Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 4-րդ կետը «- հողերի ընթացիկ հաշվառումը,» բառերից հետո լրացնել «- ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը,» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը
1. Ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերեւույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է:
2. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝
1) մշակովի հողեր՝ հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը եւ բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից՝ տնամերձ եւ այգեգործական հողերը՝ մասնակի, անտառային հողերից՝ վարելահողերը.
2) մարգագետիններ՝ ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերից՝ խոտհարքները, արոտավայրերը, այլ հողատեսքերը՝ մասնակի, բնակավայրերի հողերից՝ խառը կառուցապատման եւ ընդհանուր օգտագործման հողերը՝ մասնակի, հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի, հատուկ նշանակության հողերը՝ մասնակի, անտառային հողերից՝ խոտհարքները, արոտները, այլ հողերը՝ մասնակի.
3) ծառածածկ տարածքներ՝ ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի եւ անտառային հողերից՝ անտառները.
4) թփուտապատ տարածքներ՝ ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի եւ անտառային հողերից՝ թփուտները.
5) ջրածածկ տարածքներ՝ ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով (գետեր, բնական եւ արհեստական ջրամբարներ ու լճեր), ընդգրկում են հողային ֆոնդի ջրային հողերը՝ մասնակի եւ հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի.
6) բուսականությունից զուրկ տարածքներ՝ ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը՝ մասնակի, բնակավայրերի հողերից՝ տնամերձ եւ այգեգործական հողերը՝ մասնակի, խառը կառուցապատման եւ ընդհանուր օգտագործման հողերը՝ մասնակի, հասարակական եւ այլ հողերը՝ մասնակի, արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերը, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը, հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի, հատուկ նշանակության հողերը՝ մասնակի, անտառային նշանակության այլ հողերը՝ մասնակի, ջրային հողերը՝ մասնակի, պահուստային հողերը:
3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով.
«5.1. Հողագրունտը երկրի մակերեւույթը ծածկող հողի շերտ է, որը չի ներառում օգտակար հանածոներ եւ հողի բերրի շերտ:
5.2. Հողագրունտի հանույթի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5.3. Օգտակար հանածոյի հանույթի նպատակով տարբեր նշանակության հողերի մեկանգամյա օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: