Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-313-02.05.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում», մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի բ) կետով:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը  սահմանված է գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2017 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային:

7. Այլ տեղեկություններ

Օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով հետեւյալ իրավական ակտերից՝

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188 (բոլոր փոփոխություններով եւ լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 31.05.2006թ., ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով եւ լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 09.06.2017թ, ՀՕ-95-Ն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»  ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

26 ապրիլի 2018 թվականի  N  485 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ       Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2018 թ. ապրիլի 27
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական  գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի կատարման  2017 թվականի  տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 485-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Հարգանքով`         ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ