Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը» բառերը փոխարինել «աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է:
1.1 Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուն պետք է ներկայացնի տեղեկանք` կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից:
1.2. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում:
2. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: