Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-486-26.01.2005-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակները

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման ընթացքում ծագող հարաբերությունները:

Հոդված 2. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատներիու դիակիզարանների շահագործման մասին օրենսդրությունը

Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Պետական լիազոր մարմինը

Պետական լիազոր մարմինը /այսուհետ` լիազոր մարմին/, որը որոշվում է կառավարության կողմից, սույն օրենքին համապատասխան ընդունում է որոշումներ եւ իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Հոդված 4. Մահացածների հուղարկավորությունը

Մահացածների հուղարկավորության արդյունքը կարող է լինել նրանց թաղումը կամ դիակիզումը` նրանց կամ նրանց հարազատների համաձայնությամբ:

Մահացածների թաղումը կամ դիակիզումը կատարվում է ոչ շուտ, քան մահը հասնելուց 24 ժամ հետո, մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից սահմանված կարգով տրված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Մահացածների թաղումը կամ դիակիզումը սահմանված ժամկետից ավելի շուտ եւ ավելի ուշ կարող է կատարվել միայն բժշկական համապատասխան թույլտվություն ունենալու դեպքում:

Հարազատների բացակայության դեպքում, որոնք կարող էին ստանձնել հուղարկավորության կազմակերպումը, մահացածների թաղումը կամ դիակիզումը կատարվում է դատա-բժշկական մարմինների թույլտվությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` տեղական բյուջեի հաշվին:

Առաջիկա թաղման կամ դիակիզման մասին տեղեկությունը տրամադրվում է, գերեզմանատան կամ դիակիզարանի համապատասխան կառույցին, թաղումից կամ դիակիզումից մեկ օր առաջ:

Թաղումները կամ դիակիզումները գրանցվում են թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում` հուղարկավորությունների սպասարկման կազմակերպությունում, որը հատուկ վկայական է տալիս թաղման կամ դիակիզման մասին:

Հուղարկավորությունների սպասարկման կազմակերպության կողմից տրված դրոշմակնիքով վկայականը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ վկայականն է:

Հուղարկավորությունների սպասարկման կազմակերպության վկայականի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

Մահացածների թաղումը կամ դիակիզումը կատարվում է միայն գործող գերեզմանատներում կամ դիակիզարաններում, սանիտարական նորմերին եւ կանոններին համապատասխան` տեղաբաշխման գծագրի համաձայն:

Վերաթաղումը, թաղված աճյունի մեկ գերեզմանոցից մյուսը կամ աճյունասափորի մի աճյունապատից մյուսը տեղափոխելը կատարվում է հուղարկավորությունների սպասարկման կազմակերպության եւ սանիտարական հսկողության տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր թույլտվությամբ, որտեղից փոխադրվում է աճյունը:

Դատա-քննչական մարմինների պահանջով, ինչպես նաեւ հատուկ դեպքերում, այլ պատճառներով, թույլատրվում է բացել գերեզմանը` դիակը ախտաբանական- անատոմիական դատա-բժշկական փորձաքննության ենթարկելու համար:

Գերեզմանների բացումն այդ դեպքերում կատարվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով` պետական սանիտարական հսկողության տեղական մարմնի եւ գերեզմանատան ղեկավարության ներկայացուցչի ներկայությամբ, դրա մասին հայտնելով թաղվածի այն հարազատներին, որոնց վրա գրանցված է այդ գերեզմանը: Այդ դեպքում հուղարկավորությունների գրանցման մատյանում կատարվում է համապատասխան գրառում:

Հոդված 5. Գերեզմանատներից կամ դիակիզարաններից օգտվելու կանոնները

Գերեզմանատներից կամ դիակիզարաններից օգտվելու կանոնները սահմանվում ենՀՀ կառավարությանկողմից:

Հոդված 6. Թաղման եւ դիակիզման կարգերը

Թաղման եւ դիակիզման կարգերը սահմանվում են լիազոր մարմնի կողմից:

Հոդված 7. Գերեզմանատներին եւ դիակիզարաններին ներկայացվող ընդհանուր պահանջները

ՀՀ-ում գերեզմանատները եւ դիակիզարանները գտնվում են տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ:

Գերեզմանատների եւ դիակիզարանների գտնվելու վայրերը եւ չափերը նախատեսվում են բնակավայրերի գլխավոր հատակագծով` շինարարական եւ սանիտարական նորմերին ու կանոններին համապատասխան:

Գերեզմանատների եւ դիակիզարանների պահպանումը կատարվում է տվյալ տեղական ինքնակառավարման մարմնիբյուջեի հաշվին:

ՀՀ կառավարության կողմից սահմանված հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատների /Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն/, եւ դիակիզարանների պահպանումը կատարվում է բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

Գերեզմանատունը եւ դիակիզարանը պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին`

Գերեզմանատունը պետք է ապահովված լինի համապատասխան սարքավորումներովեւ ունենա բարեկարգման համար մշակված ծրագիր:

Գերեզմանատան տարածքը պետք է պարսպապատված լինի եւ շավիղներով բաժանված` համարակալված տեղամասերի:

Գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ պետք է փակցված լինի նրա սխեմատիկ հատակագիծը` ըստ համարակալված տեղամասերի:

Դիակիզարանը պետք է ապահովված լինի համապատասխան սարքավորումներով եւ ունենա գործունեության ծրագիր:

Դիակիզարանի տարածքը պետք է պարսպապատված լինի:

Աճյունասափորների պատը պետք է ունենա սխեմա` ըստ համարակալված տեղամասերի:

Գերեզմանատան եւ դիակիզարանի տարածքները պետք է տրանսպորտով կապված լինեն մոտակա բնակավայրի կամ նրա շրջապատի հետ:

Հոդված 8. Հուղարկավորությունների սպասարկման կազմակերպությունները

Հուղարկավորությունների սպասարկման կազմակերպությունները կարող են լինել իրավաբանական անձինք:

Հոդված 9 . Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 10. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո վեցամսյա ժամկետում հուղարկավորությունների սպասարկման կազմակերպությունները պարտավոր են դիմել լիազոր մարմնին` իրենց կնիքը գրանցելու համար: