Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան դրա՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան դրանց՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
Անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումն անհրաժեշտ է վարչական տուգանքի ենթարկված անձանց տուգանքների վճարման համար ողջամիտ ժամկետ տրամադրելու համար։
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ներկայումս. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Այսինքն՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է տասնհինգօրյա ժամկետ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 01.03.2017թ. ՀՕ-50-Ն օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչվեցին:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի համաձայն՝
1. Վարչական բողոքը կարող է բերվել՝
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
Իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի
1. Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելը եւ անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները եւ կատարման վերաբերյալ գրություն։
Այսինքն՝ իրավասու անձի կողմից վարչական ակտ կայացնելուց հետո վարչական տուգանքի ենթարկված անձն իրավունք ունի վարչական ակտը բողոքարկել դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում՝ մինչեւ դրա անբողոքարկելի դառնալը: Իսկ մինչեւ վարչական ակտի անբողոքարկելի դառնալը վարչական մարմինն իրավունք չունի այն ուղարկել հարկադիր կատարման:
Վարչական տուգանքի վճարման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավական հետեւանք ուներ այն ժամանակ, երբ նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի մայր գումարի վրա տույժ էր գումարվում: Բայց համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո այլեւս տույժեր չեն ավելանում, ուստի տուգանքի վճարման 15-օրյա ժամկետի սահմանումը կրում է ձեւական բնույթ եւ 15-օրյա ժամկետի խախտման դեպքում ոչ մի իրավական հետեւանք վրա չի հասնում, մինչեւ վարչական ակտի անբողոարկելի դառնալու համար սահմանված 2-ամսյա ժամկետի լրանալը /բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի/:
Ստացվում է, որ Օրենսգրքով նախատեսվում է հստակ ժամկետ, սակայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում այն կորցրել է իր նպատակային նշանակությունն ու անհրաժեշտությունը՝ ժողովրդին դնելով արհեստածին սահմանափակումների մեջ:
Իսկ բողոքարկված եւ գանգատարկված վարչական ակտերի պարագայում նույն հոդվածը իմպերատիվ պահանջ է նախատեսում, որ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ վարչական ակտը պետք է վճարվի գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում։ Այսինքն՝ ստացվում է, որ վարչական ակտի վճարման պայման է հանդիսանում գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման պահը, այնինչ՝ պետք է նախ այդ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնի, որից հետո նոր սահմանվի վճարման ժամկետ։
Որպես կանոն, տուգանքները սահմանված ժամկետում չեն վճարվում, հետագայում դրանք բռնագանձելու համար վարչական մարմինները հայց են ներկայացնում դատարան կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով դիմում ներկայացնում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն, ուստի անհրաժեշտ է վարչական պատասխանատվության ենթարկված անձանց մոտ լրացուցիչ շահագրգռվածություն եւ հնարավորություն առաջացնել տուգանքները վճարելու համար։ Ներկայումս, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված, բազմաթիվ տուգանքներ սահմանված 15-օրյա ժամկետում չեն վճարվում, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո անձը մտածում է, որ եթե 15-օրյա ժամկետում չի վճարել, ուրեմն այլեւս հնարավորություն չունի վճարելու եւ վարչական ակտը գնալու է ԴԱՀԿ ապահովող ծառայություն։ Սակայն պրակտիկայում, եթե վարչական ակտը չվճարվի 15-օրյա ժամկետում, այլ վճարվի օրինակ՝ 50-րդ օրը, ապա միեւնույնն է ոչ մի հետեւանք այն չի ունենալու, ոչ մի իրավական եւ փաստացի հետեւանք վրա չի հասնում ակտը 15-օրյա ժամկետից հետո մինչեւ դրա անբողոքարկելի դառնալը վճարելու դեպքում։
Կարգավորման նպատակը. Նախագծով առաջարկով փոփոխության նպատակը ժողովրդին առավել լայն հնարավորությունների ընձեռումն է, արհեստածին սահմանափակումների վերացումը։
Ակնկալվող արդյունքը.
Նման փոփոխության արդյունքում, նախ, անկասկած, կավելանա տուգանքները վճարողների թիվը, երկրորդ՝ վճարված տուգանքների քանակը, երրորդ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե մուտքագրվող գումարների չափը, չորրորդ՝ կթեթեւանա վարչական պատասխանատվության ենթարկվածների սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Իսկ նման պայմաններում, բնականաբար, կթեթեւանա ինչպես դատարանների եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության, այնպես էլ տուգանք նշանակած վարչական մարմինների ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված դատարան եւ ԴԱՀԿ ապահովող ծառայություն՝ գումարների բռնագանձման պահանջով դիմելու գործառույթի կրճատումով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ