Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-304-12.04.2018-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 11-րդ եւ 12-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով բռնագանձումներ չեն կարող կիրառվել:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների եւ սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի  N 1085-Ն որոշմամբ սահմանվել են պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների, ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների եւ սովորողների,  ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովության կարգը եւ չափերը: Բացի այդ, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցած զինծառայողների իրավունքը՝ զինվորական ծառայության ժամկետը լրանալու եւ (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս ստանալու ՀՀ կառավարության կողմից սահմանված չափով պատվովճար: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու նոր տեսակով օրենսդրական կարգավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հռչակած «Ես եմ» ծրագիրը, որը նախատեսում է որոշակի պայմաններով եւ լրացուցիչ երաշխիքներով երեք տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն: 2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որոնց հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ, ինչն ընդունելի չէ, հաշվի առնելով դրամական ապահովության չափերը: Ուսումնասիրությունը ցույց է տվել նաեւ, որ կատարողական ակտերը տրվել են վարկային պարտավորությունների շրջանակներում հիմնականում որպես երաշխավոր հանդես եկած զինծառայողների մասով: Արդյունքում նշված հանգամանքը կարող է իրական խոչընդոտ դառնալ նոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության կայացման համար, ինչպես նաեւ փաստացի հանգեցնել ծրագրի շրջանակներում զինծառայողների հետ կնքված պայմանագրերի չկատարման:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների սոցիալական երաշխիքները:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների եւ սովորողների դրամական ապահովության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների սոցիալական երաշխիքների իրացումը:

7. Այլ տեղեկություններ չկան:
 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
 
««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացա-կայության մասին տեղեկանքը եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հան-րապետության կառավարության եզրակացությունը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ...... ....-ի N .....-. որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
 

Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ