Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի՝ (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1 եւ 4.2 հոդվածներով.
«Հոդված 4.1 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացման համակարգումը.
2) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեսակավորման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման մեխանիզմների ներդրումը.
4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 4.2 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`
1) մասնակցությունը աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության ձեւավորմանը.
2) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմումը.
3) աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը եւ համակարգումը.
4) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը.
5) չհսկվող եւ չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը.
6) կոշտ կենցաղային թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը.
7) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող եւ (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչեւ չորս հարյուր ՀՀ դրամ, կամ
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ քսանհինգ ՀՀ դրամ:
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական եւ արտադրական շենքերում եւ (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետեւյալ դրույքաչափերով.
1) առեւտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի եւ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր ՀՀ դրամ,
2) հյուրանոցների եւ հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաեւ այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչեւ հիսուն ՀՀ դրամ,
3) արտադրական, արդյունաբերական եւ գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ տասնհինգ ՀՀ դրամ.
4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական եւ նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համարերեքից մինչեւ տասնհինգ դրամ:
5) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով:
3. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար ՀՀ դրամ, կամ
2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար ՀՀ դրամ.
4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
5. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված դրույքաչափեր՝ հաշվի առնելով աղբի գոյացման վայրի (անշարժ գույքի) նպատակային կամ գործառնական նշանակությունը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: