Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3091-26.04.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ պարտավոր է դատապարտյալին գրավոր կերպով ծանուցել դիմում ներկայացնելու կարգի մասին:

2. Դատապարտյալը դիմումով կարող է հիմնավորել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար դիմելու պատճառները:

3. Դատապարտյալի գրավոր դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին եւ պրոբացիայի ծառայությանը:

4. Քրեակատարողական ծառայությունը եւ պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում եւ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ): Դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանելու դեպքում զեկույցները կազմվում են պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում:

5. Եթե քրեակատարողական ծառայության եւ պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

6. Եթե քրեակատարողական ծառայության եւ պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

7. Եթե քրեակատարողական ծառայության եւ պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն: Սույն մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր կերպով ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի մասին:

8. Եթե քրեակատարողական ծառայության եւ պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր կերպով ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաեւ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի մասին: Որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

9. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու մասին որոշման եւ զեկույցների պատճենները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված կարգով կայացված որոշումն օրենսդրությանը հակասող համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը նշված ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարին: Վերջինս միջնորդագրի քննության արդյունքների մասին տեղեկացնում է միջնորդագրի հեղինակին:

10. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելիս միջնորդագրին կցվում են զեկույցները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը եւ դատապարտյալի կողմից ներկայացված նյութերը (առկայության դեպքում):

11. Դրական զեկույցների դեպքում` մինչեւ զեկույցները դատարան ներկայացնելը, իսկ զեկույցներից առնվազն մեկի բացասական լինելու դեպքում՝ մինչեւ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից որոշում ընդունելը, դատապարտյալն իրավունք ունի.

1) իրեն մատչելի ձեւով, այդ թվում՝ համապատասխան մասնագետի միջոցով ծանոթանալու իր վերաբերյալ կազմված նյութերին եւ անվճար ստանալու դրանց պատճենները.

2) ներկայացնելու բացատրություններ եւ փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով.

3) հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ.

4) ստանալ իր վերաբերյալ կազմված զեկույցները.

5) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից.

6) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքներ:

12. Սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո երեք ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

13. Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել  վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝  վեց ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

14. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցի կազմման կարգը սահմանում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարը:

15. Պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝  երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Այն դատապարտյալները, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչեւ 2018 թվականի հուլիսի 10-ը, օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո իրավունք ունեն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դիմում ներկայացնել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պաշտոնապես ծանուցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կազմում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին եւ դատապարտյալին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց: Եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում դատապարտյալին գրավոր կերպով ծանուցում է դիմում ներկայացնելու կարգի մասին:

4. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի հուլիսի 10-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությանը համահունչ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթի հիման վրա կատարվել են առանցքային հետեւյալ փոփոխությունները.

1) պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով (այսուհետ՝ անկախ հանձնաժողով) - դատարան եռաստիճան ինստիտուցիոնալ մոդելից անցում է կատարվել անկախ հանձնաժողով - դատարան երկաստիճան ինստիտուցիոնալ մոդելին.

2) հստակեցվել են անկախ հանձնաժողովի եւ դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը.

3) հստակեցվել է անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների ցանկը եւ ընդլայնվել է անկախ հանձնաժողովների թիվը.

4) սահմանվել են հստակ չափանիշներ, որոնք պետք է դրվեն անկախ հանձնաժողովի եզրակացությունների եւ դատարանի որոշումների հիմքում.

5) դատապարտյալին իրավունք է վերապահվել մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը եւ իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այսինքն՝ ապահովվել է դատապարտյալի լսված լինելու իրավունքը.

6) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում նախատեսվել է փորձաշրջան:

Կատարված փոփոխությունների իրացման արդյունքում գործնականում ի հայտ են եկել հետեւյալ խնդիրները.

Ներկայումս դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը ներկայացվում է անկախ հանձնաժողովի քննարկմանը, եթե նա կրել է պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը: Այսինքն՝ գործընթացը մեկնարկվում է մեխանիկորեն՝ առանց դատապարտյալի դիմումի կամ համաձայնության:

Նշված հանգամանքների լիարժեք ուսումնասիրության համար անկախ հանձնաժողովը չունի բավարար ռեսուրսներ, այդ թվում՝ պատշաճ գործիքակազմ: Բացի այդ, որեւէ հանգամանք դրական կամ բացասական գնահատելու համար հանձնաժողովը պետք է ունենա մեթոդական ուղեցույց (առկա չէ), որը կօժանդակի դիտարկվող հանգամանքը խորությամբ վեր հանելու եւ գնահատելու համար:

Անկախ հանձնաժողովի կողմից թե՜ դրական, թե՜ բացասական եզրակացություն տալու դեպքում, եթե առկա է դատապարտյալի գրավոր համաձայնությունը, ապա հարցը ներկայացվում է դատարան: Այս պայմաններում անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատապարտյալների համար կարծես թե դառնում է ոչ էական: Իսկ պատիժը կատարող վարչակազմը խնդրո առարկա ինստիտուտին մասնակցում է բացառապես փաստաթղթեր ներկայացնելու եւ նիստերին կարծիք հայտնելու միջոցով:

Գործնականում խնդիրներ են առաջանում անկախ հանձնաժողովներից յուրաքանչյուրի՝ ամբողջական կազմով նիստ գումարելու առումով:  Նման իրավիճակը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով՝

1) հանձնաժողովի որոշ անդամներ հանդիսանում են պետական ծառայողներ եւ հաշվի առնելով նիստերի գումարման հաճախականությունը՝ վերջիններիս մասնակցությունը հանձնաժողովի յուրաքանչյուր նիստին խոչընդոտում է պետական ծառայության իրականացմանը.

2) հանձնաժողովի անդամները փոխհատուցում չեն ստանում:

Նման իրավիճակը կարող է հանգեցնել հանձնաժողովի նիստերը ոչ իրավազոր ճանաչելուն, որպիսի պայմաններում հարցի՝ օրենքով սահմանված 45-օրյա ժամկետում քննության կարգը կարող է չպահպանվել:

Նշված խնդիրներից զատ, հարկ է նշել, որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով Հանրապետության նախագահին վերապահված լիազորություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում դադարեցնել անկախ հանձնաժողովների գործունեությունը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է խնդրո առարկա ինստիտուտի առնչությամբ կատարել մոդելային եւ ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկությունները հետեւյալն են.

Առաջարկվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի մեկնարկը պայմանավորել ոչ միայն պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը կրելու, այլ նաեւ՝ դատապարտյալի դիմումի առկայության հետ: Այլ կերպ՝ գործընթացը սկսվում է, երբ դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համար: Հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ դիմումը դատապարտյալի կամարտահայտության դրսեւորման միջոց է, որի միջոցով նա արտահայտում է իր համաձայնությունը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցում եւ դիմումով կարող է ներկայացնել այնպիսի հիմնավորումներ, որոնք կարող են բարձրացնել ազատվելու հավանականությունը: Դատապարտյալի կողմից դիմում ներկայացնելու պրակտիկա է առկա նաեւ միջազգային փորձում: Մասնավորապես՝ Ֆրանսիայում դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի պատիժների կատարման գծով դատավորին կամ դատարան: Գերմանիայում  նույնպես դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի տարածքային դատարաններում պատիժների կատարման հարցերով քրեական պալատ։

Գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով դիմումը պետք է ներկայացվի պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալուց 3 ամիս առաջ:

Առաջարկվող մոդելի արդյունքում զեկույցներ կտրամադրեն մասնագիտացված երկու կառույցներ, որոնք ունեն մարդկային եւ նյութական անհրաժեշտ ռեսուրսներ: Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը եւ վարքագիծը պատժի կրման ընթացքում, իսկ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Նշված կառույցները նախապես՝ պատժի ժամկետի օրենքով մասը լրանալուց առաջ, կսկսեն զեկույցների կազմման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա խորությամբ հետազոտել ուսումնասիրվող հանգամանքները:

Առաջարկվող մոդելի դեպքում Քրեակտարողական ծառայությանը եւ Պրոբացիայի ծառայությանը կտրամադրվի համապատասխան գործիքակազմ (օրինակ՝ մեթոդական ուղեցույց), որի միջոցով նշված մարմինները կկարողանան մասնագիտացված կերպով (այդ թվում՝ էլեկտրոնային գործիքի միջոցով) գնահատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում հնարավոր ռիսկերը:

Զեկույցների կազմման ընթացքում դատապարտյալը կպահպանի այն իրավունքները, որոնք նրան վերապահվել էին անկախ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խնդրո առարկա ինստիտուտի բնականոն գործունեությունը: Մասնավորապես՝

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի  N 458-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 458-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
 

Հարգանքով` ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ