Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 202-րդ եւ 203-րդ հոդվածներով սահմանված պահանջները, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:
2. Եթե նախաքննության ընթացքում մեղադրանքի որեւէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է եւ դրա մասին հայտարարում մեղադրյալին, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն է կատարում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 259-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:
2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, քննիչը՝ իր որոշմամբ, հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
3. Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
4. Հետաքննության մարմինը հետախուզում հայտարարելու մասին որոշումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում կազմում է հետախուզական գործ, որի տվյալները եռօրյա ժամկետում հայտնում է քննիչին:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: