Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2822-16.03.2018-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ը1 կետով.

«ը.1) չպետք է ունենա դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն (եթե այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ) ունեցող 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակից կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող ղեկավար:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ բ1 կետով.

«բ.1) հայտատուի 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն եւ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ ղեկավարը ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն.»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «բ1» կետով հետեւյալ բովանդակությամբ`

«բ.1 սույն օրենքի 6-րդ հոդվածի ը1 կետով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հայտատուի 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների եւ ղեկավարների հաշվետվություն` Լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետներով:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետում «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «6-րդ հոդվածի «ը.1» մասով սահմանված պայմաններից առնվազն մեկը կամ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում ««դ»» բառից հետո լրացնել «, «ը.1» բառը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա: