սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձեւը.

26) օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը:

2. Հանձնաժողովն իրավասու մարմիններից, հանրային հեռուստաընկերությունից եւ հանրային ռադիոընկերությունից, այլ կազմակերպություններից եւ պաշտոնատար անձանցից պահանջում եւ ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված ուսումնասիրության իրականացման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերությանը հանձնարարել սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները:

4. Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է դիմել Խորհրդին հանրային հեռուստաընկերության կամ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը լուծելու առաջարկով:

5. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների եւ փորձագետների:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 22-24-րդ, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 2-րդ, 49-րդ հոդվածի 3-րդ եւ 50-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հոդված 37. Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության եւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

Հոդված 38. Հանձնաժողովի անդամների թեկնածուներին եւ անդամներին ներկայացվող պահանջները եւ նրանց վարձատրության կարգը

1. Հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի կամ իրավագիտության առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, բարձրագույն կրթություն, հանդիսանում է զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ:

2. Հանձնաժողովի անդամ չի կարող լինել`

1) անձը, ով դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը,

3. Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Հանձնաժողովի անդամները ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցում են միայն որպես ընտրող:

4. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունները ստանձնելուց հետո` մեկ ամսվա

ընթացքում, Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.

3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.

«Ստանձնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով:

Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից:»:

7. Հանձնաժողովի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 39. Հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Սահմանադրության 197-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ եւ ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում՝ թափուր տեղն առաջանալուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահին փոխարինող անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:

3. Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամը կարող է առաջադրվել որպես Հանձնաժողովի նախագահ ինքնաառաջադրման կամ Հանձնաժողովի որեւէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

5. Հանձնաժողովի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են Հանձնաժողովի բոլոր անդամները:

6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:

7. Քվեարկելիս Հանձնաժողովի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:

8. Եթե քվեարկության արդյունքով որեւէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելի ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

11. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից եւ քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:

12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանձնաժողովի անդամ, ներառյալ Հանձնաժողովի նախագահ:

13. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է մինչեւ Հանձնաժողովի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

14. Հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների կազմը համալրվելուց հետո տասնօրյա ժամկետում:

Հոդված 40. Հանձնաժողովի նախագահը

1. Հանձնաժողովի նախագահը`

1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.

2) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) ձեւավորում է նիստերի օրակարգը, հրավիրում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը, ընդ որում` Հանձնաժողովի անդամը մասնակցում է Հանձնաժողովի նիստերի օրակարգի ձեւավորմանը օրակարգի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.

4) ստորագրում եւ հրապարակում է Հանձնաժողովի որոշումները, արձակում է հրամաններ.

5) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

6) Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.

7) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

8) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրության նախագիծը, կառուցվածքը եւ հաստիքացուցակը.

9) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է Հանձնաժողովի աշխատակիցներին.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա կողմից նշանակված Հանձնաժողովի անդամը:

3. Հանձնաժողովի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

Հոդված 41. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1) անհամատեղելիության պահանջները խախտելու.

2) քաղաքական գործունեությամբ զբաղվելու.

3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառներով, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու.

4) տարվա ընթացքում Հանձնաժողովի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու.

5) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

6) առնվազն մեկ անգամ Հանձնաժողովի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են՝

1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

5) նրա հրաժարականը.

6) նրա մահը:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի անդամի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են նրա լիազորությունները դադարելու օրը:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու դեպքում Հանձնաժողովի նախագահը անհապաղ հայտարարություն է տարածում Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

9. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված հիմքերով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքի առկայությունն արձանագրող Հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից:

Հոդված 42. Հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը

1. Հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:

2. Հանձնաժողովը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Կառավարություն է ներկայացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշիվը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

3. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում նաեւ բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:

4. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամներին աշխատավարձի վճարումը:

Հոդված 43. Հանձնաժողովի տարեկան հաղորդումը

1. Հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր նախորդ տարվա գործունեության եւ հեռուստատեսությունում ու ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2. Հաղորդումը ներառում է Հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (ներառյալ` հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների եւ այլ լիազորությունների իրականացման մասին):

3. Հաղորդումը Ազգային ժողով է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը:

4. Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

6. Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկատվություն:

Հոդված 44. Հանձնաժողովի գործունեության կարգը

1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի եւ աշխատանքային քննարկումների միջոցով:

2. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահն՝ իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի պահանջով:

3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են՝բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքում Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ:

4. Հանձնաժողովը զանգվածային լրատվության առնվազն մեկ միջոցով, ինչպես նաեւ իր կայքում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը եւ օրակարգը:

5. Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով :

6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Հանձնաժողովի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին տեղեկացնել իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ:

9. Այդ տեղեկացումից հետո Հանձնաժողովի համապատասխան անդամը՝

1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.

2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

10. Հանձնաժողովի նիստը հետաձգվում է՝

1) քվորում չլինելու.

2) աշխատանքային օրն ավարտվելու.

3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հանձնաժողովի աշխատակազմի կողմից: Նիստերի արձանագրությունները ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Հանձնաժողովի աշխատակազմը վարում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:

12. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են Հանձնաժողովի գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

Հոդված 45. Հանձնաժողովի աշխատակազմը

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով:

2. Հանձնաժողովի աշխատակազմի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 45.1. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը

1. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում՝ նաեւ հեռուստառադիոընկերությունում տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:

2. Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործունեության մշտադիտարկումը ներառում է նաեւ տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:

3. Կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում հեռուստառադիոընկերություններում մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա:

4. Մշտադիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են՝

1) մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը,

2) հեռուստաընկերության կամ ռադիոընկերության լրիվ անվանումը եւ գտնվելու վայլը,

3) մշտադիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը,

4) մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ իրավական հիմքերը:

5. Հեռուստաընկերությունում կամ ռադոիընկերությունում մշտադիտարկումը սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին կամ նրան փոխարինող իրավասու այլ անձին:

6. Եթե հեռուստառադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը չեն գտնվում հեռուստաընկերության կամ ռադիոընկերության գործունեության վայրում կամ հրաժարվում են ստանալ մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը եւ ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա հրամանի պատճենը 3-օրյա ժամկետում փոստային առաքման միջոցով ուղարկվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, որը ստանալուց հետո միայն կարող է իրականացվել մշտադիտարկում: Անհապաղ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքում մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանի օրինակը եւ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը փոստային առաքման միջոցով ուղարկվում են հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը՝ մշտադիտարկումն իրականացնելուց հետո եռօրյա ժամկետում:

7. Հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով եւ տեխնիկական միջոցներով:

8. Մշտադիտարկման արդյունքներով Հանձնաժողովի ներկայացուցչի կողմից կազմվում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաեւ վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների եւ հաշվառման մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաեւ դիտարկման արդյունքների եւ հաշվառման մատյանների տվյալների միջեւ անհամապաստախանությունը, անհամապատասխանությունների քանակը եւ տեւողությունը:

10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում՝ հեռուստառադիոընկերության տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունը ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում՝ Հանձնաժողովի եւ հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչները:

12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը այն կազմելուց հետո եռօրյա ժամկետում ուղարկվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը:

13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում կարող է դրանք ներկայացնել Հանձնաժողով:

14. Հեռուստառադիոընկերությունում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ եւ ստորագրում:

15. Եթե հեռուստառադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը հրաժարվում է ստորագրել եւ ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ չի գտնվում մշտադիտարկման իրականացման վայրում, ապա արձանագրության երկրորդ օրինակը փոստով առաքվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը:

16. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հեռուստառադիոընկերության ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, եւ արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը (կանոնադրություն, հրաման, որոշում, լիազորագիր կամ այլ փաստաթուղթ), որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինել հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին:

17. Եթե հեռուստառադիոընկերության ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունը ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է մշտադիտարկման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաեւ մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը եւ պաշտոնը:

18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:

19. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացումն ապահովում է Հանձնաժողովի աշխատակազմը:

20. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձեւը հաստատում է Հանձնաժողովը:»:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրված (նշանակված) անձինք շարունակում են պաշտոնավարել որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ մինչեւ իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքով սահմանված ժամկետի ավարտը:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ընտրված անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը շարունակում է պաշտոնավարել որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալը՝ որպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկը շարունակում է գործել որպես «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկ: